Բալի շրթներկ եմ առել

Հեղինակ:

* * *

Մեր տուն էի գնացել, մեր բակ:

Պապ, գիտե՞ս, ոչինչ չէր փոխվել, համենայնդեպս ինձ համար…

Բակում էլի մենք էինք՝ ես ու դու… Հաաա, ու հեծանիվս… Էն մեծը, էն նոր առածդ… Դու էլի ինձ սպասող՝ հերթական ամենահամեղ պաղպաղակը ձեռքումդ ծխում էիր ու նայում՝ վերջը քշել սովորեցի, թե չէ…

Էս անգամ սովորել էի, Պա¯պ…

Չեմ ընկնի, հանգիստ ծխիր…

Սովորեցրել ես՝ ինչ անել երբեք չընկնելու համար…

Ակերն էլ հենց թուլանան, կտանեմ էն մարդու մոտ ու կասեմ.

-Պապաս ասել է՝ աղջիկս երբ գա, կփչես…

 

 

* * *

 

Թափթփված քայլվածքը, մեեեծ ու ծուռ քայլերն արվեստ են, հա՛, լուրջ…

Արագ-արագ, էն սիրուն ու ծուռումուռ ճանապարհներով…

Ուղիղն ու ուղիղները հետաքրքիր չեն…

Մեծ քայլերը մեծ գործեր են, արագությունն՝ ապրելակերպ…

Սիրուն են մարդիկ, որ շնչահեղձ են լինում արագության բացակայությունից …

Էդ մարդկանց կոշիկներն ու կոշկաթելերն ապրում են, ուղղակի փայլելու փոխարեն…

Ապրո՞ւմ, չէ¯,չէ¯, ապրեցնում են…

 

 

* * *

Մարդուն Սեփականաշնորհում ես՝ ինքն էլ չգիտի…

Կարևորում ես, ՄԵԾ դարձնում՝ չի էլ իմանում…

Հետդ տեղ տանում՝ առանց հարցնելու…

Երբ ուզես՝ տեսնում…

Երբ ուզես՝ լսում…

Երբ ուզես՝  գրկում…

Չի էլ իմանում…

 

 

* * *

 

Կյանքը մի մեծ մեքենայով կանգառ առ կանգառ մարդկանց հավաքում, բերում նվիրում է քեզ…

Լինում է՝ դանդաղ…

Լինում է՝ սպասվածից արագ ու սպասվածից շատ…

Լինում է՝ բերում է ու հետո որոշում տանել…

Լինում է՝  տանում ու հետ է բերում, որ անտաքություն չմնան…

Բայց կյանքիդ մեքենայում և ոչ ոք իզուր չի հայտնվում, դատարկաձեռն չի գալիս ու աննվեր չի գնում…

 

 

* **

 

Գիտե՞ս, բալի շրթներկ եմ առել…

Ամենահամովը բոլոր համովներից…

Հաստատ կհավանեիր…

 

Բալի շրթներկ եմ առել…

Ամենակարմիրը բոլոր կարմիրներից…

Գիտեմ, քեզ դուր կգար…

 

Բալի շրթներկ եմ առել…

Մի անգամ եմ քսել ու ամուր պահել պայուսակումս…

Հենց քեզ էլի տեսնեմ, արագ կքսեմ…

 

Բալի շրթներկ եմ առել…

Ամենաանուշ ու ամենանուրբ բալի…

Արդեն գցում եմ…

Էլ քեզ չեմ տեսնի…

 

 

* * *

 

Պետերբուրգյան երեկոները մինչև հիմա մազերումս են…

Լողանալիս հանում, ամուր փակում եմ գլխիս դարակում, որ հենց մազերս չորանան, տեղը դնեմ…

Պետերբուրգյան մեղմ քամիները մինչև հիմա շուրթերիս են…

Երգելիս թռչում են, դիպչում մարդկանց դեմքերին, հետո էլի հետ գալիս ու հարմար տեղավորվում շուրթերիս…

Պետերբուրգյան փողոցների մաքուր ու անուշահոտ փոշին մինչև հիմա կոշիկներիս է…

Քայլելիս ոտքերս գետնին չեմ դնում, որ ամպոտ մնան, որ փոշոտ լինեն…

Պետերբուրգյան անձրեւները մինչև հիմա այտերիս են…

Լացելիս խառնվում են արցունքներիս հետ ու ստեղծում մի մեծ պետերբուրգյան ծիածան…

Որ պայծառանամ…

Որ էլ չլացեմ…

 

Անդին

 

 

Կարծիքներ

կարծիք