Հայ լինելու քաղցրությունը

Դայանա Տեր-Հովհաննեսյանի լուսե հիշատակին

 

Աչքը բացելով Հայոց Խարբերդի հողում արմատակալած տոհմածառի մի ճյուղին՝ աղջնակը հիացմունքով է նայում մոլորակ կոչվածի պտույտին, որն իր մեջ զարմանալի մի աշխարհ է պարունակում՝ Հայի աշխարհը: Եվ այդ մոլորակի որ անկյունում էլ կանգնում է, Դայանան փորձում է ճշտել աշխարհի հետ Հայի ունեցած հարաբերությունը:

Դայանա Տեր-Հովհաննեսյանն արժևորել է իր գոյությունը, քանի որ ապրել ու ստեղծագործել է «պարունակության» ներդաշնակ դրսևորումների պահանջով ու նվիրումով: Ներդաշնակությունը վերաբերում է սերունդների խաղաղ ու երջանիկ հերթափոխին, ժողովուրդների՝ իրար նկատմամբ ունեցած դիրքին ու վերաբերմունքին, կյանքի զարգացումների հետ մարդու ներաշխարհային զարգացումների համընթաց քայլին, ինչպես նաև, անպայմանորեն, Հայոց արմատի ծլարձակումներին ու դեպի արևը նրա վերընձյուղմանը:

Մի շատ կարևոր ապրում կա բանաստեղծուհու ստեղծագործական աշխարհում, որ սկիզբ է առնում նրա ակունքներից ու շատ պարզ, տեսանելի ձևով ընթանում բանաստեղծությունների տողատակով: Դա մարդկային երթի առջևից քայլողի պահվածքն է, որ գնում է ճշմարիտ ու առողջ դատողության ծիրը բռնած, գնում է՝ փնտրելու գոյության ճշմարիտ արդարացումը:

Թող չափեմ, ձևեմ, կշռեմ ու դատեմ,

Բայց չմոլորվեմ՝ լույսերից խաբված:

Թող աչքս, ունքս, քիթ ու բերանս

Ճիշտ գնահատեն անհամի համը:

 

(«Լիրի աղոթքը որպես բանաստեղծի աղոթք»

թարգ.՝ Արտաշես Էմինի)

Չափազանց պատասխանատու և ծանր է բանաստեղծի կոչումը: Դայանան գնում է դեպի այդ կոչումն առանց երկնչելու, ասես մարտահրավեր նետելով նրան, միևնույն ժամանակ, սակայն, խնդրելով՝

Մի թող խենթանամ, մի թող, Տեր Աստված:

Այսպես հղելով բանաստեղծական իր աղոթքը՝ Դայանան շարունակում է.

Թող ոտքս դնեմ ճիշտ ուղու վրա,

Պարտեզի շավղին և ոչ՝ պատն ի վեր:

Թող ճարտար խոսեմ, ճիշտ զարկեմ, չընկնեմ:

Նման կոչումով բանաստեղծին, իհարկե, կարող է թվալ, թե ինքը գիտե խենթացած աշխարհի բանը, նրա լավն ու վատը: Սակայն ո±վ կարող է դիմանալ կյանքի խենթ տարուբերումին և ինքն էլ չխենթանալ: Ուստի «Մի թող խենթանամ, մի թող, Տեր Աստված»,- կրկնում է բանաստեղծուհին Լիրի խոսքերն ու այնուամենայնիվ կասկածում.

Եթե, իհարկե, դա չէ վախճանը:

Դայանայի մարդկային նկարագրի մասին են երգում նրա բոլոր բանաստեղծությունները: Ծնվելով նրա չափազանց հարուստ հոգևոր ներաշխարհից, համաշխարհային մշակույթի ու փիլիսոփայության արժեքներին տեղյակ մտածողությունից՝ Դայանայի բանաստեղծությունները զարմանալիորեն բացահայտ ու պարզորոշ են գծագրում նրա կերպարն ու մարդկային նկարագիրը:

Դայանան առաջադեմ ու ժամանակի հետ քայլող իր գաղափարներով արմատների խորացմանը նպաստող բանաստեղծուհի է: Նրա յուրաքանչյուր ապրում չափված ու կշռված է համաշխարհային արժեք ու մտածողություն կշռած կշեռքի նժարով, որն էլ թույլ է տալիս արտահայտվել աներկյուղ, տեղին ու համարձակ պահվածքով: Ասվածի օրինակն ու համոզիչ փաստն է մարդկային վեհագույն զգացումներից մեկի՝ ներողամտության մասին գրված բանաստեղծությունը: Ահա այն՝ կշռված գերմանացի ժողովրդի հպարտությունը համարվող Հայնրիխ Հայնեի չափակշռով. «Թշնամիներին պիտի ներել, բայց ոչ նախքան նրանց պատիժը կրելը»:

Դայանա Տեր-Հովհաննեսյանի հայերենով հրատարակված բանաստեղծությունների երկու գրքույքները՝ «Սև աչքեր՝ կանաչ աչքերի խորքում», 1985 թ. և «Ծաղիկների հովիտ», 1966 թ., մեր առջև պարզորեն գծագրում են ազնվազարմ հայուհու կերպարը: Պարզորեն, քանի որ նա ինքը դրա կողմնակիցն է: Էյֆելյան աշտարակի ռեստորանում անգամ նա ուզում է բացահայտվել այնպես, ինչպես կա, երբ այլազգի մի կին, իրեն մոտենալով, ասում է.

Ես միշտ կարող եմ

զանազանել անգլո-սաքսոնուհիներին,

որտեղ էլ որ նրանք լինեն:

Բանաստեղծուհին շարունակում է .

Բարև ձեզ,- ասացի,-

ես հայ եմ,

Թփից կտրված ու չորացած հայ.

կտրված հայոց խաղողի թփից

և չորացած՝

Կալիֆոռնիայի ընտիր չամիչի նման…

(«Ազնվազարմությունը պարտավորեցնում է»,

Թարգմ՝. Գ. Էմինի)

Հպարտ բանաստեղծուհի է Դայանա Տեր-Հովհաննեսյանը: Հպարտ՝ իր ազնվազարմության գիտակցությամբ, և հենց դրանով են փակվում ու բացվում նրա բանաստեղծական աշխարհի դռները: Եվ որքան հպարտություն, նույքան էլ խիղճ ունի նրա բանաստեղծական հոգին: Արվեստի խորագույն գաղտնիքներից մեկն է դա: Իսկապես, հպարտության ու խղճի միասնության մեջ գաղտնիքներ շատ կան, որոնց տիրապետող ստեղծագործողներն են հասնում կատարելության: Այդ կատարելությունը կարող է պայմանավորված չլինել բանաստեղծական հանգի, ձևի ու չափավորության հետ: Ինչպես Դայանայի պարագայում է: Նրա բանաստեղծական ողջ աշխարհն ինքը մի խոշոր ստեղծագործություն է կյանքի մասին, ուր իրար են միահյուսված հպարտությունն ու խիղճը: Ամեն մարդ պետք է ունենա այդ երկուսից էլ: Ահա թե որն է Դայանայի բանաստեղծական պատգամն իր ընթերցողներին:

Հայ ժողովրդի անվանի բանաստեղծներից մեկը՝ Գևորգ Էմինը, գնահատելով սփյուռքի իր գրչակցուհու պոեզիան, համարում է, որ այդ պոեզիայի հիմնական նյութը ազգային արմատի որոնումն է: Անհերքելի է այդ փաստը: Սակայն միևնույն ժամանակ ավելացնելու է, որ գուցե թե արմատի խորքայնությունն է պատճառը, որ բանաստեղծուհին նրա փնտրտուքի համար պեղում է մոլորակի ողջ շնչառությունը: Դայանան իր արմատը կապված է տեսնում պտտվող մոլորակի շնչառության հետ: Դրա ապացույցը նրա մեծ սերն է այն ամենի նկատմամբ, ինչը կարող է նպաստել ազնիվ ու առողջ գոյաձևին: Վիլյամ Սարոյանն ինքը չի կարողացել պահել հիացմունքը. «Կարդացեք Դայանային ու ցնծացեք»,- գրել է նա: Եվ ոչ միայն: Ավելացրել է, թե Դայանայի պոեզիան «շատ բանաստեղծական է, շատ ամերիկյան, շատ համամարդկային… կատարելապես հայկական…»:

Պոետական իր խառնվածքով միավորելով Արևելքն ու Արևմուտքը, դրանով շունչ հաղորդելով Երկիր մոլորակի կյանքի ծառին՝ Դայանա Տեր-Հովհաննեսյանն այդ ծառի արմատների մեջ Հայոց արմատին նոր ուժ հաղորդող ու լիցքեր տվող բանաստեղծուհի է: Չկա մի այնպիսի կշեռք, որ կարողանա չափել, թե որքան էր այդ լիցքերից հետո ճյուղավորվել ու պտղավորվել Հայոց արմատը, որքան էր համ ու հոտ ստեղծել պտուղն ու սաղարթը մոլորակի ողջ ծառի շուրջը Հայոց ծառի պտուղն ու սաղարթը՝ իր սոսափի մեջ: Ահա թե որն է էությունը:

Դայանայի կողմից իր արմատի ու էության որոնումը սոսկ նրան փարվելու նպատակ ու գործողություն չէ: Այն ինքնաբերաբար նաև լիցք ու կենդանության շունչ է հաղորդում այն ամենին, ինչ հայտնաբերում է որպես արմատ ու էություն: Եվ որքան հայտնաբերում է, այնքան կենդանանում է, այնքան պտղավորվում ու ծաղիկ է տալիս Հայոց ծառը:

Իր հպարտության ու ազգասիրության պարագայում էլ Դայանայի բանաստեղծական գրիչը հեռու է սնապարծությունից: Կյանքի ընկալումը նա չի սկսում իր արմատով, մարդկային գոյի վերլուծության համար ելակետ չի ընդունում իր այնքան սիրելի ժողովրդի կերպարը: Չէ՞որ նա խոր տպավորությամբ հասկացել էր, թե մինչև չլինի պարունակողը, չի լինի պարունակությունը: Պարունակողը տիեզերքն է և Երկիր մոլորակը, որի պարունակության մեջ իր ժողովրդի ճակատագրի օրինակով Դայանան ահազանգում է այդ նույն պարունակության նշանակության խաթարման մասին:

Հայի տեսակի ճանաչումը մասսայականացնելու համար Դայանան ոչ միայն կանգ է առնում այլոց հետաքրքիր, տեղին ու ճշմարտացի բնորոշումների վրա, այլև, հենվելով սեփական ներքնատեսության վրա, տալիս է իր բնութագրումները: Որքան սիրելի են նրա բնութագրած կերպարները.

Հայի հետ զբոսնելը

նման չէ

ուրիշ որևէ մեկի հետ

զբոսնելուն…

Նախ

նա կփորձի

վազել ու բռնել

ուրիշ մի հայի,

եթե դու հայ չլինես…

Եվ երբ երկու հայ

լռում են,

դա չի նշանակում,

թե նրանք ասելիք չունեն…

…Հայերը

Չեն գովում իրենց կանանց,

ինչպես որ

Ոչ ոք չի գովում այն գանձը,

Որ չի ցանկանա կորցնել…

Հայաստանը Դայանա Տեր-Հովհաննեսյանի պոեզիայում մշտապես ներկայացվում է նոր հայտնություններով, նոր ընկալումներով, որոնք երբեք չեն հեռանում արմատից ու էությունից: Ամեն օրը նրա համար ասես սիրո մի նոր թրթիռ է բերում հայրենի երկրի նկատմամբ:

Հայրենիքի մասին խոսքը Դայանայի պոեզիայում զերծ է ամեն տեսակի պաճուճանքներից, սարքովի ապրումներից ու կեղծ տոնից: Նրա երգած հայրենիքը այնքան պարզ ու մոտ է իր հոգուն, ամեն պահի մեջ միավորված իր հետ: Նա կարիք չունի իրենից դուրս փնտրելու հայրենիքը՝ գեղեցիկ ու ազդեցիկ տողերով գովերգելու, պատմելու նրա մասին: Եթե շնչում ու շարժում է իր գրիչը բանաստեղծուհին, ուրեմն, ինքնաբերաբար, շնչում է և հայրենիքը, ուրեմն գրիչը նրա հետ զրուցելու բան ունի:

Հեյ, Ռոստոմ, հեյ Քեռի,

Հեյ, Նալբանդյան,

Ողջույն ձեզ…

Ձեզ բարև եմ բերել:

Հայրենի երկիրն ու հայոց լեզուն լուսավոր թախծի տեղիք են տալիս Դայանայի հոգում: Որքան էլ հեռու ու կարոտ, նա փորձում է դառնալ այն աղը, որ համ է տալիս ուտելիքներին: Իր ստեղծագործական մտքին զուգահեռ նա սիրով է մեջբերում Ռիչարդ Սիմոնյանի տողերը. «Ես հայերեն եմ երազներ տեսնում: Մի լեզվով, որն, ավա՜ղ, մոռացել եմ…»:

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք