Կադրից դուրս

 

Երկար փնտրտուքից հետո հագուստիս համար պատասխանատու աշխատակցուհին վերջապես գտավ համապատասխան զգեստը, խորհրդակցեց Լոնդոնից ժամանած դիզայների հետ: Վերջինս էլ հագուստս տնտղեց, շարքով կախված բազմապիսի հանդերձների միջից ընտրեց մի քանի այլ տարբերակ, համեմատեց, այնուամենայնիվ կանգ առավ առաջին տարբերակի վրա՝  միայն որոշակի փոփոխությամբ: Այնուհետև համապատասխան ձեռնոց ու լայնեզր գլխարկ ընտրեց ու համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, մի քանի հանձնարարական տվեց դերձակին, որն էլ փեշը հավաքեց տակից մի մատ, արդուկեց հագուստն այնպես, որ անթերի նստի:

Նկարահանման մյուս մասնակիցները վաղուց ավարտել էին վարսահարդարումն ու դիմահարդարումը, այնպես որ երբ նստեցի հայելու առաջ՝  վարսահարդարի մոտ,՝  բոլոր վարսավիրները, որ արդեն ազատ էին՝  շրջապատեցին մեզ: Ի վերջո մազերս ընդունեցին համապատասխան տեսքը, ու ափսոսացի, երբ մասամբ թաքնվեցին լայնեզր գլխարկի տակ: Դիմահարդարումը տեսքս ավելի ամբողջական դարձրեց: Վերջին շտկումներն արվեցին, ու ուղեկցորդուհուս հետ քայլեցինք դեպի մի քանի փողոց այն կողմ գտնվող նկարահանման հրապարակը:

Մի քանի հարյուր մետր պիտի անցնեինք ընդամենը, ուստի ոտքով գնացինք: Քայլում էինք Մադրիդի կենտրոնական փողոցներից մեկով: XXI դարի ճղճղված ջինսե տաբատների կողքին իմ երկար, զուսպ հագուստն ինձ ավելի ու ավելի էր գրավում, արդեն իսկ ներքուստ տեղափոխվել էի մեկ դար հետ: Հագուստս բավական հարմար էր. գլխարկն ամբողջացնում էր կերպարս, քայլվածքս էլ մի տեսակ փոխվել էր: Նկարահանման առաջին օրն արդեն հասկացել էի, որ անցած դարի քսանականների հագուստը մի անբացատրելի կախարդանքով ինձ վայրկենապես կերպարանափոխում է: Հետաքրքրասեր աչքերն այս ու այն կողմից հարցական հայացքով ճանապարհում էին մեզ:

Ով փոքրիշատե ճանաչում է Մադրիդը, հաստատ գիտի կենտրոնական Գրան Վիա փողոցի հին, շքեղ խաղատունը, որն այս պահին նկարահանումների համար ձևափոխվել ու հյուրանոցի էր վերածվել: Մտանք ներս: Ինձ ուղեկցող աշխատակցուհին մեկ անգամ էլ ուղղեց, հատուկ շոգեարդուկով անցավ հագուստի ծալծլված մասերի վրայով. «Այսօր յուրահատուկ տեսք ունես»,- նկատեցին անձնակազմի ինձ արդեն ճանաչող աշխատակիցները: Վերջինն էինք՝  մեկ-երկու տեսարան նկարել էին: Նկարահանման հրապարակում էին գլխավոր դերակատարներն ու նկարահանման ողջ անձնակազմը: Հերթով սկսեցին կանչել ու զույգ առ զույգ տեղավորել նկարահանման տաղավարում: Ինձ դեռ չկանչեցին, ուստի գործընկերուհիներիցս մեկի հետ անաղմուկ տեղավորվեցինք սրահի կենտրոնում դրված բազմոցին՝  ճիշտ ռեժիսորի թիկունքում: Կարող էի հանգիստ հետևել նկարահանման ընթացքին նույն մոնիտորով, որին հետևում էր ռեժիսորը:

-Action,- ռեժիսորի խոսքը թռավ, եռակի արձագանքով հնչեց օգնականների շուրթերից, քար լռություն տիրեց:

… Լռություն է: Ու լռության մեջ պապիկիս ծանր շնչառությունը: Հարևանները հավաքվել են սենյակում, ոչ մեկը չի համարձակվում առաջինը սկսել զրույցը:

-Ղարաբաղը մերն է լինելու,- պապիկս արտաբերեց հստակ, ամուր ձայնով,- Ղարաբաղը մերն է լինելու,- նորից կրկնեց՝  ասես հրաման, ու թուլացած ետ ընկավ բարձին: Դեռ երեկ Ազատության հրապարակում էր…

Մայիս ամիսն է, ու պարտեզում, հենց պատուհանի տակ եղրևանին ծաղկել է: Եղրևանին չհասցրեց թառամել. պատուհանները լայն բացեցինք, ու պապիկիս սենյակն ընդմիշտ դատարկվեց մատիտներից, մեծ սեղանի երեսին թափթփված տետրերից ու այն բոլոր պատմություններից, որ չհասցրեց պատմել: Թուրքերենի իմ տետրն էլ մնաց այդպես դատարկ, դարակումս սպասող…

-Action,- նորից հնչում է՝  եռակի արձագանքով:

Մեծ պատասխանատվություն է նկարահանվել մի ֆիլմում, ուր քո պատմությունն է, եթե անգամ մասսայական տեսարանում ես ներգրավված, եթե անգամ ունես բազմաթիվ «բայց»-եր հենց ֆիլմի սցենարի ու նկարահանումների հետ կապված: Ֆիլմին մասնակցությունս պիտի նվիրեի պապիկիս հիշատակին: Երանի ողջ լիներ, էկրանից փնտրեի, գտնեի մոնտաժից հետո իմ մասնակցությամբ մնացած միակ կադրը՝  վագոնից պարզած ձեռքերս. իր ու իմ պատմության մի ակնթարթը՝  ժապավենի վրա: Չէ՛, ժապավենից դուրս, իրական պատմությունն ավելի անհավանական է, մանրամասները՝  սարսռեցնող: Որևէ ֆիլմում հնարավոր չի պատկերել այդքան ցավ միանգամից, մեկտեղված:

-Հայերի զանգվածային ջարդ է սկսվել,- հյուրանոցի դռնից ներս մտնելով՝  ահազանգում է գլխավոր հերոսը£ Համոզիչ չի:

Նույն տեսարանն արդեն քանի դուբլ նկարեցին տարբեր անկյուններից, ռեժիսորին չի բավարարում այս դրվագին համապատասխան հուզականությունը, ու կրկնում են նորից: Ի¯նչ բծախնդրությամբ ամեն դուբլից հետո իր տեղից ցատկում է, վազում դերասանների մոտ, ցուցումներ տալիս, վազելով վերադառնում իր տեղն ու նորից բոլորին խնդրում մեկ դուբլ ևս «գրել»: Ես ու գործընկերուհիս լուռ, շունչներս պահած հետևում ենք՝  նկարահանման վերջին օրն է, ժամանակը՝  սուղ, նկարահանող խումբը գերլարված աշխատում է:

…Տատիկս դողում է ու անգիտակից այս ու այն կողմ վազում տան մեջ. մտածելու ժամանակ չկա. որդու վրա է գցել դստեր փոքրացած զգեստներից մեկն ու գոտկատեղում, միայն իրեն հայտնի հնարքով, վայրկյանների ընթացքում կարճացրել: Այլևս այրի է՝  հիշեց մի պահ, հետո ամենը անհավանական ծանր երազ թվաց: Աթոռին Բագրատի վերնաշապիկն է, համբուրեց ու խնամքով կախեց պահարանում, որդու սենյակի կողքով անցնելիս աչքերը փակեց, որ վերջնականապես չխելագարվի… Գրկում սեղմեց վեցամյա որդուն, որ նայում էր մորը մեծի հայացքով, տասնչորսամյա դուստրը՝  Արմաղանը, լուռ կանգնել էր կողքին՝  փոքրիկ կապոցը ձեռքին: Իրար ձուլված երեք ստվեր անաղմուկ սահեցին դուրս՝  մթության քողով պաշտպանված:

Սարերում ենք՝  նկարահանումների, ու թուրք ենիչերիները գնդակահարում են հայ ապստամբին, իսկ ջրհորում պապիկիս քեռու և հոր՝  Գրիգորի խոշտանգված մարմիններն են. աչքերը բաց նայում են աստղերին… Տատս էլ է նայում է երկնքին, բայց աստղեր չկան: Չի՛ տեսնում, չի՛ հիշում: Աչքին նույն տեսարանն է. այսօր, այսուհետ՝  իրեն մնացած մի քանի ամիսներին… որդին՝  Բագրատը…

…Մուսալեռցի կանայք իսպանական արևի տակ հայ ցասումի կարպետն են կարկարտում: Ռեժիսորի օգնականը ինչ-որ հրահանգներ է տալիս, որ տեսարանն ավելի բնական լինի, կանանց շարքում եմ՝  ձեռքիս հսկա ասեղ: Ռեժիսորի օգնականի խոսքերը գնում կորչում են շատ հեռվում, քիչ այն կողմ՝  մասրենին կարմրել է… Կարմիրն ալևս իր սև սրտի գույնն է, տատիկիս՝  Բագրատ որդու թափված արյան գույնը: Սլանում են ձիերը, ու պոչերից կապված մարմինը քրքրվում է, Բագրատը ձեռքերով փորձում է հողը գրկել, հողն ագահաբար խմում է կարմիրը…

Մասրենին կարմրել է… մատս պատահաբար ծակեցի՝  ցավ չկա… Սարերում ենք: Մեր սարերը չե¯ն… նմա՛ն էլ չեն…

Հայերին տեղահան են անում, իսկ պապիկս, իր մեծ քրոջ ձեռքը բռնած, թափառում է դեռ. քույր ու եղբայր մի քանի օր առաջ են թաղել իրենց մորը, ողջ գիշեր անքուն, կծկված մնացել մասրենու բարալիկ մեջքին հենված, հետո թաշկինակները կապել ճյուղից, որ մի օր գան ու գտնեն մոր շիրիմը… Մեծ աշխարհում միայնակ՝  երկու որբեր քայլում են, մինչև յուրաքանչյուրի համար մի-մի ոսկի փրկագին ստանալով՝  կտեղափոխեն էջմիածին, այնտեղից էլ՝  ամերիկյան որբանոց:

…Վերջապես ինձ էլ կանչեցին. վայրկյանների մեջ թարմացվեց մազերիս հարդարումը, ու կերպարիս համար պատասխանատու բոլոր անձինք հերթով համոզվեցին, որ ամեն ինչ կարգին է: Վերջին անգամ գործընկերոջս հետ թևանցուկ անցանք ՙհյուրանոցի՚ միջանցքով, հիմնական գործողությունը շարունակվում է վայրկյաններ անց, գլխավոր դերակատարների մասնակցությամբ՝  այդ ֆոնի վրա: Լսվեցին ծափահարություններ, ողջույնի ու շնորհավորական բացականչություններ. ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտված են:

Այսօր, այս պահին նկարահանման հրապարակում միակ հայն եմ, երևի դա հաշվի առնելով՝  չարգելեցին. մոտեցա հերթով, ողջագուրվեցի գլխավոր դերակատարների հետ, ռեժիսորին շնորհակալությունս հայտնեցի: Անասելի հուզված եմ, մի քանի նախադասություն հազիվ իրար կապեցի:

Կանցնեն օրեր ու ամիսներ, և երբ անձրևը լվանա մասրենու թուփը, աշխարհի տարբեր անկյուններում կարտասվեն այս կադրերը դիտելիս… Չէ՛, ժապավենից դուրս, իրական պատմությունն ավելի անհավանական է, մանրամասները՝  սարսռեցնող: Որևէ ֆիլմում հնարավոր չէ պատկերել այդքան ցավ միանգամից, մեկտեղված:

Նկարահանման հրապարակում էլ անձրև է: Կադրում միայն ձեռքեր են. հայի ձեռքեր ու… անձրև:

Ոչինչ չեմ տեսնում, պարզապես ջանում եմ, որ ձեռքերս խոսեն, պատմեն իմ պատմությունը, եղեռնից փրկված պապիկիս պատմությունը, ապրող սերունդների անունից գոռան ու աշխարհին հասցնեն հայի ճիչն ու բողոքը, հաստատեն հայի գոյն ու կենաց-մահու պայքարում՝  հաղթանակը: Ստացվեց: Ռեժիսորի օգնականն ու օպերատորները ծափողջույններով դիմավորեցին ինձ.

-Կեցցես, ի¯նչ խոսուն են ձեռքերդ:

Թրջվել եմ ամբողջովին: Մի քանի մասուր պոկեցի թփից, ձեռքիս մեջ տրորվեց՝  հասել է…

 

Ի հիշատակ պապիկիս՝  Գևորգի, պապիկիս հոր՝  Գրիգորի, տատիկիս՝  Եղիսաբեթի, պապիկիս քրոջ՝  Արմաղանի, պապիկիս եղբոր՝  Բագրատի:

Միլիոն ու կես հայ նահատակների:

Անդին 2.2018

 

Կարծիքներ

կարծիք