Երազ

Հեղինակ:

Մեքենան սլանում էր արագ: Ժամը ուշ էր: 101 Northը համեմատաբար ազատ էր, խցանում չկար: Մեքենայի արագությունը հետզհետե ավելանում էր՝ 100,110,120… Ռադիոընդունիչից լսվում էր բարձր երաժշտություն: Կողքից ընթացող մեքենաների լույսերն արագ մոտենում էին և չքանում: Տիգրանը լավ չէր հասկանում, թե շուրջն ինչ է կատարվում: Ամեն ինչ կարծես մշուշի մեջ լիներ:
«Մի քիչ շատ խմեցի»,- միտքը ասեղի նման ծակեց ուղեղը, և մի տեսակ սարսափ անցավ սրտով: Սակայն մեքենայի ընթացքը դանդաղեցնելու փոխարեն ավելի արագացրեց: Երաժշտության ռիթմը կարծես ստիպում էր, որ սլանա քամու նման: Հանկարծ մթության միջից չգիտես որտեղից դուրս թռած բեռնատարի ուժգին լույսն ընկավ ուղիղ աչքերի մեջ… և հարված: Տիգրանը վեր թռավ և նստեց անկողնում: Երազն այնքան իրական էր, որ սառը քրտինքը պատել էր նրան: Մի երկու րոպե չէր կարողանում սթափվել:
Պատուհանից դուրս թռչունների ճռվողյունը մի փոքր ուշքի բերեց նրան: Այնպիսի զգացողություն էր, կարծես նույն երազն էլի էր տեսել, սակայն չէր հիշում, թե երբ: Երազի սարսափելի ազդեցությունը կամաց-կամաց անցնում էր, սակայն շնչառությունը դեռ ծանր էր:
«Ամեն ինչ լավ է, դա միայն երազ էր,- մտածեց նա և խորը շունչ քաշելով ետ ընկավ անկողնին,- այսօր կիրակի է, ես էլ շտապելու տեղ չունեմ»: Ուզում էր նորից քնել, սակայն թռչունների ճռվողյունը և բակում խաղացող երեխաների ձայները չթողեցին: Պատշգամբի դուռը բաց էր: Մեղմ քամին օրորում էր վարագույրը`  ներս թողնելով առավոտյան արևի շողերը: «Ինչ հաճելի է, ոչ մի տեղ չշտապելը»,- մտածեց նա և ամբողջ մարմնով ձգվեց:
-Մա՜մ,- ձայն տվեց Տիգրանը: Կողքի սենյակում լռություն էր:
«Երևի գնացել է տատիկենց տուն: Մարդ ամբողջ օրը էսպես պառկեր… բայց կյանքը կարճ է, պետք է վեր կենալ և վայելել այս հոյակապ օրը»,- մտածեց նա և վեր թռավ անկողնուց: Ինչպես և գուշակել էր, մայրը տանը չէր, ինքը մենակ էր: Կարոտած պտտվեց տան անկյուններումª զննելով իրերը, պատից կախված լուսանկարները: Մի տեսակ տարօրինակ զգացողություն էր համակել նրան այս առավոտ, կարծես վաղուց տանը չէր եղել:
Տիգրանը մի պահ կանգ առավ և կարոտած նայեց լուսանկարներին: Ահա մեծ պապը: Լեզվաբան էր եղել, հայտնի մարդ: Տատիկի երիտասարդ նկարը, սա էլ՝ մայրը, իրեն գրկած: «Տատիկիս տուն էլ մտնեմ այսօր, կարոտել եմ»,- անցավ նրա մտքով: Հայացքը անցավ պահարանի վրայով: Դարակից հանեց իր հին ձայնասկավառակներից մի քանիսը՝ Beatles, Dizi Gilespie, Barry White, Miles Davis: Հիշեց, թե ինչպես էին տղաներով հավաքվում իրենց տանը, միացնում հին նվագարկիչը և ժամերով լսում: Ի՜նչ ուրախություն էր, երբ իրենց պաշտած երաժիշտներից մեկի նոր ձայնասկավառակը ընկնում էր ձեռքները:
Լսում էին, վայելում, վայելում և երազում… Երազում էին մի օր էլ գնալ այդ երաժշտության երկիրը: Ջազի երկիրը, Ամերիկա… Ամենաշատն ինքն էր երազում: Տիգրանը մի պահ քարացավ: Տարօրինակ սարսուռ անցավ մարմնով: «Տեսնես ինչի՞ ինքը չգնաց Ամերիկա»,- մտածեց նա: Չէ՞ որ այդքան ուզում էր: «Don’t Worry, Be Happy»,- հուշեց նրան Bobby McFerrin-ի ձայնասկավառակը: Տիգրանը քմծիծաղ տվեց, տեղը դրեց սկավառակները և մտավ խոհանոց: Սուրճ սարքեց, առանց շտապելու խմեց:
Այնուհետև հագնվեց և դուրս եկավ բակ: Բակը ողողված էր մայիսյան արևի շողերով: Իրենց բակը Երևանի այն եզակի բակերից էր, որը չէր աղտոտվել ավտոտնակներով: Համարյա ոչ մի ծառ չէր կտրվել: Ցայտաղբյուրն էլ ուրախ կարկաչում էր:
Բակին հարակից փոքրիկ մարզադաշտում մի խումբ տղաներ ֆուտբոլ էին խաղում: Հարևան շենքի երեխեքն են, որ չթողեցին իրեն քնել:
Տիգրանն ակամա հիշեց իր մանկությունը, երբ ամռանն ընկերների հետ մինչև ուշ երեկո ֆուտբոլ էին խաղում այս բակում: Ամեն մեկն իրեն էր վերցնում որևէ հայտնի ֆուտբոլիստի անուն, և սկսում էին խաղալ: Մեկը Մարադոնան էր, մեկըª Գուլիտը, մյուսը՝ Խորեն Հովհաննիսյանը… Ինքն էլ Զիկոյին էր շատ սիրում: Ի՜նչ անհոգ էին այն ժամանակ, ի¯նչ ուրախ: Բակի անկյունի տաղավարում Տիգրանը նկատեց ընկերներին. Հայկոն էր, Սենչը, Արտոն, նստած ինչ-որ բան էին լուրջ-լուրջ խոսում:
«Մի տեսակ տխուր են»,- մտածեց Տիգրանը: Ուզում էր վազել, փաթաթվել, գրկել: «Ինչ ա եղել, ախպեր, ինչի՞ եք տխուր»: Մի հատ թափ տար տղերքին:
-Տղերք,- ձայն տվեց նա, սակայն ընկերները, խորացած իրենց խոսակցության մեջ, չլսեցին: Մի երկու քայլ արեց դեպի տաղավարը, բայց կանգնեց: «Լավ, հիմա տղերքի հետ որ նստեմ՝ կնստեմ»,- մտածեց նա:
Մի տեսակ տարօրինակ զգացողություն էր համակել նրան: Ուզում էր քայլել քաղաքում, ուղղակի զբոսնել: Ահավոր կարոտ կար մեջը: Կարծես վաղուց չէր եղել Երևանում: «Այս ինչո՞ւ եմ այսպես կարոտել քաղաքը,- ինքն իրեն հարցրեց Տիգրանը: «Նույն Երևանն է էլի,- մտածեց նա,- հո մի գիշերում չփոխվե՞ց»:
Հանկարծ սիրտն ահավոր ճմլվեց: Չգիտես որտեղից եկած մի միտք ծակեց ուղեղը: «Տատիկիս մի բան եղած չլինի՞,- անհանգստացած մտածեց նա,- մաման էլ առավոտյան տանը չէր, հաստատ մի բան է եղել»,- ավելի անհագստացավ նա: Ձեռքը տարավ գրպանը, որ զանգ տա մորը, սակայն հեռախոսը չկար:
«Թուու, մոռացել եմ տանը»: Ներքևից նայեց իրենց պատուհաններին: «Հավես չկա մեկ էլ հետ բարձրանամ, ավելի լավ է քայլելով գնամ տատիկենց տուն»,- մտածեց նա: Տատիկի տունը մի քանի փողոց այն կողմ էր, և մի տասնհինգ րոպե քայլելով՝ կհասներ: «Տղերքին էլ հետ գալուց կտեսնեմ: Գամ, տեսնեմ ինչի՞ են այսքան տխուր նստել»: Մի հայացք էլ գցեց դեպի տաղավարըª նստած էին: Մի պահ տղերքը փոքրացան, դարձան 13-14 տարեկան: Նույն ձևով նստած աշխույժ խոսում էին: Քննարկում էին, թե ով ինչ նոր կինո է տեսել: Հայկոյենք վիդեոմագնիտոֆոն ունեին: Իրենք էլ հաճախ գնում էին նրանց տուն ֆիլմեր նայելու: Հետո էլ սիրում էին քննարկել, երազել. մտքերով սլանալ կինոների երկիրը, ազատության երկիրը:
«Տեսնես ինչո՞ւ ինքը չգնաց,- հարցը նորից ծակեց ուղեղը,- ի՞նչը խանգարեց»: Կարծես հիշողության անկում էր ունեցել: Այնպիսի զգացողություն էր, կարծես ինչ-որ մի բան իր կյանքից չի հիշում, ինչ-որ կարևոր մի դրվագ, բայց ի՞նչ:
«Կարո՞ղ է առավոտվա սուրճի մեջ մի բան կար»,- քմծիծաղով հարցրեց ինքն իրեն: Տղաները նորից դարձան իր տարիքին:
«Մեծացանք»,- մտածեց Տիգրանը և դուրս եկավ բակից: Առավոտյան ջերմ արևը ողողել էր քաղաքը: Օրը կիրակի էր, և փողոցներում շատ մարդ չկար: Մի երկու մոլորված անցորդ հանգիստ ճեմում էին մայթով: Մայրիկները սայլակներով զբոսանքի էին հանել իրենց բալիկներին: Այս խաղաղ առավոտը Տիգրանին հիշեցրեց իր մանկության առավոտները: Այն ժամանակ ամեն օր էր այսպես խաղաղ, ոչ թե միայն կիրակի օրերին: Մեքենաները քաղաքում քիչ էին, մարդիկ էլ մի տեսակ ուրիշ էին: Ջրցան մեքենաները առավոտյան լվանում էին փողոցները, «…և բացվում է առավոտը …»,- քթի տակ ակամա երգեց նա:
Հանկարծ կողքի բակից մի խումբ փողոցային շներ դուրս պրծան և համարյա իրեն քսվելով սլացան դեպի դիմացի մայթը: Շներից մեկը շրջվեց և սկսեց կատաղի հաչել իր վրա: Դիմացի մայթի անցորդը վեր թռավ անակնկալ հաչոցից և զարմացած հայացք գցեց շան վրա: ՙՅա, շունի±կ,- կատակեց Տիգրանը,- հանգստացիր՚: Նա մի երկու քայլ արեց դեպի հաչող շունը: Շունը պոչը քաշեց ոտքերի արանքը և վնգստալով փախավ:
«Վախեցավ»,- զարմացած մտածեց Տիգրանը: Ճանապարհը անցնում էր իրենց դպրոցի մոտով: Դպրոցի դարպասները փակ էին: Կիրակի էր: Տիգրանը ակամա կանգ առավ և կարոտած նայեց դպրոցի շենքին: «Առաջին հարկի այս պատուհաններից ցատկում էինք ու դասից փախչում»,- հիշեց նա: Հիմա պատուհանները ճաղապատ էին, դպրոցի անունն էլ փոխվել էր: Տիգրանը մոտենալով կանգնեց դպրոցի բարձր դարպասների դիմաց: «Ափսոս, բաց լիներ, կմտնեի,- մտածեց նա:- Գուցե ուսուցիչներիցս մեկ-երկուսին հանդիպեի, տեսնես դեռ աշխատո՞ւմ են»: Բակը դատարկ էր: Բակի հեռավոր պատից լուռ իրեն էր նայում Սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝, շրջապատված Հայոց այբուբենով: Երկու ձեռքով դարպասի ճաղերից բռնած, գլուխը հենած դարպասին՝ Տիգրանը լուռ նայում էր ներս: Հանկարծ բակը կենդանացավ: Ամեն կողմից լսվեց աշակերտների բարձր ձայնն ու զրնգուն ծիծաղը: «Դասամիջոց է»,- մտածեց Տիգրանը: Աշակերտները կարծես անկանոն վազվզում էին այս ու այն կողմ ու անբացատրելի ուրախությունից գոռում: «Այ այն մեկն էլ կարծես ինքը լինի: Հա, այն էլ Ռուբոն, Աշոտը, Կարենը… Իրենց դասարանն է: Վեց կամ յոթերորդ դասարան ենք»,- ժպիտը դեմքին մտածում էր նա: Տիգրանն ամբողջ մարմնով սեղմվել էր դարպասին, կարծես ուզում էր ճաղերի միջով անցնելով հայտնվել բակում, ընկերների հետ: Դպրոցի զանգը սղոցի նման ծագեց ուղեղը: Նույն վայրկյանին երեխաները չքացան, և բակը դատարկվեց, քար լռություն էր: «Ի՞նչ է կատարվում ինձ հետ,- մի քիչ անհանգստացավ Տիգրանը:- Աչքիս բաներ են երևում»: Ձեռքերն այնպես ուժեղ էին բռնել դարպասի ճաղերից, որ նույնիսկ որոշակի ջանք գործադրեց ազատելու համար:
«Երբեք չէի մտածել, որ այսքան կկարոտեմ դպրոցական տարիները»,- մտմտալով շարունակեց նա ճանապարհը: Արևը հաճելի ջերմացնում էր: Հարազատ փողոցներ էին: Փողոցներ, որտեղ անցել էր նրա մանկությունը, պատանեկությունը: Սիրահարվել էր, կռիվների մեջ ընկել: «Ես քեզ սիրում եմ, այս խոսքերը ասում եմ քեզ, իմ էրևան»,- ուզում էր բարձրաձայն երգել նա: Հանկարծ աչքը ընկավ մոտակա շենքի երրորդ հարկի պատուհաններին: Անահիտենց տունն էր: Ներսը կարծես տակնուվրա եղավ: Անահիտը, իր ուսանողական սերը: Տիգրանին նորից պատեց այն տարօրինակ զգացողությունը, որ առավոտյան էր ունեցել՝  հիշողության այն անկումը…
Այն բացը, որ չէր կարողանում լրացնել: Ի՞նչ եղավ: Շվարած կանգնած մտածում էր նա: Սիրում էին իրար, ուզում էին ամուսնանալ, բա հետո՞: Ինչի՞ չամուսնացան: Մի պահ ոտքերը թուլացան, և նա նստեց փողոցում դրված նստարանին: Ինչի՞ բաժանվեցին, կռվեցի՞ն: Ինչքան ջանք էր գործադրում, չէր կարողանում հիշել իրենց բաժանման պատճառը: Հայացքը նորից բարձրացրեց պատուհանին: Վարագույրի ետևում ինչ-որ ստվեր երևաց: «Տեսնես ի՞նքն է»:- Տխուր մտածեց, որ ինքը ոչինչ չգիտի Անահիտի մասին: Չի հիշում, թե ինչքան ժամանակ չեն հանդիպել:
Տասը ամի՞ս, թե՞ տասը տարի: Զգում էր միայն, որ դեռ սիրում է նրան: «Վատ ե՞ս, վադալազ,- ինքն իրեն ծաղրեց Տիգրանը,- գուցե ամուսնացել է և էլ այստեղ չի՞ ապրում»: Ցանկություն կար բարձրանալ, դուռը ծեծել: «Միգուցե ինքը բացի, միգուցե սպասում է իրեն: Չէ, այսօր չէ: Այսօր իր հետ հաստատ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Այսօր ինքը հաստատ վատ է, ուղեղի հետ մի բան է կատարվում»:
Տիգրանը հիշեց, որ ինչ-որ տեղ կարդացել էր սելյուլյար հեռախոսների միջոցով տարածվող բացիլի մասին: Բացիլը ախտահարում է մարդկանց ուղեղը: Մարդիկ կորցնում են հիշողությունը, ընկնում կոմայի մեջ և մահանում: «Կարող է այդ բացիլից եմ վարակվել,- անցավ նրա մտքով,- կամ էլ Ալցհեյմերի հիվանդություն է սկսվում մոտս»: Բայց եթե հիվանդ էր, ինչո՞ւ էր այսքան լավ զգում իրեն: Չնայած հիշողության անկումներին և անհասկանալի հոգեկան պորթկումներին՝ տրամադրությունը շատ լավ էր: Չէ, ինքն ուղղակի երջանիկ էր: Վաղուց իրեն այսպես լավ չէր զգացել, այսպես թեթև: Երջանիկ էր, որ արևը շողում է, որ թռչյունները ճռվողում են: Երջանիկ էր, որ ինքը երիտասարդ է և կյանքը առջևում է: Այս մտքերից ոգևորված՝ նա վեր ցատկեց երկու ոտքի վրա և ուրախ շարունակեց ճանապարհը:
Մի վերջին հայացք գցեց երրորդ հարկի պատուհաններին՝ ինքն իրեն խոստանալով անպայման վերադառնալ մոտակա երկու օրերին և փորձել տեսնել Անահիտին: Մի փողոց այն կողմ տատիկենց շենքն էր: Տիգրանը համարյա վազելով մտավ բակ. հարազատ մի բակ, որ իրենց բակից չէր տարբերում: Ուզում էր կանգնել և նորից հիշողություններին տրվել: «Այսօր հերիք է նոստալգիկ հոգեվիճակների մեջ ընկնես,- ինքն իրեն ասեց նա,- հետո կընկնես, դեռ կհասցնես»: Երկու-երեք աստիճան միանգամից ցատկելով՝  նա բարձրացավ երրորդ հարկ:
«Տա՜ատ»,- ուզում էր գոռալ նա և դուռը ծեծել: Սակայն դուռը բաց էր:
«Տարօրինակ է»,- մտածեց Տիգրանը և դուռը կամաց հրելով՝ ներս մտավ: Միջանցքում մթություն էր: Ներսի սենյակից ինչ-որ տարօրինակ ձայն էր գալիս: Տիգրանը մի քանի դանդաղ քայլ արեց դեպի սենյակ:
Լացի ձայն էր: Մաման է լալիս: «Հաստատ տատիկիս մի բան է եղել»,- կայծակեց նրա մտքում:
Տիգրանը քարացած կանգնել էր կիսամութ միջանցքում և սարսափում էր քայլ անել: Վախենում էր լսել սարսափելի լուրը՝  Տատիկը չկա… Ինքն իր վրա ուժ գործադրելով՝ Տիգրանը քայլ արեց դեպի սենյակ: Մեջքով նստած կինը, ուսերին սև շալ գցած, հեկեկում էր:
Երեք-չորս կին էլ կողքի աթոռներին նստած լուռ արտասվում էին: Նստած կինը տատիկն էր:
-Տա՜ատ,- դողացող ձայնով կանչեց Տիգրանը: Կինը չշրջվեց: Նստած կանայք էլ գլուխները կախ շարունակում էին հոգոցներ հանել: Հարևանուհիներն էին: Տիկին Աշխենը և Սուսաննան էին, մյուսի անունը լավ չէր հիշում: Տիգրանը հայացքով փնտրում էր մորը, բայց նա այստեղ չէր: Այդ պահին Տիգրանը կարող էր երդվել, որ լսում է նաև մոր լացի ձայնը: Բայց նա չկար:
-Տիգրանս, բալիկս,- հառաչեց տատը:
«Հա, տատ»,- տատիկին մոտենալով՝  Տիգրանը ուզում էր գրկել նրան մեջքից և համբուրել, բայց հանկարծ քարացավ: Կուչ եկած տատիկի ձեռքերում, արցունքներով ողողված, իր լուսանկարն էր:
-Թոռնիկս էլ չկա, իմ քաղցր թոռնիկը,- և հանկարծ պայթեց…
Ուղեղի մեջ մի բան պայթեց: Դիմացից եկող մեքենայի լույսերը կայծակի նման ծակեցին աչքերը: Լույսն այնքան անսպասելի էր, որ ինքը չհասցրեց ոչինչ անել: 101 մայրուղին, բեռնատար մեքենան, Լոսը… Ուղեղը կայծակնային արագությամբ լցվեց հազարավոր պատկերներով՝ լրացնելով այն ահռելի բացը, հիշողության այն անկումը, որ առավոտվանից զգում էր: Հարցերի պատասխանները, որ առավոտվանից տանջում էին նրան, Խաղաղ օվկիանոսի ալիքների նման պատեցին մարմինը:
«Խեղդվում եմ»,- գոռաց նա, սակայն ձայնն այդպես էլ կոկորդից դուրս չեկավ: Դաժան իրականությունը բռնել էր կոկորդից և բաց չէր թողնում:
Աչքի առաջ եկան ընկերները՝  բակի տաղավարում նստած: «Տխո՞ւր եք, տղերք»: «Տիկո, Տիկո… ախր էս ինչ արիր»… «Ախպեր, հավատս չի գալիս»…
«Հա, հիմա հասկացա, թե ինչի էիք տխուր,- մտածեց Տիգրանը,- ընկեր եք կորցրել… ինձ եք կորցրել: Ես էլ ձեզ էի կորցրել… վաղուց: Ես ինքս ինձ էի կորցրել.. Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ»:
Ու Անահիտի հետ բաժանումը Ամերիկա մեկնելուց մի օր առաջ.
-Կգնաս, կմոռանաս…
-Չէ, ես քեզ չեմ մոռանա… անհնար է,- ասում էր ինքը: Մոռացավ:
«Ես ինքս ինձ էի մոռացել, Անահիտ… կներես»:
Ամեն ինչ իր տեղն ընկավ: Իրենց մեկնումը Լոս Անջելես:
-Ախպեր, գնում ես Հրեշտակների քաղաքը,- նախանձով ասում էին տղերքը: Տատը չէր ուզում, որ գնան: Կարծես սիրտը մի բան վկայեր:
«Տատ, տատիկ ջան»,- Տիգրանը մոտեցավ ու թիկունքից գրկեց նրան:
-Մարան ուրբաթ գալիս է… բերում է Տիգրանիս,- հեկեկալով ասեց տատը հարևանուհուն:
«Ես արդեն այստեղ եմ… Ես վերադարձել եմ»,- ուզում էր գոռալ Տիգրանը, սակայն գիտակցում էր, որ այս անգամ էլ իրեն ոչ ոք չի լսի:
«Ախր ես ձեզ բոլորիդ այնքա՜ն եմ կարոտել»:
«Ուշ է… ուշ է,- ներսից մի ձայն ասում էր նրան…- ուշ է, մշուշ է …
Տատիկ ջան, կներես, կներես, որ քեզ այսքան ցավ եմ պատճառում, քեզ շատ եմ սիրում և անչափ կարոտել էի:
Տղերք ջան, կներեք: Կներեք, որ կարոտներս այդպես էլ չառանք իրարից: Ախր այնքան բան ունեի ձեզ պատմելու, James Brown-ի համերգին էի գնացել ու երազում էի, որ կողքս լինեիք… ու էլի լիքը բան: Ամեն օր ձեր պակասը զգացել եմ, տղերք ջան… Կներեք:
Անահիտ, կներես, գիտեմ, որ ցավ եմ պատճառել քեզ… Շատ կուզենայի, որ ամեն ինչ այսպես չլիներ, ձեռքդ բռնեի և ներողություն խնդրեի…
Բայց արդեն ուշ է… ուշ է, մշուշ է…»:
Տիգրանը նորից գրկեց տատիկին և կարոտից խեղդվելով՝ համբուրեց թուշը: «Հրաժեշտ տալու ժամանակն է»,- մտածեց նա:
Տարօրինակ էր, բայց ահավոր ցավի հետ մեկտեղ նա մի տեսակ երջանկություն էր զգում: Կարծես կիսվել էր երկու մասի: Միտքը տանջվում էր՝ տեսնելով իր սիրելիների ցավը, բայց հոգին հանդարտ էր: Չկար այն ծանրությունը, որ տարիների ընթացքում մեծանալով՝ դարձել էր վզից կախված մի մեծ քար: Օտարությունը, հոգնածությունը, մեղքի զգացումի տարբեր արտահայտումները, մենակությունը…
Այդ ամենը վերացել էր, և հիմա կար միայն մի զգացմունք՝  Սեր: Գուցե Աստված, տեսնելով տարիների իր ահռելի կարոտը դեպի սիրելի քաղաքը, ընկերները, սիրելիները, նրան մի վերջին հնարավորություն էր տվել բոլորին հրաժեշտ տալու: Գուցե: Սակայն Տիգրանը գիտեր, որ առջևում ամենածանր հրաժեշտն էր: Իր ամենասիրելի և ամենաթանկ էակի հետ:
«Մամ ջան, կներես…»,- անլսելի մրմնջաց Տիգրանը…

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք