Ապագայի մանկավարժությունը

Հեղինակ:

-Արթուր Վլադիմիրի, ըստ Ձեզ՝  ի՞նչ է անհրաժեշտ փոխել կրթության համակարգում:

 

-Ժամանակակից կրթության համաշխարհային պրակտիկայում դպրոցական ծրագրի շրջանակներում գործնականում ամենուր պատերազմների, արվեստի և մշակույթի պատմության դասերին հիմնականում դիտարկվում են գեղարվեստական վառ գործեր, որոնցում բարձրացվում են բարու և չարի պայքարի հետ կապված հարցեր:

Սակայն պատերազմների պատմությունը հաճախ կարող է հանդես գալ բացասական դիրքերից. մշակույթների երկխոսության գաղափարներ ներարկելու փոխարեն երբեմն սկսում են դպրոցականներին ներշնչել, որ այս կամ այն պետությունը թշնամի է իրենց Հայրենիքին: Արդյունքում՝  երեխաների մեջ չի ձևավորում պատկերացում միասնական աշխարհի մասին, ուր իրականում, հումանիզմի սկզբունքների համաձայն, տիրում է հավասարություն բոլոր ռասաների և ազգերի միջև:

Ինչ վերաբերում է դպրոցին, ապա երեխաների միջև մրցակցության մթնոլորտի ստեղծումը, ինչի վրա հիմնված է ժամանակակից կրթահամակարգը գործնականում բոլոր երկրներում, նույնպես հանգեցնում է բացասական հետևանքների:

Եթե անդրադառնանք մարզական մրցումներին, պիտի ասենք, որ խաղերը պիտի հիմնված լինեն ոչ թե մասնակիցների կոշտ մրցակցության, այլ առանց մրցակցության անհատական նվաճումների վրա, հընթացս նաև մեծացնելով կոլեկտիվ ստեղծագործության եղանակների քանակը: Սա անհամեմատ կարևոր է:

Մարզական խաղերի կողքին գոյություն ունի գիտելիքի գնահատման ստանդարտ համակարգ, որը նույնպես անցանկալի մրցակցության հող է ստեղծում աշակերտների միջև: Սա շատ կարևոր պահ է:

Ուսուցիչը, հրապարակավ գնահատելով աշակերտին, օրինակ՝  նրա վարքը կամ հաջողությունները ուսման մեջ, կարող է առաջացնել դասարանի բացասական արձագանքը, ուստի և կրթական ծրագիրը պիտի կառուցել այնպես, որ ուսուցիչը, առաջին հերթին, թույլ չտա երեխայի հուզական լարվածությունն առաջացնող իրավիճակներ:

Ընդ որում, դրական գնահատականը նույնպես կարող է վատ անդրադառնալ մանկական կոլեկտիվի հուզական մթնոլորտի վրա: Բարձր բալեր ստանալով՝  երեխան ենթագիտակցական մակարդակում կարծում է, թե ինքը մյուսներից լավն է, և բարձրաձայնելով իր նվաճումները՝  կարող է հարուցել համադասարանցիների նախանձը: Մեծավ մասամբ, ուսումնառության բուն գործընթացը նրա համար դադարում է նպատակ լինելուց, և իբրև հետևանք աշակերտը ձգտում է ձեռք բերել գիտելիք՝  չընկալելով դրա խորքային նշանակությունը, հասնելով սոսկ կարճաժամկետ հաջողության:

Առկա է այնպիսի իրավիճակ, երբ երեխան մանկուց ծանրաբեռնվում է մեծ քանակությամբ տարատեսակ տեղեկատվությամբ: Մենք նրան պարտադրում ենք սովորել օտար լեզուներ, այլևայլ իրադարձությունների տարեթվեր, մեր հեղինակությունն օգտագործելով՝  հոգեբանական ճնշում ենք գործադրում նրա վրա և նմանատիպ այլ բաներ:

Ուսուցման հենց այդ մեթոդն է կրթական գործընթացում ստեղծում հուզական լարվածություն, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է մտածողության զարգացմանը:

Ուսումնական ծրագրերի յուրացման հիմքում պիտի ընկած լինի ընտրության ազատության սկզբունքը: Մենք ելնում ենք այն բանից, որ երեխաները տարբեր կերպ են ընկալում տեղեկատվությունը, ունեն տարբեր մտավոր կարողություններ և, աշակերտին խիստ շրջանակներ պարտադրելով, երբ նա պարտավոր է որոշակի ժամանակահատվածում յուրացնել նյութը, ապա քննություն հանձնել, նրան սթրեսի՝  հուզական գերլարման ենք մատնում:

Արդյունքում ունենում ենք գիտելիքների մեծ պաշար ունեցող կրթված մարդ, որը շատ դեպքերում ընդունակ չէ ստեղծագործական գործոնքի և հուզականորեն խոցելի է: Այդպիսի անհատը, ցանկացած մակարդակում ներգրավվելով սոցիումի՝  հասարակության մեջ, միայն ու միայն ուժգնացնում է ընդհանուր լարվածությունը, ինչը մենք տեսնում ենք ամեն օր և ամենուր:

Ինչպես պատկերանում է, նպատակահարմար է արդեն իսկ ներկայումս առաջարկել աշակերտներին ուսուցանել ազատ ծրագրով. թող նա հանդարտասահ, առանց շտապելու յուրացնի գիտելիքների առաջադրված ծավալը և ուսումնառության նյութի համար հաշվետու լինի միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրան:

Ընդ որում, աշակերտը կարող է տվյալ դասարանը ավարտել ոչ թե մեկ, այլ, օրինակ, մեկուկես տարում: Այսինքն՝  դպրոցական ծրագրի ողջ ծավալը նա կարող է ավարտել ոչ թե ստանդարտ 10-12 տարում, ինչպես հիմա է, այլ ավելի մեծ ժամանակահատվածում:

Այդուհանդերձ, նյութի որոշակի ծավալի յուրացման նվազագույն և առավելագույն ժամանակահատվածը պիտի լինի որոշակի:

Օրինակ՝  եթե իբրև հիմք վերցնենք եվրոպական դպրոցներից շատերի ծրագրերը, ապա, հնարավոր է, դասընթացը լիարժեք յուրացնելու ժամանակահատվածը կկազմի մեկուկես տարի, սակայն աշակերտի առանձնահատկությունները նկատի առնելով՝  այդ ժամանակահատվածը կարող է երկարաձգվել երկու տարվա:

Իբրև հետևանք, հաշվի առնելով դպրոցական ծրագրի բովանդակության փոփոխությունը և ուսումնառության ժամանակահատվածի վերաբաշխումը, ինչպես նաև մտածողության զարգացման դասեր ավելացնելը, աշակերտները լիակատար բարձրագույն կրթություն կստանան 27-29 տարեկանում:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա բավական երկար ժամանակ է, սակայն ծրագիրը հանգիստ յուրացնելու համար այդ ժամանակը լիովին ողջամիտ է:

 

-Ինչպե՞ս իրագործել անցումը նոր համակարգին:

 

-Պիտի ստեղծվեն որոշակի պայմաններ, օրինակ՝  յուրաքանչյուր աշակերտ պիտի ունենա ուսման անհատական ծրագիր և այն իրականացնելու ժամանակի ազատ ընտրություն, այդուհանդերձ, որոշակի ժամաքանակը, որը օրվա ընթացքում աշակերտը պիտի հատկացնի ուսմանը, առաջարկվելու է հոգեբանի կողմից անհատականորեն և պիտի հստակեցվի ըստ տարիքի և ընդունակությունների: 45 րոպե տևողությամբ դասաժամը նույնպես չի անցնի անցյալի գիրկը: Դասի սկիզբն ու ավարտը (առավոտյան ժամը 8-ից երեկոյան 17-ը և լրացուցիչ ժամեր երեխայի հայեցողությամբ) կնշվեն, բայց հենց ՙզանգի հետ՚ գալը պարտադիր չէ:

Ընդ որում, հարկ է նշել, որ նկատի ունենալով զարգացման այդ փուլում երեխաների սոցիալականացման անհրաժեշտությունը, նախադպրոցական և դպրոցական տարիքում հեռատարածական (դիստանցիոն) ուսուցում նախատեսված չէ:

Նոր կրթահամակարգը ենթադրում է նաև դպրոցական նոր ավանդույթներ: Օրինակ՝  առաջարկվում է տարեկան երկու անգամ աշակերտների համար կազմակերպել ընդհանուր տոներ. մեկը՝  նվիրված ուսման մեջ նրանց հաջողություններին, որի ժամանակ բոլոր երեխաներին պարգևատրում են նվերներով և նրանց համար կազմակերպում մշակութային ժամանցային ծրագրեր, և երկրորդ տոնը՝  ՙԺողովրդի արժեք՚ օրը, որը խորհրդանշելու է միասնություն, արարում և խաղաղություն: Ազգամիջյան առճակատումներից խուսափելու համար, հարկավ, հաղորդակցության միջոց հանդիսանալու է պետական լեզուն:

Երկրորդ՝  բուն ազգային կամ այլ լեզուներ ուսումնառվում են ըստ երեխայի ցանկության:

Երրորդ, չորրորդ և այլ լեզուներ սովորել թույլատրվում է միայն 15 տարին լրանալուց հետո, որպեսզի սանին չծանրաբեռնենք անհարկի տեղեկատվությամբ և չխլենք ուսումնառության ժամանակը:

Ընդ որում, գերակա է հանդիսանում ընտրության ազատությունը: Օրինակ՝  15 տարեկանում նպատակահարմար է նպաստել բանականության աստվածային ծագման տեսության մասին ընդհանուր պատկերացումների ձևավորմանը երեխայի մեջ:

Միևնույն ժամանակ, երեխան, ըստ ցանկության, կարող է ուսումնասիրել այլ կրոնական առարկաներ, ինչը նրան հնարավորություն կտա հետագայում ինքնուրույն և գիտակցված ընտրություն կատարելու էվոլյուցիոն կամ կրեացիոնիզմի  տեսության միջև, բայց արդեն հենվելով սեփական աշխարհայացքի վրա:

12 տարեկանից հարկավոր է ջանքերն ուղղել երեխայի անհատական ընդունակության զարգացմանը, հակումներից և օժտվածություններից ելնելով՝  ուղղորդելով նրան դեպի ապագա գործունեության ոլորտ:

Մենք պիտի երեխային հնարավորություն տանք զարգացնելու իր ընդունակությունները, այլ ոչ թե ձգտի հասցնել որոշակի ժամանակային շրջանակներում:

Իսկ արձակուրդը յուրաքանչյուր երեխայի համար կլինի անհատական, երեխայի և ծնողների ցանկությամբ: Հանգստի համար ժամանակի քանակը առաջարկվում է հոգեբանի կողմից: Այդպիսով, մենք հեռանում ենք դասացուցակ և արձակուրդային ժամանակ հասկացություններից:

Ապագայում նպատակահարմար է ուսումնական գործընթացն այնպես կազմակերպել, որ բոլոր սաները բաժանվեն երեք հիմնական ուսումնական խմբերի, որոնք կձևավորվեն ըստ տարիքի՝  2-7 տարեկաններ, 7-15 տարեկաններ և 15 ու ավելի բարձր: Վաղ նախադպրոցական տարիքում խորհուրդ է տրվում խմբերը կազմել բացառապես երեխաների տարիքին համապատասխան:

Կարգապահության խնդիրը լուծվելու է հետևյալ կերպ. եթե աշակերտն ուզենա ընդմիջում անել, ապա նա պարզապես ազդանշան է տալու ուսուցչին՝  արհեստական ինտելեկտին, իր ցանկության մասին՝  նշելով պատճառը և իր բացակայության մոտավոր ժամանակը:

Այսպիսով, աշակերտի ողջ գործունեությունը հստակեցվում և աչքի տակ է առնվում, դասարանում կարգապահությունն ու կարգուկանոնը չեն խախտվում, իսկ միմյանց հետ հաղորդակցվելու համար օրվա ընթացքում նախատեսված են 5-10 րոպե տևողությամբ երկու ընդհանուր ընդմիջում բոլոր սաների համար:

 

-ԻՆչպե՞ս է կառուցվելու գիտելիքների գնահատման համակարգը:

 

-Գնահատականները հիմնականում կնշանակվեն ուսուցչին օգնելու համար, որպեսզի նա կարողանա առավել հանգամանորեն պարզել յուրաքանչյուր սանի մտածողության զարգացածության աստիճանը և հնարավորությունները:

Բացի այդ, նպատակահարմար և օգտակար է առաջարկել ցուցանիշների վերահսկման կրկնակի մեթոդ՝  մտավոր հմտությունների մակարդակի համար առանձին և առանձին՝  գիտելիքների մակարդակի համար:

Մտածողության դասերին գնահատականը նշանակվում է տասը բալանոց սանդղակով՝  ներառելով թվանշանների տասնորդական մասերը, իսկ գիտելիքների գնահատումը կկատարվի ամբողջական թվերով, մինչև չորս նիշը:

Արդյունքները արձանագրվում են հոգեբան մանկավարժի կողմից, միայն իր համար, երեխայի կարողությունները հետագայում լիովին վերլուծելու նպատակով:

Երեխան իր գնահատականի մասին կարող է իմանալ մոտավորապես երեք ամիսը մեկ: Խորհուրդ է տրվում այն հաղորդել առանձին, բանավոր, ընդ որում՝  երեխային գնահատականը կարելի է հայտնել միայն իբրև «դրական» կամ «չեզոք», իսկ ծնողներին, ըստ նրանց ցանկության, կարող է այդ մասին տրվել ամբողջական տեղեկություն:

Բոլոր երեխաները պիտի վստահ լինեն, որ, անկախ իրենց ընդունակություններից, իրենք ստանում են լիարժեք կրթություն:

1,5 տարին մեկ պարապմունքներին զուգընթաց կազմակերպել գիտելիքների ոչ ակնհայտ ստուգում, որպեսզի երեխան վերհիշի նախկինում սովորած նյութը: Իսկ դասական իմաստով ՙքննություն՚ երևույթից հարկ է հրաժարվել, քանզի քննությանն սպասելու լարումն ու սթրեսը բացասաբար են անդրադառնում երեխաների վրա: Դրա կարիքը չի լինի նաև այն պատճառով, որ ուսման ողջ գործընթացը լինելու է թափանցիկ: Այդուհանդերձ, վերջնարդյունքի գնահատում նախատեսվում է, սակայն այն կտարբերվի ներկայումս գոյություն ունեցողից:

Ուսումնառությունն ավարտելուց հետո սանը ներկայանում է Ուսումնական խորհրդի հարցազրույցին: Հարցազրույցի արդյունքում, ելնելով նախկինում արձանագրված գնահատականներից, հաշվի առնելով նրա հաջողությունները մտածողության և գիտելիքների մակարդակներում, կայացվում է ապագա շրջանավարտի գնահատանքի որոշում հետևյալ չափորոշիչներով.

  1. մտածողության, ինտելեկտի մակարդակը՝ տասնորդական կոտորակներ թույլ տվող տասը բալանոց սանդղակով,
  2. գիտելիքների մակարդակը՝ չորսբալանաոց սանդղակով,
  3. յուրաքանչյուր առարկայի յուրացման համար ծախսված ժամաքանակը,
  4. հակումները (որևէ գիտություն ուսումնասիրելու նախասիրությունը, օժտվածությունը, հմտությունները)՝ տոկոսային հարաբերությամբ,
  5. անձի հոգեբանական դիմանկարը, որը պատկերում է շրջանավարտի վարքի առանձնահատկությունները, նրա ակտիվությունը, խառնվածքը, եռանդը:

 

-Դուք հիշատակեցիք, որ ուսումնառության գործընթացում ներգրավվելու է արհեստական ինտելե՞կտ:

 

-Ուսումնական գործընթացում արհեստական ինտելեկտը բնավ էլ չի կատարի ուսուցչի դեր, այլ ավելի շուտ՝  քիբեր-օգնականի: Արհեստական ինտելեկտը օգնելու է ուսումնառության գործընթացում, վերահսկելու է սանի առջև դրված առաջադրանքների կատարումը: Անձնական քիբեր-օգնականը կգնահատի երեխայի մտավոր հնարավորությունները և ուսումնառության համար ծախսած ժամանակը, կօգնի աշակերտին յուրացնելու նյութը, ինչպես նաև ակադեմիական ծրագրի հայեցակարգին համապատասխանող տարբեր մեթոդներով կիրականացնի վերահսկողություն, այդպիսով տնային առաջադրանքները ժամանակի ընթացքում կդառնան ոչ պարտադիր:

Առաջ ընթանալով կրթություն ստանալու գործում՝  սաները, անհատական ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքները կատարելուն պատրաստ լինելուն զուգընթաց, իրավունք կունենան այն քննարկելու քիբեր-օգնականի հետ, ինչպես նաև զրուցելու հոգեբանի հետ:

Ուսումնառության ակադեմիական համակարգի համաձայն՝  վաղ տարիքում (մոտավորապես 2-7 տարեկան) երեխան ընդհանրապես չպիտի ուսանի արհեստական ինտելեկտի օգնությամբ. միայն մանկավարժ-հոգեբանի հետ:

Երեխայի հասունացմանը և նոր իրավիճակին հարմարվելու՝  ադապտացվելուն զուգընթաց, քիբեր-օգնականի դերը ուսումնառության գործընթացում աստիճանաբար մեծանում է, սակայն նաև այդ դեպքում սանի հոգեկան վիճակը գտնվում է մանկավարժ-հոգեբանի հսկողության տակ:

Հետագայում հնարավոր է քիբեր-օգնականի համար հատուկ ծրագրի ստեղծում և ներդրում, ինչը թույլ կտա իրական ժամանակում հաշվարկել աշակերտի հուզական լարվածության աստիճանը և գործունեության բնույթի փոփոխության ուղիներ առաջարկել: Դա կարող է լինել, օրինակ, զբոսանքը թարմ օդում, հինգ րոպե լիակատար թուլացումն ու անդորրը (ռելակսացիա) և այլն:

 

-Ուրիշ ի՞նչ խնդիրներ կարող է կատարել քիբեր-օգնականը:

 

-Մեր կարծիքով՝  առաջին հերթին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների մտածողության զարգացման մեթոդիկայի վրա: Ուստի և ՙԱքսիոդեմիա՚ հայեցակարգի մանկավարժական ծրագիրն առաջարկում է ներմուծել գիտելիքի ձևավորմանը և մտածողության զարգացմանը միտված երկու առանձին պարտադիր ուսումնական առարկաներ: Այստեղ ևս քիբեր-օգնականը հիրավի ունենալու է կարևորագույն դերակատարություն:

Ընդ որում՝  ուսումնական գործընթացին հատկացված ընդհանուր ժամանակը հարկ է բաժանել այնպես, որ պահպանվի հետևյալ հարաբերակցությունը. 2-7 տարեկան երեխաների համար մտածողության զարգացման պարապմունքները պիտի գրավեն ընդհանուր ժամանակի 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը, համապատասխանաբար, տրվելու է սովորական առարկաների ուսումնառությանը: Հետագայում, հասակ առնելուն զուգընթաց, գիտելիքներ ստանալու համար հատկացված ժամանակաչափը ավելանում է. 7 տարեկանից դրան հատկացվում է ընդհանուր ժամանակի 60 տոկոսը և 15 տարեկանից՝  80 տոկոսը:

Մտածողության զարգացման դասերին, ի տարբերություն գիտելիքների յուրացմանը միտված դասերի, աշակերտներով դասարանների հագեցվածությունը պայմանավորված կլինի սաների մտավոր կարողություններով: Այսպես, օրինակ, եթե 14 տարեկան և 18 տարեկան աշակերտների մտածողության մակարդակը մոտավորապես համապատասխանում են նույն չափանիշներին, ապա նրանք կընդգրկվեն նույն դասարանում:

Մտածողության զարգացման պարապմունքներին առանձնահատուկ դեր է վերապահվում գործընթացի տարածա-կազմակերպչական բաղադրիչներին: Նյութն առավել հարմարավետ ընկալելու համար աշակերտները նստում են բազկաթոռներին: Երեխաների տեղը պիտի համարեցված լինի այնպես, որ նրանք իրար չխանգարեն:

Քիբեր-օգնականի հետ հաղորդակցությունը պիտի իրականացվի յուրաքանչյուր աշակերտի համար առանձին լսողական համասարքերի միջոցով:

Դասարանները կարող են լինել կինոդահլիճների նմանությամբ, որտեղ թույլ լուսավորության պայմաններում մանկավարժը մեծ էկրանից հարցեր է տալու երեխաներին:

Խումբը կարող է ընդգրկել տարբեր տարիքի մինչև 50-70 ավելի երեխաներ: Դա պայմանավորված է նրանով, որ առաջադրանքները կատարելիս յուրաքանչյուր երեխա աշխատելու է ինքնուրույն, անհատական քիբեր-օգնականի օգնությամբ:

Պատասխանը երեխայի ցանկությամբ, նրա տրամադրության և հայեցողության համաձայն, կարող է տրվել տարբեր եղանակներով՝  բանավոր, գրավոր, պատկերագրությամբ կամ գործողությամբ:

Առաջադրանքները կառուցվելու են այնպես, որ երեխային առավելագույնս օգնեն ի հայտ բերելու և զարգացնելու իր ստեղծագործական հնարավորությունները, և այստեղ կարևոր է նկատի ունենալ, որ առաջադրված հարցի վերաբերյալ աշակերտից կոնկրետ պատասխան ստանալու նպատակ չի հետապնդվելու: Ավելին, բոլորին ուղղված ընդհանուր հարցի համար ենթադրվում են տարբեր պատասխաններ:

Օրինակ՝  7-ից բարձր տարիքի երեխաների համար ուսուցիչը մեծ էկրանից առաջարկում է կատարել առաջադրանքը՝  մի շարք պատկերներից (տեսողական կամ լսողական) երևակայությամբ կառուցել որոշակի ծավալի սյուժե:

Սաներն այդ նպատակով օգտագործում են համակարգչային ծրագիր, որն իրենից ներկայացնում է 45 աստիճանով 8 հատվածներից բաղկացած շրջանագիծ:

Շրջանագծի յուրաքանչյուր հատվածում գտնվում են տարբեր պատկերներ: Սկզբնական փուլում դրանք կարող են լինել անավարտ, ավելին, բոլոր պատկերները թվում են աբստրակտ:

Շրջանը դանդաղ պտտվում է նախ մի, ապա մյուս ուղղությամբ, մոտավորապես 4 րոպեում 1 պտույտ արագությամբ:

Պատկերներից կարելի է կազմել առանձին պատմվածք, միևնույն ժամանակ բոլոր հատվածների պատկերները համախումբ կարող են կազմել ընդհանուր տրամաբանական պատկեր, բայց կարող են նաև կապ չունենալ իրար հետ:

Աշակերտը նայում է պատկերներին և կազմում է իր սյուժեն իրեն երևացած պատկերներից՝  շրջանի հատվածները հերթագայելով ըստ իր հայեցողության և իր ընդունակությունների համաձայն:

Այդպիսով նա կստանա իր սեփական սյուժեն:

Դրա համար որքան շատ պատկերներ են օգտագործվել շրջանից և որքան որակյալ է ստացված արդյունքի իմաստային բաղադրիչը, այնքան բարձր է գնահատվում երեխայի մտածելու կարողությունը:

Մտածողության զարգացման դիտանկյունից՝  առաջադրանքի նպատակը կատարման բուն գործընթացի մեջ է:

Մեր հայեցակարգը նախատեսում է երեխաների մտածողության զարգացման դասընթացներ 2 տարեկանից սկսած: Այս տարիքում երեխաների մտածողությունը կրում է դիտակտիկ-գործողութային բնույթ, և աշխարհաճանաչողությունը տեղի է ունենում միայն առարկաների հետ կատարվող գործողությունների միջոցով:

Շրջապատող առարկաների մասին կոնկրետ գիտելիքներ նա ստանում է ուսումնառության ընթացքում, դրանց կարիքն զգալուն համընթաց:

Այդ իսկ պատճառով էլ շրջակա միջավայրի բոլոր օբյեկտները կամ ֆիգուրները աշակերտի համար իրականում ունեն մեկ ընդհանրական անուն՝  ՙառարկա՚: Երեխան պիտի աշխարհը ճանաչի՝  գիտակցելով առարկաների իմաստն ու նշանակությունը, ըստ գործառույթների ընդհանրացնելով դրանք համապատասխան կատեգորիաների մեջ:

Օրինակ՝  մեքենան, ավտոբուսը, տրոլեյբուսը առարկաներ են, որոնցով կարելի ինչ-որ տեղ գնալ, երթևեկել: Գրիչը, մատիտը, ֆլոմաստերը, ներկերը առարկաներ են, որոնցով կարելի է նկարել և այլն:

Երեխայի դաստակին կապվում է անվտանգ դիսփլեյ, որը հագեցած է ուսումնառության անհատական ծրագրով: Եթե սանն ուզում է խմել, ապա դաստիարակը նախապես տեղադրված անհատական ծրագրով նրա դիսփլեյի էկրանին ցուցանում է ազդանշանային պատկեր: Օրինակ՝  «կանաչ գավաթ»: Փոքրիկը, կողմնորոշվելով դիսփլեյով, բավարարում է իր ցանկությունը՝  շրջակա միջավայրից ընտրելով կանաչ գավաթ: Նման խաղեր կարելի է հորինել ինչքան ասես:

Առավել շարժողական խաղերի հետ կապված առաջադրանքների, քայլելիս կողմնորոշումը դյուրացնելու համար նախատեսվում է մեկ այլ դիսփլեյ, որը կարող է ամրացվել նաև ոտնաթաթին:

Դաստիարակման առաջարկված ծրագիրը հիմնված է տվյալ տարիքի հոգեբանական և կենսաբանական առանձնահատկությունների վրա:

Ի մասնավորի, առաջադրանքները կատարելու համար երեխաներն օգտագործում են այսպես կոչված «միջնորդ»՝  թեթև, անվնաս ցուպիկ-տելեսկոպ, որն ունի մագնիսական հատկություններով փափուկ ծայրապանակ: ՙՄիջնորդը՚ համապատասխանում է երեխաների մարմնի հասակին և հնարավորություն է ընձեռում տարածություն պահել առարկաներից, ինչպես նաև ավելի ընդգրկուն, ամբողջական տեսնել և ընկալել պատկերը՝  ընդլայնելով աշակերտի աշխարհայացքը և զարգացնելով ձեռքերի մանր շարժումների մեխանիզմը:

Այդպիսի «միջնորդի» օգտագործմամբ առաջադրանքները կարող են լինել բազմատեսակ, ինչպես իրենց ձևով, այնպես էլ բովանդակությամբ:

Օրինակ՝  երեխային առաջարկվում է խաղալ լաբիրինթոս. երեխան «միջնորդի» օգնությամբ կառավարում է իրեն հատկացված գույնի ինքնաշարժիկը՝  այն առաջնորդելով լաբիրինթոս-խաղադաշտում: Ավելացնելով փակուղիները, խաչմերուկները և այլն՝  մենք հետզհետե բարդացնում ենք առաջադրանքի մակարդակը:

Երեխաները, ըստ ցանկության, կարող են առաջադրանքը կատարել ինչպես կանգնած, այնպես էլ նստած: Այս դեպքում որպես օժանդակ ձեռնարկ օգտագործվում է մագնիսական երկկողմանի վահանակ՝  ստենդ, որի վերին մասում տեղադրված են խճանկարներ, որոնք երեխաներին օգնում են առաջադրանքները կատարելու ընթացքում կողմնորոշվել որոշակի նշաօրինակներով:

Մանկավարժ-դաստիարակը պատկերները նախապես տեղադրում է երեխաների դիսփլեյին: Աշակերտը պիտի առանց մեծահասակների օգնության գտնի վահանակի և իր ձեռքի դիսփլեյի համապատասխան պատկերները, իսկ հետո «միջնորդի» օգնությամբ խճանկարի բոլոր հատվածները միացնի իրար: Առաջադրանքի պարզեցված տարբերակում օգտագործվում են գունավոր նկարներ, իսկ առավել բարդերի դեպքում՝  սև-սպիտակ:

Պարապմունքները տեղի են ունենում խաղի ձևով, և երեխաները դրա ընթացքում չեն զգում, որ իրենք սովորում են: Ընդ որում՝  կարևոր է այդ ընթացքում երեխաների հույզերն ուղղորդել անհատական կամ կոլեկտիվ խաղի հուն, առանց մրցակցության տարրերի:

Դաստիարակը պարապմունքների ընթացքում օգնություն է ցույց տալիս սաներին՝  սակայն չփորձելով բացահայտել առաջադրանքի էությունը, առաջադրանքը չպարզեցնելով հստակ հասկացությունները նշելու միջոցով, երեխային հնարավորություն տալով ինքնուրույն իմաստավորելու իր սեփական գործողությունները:

 

-Ո՞րն է վերջնական նպատակը:

 

-Ստացած կրթության մակարդակը արդյունքում պիտի համապատասխանի հասարակության պահանջի մակարդակին: Այսպես, օրինակ, հիմա շատ սուր է դրված բազմազգ պետություններում ինտեգրացիայի հարցը, միևնույն ժամանակ ցանկացած ժողովուրդ ունի իր լեզուն և մշակույթը պահպանելու իրավունք:

Վերը բերված բոլոր խորհրդատվությունները կիրառելի են նաև բարձրագույն կրթության բնագավառում: Նմանապես հարկ է նշել, որ այսօր զգալիորեն մեծանում է հեռատարածական ուսուցման մասնաբաժինը:

Մոտ ապագայում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուրին կընձեռվի ինքնուրույն ուսումնառության հնարավորություն, կարելի է ասել՝  առանց տնից դուրս գալու:

 

Ինչպես պատկերանում է, իրավիճակը զարգանում է այնպես, որ ապագայում մրցակցությունը աշխատաշուկայում միայն ու միայն սրվելու է:

Երկրի բնակչությունը աճում է, գիտական տեխնոլոգիաները զարգանում են արագացված տեմպերով, մասանգիտական բնագավառներում ակտիվորեն ներդրվում են ռոբոտները, իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ կարող են զրկվել աշխատանքից, և զարգացած երկրների համար այդ հեռանկարը մի քայլ ավելի մոտ է, քան զարգացող տարածաշրջանների համար:

Շատ երկրների ներքին սոցիալական քաղաքականությունն արդեն այսօր իր առանցքը փոխում է դեպի իր քաղաքացիներին հարկադիր գործազրկության նպաստներով ապահովելը, քանզի նոր աշխատատեղեր ստեղծելը դառնում է անշահավետ և անհնար:

Այդ միտումը ընդունում է ավելի ու ավելի համատարած բնույթ, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի գործազրկության սուր ճգնաժամի և հասարակ քաղաքացիների դժգոհությանը:

Մարդիկ արդեն հիմա հարկադրված են հարմարվել արագորեն փոփոխվող աշխարհի պայմաններին և ոչ միայն յուրացնել 3-4 մասնագիտություն, այլև մտահոգվել իրենց երեխաների բնակության ապագա տեղի համար:

Աքսիոդեմիա – հունարեն «ἀξία»՝ արժեք և «δῆμος»՝  ժողվուրդ բառերից: Աքսիոդեմիան հասարակական-փիլիսոփայական ուսմունք է, բանազրուցային հարթակ, որը ձևավորվել է Սանկտ-Պետերբուրգում բնակվող մեր հայրենակից Արթուր Գիլոյանի գաղափարների և աշխատությունների հիման վրա: Եզրույթը նրա կողմից գիտական շրջանառության մեջ է դրվել 2014 թ., հիմնական դրույթները հրապարակվել են «Կյանքի արտացոլում» աշխատության մեջ /2012/: «Աքսիոդեմիա» պաայմանական անվամբ հրատարակության է պատրաստվում նոր աշխատություն: Ըստ հեղինակի՝  նրա հայեցակարգի հիմնական նպատակը ժամանակակից մարդկության հասարակական-տնտեսական, քաղաքական, մշակութային և հոգևոր ճգնաժամը հաղթահարելու ուղիներ որոնելն է, գտնելն ու առաջարկելը, ինչի համար Աքսիոդեմիան բանազրույցների է հրավիրում ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց, առաջարկում է բարեփոխումներ անցկացնել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Մենք նպատակահարմար համարեցինք հայ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել հայեցակարգի ապագայի կրթությանը վերաբերող դրույթը, քանի որ կրթությունը ապագայի հասարակություն ձևավորելու ամենահիմնական առանցքներից մեկն է, և կրթահամակարգը մեզանում նույնպես անընդհատ ենթարկվում է վերափոխումների:

Հարցազրույցը՝«Ռուսաստանի արծաթե շրջանակը» գիտական ծրագրի առաջատար մասնագետ, պատմագիտության թեկնածու Սերգեյ Վասիլևի և լրագրող Սվետլանա Շնեյտոր,  Աքսիոդեմիա հայեցակարգի հիմնադիր, գրող-ֆուտուրոլոգ Արթուր Գիլոյանի հետ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝  Հակոբ Սողոմոնյանի

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք