Դրախտի բնակիչը

 

Միայն ճակատագրի անողոք խարդավանքը չէր Էդգար Էլբակյան Կրտսերի վաղաժամ հեռացումի պատճառը: Աստված, ասում են չափազանց շուտ է Երկնային Արքայություն տեղափոխում իր սիրելիներին, որ պատանի ու երազկոտ հոգիների կատարյալ անաղարտության վրա հանկարծ չծանրանա մեղքի ու մեղսագործության խիտ ոստայնով պատված աշխարհի տիղմն ու փոշին, որ դրախտի հավերժական մաքրությունը թեկուզ փոքր-ինչ չխաթարվի իր բնակիչների աշխարհիկ վարքուբարքերի տեղաշարժից: Էդգար Էլբակյան Կրտսերը Երկնային Արքայության բնակիչն է հիմա և, ո՞վ գիտե, գուցե հենց այս պահին իր նման մաքրամաքուր հոգիների համար կարդում է պատանեկան բանաստեղծությունները, դերասանական խաղով ու շնորհով հատվածներ արտասանում իր գրած պիեսներից և դրախտի մյուս բնակիչներին, որ այս պահին նրա ունկնդիրներն են, ստիպում վերապրել գրականության ու արվեստի կախարդանքը: Միայն ափսոս, շատ ափսոս, որ էլ չի կարող նոր ստեղծագործություններ արարել. Ժամանակից շուտ լքած դավաճան մարմնի բացակայությունը խանգարում է…

Բայց այն, ինչ արարել է Էդգարն ապրած տասնութ տարիներին, պատանեկան անմիջականությամբ ու համարձակությամբ աշխարհին ու մարդուն նայելու հրավառություն է՝  լի ապրեցնող թախծի շաղախով, և ընթերցելով նրա ետմահու հրատարակած «Գծից այն կողմ» ժողովածուն՝  ակամա զարմանում ես, թե պատանու հոգում որտեղի՞ց էին տեսանողի խորունկ ու նրբին հայացքը, բառերի, տողերի ու պատկերների հանդեպ խիստ ու բծախնդիր վերաբերմունքը, որ շատ շատերը չեն ունենում հասուն տարիքում անգամ… Իսկ նա, եթե ապրեր, այսօր հազիվ քսան տարեկան էր լինելու:

Էդգարն, ինչպես իր նշանավոր պապը, տատը, հայրն ու մայրը, արվեստի համար էր ծնվել, և դժվար է ասել, թե որ ճյուղով էր հիմնականում ընթանալու՝  դրամատո՞ւրգ, դերասա՞ն, թե՞ ռեժիսոր: Նրա էության մեջ այդ բոլոր շերտերը ներդաշնակորեն միախառնված էին՝  չհասցրեց տարանջատել: Բայց որ ասպարեզն էլ ընտրեր վերջնականորեն, հաստատ է՝  առաջավոր էր լինելու: Պարզապես աստվածային շնորհ էր տրված նրան, և Աստված էլ, դժբախտաբար, տվածը չափազանց շուտ վերցրեց նրանից՝  թողնելով հասունացման ու ինքնահաստատման ճանապարհը: Երկնային Արքայության նոր բնակչի կարիք էր զգում հավանաբար:

 

Արմեն Մարտիրոսյան

2000 թ.

 

 

Գծից այն կողմ

 

«Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի, որը չասիր ու անցար»:

Նրանք երեքն էին: Մեկի գրպանում շրթհարմոն կար: Քամի էր, ու գիշերը լուսին չուներ: Շրթհարմոնով տղան լուռ գնում էր փողոցի ճանապարհով, ուր լապտերների լույսը ոսկեջրել էր անդորրը: Ցրված երազների լույսի մեջ նա քայլում էր, հետո կանգնեցին, լռություն… «Անցած լինի»,- մտածեց շրթհարմոնի տերը: Լռություն…երկուսը շարունակում էին քայլել, գորշ, քարացած ցանկությունը կորել էր: Երեքը դարձյալ քայլեցին ու նա երկում էր՝ նա շրթհարմոնի տերն էր: Նա նկար ուներ, որն արդեն իրենն էր: Նկարում աղջիկ կար քարացած, երազի պես գիշերվա աստղը նրան էր պատկանում, աղջիկը նկարից դուրս չեկավ, ինչպես երազում էր շրթհարմոնի տերը, նա շատ տխուր էր քայլում, ամենից տխուրն այս փոքրիկ երազում: Երեքի քայլի հստակությունը ընդհատեց երգը լռության մասին, ու աղջկա աչքերը մի պահ սլացան նրա վրայով, ու սառեցին, ու կորան, ու համրացան: Սակայն նրանց մեջ թաքուն մի բան էր մնացել, մի չբացված գաղտնիք: Շրթհարմոնի տերը գիտեր այդ մասին ու լռում էր, ու նայում էր սառած հայացքի տիրոջը՝ աղջկան:

Երեքը հասան ինչ-որ տեղ, ճանապարհն անհայտ էր՝ լռությամբ պարուրված, երեքը չէին նայում իրար, երեքը զարմացած էին, երրորդը քիչ անհանգստության մեջ էր, նա իրեն ազատ չէր զգում, նա աղջկա հայացքի գաղտնիքը չգիտեր, բայց, միևնույնն է, մտածում էր: Հասավ երազի պահը, որ շրթհարմոնով տղան հիշեց.

Քոնն իմն է,

Իմը՝ քոնը,

Դու նրանն ես,

Իսկ ես՝ քոնը:

 

Աղջիկը ժպտաց նրա երազի մեջ, երազում կիթառ կար, վարագույր, լապտեր, վարագույրի մյուս կողմում՝ խոսքեր, խոսքեր… Նա ամեն ինչ հասկացել էր, և աղջիկը՝ նույնպես: Նրանք, լռությունից հոգնած, խոսեցին ու երդվեցին իրար, լռել ամենի մասին, ու նրանք լռեցին:

Աղջկա հայացքի մեջ սարսափելի մի բան կար. վ՜ախը, վ՜ախը… Տղան, որը շրթհարմոն ուներ, գիտեր այդ մասին:

Նա չէր վախենում, չէ, վախենում էր աղջկա համար: Երրորդը դարձյալ տարօրինակ ժպտաց, և տղան նորից փողոց վերադարձավ, նա փորձում էր հեռանալ իր երազի մեջ, բայց էլ չկարողացավ…

Նրան կանգնեցրին երեքը՝ աղջիկը, շրթհարմոնով տղան, երրորդը: Երրորդը բռնեց աղջկա ձեռքն ու … Վերջ: Հիմա պետք է երկուսով գնան, իսկ շրթհարմոնով տղան պիտի գնա ուրիշ տեղ, անցնի կավճով գծած սահմանը, որն իր համար ամենից թանկն էր, ու անէանա: Նա լուռ ու ցածր փչեց իր շրթհարմոնը ու անէացավ… Կամ էլ այն երկուսը կորան աղջիկն ու երրորդը: Շրթհարմոնի տերը պտտվեց ու քայլեց դեպի… Վեց քայլ, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, ու նա իր կյանքում չորս անգամ լաց եղավ, սակայն երեք արցունքով , իսկ հետո փչեց շրթհարմոնը, փչեց… Նա միայնակ էր, լրիվ միայնակ, լրիվ միայնակ էր: Նա սկսեց դարձյալ արտասանել իր համար ինչ-որ տարօրինակ քառյակներ, որոնք նոր էր հորինում, հետո դարձյալ աստիճաններ… Սանդուղքով վերև, ու նա հոգնել էր …Նա երկար կանգնեց դռան մոտ, բայց ներս չմտավ, նա լացում էր, նա քամի էր ուզում հիմա, ու հողմ էր ուզում ու փոշի, ու փոթորիկ, ու նուրբ մի համբույր, որը մնացել էր աղջկա շուրթերին… գծից այն կողմ: Նա ուզում էր փախչել հեռու մի տեղ, ուր չկա թախիծ: Նա իր համբույրն էր ուզում, որ մնացել էր աղջկա շուրթերին՝ կավիճով գծած գծից այն կողմ…

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք