Յոթ միլիարդ մենություն

***

Երկնքից այլևս չեն ընկնում,

Խնձորներ, տղաս…

Աստվածներն են թափվում վար,

Եվ ցավը փաթիլվող

Ծածկում է ամոթալի մերկությունը քաղաքի:

Հեքիաթն այս տխուր է և չի ավարտվում,

Չպատմես այն ոչ ոքի,

Եվ իմաստ էլ չունի,

Որբերը հեքիաթներին չեն հավատում:

Արի հաշվեք անորոշության բացիլները

Ու քնենք,

Երազում կտեսնենք այն, ինչ

Փափագում ենք:

Արի քնենք,

Քնած մարդիկ

Երջանիկ են:

 

***

Չկա սկիզբ,

Վերջ չկա…

Հավերժ է ֆարսը

Անորոշության մեր մրցավազքի:

Ամեն ինչ եղել է արդեն,

Եվ դյութանք, և կիրք,

Մահ ու ռենեսանս,

Սեր և արհավիրք:

Երախն այրունոտ փտում է

Սպանդից:

Օ՜, հող, վերջին մեր հանգրվան,

Բացիր գիրկը քո մոր նման,

Ծածկիր վավաշոտ մեր մերկությունը

Ամոթից:

 

***

Մեր փոխարեն

Ապրել են արդեն,

Սեր են արել բոլոր

Սիրուն կանանց հետ,

Հաշվել են ցորյանն աստղերի,

Տոնել են բոլոր սիրուն ու տխմար տոները,

Հաղթանակները արյունարբու:

Մեզ թողել են միայն

Բառեր կցկտուր

Հոգեվարքի,

Ու հավերժական քաղցկեղ՝

Մուսա:

 

***

Ես քեզ չեմ լքել,

Չգիտես անգամ,

Բանտել եմ ինձ

Ակնախոռոչիդ մեջ,

Որ լույսը քեզնով բացվի,

Մարի…

Որ ցողվեմ արցունքիդ հետ,

Հասնեմ շուրթերիդ:

Ես չեմ հեռացել,

Ես քո մոռացված քնքշությունն եմ,

Ստիխն եմ քո մեռնող հավատի,

Արթնացի:

 

***

Սիրուց առավել,

Կրքից առավել,

Լույսից ու վատնած

Կյանքից առավել,

Քո վարակիչ ծիծաղն եմ սիրում,

Որում խտացել է բերկրանքը

Բոլոր մանուկների,

Հրեշտակների:

Երևի դու Աստծու ժպիտն ես…

Մերժիր ինձ, գնա

Ու վարակիր աշխարհը

Քեզանով:

 

***

Ամբոխի մեջ

Ինչ-որ մեկը

Գողացավ դեմքս,

Շրջվեցի ու տեսա՝

Բոլորը դանդաղ ծերանում էին:

 

***

Դողացող վերջին

Տերևի հետ թաց

Ընկնում եմ…

Մի գնա,

Իմ վերջին սեր՝ աշուն,

Տես, բոլորը հեռանում են,

Մառախուղ է ամբոխում:

Քեզ հետ այնքան գունավոր էր

Տխրությունը իմ թավիշ:

Սիրտն իմ հիմա դողդոջում է

Մեղապարտ այս խավարից:

Սպիտակ մահն իմ

Մոտենում է

Մրրիկի հետ,

Վայնասուն,

Ցավն անարցունք ինձ խեղդում է

Փաթիլվող այս խավարում:

 

***

Երեկ պարզեցի, որ

Կատարյալ տղամարդ եմ,

Լավ սիրեկան ու կարգին պոետ…

Մեծարում էին ինձ, խմում կենացս,

Կարդացին անհաջող բանաստեղծություններս ու

Ծափ տվեցին,

Հայրս զղջումով համբուրեց

Կնճռոտված ճակատս:

Երեկ աշխարհը բարի էր՝

Երեկ ինձ թաղեցին:

 

***

Լավագույն բանաստեղծությունները

Արցունքներս էին,

Չորացրի բարձերիս

Ու գրքերիս մեջ,

Որ ոչ ոք չտեսնի…

Տղամարդիկ չեն արտասվում, ամոթ է.

կրկնում է մորս ձայնը գանգատուփիս մեջ:

Տղամարդիկ մեռնում են

Առանց գոռալու,

Մարսելով ցավը որովայնում:

Մամ, վաղուց արդեն չեմ արտասվում,

Դու սպանել ես իմ մեջ

Քնքշությունը,

Պրոզայիկ սենտիմենտը,

Ես հիմա հասարակ

Բառաստեղծ եմ:

***

Աշխարհում յոթ միլիարդ մարդ է ապրում:

Սարսափելի է պատկերացնել

յոթ միլիարդ մենություն…

 

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք