Հայելիներ

Հայելիներ (շարքից)

 Վեռներ Լամբերսիին

Դ.

Երազները շղթայում են մեզ գիշերին

Եւ մենք ինչպէս աստղաթափ

Լցւում ենք անհունի մէջ

Չհասկանալով անգամ

Որ մեր աչքերը

Հեռանում են մեզնից

Թողնելով մեզ մենակ

Ու գնում են թափառելու

Երազներից պոկուած

Իսկ գիշերը մայր է մտնում մեր մէջ

Եւ ծրարում իր պաղ մարմինը

Մեր երազներով

Ասէս գալիքի լուսաբաց

 

 

Ե.

Պարապ ժամերի

Ամուլ առանձնութեամբ

Սուլում է անապատը

 

Ծառերը

Ձիւն են շնչում

Ձմեռուայ չտրորուած կշռոյթի մէջ

Հպարտ ծառեր

 

Ժամանակը

Ձանձրոյթ է ձուադրում

Երկրի պորտալարից կախ

Եւ տարածութիւնը միակ ապաստարանն է

Ուր հնչում է լռութիւնը

Հոգու վիրակապ լռութիւն

 

Իմ ձեռքերում

Լոյսի սերմեր են

Որ բերել են թռչունները

Ու ափերիս մէջ բնաւորել իրենց գոյութիւնը

Տաք փետուրներով

Փրկելով ինձ կործանումից

 

Արշալոյսները նոյն գիշերներն են

Միայն թէ շրջուած

Մէկը միւսի մէջ կրկնօրինակուած

Իսկ առաւօտը գիշերուայ արձագանքն է

Միայն թէ ինքնազտուած

 

Անյայտից բացուող օրը

Հորիզոնի լուսանցքներում անվերջաբան սկիզբ

Բայց միեւնոյնն է

Ծննդից հետո միակ մխիթարանքը

Մենութիւնն է

Որ հագցնում են մեզ որպէս զսպաշապիկ

Երբ կտրում են մեզնից մոր պորտալարը

Ու մենք մնում ենք մենակ

Մեզ հետ

 

Վերջին ցաւը

Նման է ծննդի ցաւին

Որ ճեղքում է

Անսահմանութեան

Անմահութիւնը

 

Անդին 02.2018

 

Կարծիքներ

կարծիք