Նշակարկանդակի համը

 

Տիգրան Մեծի աջակողմյան մայթից դուրս չգաս՝ ուղիղ կհասնես Սպանդանոցի թաղամաս, մեկ է՝ երթուղային չկա, ոտքով պիտի քայլես, մինչև Խնածախի տակ դիք ես բարձրանում՝ նախաճաշդ շուտ հալչում է: Կես ժամվա ճամփա է, թափ հավաքես՝ շուտ տեղ հասնես, սիգարետ վառես, կանգառի խարխուլ նստարանին նստես, միգուցե դեպի ճակատ մեկնող մեքենա պատահի: Այս կանգառում Ասկերան ու Խաչենագետ գնացողները շունչ են առնում՝ պատահական ավտո որսան, իսկ դեպի քաղաք, հակառակ կողմից, իրենց ապրանք-անասունով, սովորական շինական մադկանց անվերջանալի խմբեր են գալիս: Մարտակերտի գյուղերից են դուրս եկել, որպեսզի հեռանան, ճակատի վտանգներից հասնեն քաղաք, ուղին շարունակեն դեպի Գորիսի կողմերը: Ամեն օր նահանջի նոր տեղեկություն է տարածվում, ոչ մեկը չգիտի՝ ճակատագիրը որտեղ է տանելու:

Սիգարետ վառեցի, ծույլ ու աղմկոտ մի «գազիկ»  մոտեցավ, Ace Of Base-ի «All That She Wants» հիթը ուժգին դուրս էր հորդում վարորդախցից: Դեմի ապակին արեգակի լույսից փայլարձակում էր, բայց վարորդի դեմքը մշուշի տվեց, ծանոթ, ոնց որ վանքեցի է կամ թե շահմասուրցի: Նստարանից պոկվելով՝ ձեռք բարձրացրի, մեքենայի արագությունը հետզհետե նվազեց, ուրախացա: Վարորդախցի մեջ նստելու տեղ չկար, ինձ թափքն էլ էր ձեռնտու, որովհետև ժամանակը մարում՝ արեգակի կարմիրը նվաղում էր, հարկավոր է շուտ հասնել Խաչեն, այստեղից ուղիղ երեսունհինգ կիլոմետր է: Երբ մեքենայի հույս չի լինում, ճակատագրի կանգառից դեպի քո երկրի խորքը ոտքով ես ճամփա ընկնում, բայց քանի որ ճանապարհին ուտելու ոչինչ չի լինում մոտդ, օրը շատ դժվարանոմ է, մանավանդ Խնձրիստան, Սեյդիշեն, մինչև փոշոտ, կարծր գետինը ետև թողնելով բարձրանաս՝ քեզանից հալ չի մնում:

Հետո, վարորդի մոտ լավ է՝ տեղ չկար նստեի, Կիչանից զրույց կբացվեր, մերոնք՝ այնտեղ դիրքերում, դեպի Ղազանչի հարող Ղուբուրթլու, Ջղանոտ հարցուփորձ կանեի, ու որովհետև նա ինձ անձամբ չէր ճանաչում, անունադիր ամեն մեկից տեղեկություն կունենար, բոլորը կպատմեր: Ապրումից խոնջահար՝ հանկարծակի շառ լուր լսելուց խուսափում ես: Մերոնց, աստված հեռու տանի, բան պատահած լիներ, փնթիփարախ վարորդը ակամա չէր թաքցնելու, պատմելու էր: Վերջին երկու շաբաթ ամենևին լուր չկար, դիրքերում այդ պահին դիմահայաց կռիվ էր: Վարորդին ես էլ էի դեմքով ճանաչ, բայց չգիտեր ումոնցից եմ, ամեն ինչ առանց թաքցնել պիտի ասեր՝ ով է վիրավոր, ով է զոհվել, համենայնդեպս այդ օրերին ինձ հաճախ էի տրամադրում սարսափելի ինչ-որ բանի:

Անդուր մտորումերի մեջ՝ մեքենան կարգին քամակ էր թողել ճամփան, Բալուջայի զառիվերն արդեն ետևում՝ հեռվի Խաչենահովիտն արդեն զգում ես, սիրտդ քո երկրի իսկական բույրն առնում է: Այդպես է. մարդն իր երկրին մոտենալիս միշտ իսկական, անբացատրելի, անուշավետ կանխավայելություն է զգում: Սիրտը գուշակելու առեղծվածային հատկություն ունի, ինչպես ձիերի ու օձերի մասին են պատմում, թե ինչպես են արհավիրքները կանխազգում, ինքնատիպ ահազանգ տալիս: Ձիանը ամբողջ օրը անսովոր խրխինջ է արձակում, օձերը տեղանքը հապշտապ լքում են, իսկ շները գիշերները սահմռկելի, տաղտկալի կլանչ են տալիս:

Սիրտս հոգոցով լիքը, ընկերոջս՝ Սարոյի ետևից դիրքեր եմ գնում, դիվոտ մի խեղդուկ ինձ մերթընդմերթ սրտադող է անում, մտքովս չէր անցնում այդ պահին՝ մերոնց անախորժություն պատահած լիներ, սակայն թաքուն ու անհաղորդ մի բան միշտ մեր շուրջը պտույտ է տալիս: Սեյդիշենից արդեն դուրս, աղբյուրի զառիվերին, սովորականի նման, բեռնատարները հինգ րոպե դադար տալու կանգառ են անում, մխոցների անսարքությունից փնչակտուր շարժիչը հովանում է, ճամփորդները ջուր են խմում, երես լվանում, մեքենայի կապոտը բաց՝ վարորդը հովացուցչի պակասը մի քանի լիտր հեղուկով լրացնում է:

-Վերջին շաբաթ ի՞նչ նոր բան կա մեզ մոտ, քաղաքում էի, խաբար չունեմ ամենևին,- սիգարետը ձեռքիս մոտեցա շարժիչը բաց վարորդին: Նա անքուն դեմք ուներ, երևում էր՝ մազափունջը քանի օր սանր չի տեսել, քնթուկը բերանում՝ շրջվեց դեպի ինձ, հետո յուղի սանդղաճիպոտը հանելու համար ձախ ուսը ձեռքի երկայնքով կոխեց շարժիչի խորքը:

-Առանձնակի ոչ մի: Երեկվա վիրավորներն են: Կռիվը Սարսանգից եկել ա Դրմբոն:

-Ի՞նչ վիրավոր, ովքե՞ր են, ո՞ր վաշտից,- ձայնիս դողը պահեցի ես:

-Մի հոգի Քոլատակից ա, մեր գյուղացի Մուրադն ա, երրորդն… ասացին՝ առաջաձորցի ա:

-Ո՞վ ա, անո՛ւնը, չե՞ս ճանաչում:

-Չէ՛, ախպեր, ի¯նչ ա մնացել, էս ա դիքը դուրս գանք, հինգ րոպե ա՝ մեքենան բաց կթողնեմ, հոսպիտալ կհասնենք, Ցեխծյորա աղբրի դոշը: Էնտեղ մոտիկ ա ճակատից, հրետանի չի բռնում, թիկունքով ա կանգնած դեպի Կիչանի կողմերը:

Կեղեքող մտքերն իսկույն ինձ խառնեցին, մինչև կհասնեինք հոսպիտալ, «գազիկի» կրիա ընթացքը նյարդերիս անդորրը խախտեց, սպասումը՝ մահու չափ անհնարին, ճիգ էի անում ինձ հավաք պահել: Մեքենան՝ շարժիչն անջատ, մետաղի ու փայտանյութե թափքի իրար քսվող ճռնչյունի աղմուկով, գլորվեց դեպի Ցեխծյորի առաջին կեռմանը, մի կիլոմետրի չափ զառիթափ՝ վարորդը միայն արգելակի ոտնակն է հուպ-հուպ անում, ինքնիրեն դժգոհում ծանր ղեկից, կողքին նստած կնոջ ու տղամարդու հետ անկապ ու զվարճալի զրուցում: Իրեն ի՞նչ, նրա համար կարծես կռիվ չկա: Քանի որ շարժիչն արդեն ինքագնա ընթացքի մեջ լուռ էր, հեռվում դղրդացող հրետանու արկերի ձայնը պարզ լսվում էր, օդային կարճ ճանապարհով, ճակատը՝ թող ամենաշատը մի հինգ-վեց կիլոմետր հեռու լիներ: Գիշերը, երբ երկրի վրա՝ անտառներում ու գյուղերում, ամեն ինչ սսկվում է, այստեղ դիրքերից գնդացիրների հերթապահ կրակահերթերը շատ մոտ են թվում:

Ետկեսօրը պաղում էր, երբ մեքենան հասավ ճանապարհի ու մոտակա աղբյուրի արանքում վրան խփած դաշտային հոսպիտալ: Մայրուղու հարակից ֆերմայի գլխավերև, մինչև անտառապռոշ մեքենա է թակում: Վիրավորների տեղափոխությունն այստեղ ինքնին դյուրին է, ջուրը՝ մոտիկ, տիղմակոխ նովավոր համեղ աղբյուր կա, ու կարևորը՝ անվտանգ է: Հակառակորդը պայմանական, առանց տեղորոշման է հրետակոծում, մեկ-մեկ մոտիկ արկ էր ընկնում, քսփսում էին, թե՝ չլինի՞ մատնիչ կա մեջներիս:

Ցած թռա թափքից, սպիտակ-երկնագույն-կանաչավուն խալաթավորների անցուդարձ երևաց, բոլորը՝ դեմքով ծանոթ: Բժիշկները մեծամասամբ քաղաքից են: Քաղաքից ժամանած մեքենաները փոքր-ինչ արտոնություն ունեն, ամեն դեպքում քաղաքեցի են, չէ՜, պիտի տարբերվեն: Խոսքիս մեջ հեգնություն չկա, ստեփանակերտցի մարտիկի մասին հատուկ գրքեր պիտի գրվեն, ինչքան չգրվեն, այնքան ժամանակը չի ների:

Հապշտապ, իրար ետևից հոսպիտալ բերվող վիրավորներից հասկանում ես՝ այդ պահին անողոք մարտ է գնում ճակատում, երկրային կենաց կռիվ: Հոսպիտալի վրանը, նախասրահի նեղլիկ հատվածից զատ, բրեզենտե ծալովի փեղկով բաժանող երկու քնարան ունի: Նախասրահի ու վերականգնողականի միջև վիրահատարանն է, որտեղ՝ սեղանի վրա, ծանր վիրավորին են պառկեցնում, բժիշկները սառնասիրտ մարտնչում են, որպեսզի հերթական արնաքամ զինվորին փրկեն: Իրական ցավի դժոխք. վիրաբույժները սովորաբար իրար հետ անկաշկանդ են զրուցում, լավ է՝ ծխելը կա, շունչ են առնում, հետո կրկին մաքառում արյան ու մարմնի հետ, որպեսզի ճիգ անեն, վիրավորը ապրելու երաշխիք ունենա:

Մարդն առհասարակ դժվար է սպանվում, նրա անշնչանալը վիթխարի պայքարի միջով է անցնում, բայց, հակառակի նման, լինում է նաև, երբ հոգին արյունից ու մարմնից մեկ էլ տեսար՝ թիթեռի նման զարկվեց՝ փոշիացավ, կամ ինչպես միրհավին է մեն մի ծտակոտորակը տափը տալիս՝ ա՛յ այդպես: Բժշկի արտաքուստ միայն պաղարյուն կեցվածքը մարդկային խիզախության անտեսանելի ինքօրինակ մատրիցա է:

Մուտքի մոտ, պատգարակի վրա արնաշաղախ, կրծքի աջ կողմը՝ ներքևը գրեթե դատարկ, հորդացող արյան մեջ, խարտյաշ մազերով մի զինվոր էր ուշակորույս պառկած: Նա մերթընդմերթ խռխռոց էր արձակում: Կողքից խամ նայողը տարակուսում ու սարսափել էր: Կամ բժիշկները նրա վիճակին տեղյակ են, վիրավորը ակամա սպասում է իր հերթին՝ բարձրանալու վիրահատական սեղան, կամ պարզապես անհույս է, կողք են դրել, որպեսզի շունչը փչի, հոգին տա աստծուն: Կողքից նրա վերքերը տեսնելով՝ հրաշքով անգամ փրկվելու հնար չուներ, որովհետև մարմնի կենսունակ ու պիտանի հատվածը չկար, պոկված էր: Արկի մեծ բեկոր է հավանաբար մասնատել մարմինը: Ցավալի անդորրի մեջ՝ նա ժամանակ առ ժամանակ խռխռացնում, ամեն շնչահատ պրկումի հետ կարծես աղերսում էր, որ կառչի աստծուց ու… կենդանի մնա: Մի քանի րոպե որովայնը դադարում է որևէ կծկումից, հետո ամբողջ իրանը կրկին ցնցվում է, ինչպես հարբուխի ժամանակ ջերմությունից դողում են, ու… կրկին խռխռոց: Ավագ բուժքույրը քնքշալիր, որպես մխիթարանք բռնել էր նրա դաստակը, իսկ զինվորը անհաղորդ էր ու անարձագանք:

Բուժքույրերից երիտասարդը առաջին պետքի բժշկական իրերն էր արագորեն մաքրում: Օ՜, հրաշք, մեթոդիկների երկրորդ կուրսի Կարինեն: Ամիսներ առաջ տարբեր կուրսերով, միասին ընդհանուր հոսքի հոգեբանության դասախոսության էինք լինում, ինչքան գիտեի՝ բաքվեցի է, իրար միշտ դեմքով բարևում էինք: Մտերիմ չէինք, պատեհ առիթ չէր եղել մոտ լինելու, բայց նա չափազանց առինքնող է: Նախասրահին մոտենալով՝ բարևեցի, Կարինեն սիրալիր, զարմանքով պատասխանեց, մոտենալով ինձ՝ շշնջաց, որ ժամանակին եմ եկել:

-Ո՞նց, ի՞նչ ա պատահել,- հարցրի՝ իսկույն կարծելով՝ մերոնցից վիրավորների մեջ մարդ կա: Աղջկան տեսնելու թեթև ոգևորությունս վայրկենապես մթագնեց, սիրտս հոռի կանխազգացությունից կանգ առավ:

-Քեռուդ երեկոյան են բերել, բայց սարսափելի բան չկա, գնդակի վնասվածք ա, արդեն վիրակապ ենք դրել: Ուղղաթիռի ենք սպասում, ժամը երեքի կողմերը պիտի Քոլատակ իջնի, ծանրները Երևան պիտի տեղափոխվեն,- շշուկով, հանգամանալից տեղեկացրեց նա՝ արդեն հավանաբար կռահելով, որ պատահական եմ հոսպիտալ եկել, անտեղյակ:

-Բայց դու ասացիր՝ սարսափելի բան չկա, ո՜նց թե Երևան պիտի տանեն: Որտե՞ղ ա պառկած, մտնեմ մոտը,- հարցրեցի: Սրտնեղությունս մեղմեց՝ ոտքի վնասվածքի պահից: Կարինեն ինձ ուղեկցեց վրանի մեծ սրահ, ուր մեկ տասնյակ հոգի տարբեր ծանրության վիրավորներ կային:

-Երեկվանից շատ զոհ կա, վիրավորներին բժիշկները հազիվ են հասցնում օգնել, ուղարկել Ստեփանակերտ-Երևան: Քեռուդ ծունկն ա, ամեն ինչ լավ կլինի: Կինն առավոտ էստեղ էր, քեռակինդ, մտահոգվելու բան չկա:

-Բա ո՞ւր ա հիմա:

-Պիտի մինչև ժամը չորսի կողմերը փոխնորդ շորեր բերի շենից՝ ուղղաթիռին հասցնի: Հրամանատարի հետ խոսել են՝ իրեն էլ թույլ տրվի թռչել հետը,- ասաց Կարինեն:- Քոլատակցի Օնիկն էլ ա էստեղ, այ, նրա վիճակն ա ծանր: Նրան էլ պիտի տանեն Երևան,- մխիթարեց ծանոթուհիս՝ ուղեկցելով վրանի մեծ սրահ: Անկյունի ամենահեռվում՝ ցելոֆանե լուսամուտի դիմաց, քեռուս իսկույն նկատեցի: Ոտքերը բաց էին, աջը՝ մինչև կոնքատակը վիրակապի մեջ: Նա տխուր էր, ինձ տեսնելով անգամ դեմքին ոչինչ չփոխվեց: Երեխա ժամանակ ինձ ու եղբորս համար քեռին հարազատից թանկ էր, նրան անբացատրելի սիրով սիրում էինք: Նա բարձր դասարանում էր սովորում, մենք չափազանց փոքր էինք, մեր տուն էր գալիս, հետո, երբ պիտի արդեն հրաժեշտ տար, կոտրվելու չափ ցավալի էր լինում մեզ համար: Մեկ-մեկ ինձ թվացել է, թե մենք քեռուն ծնողներից ու բոլորից շատ ենք սիրում:

-Բարի օր: Ո՞նց ես, ցավեր կա՞ն,- վստահաբար ու շինծու աշխուժությամբ հարցրի ես:

-Չէ: Ոչինչ չեմ զգում, երևի սրսկել են, բան չեմ հիշում,- հյուծանքի միջից պատասխանեց նա: Առավոտվա մարտի շորշոփը դեռ նրա մեջ էր, թեժ ընդհարումից ուշքը այլայլված էր, կամ ինձ էր այդպես թվում: Կարծում էի՝ այցելությունս նրան կուրախացնի, բայց ինչ-որ բան այն չէր:

-Ապահովության համար են տեղափոխում Երևան, չմտածես,- սփոփանքի համար ասացի՝ նայելով կողքի մահճակալի վիրավորին: Նրա դեմքը ծանոթ էր:-Քոլատակցի Օնիկը չի՞, հրամանատարը,- տեղը բերելով՝ հարցրի քեռուն, միաժամանակ որպեսզի մտքերը ցրելու համար մի քիչ խոսացնեմ նրան:

-Հա, ինքն ա, վերքը ծանր ա, գնդակը ուսից մտել ա՝ առջևի ձախ կողատակում մնացել,- ասաց քեռին՝ գլուխը շրջելով դեպի լուսամուտը: Նրա բառերը դողացին, փորձեցի սփոփել, ինքս էլ նեղսրտեցի, փոխարենը նա սկսեց ուրիշ բանից զրուցել.

-Ո՞նց ես ընկել էստեղ, դու Ստեփանակերտ չե՞ս բա,- հարցրեց:

Վրանը բռնված էր պատգարակի վրա շնչահատ լինող զինվորի երբեմնակի աղաղակով, նրա հոգեվարքի ձայնը բոլորի սիրտը կտոր-կտոր էր անում այդ պահին: Կարինեն կողքին կանգնած էր: Բրեզենտե դռան կիսատ փեղկից միջանցիկ քամի էր խաղում, աղջկա խալաթը սպիտակին էր տալիս, կիսով չափ երևում: Դրսում օգոստոսի տապ էր, մեկ-մեկ, քիչ հեռու մայրուղով մեքենա էր շփրթալով սուրում դեպի քաղաք, շարժիչը ղժժալով՝ սուրում դեպի հակառակ կողմը: Այդ միջոցին չէի նկատել վիրահատարանի սեղանին պառկած մարդուն: Քեռին խոսում էր ինձ հետ, նրա աչքերը, անկախ ասելիքի ապրումից, արցունքոտվել էին:

Լուռ էի, որպեսզի չբորբոքեմ նրան: Վեր կացա, մոտեցա վիրահատարանի դռանը, այնտեղ երկու վիրաբույժ սեղանին պառկած վիրավորին տնտղում էին: Նրանք մի տեսակ անշտապ էին ու հանգիստ: Կողք կանգնած, լուռ՝ Արմենն էր արտասվում, քեռու ու իմ նախկին գումարտակի հրամանատարի կրտսեր եղբայրը: Միանգամից ոչինչ չհասկացա, որովհետև առաջին անգամ էի նման տեսարանի հանդիպում, չգիտեի՝ ինչ է կատարվում: Վիրավորի կզակը գլխի հետ սպիտակ շորի վիրակապով փաթաթված էր: Բժիշկներից թափովը, ձեռնոցները հագին, կողքի շրջեց նրան, որպեսզի մեջքի վրա վերքերի բացվածքը նայի: Անկյունում Կարինեն լուռ կանգնած էր, նրա համար սովորական էր արդեն այդ ամենը: Աղջկա չոր դեմքը լացից վհատ էր, բայց նրա կանացի փափուկ, սրտոտ ներկայությունը ջերմացնում էր ինձ:

Այդ պահին անիծում էի, որ կռիվ է:

Ճանապարհին Արմենը մեզ պատահել էր, երբ մենք աղբյուրի մոտ մեքենան կանգեցրել, ջուր էինք խմում, ահա թե ուր էր նա շտապում արագորեն: Սեղանի վրա վիրավորն արդեն դիակ էր: Ետ եկա քեռու մահճակալի մոտ, ուր աթոռակ կար նստելու, նստեցի: Նա ինձ ասաց, որ սեղանի վրայինը Կարենն է Առաքելյան: Գլխի ընկա արտասվելու պատճառը: Բոլորը միասին վաղ առավոտյան Կիչանից դեպի Ջայնաթաղի կողմերը՝ Ղուբուրթլու, մի մարտի մեջ են եղել: Ինքը ծնկից վիրավորվել, մնացել է ջղանե անտառի մեջ: Հանդիպակաց, հախուռն հրաձգության տակ մերոնք ստիպված ետ են քաշվել, ընդամենը մի հիսուն մետր:

-Ոչինչ չեմ հիշում: Ոտքս մաքրելուց հետո, որ ուշքս տեղն ա եկել, ինձ ասել են՝ հրամանատար Կարենը՝ ծանր վիրավոր, էստեղ ա: Իմ վիրավորվելուց հետո նա գրոհ ա կազմակերպել, որպեսզի ինձ հանեն, ու դեմից կրակահերթը նրան բռնել ա,- արտաբերեց նա, ներքևի շրթունքը կծեց, արտասուքոտ դեմքը անտեսանելի դարձնելու համար շրջեց դեպի ձախ կողմը:- Ամեն ինչ պրծած ա, էլ ետ չես բերի,- լրջացավ նա, քթի մեջ արցունքները վեր քաշեց, նայեց դեպի ինձ:- Ի՞նչ պիտի անես, ո՞ւր ես գնում,- հարցրեց նա, հավանաբար որպեսզի փոխի տաղտուկը, ցույց տա նաև, որ պինդ տղաներ են այս պահին կռվի մեջ: Գնացողը գնում է, վիրավորվողը վիրավորվում է, բայց այս պահին դիրքերում տղաները անձնվիրաբար պահում են թուրքի հարձակումը: Վաղվա մասին դատողություն անել ոչ-ոք չէր ուզում: Հետզհետե բոլորը ընտելանում էին կռվի բոլոր ցավերին:

-Ես գնում եմ դեպի Չլդրանի կողմերը, մարդ կա դիրքերում, կարևոր գործի համար հետս պիտի տանեմ Ստեփանակերտ,- ասացի: Չէի ուզում նրան խոսեցնել: Քեռին լուռ էր ու ճնշված, հնարավոր չէր ավելորդ խոսել, միևնույն է՝ նա չէր դադարում անձայն արտասվել: Իսկ իմ մեջ նրա հանդեպ բավականության զգացում կար արդեն այդ պահին: Կռիվ է, նա հիմա կարող էր դիակ լիներ, ավելի սոսկալի կլիներ, թերևս, մեռած լիներ՝ մնար թուրքերի մասում, ինչպես ծմակուհողցի Գարիկի հետ է պատահել: Հիմա արդեն ճակատագրին փառք էի տալիս: Քեռու աչքերը կարմրել էին, անընդհատ արցունք էր հոսում, ու պառկած տեղը նա անդրդվելի էր: Գիտեի, որ հենց այնպես է փորձում ինձ հետ խոսել, մտքով Կարենի հետ է այդ պահին, որի մարմինն արդեն վիրահատարանից պատրաստ էր դուրս տանելու, պատգարակի վրա՝ զետեղելու փոքր բեռնատարի մեջ, որպեսզի ուղարկվի քաղաք՝ հարազատներին:

Քեռուն գրկեցի, կրծքիս մեջ հուզմունքը զսպել հնարավոր չէր, հրաժեշտ տվեցի նրան, չգիտեմ՝ հաջորդ անգամ երբ էինք տեսնվելու, ո՜վ գիտի ինչ է լինելու: Առջևում մռայլ, անվերջանալի կռիվ է: Հեռվից, Կիչանի թիկունքից ստեպ-ստեպ հրետանու խուլ թնդյուններ էին լսվում: Վիրավորների հինգ-վեց հոգանոց խումբը սպասում էր ուղղաթիռի հռնդյունին: Շրջվեցի դեպի վրանասրահի անծանոթ, արթուն, քրքրված մարմնով վիրավորներին, ձեռքով հրաժեշտ տվեցի նրանց, իրար զուսպ ժպտացինք, դուրս եկա միջանցք, որտեղ անանուն մարտիկը դեռ շնչատվում էր: Նրան հավանաբար ցավազրկող էին սրսկել, արհեստական թթվածնի սարքը չէր հերիքում բոլորին: Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղացի է, ընկերները հապշտապ հանել մարտից, բերել հասցրել էին հոսպիտալ: Օրհաս, կիսամարմին վիրավորը կարող էր քաղաքից լինել կամ լոռեցի, միգուցե գյումրեցի, բժիշկները տեղյակ չէին, չէին գրանցել, քանի որ դրա ժամանակ ո՛չ ունեին, ո՛չ էլ մի առանձնակի հարկ կար:

Երբեք չէի տեսել՝ ինչպես է մարդը հոգին փչում, տանջվում տարտարոսի մեջ: Չէի տեսել: Վրանից դուրս եկա, որպեսզի ուշքս տեղը գա: Առաջին անգամ էի դիակ տեսնում: Գումարտակի հրամանատարի մարմինը տանող մեքենան արդեն մեկնել էր քաղաք: Կարենը քաղաքի տղա էր, իսկ միջանցքի տանջվող վիրավորը՝ անհասցե, ինչ-որ խիզախ տղաների ջոկատից՝ քաջ զինվոր:

Մուտքի մոտ միրուքավոր մի բժիշկ էր կանգնած, նոր էր ծխախոտ վառել: Կարինեն ձեռքերը լվացավ, քերծվածքներով, սպիտակ լաքե գույնի, բացովի խոհարարական սեղանին ճաշ էր դնում: Սեղանի վրա, ափսեի մեջ, նոր լվացած, ջրաթաթախ, հասած սալոր կար դրված, կողքին նշակարկանդակներ: Առավոտ մի բաժակ թեյ էի խմել ընդամենը, սակայն ամենևին քաղցի զգացողություն չունեի: Կարինեն ինձ հրավիրեց միանալ սեղանին՝ հրաժարվեցի, թեպետ, չգիտեմ՝ ինչու: Մենք իրար հետ մտերիմ չէինք, նա սովորական բուժքույր է, ոչ մասնագետ, կամավոր, ենթակա անձնավորություն, առավելևս՝ տղամարդկանց շրջապատում, որոնց բնավ չէր հետաքրքրում, կամ՝ տեղյակ չէին, որ մենք ուսանողական, դեմքով միայն իրար իմացող ընկերներ ենք: Կարինեն հասկացավ, որ չեմ միանալու իրենց, պատրատվում եմ շուտով մեկնել, սեղանի վրայից երկու նշակարկանդակ վերցրեց ու՝ մեկնեց ինձ:

-Խնդրում եմ` վերցնես, իմ թխածն ա, շատ քչերը գիտեն՝ ինչ ա նշակարկանդակը: Վերցրու, ճանապարհին կուտես, խնդրում եմ,- ժպտաց նա, թղթի մեջ փաթաթած քաղցրավենիքը տալով ինձ:

-Շնորհակալ եմ, Կարինե: Հաջորդ անգամ հանդիպենք՝ ռեցեպտը կգրես, որպեսզի կռվից հետո քույրս տանը թխի մեզ համար: Շատ շնորհակալ եմ,- խառված, անակնկալից սրտոտ՝ ասացի ես:

Հոսպիտալի մուտքի դիմաց, անտառաեզրից կես ֆուտբոլի դաշտի չափ հեռու՝ տկողնոտում, երկու մոշահավ էին ծղրտում իրար վրա, ինչ իմանաս՝ ինչ են ուզում կիսել իրար հետ: Դուրս եկա մայրուղի, տեղ-տեղ քանդուքար ասֆալտե, փոշոտ ճանապարհը ինձ պիտի տաներ առաջ, դեպի դիրքեր: Հոսպիտալը ուր որ է կմնար ետևում: Քեռին, ամպերի վրա տանջվող անանուն զինվորը, Կարինեի քնքշությունը, նշակարկանդակը, որ արդեն համտեսել էի, ինձ հետ պիտի տանեի ու՝ միշտ պահեի…

Անդին

 

 

 

Կարծիքներ

կարծիք