Պուճուր երկիր,մեծ երկինք

 

 

 

ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԽՆԴԻՐ

Մեր երկիրը պուճուր երկիր է, ու երբ մեր պուճուր երկրի վրա մեծ  ձյուն է գալիս, թվում է ամեն ինչ, ամեն անշունչ ու շնչավոր կմնան ձյան տակ ու կվերանան, բայց հանկարծ որտեղից որտեղ մի խոտ կամ մի ծաղիկ գլուխը հանում է ձյան տակից  ու աչքով անում. չուզողի սիրտը թող պայթի: Չուզողն էլ այդքան միամիտ չէ, որ սիրտը պայթի, գալիս-ասում է. «Եղբայր, մի քանի գազան տրակտր-բուլդոզեր բերեմ՝ էս ձյունը մաքրեն-տանեն»: Դե, մենք էլ միշտ աչքերս ուրիշի  օգնությանը ու քչով չբավարարվող, ասում ենք՝ բեր: Գալիս- մաքրում են, հանդ ու արտ տրորում, էն մի  խեղճուկրակ ծիլն էլ քոքահան անում ու գնում, հետն էլ վրաներս հաշիվ անում, թե՝ օգնեցինք:

 

Ու մինչ մենք դեսուդեն ընկած սերմացու ենք ման գալիս, ձյունը նորից գալիս-նստում է՝ էս անգամ ավելի ծանր: Ու մեր հուսահատությունը սերմացու է դառնում, սերմացուն՝ ձյան հաստ շերտը ճեղքելով ընկնում է հողի մեջ, ծիլ տալիս, չուզողի աչքը հանում:

 

Չուզողն էլ, իհարկե,այդքան միամիտ չի, որ աչքը դուրս գա: Վեր է կենում-գալիս. «Եղբայր, մի քանի գազան տրակտոր-բուլդոզեր բերեմ՝ էս ձյունը մաքրեն-տանեն»: Դե, մենք էլ, միշտ աչքներս ուրիշի օգնությանը ու քչով  չբավարարվող, ասում ենք՝ բեր: Գալիս-մաքրում են, հանդ ու արտ տրորում, էն մի խեղճուկրակ ծիլն էլ քոքահան անում ու գնում:

 

Ու մինչ մենք դեսուդեն ընկած սերմացու ենք ման գալիս, ձյունը նորից գալիս-նստում է՝ էս անգամ առավել ծանր: Ու մեր հուսահաությունը սերմացու է դառնում, սերմացուն  ձյան հաստ շերտը ճեղքելով ընկնում է հողի մեջ, ծիլ տալիս. չուզողի աչքը հանում:

 

Չուզողն էլ, իհարկե,այդքան միամիտ չէ, որ աչքը դուրս գա, նորից է գալիս, նորից տրորում, ավիրում, քոքահան անում:

 

Մեկն էլ որ հարցնում է՝ էս ի՞նչ եք անում, ինչի՞ եք էդ գազաններին թողնում, որ գան-տրորեն-փչացնեն, ասում են՝ դու սուս, բան չես հասկանում, սա գոյատևման խնդիր է: Ձյան տակից դուրս եկած, սառած-սփրթնած ծիլուծաղիկը մեզ ապագա չեն, ոչ էլ գոյատևման երաշխիք, իսկ բարիդրացիական հարաբերություններ պետք են, շատ են պետք: Համ էլ ասում են, որ չուզողին խաթրով չթողնեն, էն մյուս հարեւանները կգան զոռով կմաքրեն, բա՜:

 

Ես էլ, էս ամենը տեսնելով՝ եզրակացնում եմ, որ եթե պապս օրորոցի մեջ թուրքի ձեռքով խեղդված լիներ, իմ գոյության հարցը կդրվեր կասկածի տակ: Կամ եթե նրան 1926 թվին գործով Չեկա կանչած լինեին, գործը երկար տևած լիներ, ու նա էլ երբեք տուն եկած չլիներ, իմ գոյության հարցը կդրվեր կասկածի տակ: Կամ եթե 1949-ի հունիսի 14-ին պապիս ու ընտանիքին, այդ թվում եւ հորս, աքսորած լինեին Սիբիր ու նրանք Սիբիրում… (ծանր բան է), իմ գոյության հարցը կդրվեր կասկածի տակ:

 

Իսկը Թումանյանի «Կիկոսի մահն» է. ջահել- անփորձ աղջկա խելք:

 

Բայց էդ ինչպե՞ս է պատահում, որ մեղուն մեղվի խելքով՝ իրեն խաղողից շեղելու համար կախված շաքարաջուրը շրջանցելով, հասնում է խաղողին (ոչ թե վերադառնում փեթակ, ասում՝ շաքարաջուր պատահեց), իսկ մենք ծծում ենք պատահականությունների շաքարաջուրն ու խաղողի մասին չենք էլ երազում, ընտիր գինու վայելքն էլ թողնում ենք մեծ մշակույթ ունեցող ազգերին: Շաքարաջուր ենք ծծում ու պատմության թելի վրա շարում «որովհետև»-ների ու «քանզի»-ների գրոշ չարժեցող մարգարիտները, անցնող-դարձողին էլ բացատրում՝  գոյատևման խնդիր է: Անցնող-դարձողն էլ անցնում է ու դառնում ու շատ էլ չի հասկանում, թե գոյատևման խնդիրը  որն է:

 

Հետո, շա՛տ  ուշ ենք գլխի ընկնում, որ գոյատեւման  խնդիրն անլուծելի է, որ գոյատեւել՝ նշանակում է աննպատակ ժամանակ շահել, որ աննպատակ ժամանակ շահելուց պատմությունը նեխում է: Ու երբ պատմութան նեխահոտը հասնում է մեր ռունգերին, մենք ոտքի ենք կանգնում ու պատրաստվում պատերազմի:

 

ԶՈՐԱՀԱՎԱՔ

 

Մեր երկիրը պուճուր երկիր է, ու  երբ նրա սահմաններից մեկի մոտ կրակում են, մայրաքաղաքում անմիջապես իրարանցում է սկսվում: Հեռուստացույցով ազգահավաքի հայտարարություն են անում: Մարդիկ էլ շատ չեն հասկանում, որ ազգահավաքը նույն միտինգն է ու, զորահավաք կարծելով՝ իրենց չափահաս տղաներին տանը թողած, վազում են Ազատության հրապարակ՝ տեսնեն էդ ի՞նչ է պատահել:

 

Տեսնում են. ի՜նչ  ազգահավաք, իսկական զորահավաք է, ժողովուրդը կանգնել է հրապարակում  ու սպասում է հրամանի: Սպասում է հրամանի, իսկ հրաման տվող չկա: Տեսնում են հրաման տվող չկա, սկսում են բորբոքվել. «էս ինչ ազգ ենք, տո՛, մի  կարգին հրաման տվող չկա»:  Իսկ հրաման տվողը, որն իրոք չկա, այսինքն կա, բայց աննկատ է, այսինքն նկատվում է, բայց չի ճանաչվում, նայում է ամբոխին ու  մտածում. «Ես այս ամբոխին ի՞նչ հրաման տամ, երբ չգիտեմ դրա ուզածը»: Եվ նա, ով աննկատ է, կամ նկատվում է ու չի ճանաչվում, հիանալի հասկանում է , որ հրամանն ուշացնելու դեպքում  կարող է իրարանցում սկսվել, կարող են ծայր առնել բուռն քննարկումներ: Ասենք՝ մի մարդ  կարող է ասել, որ ինքն իր չորս  զավակներին մատաղ կաներ Հայրենիքին, բայց համոզված է, որ զենքով հարց չի լուծվելու: Մեկ ուրիշը կարող է ասել, թե հարցը զավակներին զոհաբերելը չէ, ինքն էլ կզոհաբերեր, բայց հանուն ինչի՞: Երրորդն, իհարկե, ամոթանք կտա երկուսին էլ  եւ կասի, որ  թշնամին նման դեպքերում մի վայրկյան անգամ իր զավակին տանը չի պահի: Չորրորդը կասի, թե պատերազմը մեր խելքի բանը չէ, պատերազմի համար տանկ է հարկավոր, իսկ տանկ չունենք (ունենաք, որտեղ պիտի քշենք, Երևանո՞ւմ) եւ կշարունակի, որ ճիշտը ֆիդայությունն է, ի՜նչ  պատերազմ, ի՜նչ բան: Կասի՝ չորս-չորս, հինգ-հինգ զինված տղերք թող գնան, սահմանի գլխին կանգնեն, պաշտպանեն երկիրը, տեսնեմ՝ ո՞վ ռիսկ կանի մոտ գա:

 

Եվ բոլորը միաբանվում են չորրորդի  գաղափարի շուրջ, որովհետեւ ոչ թե պատերազմ են  հայտարարել, որ «գոյատեւումից» ազատվեն, այլ դրա ձևն են ուզում փոխել:

 

Եվ այսպես, առա՛նց  հրամանի, զորահավքն ավարտվում է:

 

ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔ

 

Մենք կանոնավոր բանակ չունենք, որովհետև  չունենք  կանոննավոր երկիր: Իսկ կանոնավոր երկիր չունենք, որովհետև նայում, նայում ենք ու մտածում, որ մեր երկիրը պուճուր երկիր է, եւ որովհետև պուճուր է, ուրեմն չի կարող  կանոնավոր լինել, եւ որովհետև չի կարող կանոնավոր լինել, ուրեմն  եւ չի կարող կանոնավոր բանակ ունենալ:

-Երբ մեր երկիրը մե՜ե՜ծ էր,- ասում ենք ու երազում, ու մեր երազանքը ծովից ծով է տարածվում:

-Ա՛յ, դա ուրիշ է,-մտածում ենք,-թե չէ ընդամենը 30հազար  քառակուսի կմ՝ թշնամիներով շրջապատված:

 

Ամեն կանոնավոր բանակ զորավարժանք անելիս  ունենում է հավանական հակառակորդ: Այդ հակառակորդը կարող է լինել հաստաբուն ծառի կոճղ, բլրակ, մի թուփ կամ պարզապես մի դրոշակ, որ հենց իրենք՝ կանոնավոր բանակի զինվորներն են դնում:

 

Մենք կանոնավոր բանակ չունենք, բայց ունենք իրական հակառակորդ եւ ելել ենք պատերազմի, որովհետև առանց դրա անհնար է  այլևս:

-Հիմա ի՞նչ անենք:

-Կանչենք հավանական օգնականներին:

 

Հավանական օգնականները  պատերազմի հավես չունեն: Նրանք իրենց բոլոր պատերազմները պատերազմել են ու հիմա  էլ հավես չունեն: Չեն գա: Չեն գա ու դեռ մի լավ էլ ամոթանք կտան, թե մարդկության պատմության էս պայծառ օրերին, ամոթ չէ՞ պատերազմ եք սկսել: Մենք կփորձենք բացատրել, որ մի քիչ ուշացել ենք, կփորձենք արդարանալ կայզերական Գերմանիայի  կուրությամբ, Ֆրանսիայի անտարբերությամբ, Ռուսաստանի անխելքությամբ, Թուրքիայի  բարբարոսությամբ…

 

Բայց քանի՞ կոպեկ արժեն մեր արդարացումները, եթե աշխարհը պատերազմի հավես չունի: Եվ որովհետև աշխարհը մարդկության պայծառ օրերին է հասել, պատերազմի  հարցում կմերժի, բայց կառաջարկի շաքարաջրի իր ավելցուկը: Եվ մենք մեր ամենօրյա զորավարժանքներում մեն-մենակ կմնանք մեր իրական հակառակորդի հետ, մեր պուճուր երկրում:

 

ՀԵՐՈՍԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

 

Պարոններ, տիկնայք եւ երեխաներ, հրավիրված եք դուք հարսանիք: Շքեղ խնջույք է լինելու այսօր: Հերոսն է փեսան եւ հարս է երկիրն այս բազմաչարչար:

 

Շատերը նեղսրտում-բողոքում են. «Կարծես ժամանակ գտան հարսանքի. ամենուր ավեր, ջարդ ու կոտորած, պատերազմական դրություն, տագնապ»:

 

-Պարոններ, տիկնայք եւ երեխաներ այս պատերազմը մենք տանուլ կտանք, եթե հերոսը չպսակվի իր հարսնացուի հետ: Ուրեմն՝ առաջ, դեպի հարսանիք:

 

Բազմությունը հավաքվում է հրապարակում, հետաքրքրվում՝ ո՞ւր է հերոսը, ինչո՞ւ չի երևում: Բազմությունն ազատված չէ կարծրատիպերից, ու եթե նրան հրամցնես բարետես, թիկնեղ, սրածայր բեղերով մի այր, նա անմիջապես կընդունի դրան և կհավատա անվերապահորեն:

 

Բազմության մեջ իրարանցում է սկսվում: «Ու՞ր է հերոսը, ինչո՞ւ չի գալիս, գուցե խաբե՞լ են, բերեք հերոսին: Բավական չէ, որ կարգին հարս չունենք, հերոսն էլ չկա: Խաբեություն է»:

 

-Ո՞վ է հերոսը:

 

ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ՄԱՐԴ: «Ես եմ, ես, եկա, որ տեսնեք: Այն օրվանից, ինչ Բյուզանդիան ընկավ, ես եմ հերոսը, ինձանից բացի այլ հերոս չկա: Ես եմ հերոսը, դուք ինձ հետևեք, դեպի պատերազմ: Մինչև չհաղթեմ, ես չեմ պսակվի, մի՞թե ինձպեսին արժան է այսքան պուճուրիկ, տձև ու տանջված մի հարս»:

 

-Կեցցե՜ հերոսը, գնացինք առաջ: Ասում էինք, չէ՞, այս դառն օրերին ճոխ հարսանիք էր մեզ միայն պակաս:

 

Առաջ է գալիս  կնքահայրը՝ տարիքն առած, ճերմակադեմ, իմաստուն մի մարդ:

 

-Պարոններ, տիկնայք եւ երեխաներ, սպասեցեք մի պահ: Նա չէ հերոսը եւ ոչ էլ փեսան, քանզի գրված է, թե փեսան նա է, ով որ հարս ունի, իսկ սա ձեր առաջ ծանակեց հարսին: Սպասեցեք մի պահ, հասկանում եմ ձեզ, դուք շատ երկար եք փնտրել հերոսին եւ, որովհետև ձեզ թվացել է, թե նա ձեզ պես է, մի քիչ արտառոց, չեք գտել նրան: Ու հիմա ինչպե՞ս, ու՞մ ուժերով եք գնում պատերազմ: Դուք, որ բանակ չեք, այլ մի բազմություն, ձեր փոխարեն ո՞վ, ո՞վ պիտի շահի մարտը սրբազան:

 

Բազմությունն աղաղակում է. «Նա է հերոսը, հեքիաթ մի պատմիր, նա՝ ինքը ասաց»:

 

-Իմ սիրելիներ, դուք այստեղ եկաք ձեզ նման մեկի՞ն տեսնելու համար: Իմ սիրելիներ, հրավիրյալներ մեծ հարսանիքի, հերոսներ չկան, դուք եք հերոսը: Նայեք ձեր երկրին: Գեղեցիկ է նա նորալուսնի պես, մի ծաղկի նման փոքր է, բայց առողջ, նրա կրծքերում կաթն է շղթայված: Արթնացեք մի պահ, իմ սիրելիներ, ու նայեք նրան: Մի՞թե օրհնանք չէ պսակվել նման գեղեցկուհու հետ: Արթնացեք մի պահ, իմ սիրելիներ, եւ տեսեք որքան ջինջ է հայացքը այս աղջնակի, եւ աչքերի մեջ տեսեք՝ ինչ պարզ են երևում գալիք ճշգրտումները մեր Տեր Աստծո:

 

Բազմությունն աղաղակում է. «Մենք չհասկացանք. սա կնքահա՞յրն է, թե՞ հայրն աղջկա, որ աշուղի պես մեզ այս սիրունի գովքն է անում: Պարզ երեւում է, որ խաբել են մեզ, ոչ հերոսը կա, ոչ էլ հարսանիք»: Եվ բազմությունն ուզում է ցրվել, եւ ձայներ են լսվում, թե իբր գիտե՜նք այդ ինչ աղջիկ է, նրա քույրերին տանուլ տվեցիք, հիմա ուզում եք այս պուճուր, հիվանդ, անկյալ աղջկան մեզ հարս դարձնել:

 

-Իմ սիրելիներ, հրավիրյալներ մեծ հարսանիքի: Մեր գոյատևման ծանր օրերը ծուլացրել են մեզ, դարձրել անառողջ, հիվանդ երազող: Նրա քույրերին մենք տանուլ տվինք: Մենք մեղավոր ենք, տղամարդ չեղանք ու տանուլ տվինք չքնաղ հարսներին: Պատճառը այն էր, որ այսօրվա պես հերոս կարծեցինք մեզնմաններին, չհասկացանք, որ հերոս ասվածը մարդ չէ շնչավոր, այլ պարզ ճանաչում, պարզ գիտակցություն եւ անսահման սեր: Արթնացեք մի պահ, իմ սիրելիներ: Դուք, որ եկել եք մարմին տեսնելու, շոշափեք միմյանց , զգացեք միմյանց, գիտակցեք միմյանց եւ սիրեք միմյանց անսահման սիրով: Սիրեցեք նաև ձեր հարսնացուին, որովհետև ձեզանից թաքուն հղիացել է ձեր երազանքով

 

Այսպես յոթ օր ու յոթ գիշեր շարունակվեց հարսանիքը, եւ ժողովուրդը գտավ  ՀԵՐՈՍԻՆ եւ ՀԵՐՈՍԸ  սիրում էր իր պուճուր հարսին , եւ պատերազմն այլևս սարսափելի չէր թվում նրանց:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ

 

Պատրաստվելով պատերազմի՝ մենք գոչում ենք. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ»: Նույնը գրում ենք դրոշների վրա, դաջում շապիկներին, պայուսակներին, նույն գրվածքով կրծքանշաններ ենք կրում:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Այսպես երեխաներին սովորեցնում են, որ արեւը ծագում է արեւելքից, արեւմուտքում մայր մտնում: Եվ ես վստահ եմ, որ ամեն օր նույնը լսող երեխաները չեն տեսնում ոչ արեւածագը, ոչ էլ մայրամուտը:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Ոչինչ չի ասում, ինչպես ոչինչ չէին  ասի «Ազատություն կամ ազատություն», «Մահ կամ մահ» կարգախոսները:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Դու ընտրելու հնարավորություն ունես, ինչպես թշնամին ունի հաղթելու կամ պարտվելու հնարավորություն:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Սպառնում ենք: Մեզ անծանոթ է ազատությունը, իսկ վախճանն՝ անխուսափելի:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Դառնում ենք ռոմանտիկ, մինչդեռ պատերազմի պատրաստվելիս անհրաժեշտ է իրապաշտ լինել:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Բախում ենք իմացյալ մահվան դռները, բայց մնում անպատասխան, որովհետև սրանով չի սկսվում իմացյալ մահվան ճանապարհը, որովհետև հակադրում ենք մահն ազատությանը և ավելի ենք հակվում դեպի մահը, փորձում ենք արդարացումներ գտնել, նույնիսկ մտածում մեռնել-ազատվելու մասին:

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ: Խախտում ենք ներդաշնակությունը, որովհետև ազատությունն ու մահը տիեզերքում գոյություն ունեն բնավ ոչ որպես հակադիր ուժեր: Իսկ տիեզերքի ներդաշնակությունը խախտելով՝ մենք պատերազմը  դուրս ենք բերում վերին հսկողությունից, դարձնում կամայականություն:

 

Եվ ո՞վ ասաց, թե հանուն ազատության պատերազմ են մղում:

Եվ ո՞վ ասաց, թե պատերազմ են մղում առանց ազատության:

 

ՎԱՍՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

Այն ինչ եղավ պատերազմից առաջ եւ պատերազմի պատրաստվելիս, ծանր ու դժվար մի վիրահատություն էր: Պատերազմը ետվիրահատական առանձնասենյակն է: Մենք պառկած ենք այդ սենյակում մեր Ոգու հետ մեն-մենակ: Եվ պատմությունը, որ թաքուն սողոսկել է առանձնասենյակ, դաժանորեն ծաղրում է՝ մերթ ընդ մերթ մեր շուրթերին մոտեցնելով շաքարաջրի մեջ թրջած սպունգը:

Պատմությունը հոռետես է, ոչ մի ելք չի գտնում:

Պատմությունը չի սիրում իր ցցուն հատվածները

Պատմությունը ներկայանում է որպես մեծ մոռացություն:

 

Նա մեր ականջի տակ շշնջում է. «Արամ Մանուկյանը տիֆից մեռավ» եւ քահ-քահ ծիծաղում: Ասում է. «Այս վիրահատության ժամանակ, երբ դու թմրադեղերի ազդեցությամբ քնել էիր, քեզ զրկել են տղամարդկությունից»  ու ավելի բարձր է ծիծաղում: Ասում է.«Երբ դու թմրադեղերի ազդեցությամբ քնել էիր, քեզ կուրացրին, քաշեցին ատամներդ» եւ ուրախությունից ոռնում է: Ասում է. «Նահանջիր, ես քեզ կտանեմ դեպի քո հզորությունն ու փառքը»: Ասում է. «Ծովից ծով երկիր» եւ ջուր է շփում երեսներիս եւ ապտակում արքայական ծանր ձեռքով: Ասում է. «Եթե դու մեռնես, ես կդառնամ քո մահը»:

 

Սա զառանցանք է, սովորական բան թմրադեղերի ազդեցությունից դուրս եկող վիրահատվածի համար:

 

Իսկ իրականում, կյանքից հոգնած, դառը ճակատագիր ունեցող մի մարդ հաստատ քայլերով գնում էր դեպի մեծ կլամուրջը: Նա որոշել էր վերջ տալ կյանքին: Նա հաստատ որոշել էր, որ այլևս անհնար է ու գնում էր կամրջից ցած նետվելու: Երբ արդեն կամրջի կենտրոնում էր եւ ոտքն անց էր կացրել ճաղաշարից, հանկարծ շենքերի տանիքների վրա նկատեց լիալուսինը, որը միակ ականատեսն էր: Հետո կամրջից ցած նայեց, տեսավ գիշերային լապտերի լույսով հազիվ լուսավորված ասֆալտապատ ճանապարհն ու սիրեց այդ ճանապարհը, լիալուսինը նույնպես սիրեց եւ հասկացավ , որ պատերազմը  վաղուց վերջացել է, իսկ լիալուսինն ու ասֆալտապատ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստած սահմաններն են ճշտում:

 

ՎԵՐՋՆԱԳԻՐ

 

Գառը կհաղթի գազանին: Մի տրտնջացեք, թե զենք չկա: Գառը պիտի հաղթի գազանին, ասված է: Գառը չի կարող չհաղթել գազանին: Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե գառը նախ պիտի տեր դառնա գազանային ժանիքների (էվոլուցիա), եւ ապա այդ ժանիքներով հաղթի գազանին: Ժանիքը գազանի զենքն է, մի տրտնջացեք, իսկ գառի մասին ասված է, թե պիտի գառ լինի ու պիտի հաղթի գազանին: Գառն անժանիք ու անզեն է, բայց գառը պիտի հաղթի: Մի տրտնջացեք…

 

«Գարուն» 6. 90

Լուսանկարը՝  Գերման Ավագյանի

Կարծիքներ

կարծիք