Արամը

Արամը մեր դասարանում էր սովորում: Հագնվում էր պարզ, անպաճույճ. ձմռանը բրդե դարչնագույն սվիտեր էր հագնում և նույնպիսի կիպ շալվար, որոնք մայրն էր գործում: Դիմագծերն էլ նույնքան պարզ էին՝ թուխ մաշկ ուներ, կանոնավոր փոքր քիթ… Քիչ էր խոսում, հայացքի անբասիր, բարի արտահայտությամբ միշտ լսում էր բոլորին:

Ապրում էին մայր ու որդի նույնքան պարզ, համեստ կենցաղով երկրաշարժից հետո սահմանամերձ հողատարածքում տեղակայված փայտե կիսախարխուլ տնակում: Երբեք չէինք լսել Արամի հոր մասին՝ որտեղ էր, ինչով էր զբաղվում: Մայրը մեր դպրոցի հավաքարարն էր:

Մենք 4-րդ դասարանում էինք սովորում, երբ սկսվեց պատերազմը: Դասարանում ընդամենը հինգ հոգի էինք մնացել, ամեն առավոտ Արամը մոր հետ դպրոց էր գալիս ավելի վաղ՝ձեռքերը կապտած, մի կտոր հաց ու պանիր ուտելով: Մայրը՝ Տանյան, բարձրահասակ ու թխամաշկ մի կին, գալիս էր ինձ խնդրում՝տնային աշխատանքներս տամ Արամն արտագրի, չի հասցրել գրի:

Ես դասարանի գերազանցիկի չկամությամբ իմ՝ժամերով կատարած աշխատանքը զիջում էի ինձանից ցածրահասակ դասընկերոջս ու մտածում, որ գուցե վաղը տնային աշխատանքները կատարած գա դասի: Ես շատ էի խղճում նրան, երբ անհաճո դեմքով, ամուսնուն առաջնագիծ հերթապահության ճանապարհած ուսուցչուհին ամեն անգամ զայրույթը թափում էր Արամի գլխին՝ցուցափայտով խփում էր նրան, իսկ Արամը, ձեռքերով գլուխը ծածկելով, պաշտպանվում էր:

Ու այդպես անցնում էին հրետակոծությունների վտանգի ներքո մեր դպրոցական օրերը, տագնապի ազդարարման դեպքում վազելով իջնում էինք աստիճանահարթակի տակ մեզ համար պատրաստված «ապաստարանը»: Մենք արդեն սովորել էինք կրակոցների ձայնին, դա մեր առօրյան էր, մենք քաջ երեխաներ էինք, պատերազմի թոհուբոհով կոփված… Համենայն դեպս, մենք այդպես էինք կարծում:

Վրա հասավ ձմեռը, ձյունն իր ճերմակ սավանով ծածկեց մեր գյուղը՝կարծես իր հետ լռեցնելով նաև ամեն ինչ, անգամ կրակոցներ չկային… Մոտենում էր Ամանորը, մենք երազում էինք առանց կրակոցի Ամանորը դիմավորելու մասին… Բայց նախօրեին արթնացանք և, նախաճաշի սեղանի շուրջ նստած, լսեցինք խուլ մի պայթյուն, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը… Հայրս, փորձառու հրամանատարի լսողությունը լարելով, մեզ հորդորեց արագ վազենք նկուղ, էնտեղ ապահով է:

Քիչ հետո մի զանգ ստացավ ու էլ ավելի մռայլվելով, մտահոգ ինչ-որ տեղ շտապելով մեզ ասաց.

-Թուրքը գյուղ է մտել…

Ու ձյան նման ճերմակ հագնվելով՝հայրս հեռացավ մեզանից…

Մենք սարսափած ժամեր անցկացրինք խոնավությամբ բուրող նկուղներում, որոնց հոտը պատերազմ տեսած ամեն մի երեխայի կյանքում արթնացնում է ամենատխուր հիշողությունները£ Կարծես թմբիրի մեջ էինք, մեր մանկական աշխարհընկալումը չէր ըմբռնում, որ կարող է այդ ամենն իրականություն լինել… շարունակվող անավարտ երազ էր թվում, երբ ողջ գյուղի կանայք ու երեխաները մեզ միացան, ու ձյան վրա սողալով՝անտառով կտրեցինք-անցանք հարևան գյուղ: Բոլորի հայացքներում իրենց երեխաներին փրկելու ցանկությունն էր դրոշմված, ու հանկարծ մեր գլխավերևում ուղղաթիռի մահասփյուռ թևերը շարժվեցին:

-Պառկե՛ք գետնին…

Լսեցինք կանանց աղաղակները, ու ձյան սառնությունը պատեց մեր մարմինները… Ամուր փակած աչքերով սպասեցինք մեր մահվանը… Մահն այդ պահին ձյան ճերմակ գույնն ուներ ու ուղղաթիռի թևերի ձայնը…

Երբ ուշքի եկանք, մեր գլխավերևում բաց երկինքն էր ու վարձկան օդաչուների՝մեզ խնայած կյանքը…

Երբ տեղ հասանք, մեզ հյուրընկալեցին անծանոթ գյուղացիներ, անհատակ կաթսայի մեջ խաշած կարտոֆիլ հրամցրին ու ամբարներում մնացած ցորենի ալյուրից թխած մի քանի օրվա սև բարակ հաց… Դա իմ հիշողություններում մնաց որպես պատերազմի հացը…

Գյուղի սահմանակից թաղամասերից եկած, թուրքին տեսած, սարսափած կանայք պատմում էին, որ ադրբեջանցիները, ռուս վարձկանները՝անսթափ, լույսը չբացված, գյուղ են մտել և խոշտանգել խաղաղ քնած բնակչությանը: Նրանցից շատերն այդ օրը Ամանորի գաթայի խմորը հունցել ու հոգնած քնել էին, մյուսներն էլ տոլման փաթաթել ու այդպես էլ ննջել էին վառարանի կողքին£

Պատմում էին, որ պատուհանից մտնելով տուն՝Գեղեցիկ տատիկին տանջել էին թուրքերը, ականջները կտրել, կուրծքը սվին դանակով կտրել… Գերեզմանների մոտով երեք երեխաների հետ փախչող Շարմաղին թուրքերը հենց գերեզմանի վրա էին մորթել, երեխեքն էլ թաքստոցից՝փայտե զուգարանի տախտակների արանքից տեսել են ամեն ինչ…

Լսելով այս ամենը՝ես ակամայից մտածեցի մեր դասարանի Արամի ու իր մոր մասին. նրանց փայտե կիսախարխուլ տնակը հայ-ադրբեջանական սահմանագծից այս կողմ հենց առաջին տնակն էր: Նրանք այդ գյուղում ոչ մի հարազատ չունեին: Իմ մանկական պատկերացումներում երբեք չտեղավորվեց այն, ինչ լսեցի այդ օրվա ծավալված արյունալի իրադարձությունների ավարտից հետո, երբ ամեն բան խաղաղվել էր, բոլորն իրենց կորուստներն էին սգում:

Մեր դասարանի Արամին ու իր մորը թուրքերը տարել էին…

Ոչ ոք չէր տեսել նրանց…

Ես ողջ գիշեր դառնաղի արտասվեցի Արամի համար՝պատկերացնելով՝ոնց են խոշտանգում նրան, ու նրա պարզ, բարի, աշխարհի չարն ու բարին դեռևս չճաշակած աչքերից արտացոլվող անթաքույց վախը:

Ամիսներ անց, երբ հարաբերական խաղաղություն էր, մեր գյուղի մի քանի ուսյալ մարդիկ դիմեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ անհետ կորածների ցանկում Արամին ու մորը գտնելու մի թաքուն հույսով, սակայն նրանց հայտնաբերելու բոլորիս սպասումները ապարդյուն էին:

Այդ օրերից անցել է արդեն քսան և հինգ տարի, սակայն ամեն անգամ, երբ հիշում եմ մեր դասարանի Արամի պարզ, բարի հայացքը, ես լուռ արտասվում եմ…

Պատերազմն ինձ համար նկուղի խոնավության հոտն ունի, անտառի թաց ձյան սառնությունը, ուղղաթիռի մահասփյուռ թևերի ձայնը ու մեր դասարանի Արամի՝անհետ կորածի պատմությունը…

 

Կարծիքներ

կարծիք