Գիշերային ճեպընթաց

Նոյեմբերյան ուշ երեկո էր: Գյուղի կայարանում N17 ճեպընթացին սպասողների հոծ բազմություն էր խմբվել:

Կառամատույցում անվերջ շրջաններ գործելով՝ փոստատար Ստեփանը ծխում ու մտածում էր, թե այս կորած-մոլորած գյուղաքաղաքում որտեղի՞ց գտնվեց հարուստների այսպիսի բազմություն, որը կարող էր իրեն թույլ տալ այդ ճեպընթացի թանկ տոմսերը: Երկու օր առաջ տոմսի համար գալով կայարան (միշտ նախընտրում էր ժամ առաջ տոմսն ունենալ գրպանում)՝ Ստեփանը, գանձապահից լսելով, թե՝ «Այս ամիս դեպի մայրաքաղաք գնացքներ չկան, բացի… N17 Ճեպընթացից… տոմսերն հիսուն դոլար արժեն: Եթե վերցնելու ես, հիմա վերցրու՝ երկու տեղ է մնացել»:

-Չէ մի…- ծիծաղեց Ստեփանը,- ձեզ մոտ բոլորը մեծահարո՞ւստ են, հա՞…

Գանձապահն անգամ հոնքը չշարժեց՝ պատասխանի ոչ մի նշան: Ծխախոտի թույլ ամպիկի մեջ երևացող տղամարդու յուղոտ ու սառը դեմքի արտահայտությունն Ստեփանին ստիպեց վերացնել դեմքից քմծիծաղն ու գրպանից հանելով դրամապանակը՝ հիսուն դոլարանոցը մեկնել բեղավոր գանձապահին:

-Հլը ու մի,- քրթմնջաց ճարպակալած բեղավորը ու ապակու անցքից Ստեփանին մեկնեց տոմսը:

Իսկ հիմա, կառամատույցում կանգնած ու վերարկուի օձիքը բարձրացրած փոստատարը մտածում էր, որ այդ ի՞նչ էլիտար ուղևորություն է, եթե ուղևորներին ստիպում են տասնհինգ րոպե սպասել գնացքին, այն էլ այսպիսի ցրտին:

Կառամատույցում սև կոստյումով, մազերը կողքի սանրած երիտասարդի հայտնվելը միայն էլ ավելի փչացրեց Ստեփանի տրամադրությունը:

-Մեկ րոպե ուշադրություն, պարոնայք,- այսպես սկսեց նա իր ելույթը,- դիմում եմ նրանց, ովքեր պիտի ուղևորվեին հինգերորդ վագոնով: Այս նույն գնացքով այսօր մեկնում է մեր սիրելի տիկին մարզպետուհին, և նրան հատկացվել է հենց համար հինգ վագոնը: Մի անհանգստացեք, հարգարժան տիկնայք և պարոնայք: Մեր բարեհամբույր մարզպետը սիրալիր կերպով ձեզ է հատկացրել վեցերորդ վագոնը: Եվ չնայած դա վերջին վագոնն է, հավատացեք, այն ոչնչով չի զիջում հինգերորդին: Շնորհակալություն ուշադրության համար։

Գրպանից հանելով իր տոմսը՝ Ստեփանը գրեթե չզարմացավ՝ տեսնելով, որ իրենն հենց հինգերորդն էր… Թարսությունը թարսության ետևից…

Շուտով կայարանի լույսերն հանգեցին, և գերեզմանային մթության մեջ լսվեց լոկոմոտիվի անիվների թխթխթոցը:

Քանզի այս երեկո մի քանի իրադարձություն արդեն իսկ անդառնալիորեն կատաղեցրել էին Ստեփանին, նա նույնիսկ չնկատեց խավարը: Կամ երևի նրա անուշադրությունը պայմանավորված էր հարբուխով, որն ամենայն հավանականությամբ հասցրել էր ձեռք բերել կառամատույցում:

Ինչևիցե, գնացքն արգելակեց անասելի զզվելի ճռռոց արձակելով, և ուղևորներն սկսեցին տեղավորվել ներսում: Ստեփանն ակամա հաշվեց վագոնները՝ ՙլոկոմոտիվ, մեկ, երկու, երեք, չորս, հինգ… Մի րոպե: Ո՞ւր է վեցերորդը՚: Սառցակալած կայարանի կիսախավարում կարելի էր և չնկատել վեցերորդ՝ գիշերային ճեպընթացի վերջին վագոնը, որը ձուլվում էր խավարին:

-Տիկնայք և պարոնայք,- նորից հայտնվեց այդ լպստած, կոստյումավոր երիտասարդը և դիմելով հինգերորդ (արդեն՝ վեցերորդ) վագոնի ուղևորներին՝ խնդրեց հետևել իրեն:

Բազմության հոսանքի մեջ ընկնելով՝ Ստեփանը վերցրեց իր պայուսակը և հետևեց մյուսներին: Վեցերորդ վագոնն այնքան մռայլ էր, որ նույնիսկ մոտիկից էր դժվար այն նկատել: Երիտասարդը բոլորին ուղեկցեց խավարի արգանդի մեջ:

-Սա ի՞նչ է, չեմ հասկանում,- դիմեց վրդովված Ստեփանը երիտասարդին,- հիմա ողջ ճանապարհը պիտի այս մութ բնի մե՞ջ գնանք։

-Անհանգստության պատճառ չեմ տեսնում,- հանգիստ պատասխանեց արդեն անտեսանելի տղան,- վստահեցնում եմ ձեզ, որ բացի լույսից. հարմարավետության մյուս բոլոր պարագաները անթերի վիճակում են: Գումարած դրան՝ ճանապարհը կզբաղեցնի ողջ գիշերը, իսկ առավոտյան գնացքը կժամանի մայրաքաղաք: Այնպես որ, համոզված եմ, ուղևորների մեծ մասը կնախընտրի քնել ողջ ճանապարհին, և նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Հաճելի ճանապարհ,- խավարի մեջ փայլեցին նրա ատամները, որ ավելի հիշեցնում էին գիշատիչի ժանիքներ, և նա անէացավ:

Ներսում ընդհանրապես ոչինչ հնարավոր չէր տեսնել՝ միայն ինչ-որ ուրվականներ շիլաշփոթի մեջ պայուսակներն էին տեղավորում Աստված գիտե որտեղ, և նստում էին Աստված գիտե ինչի վրա: Մյուս կողմից էլ այդ կտրող նոյեմբերյան ցուրտը, որ անգամ վագոնի ներսում հանգիստ չէր տալիս…

Ուրեմն, մտածեց Ստեփանը, միայն լույսի հետ չեն խնդիրները:

Այնժամ, երբ բոլոր ուղևորներն արդեն զբաղացրել էին տեղերը, միայն երիտասարդ փոստատարն էր կանգնած մնացել շարքերի միջև՝ չիմանալով որտեղ նստել: Գրպանից հանելով կրակայրիչը՝ նա փորձեց մի քիչ լույս սփռել՝ գտնելու համար իր տեղը: Բայց հազիվ էր կրակը փայլատակել, մի ուրվական փչեց դրա վրա ու հանգցրեց:

-Այստեղ չի՛ կարելի ծխել:

Շարունակությունը կարդացեք Անդինի 3-րդ համարում:

Կարծիքներ

կարծիք