Ծափահարություններ Ռուբեն Մամուլյանին

 

Ծննդյան 120 և մահվան 30-ամյակի (1897-1987) կապակցությամբ

 

Մի՞թե համաշխարհային կինեմատոգրաֆիան սկսել է հանիրավի մոռանալ ամերիկյան կինոյի և թատրոնի մեծ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի անունը :

 

Այդ ապշեցուցիչ ողջ կյանքին ուղեկցած լեգենդներն ու առասպելները, հաղթանակներն ու պարտությունները մի՞թե անցել են երկրորդ պլան, և մեր գլամուրատեղեկատվական դարում նրա անունն սկսել է մոռացվել:

 

Այս աշխատանքում իմ խնդիրը մենագրային չէ, համեստ է՝ աշխարհին հիշեցնել Ռուբեն Մամուլյանի մասին՝ ինչպես իբրև կինոյի, այնպես էլ դրամատիկական ու երաժշտական թատրոնի բազմաթիվ նորամուծությունների հեղինակի: Իսկ համաշխարհային մշակույթի (ոչ միայն կինոյի ու թատրոնի) առջև նրա ծառայությունները վիթխարի են: Նա փորձարարական տենդով էր մոտենում յուրաքանչյուր բեմականացման՝ կինո լիներ, թե մյուզիքլ: Եվ դա՝ արդեն իսկ իր ստեղծագործական գործունեության սկզբում: Եվ դա կապված է նրան ծնած ազգի աշխարհընկալման, աշխարհայեցողության հետ: Նրա խորագույն մարդասիրությունը գալիս է ծնողներից, ազգային մտավորականությունից, որի ծոցից ելել էր: Քիչ բան չեն տվել նաև գյուղացիությունն ու տարբեր խավերը: Մտավորական միջավայրից, օրինակ, 20-րդ դարի առաջին կեսին դուրս են եկել համաշխարահային մեծություններ՝ Վիկտոր Համբարձումյանը, Օրբելի եղբայրները, Սերգեյ Մերգելյանը, Էդուարդ Գյանջյանը, Երվանդ Խողբելյանցը, Արամ Խաչատրյանը, Դիրան Ալեքսանյանը, Արթուր Ադամովը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, կարդինալ Աղաջանյանը, Վարդգես Սուրենյանցը, Գալուստ Գյուլբենկյանը, Գեորգի Յակուլովը… Նրանց և իբրև համաշխարհային երևույթ ազգին փառք բերած շատերի թվում է նաև Ռուբեն Մամուլյանը:

Եվ այսպես, սկսեմ սկզբից:

…«Կոդակ» իրմայի հիմնադիր, Կոդակ լուսանկարչական խցիկի ստեղծող, մեծ մարդասեր ու մեկենաս Իստմենը Ռիչմոնդում հիմնեց երաժշտական թատրոն և ռուս օպերային երգիչ Վլադիմիր Ռոզինգի հորդորով իբրև ռեժիսոր ԱՄՆ հրավիրեց Ռուբեն Մամուլյանին: Այդպես 1932 թ. Մամուլյանը հայտնվեց ԱՄՆ-ում՝ Փարիզում չեղյալ հայտարարելով շահավետ պատվերը:

Իստմենը դատում էր սթափ. նրա հիմնական եկամուտն ապահովում էին կինոժապավենները, իսկ այն շահավետ վաճառելու համար թատրոնը պիտի հրապուրեր առավել մեծ թվով հանրաճանաչ դերասանների: Վարչական մասի ղեկվարումն ստանձնեց Վ. Ռոզինգը, իսկ ստեղծագործականինը՝ Ռ. Մամուլյանը՝ թիֆլիսյան խոշոր բանկիրի և հայկական թատրոնի դերասանուհու որդին ու Եվգենի Վախթանգովի աշակերտը: Ինձ ապշեցնում է ուսուցչի և սանի կարողությունն ու տաղանդը, որոնց ստեղծագործությունը գեղանկարիչ Գեորգի Յակուլովի, դրամատուրգներ Արթուր Ադամովի և Վիլյամ Սարոյանի հետ խոր հետք են թողել ինչպես ավանգարդիստական, այնպես էլ համաշխարհային ամբողջ մշակույթում:

Եվ այսպես՝ Մամուլյանը: Նա երաժշտական հատվածների փայլուն բեմականացումներ է ունեցել «Սևիլյան սափրիչը», «Պիկովայա դամա», «Ռոմեո և Ջուլիետ», «Տանհոյզեր», «Բորիս Գոդունով», «Պայացներ» օպերաներում: 1925 թվականին բեմադրել է Գունոյի «Ֆաուստ» և Բիզեի «Կարմեն» օպերաների ամբողջական տարբերակները: 1926-ին ձեռք է զարկել Մետերլինկի «Քույր Բեատրիս» պիեսին: Այդ ընթացքում (1925 թ.) Լոնդոնում վախճանվել է սիրասուն քույրը՝ Սվետլանան, և այդ կորստի մորմոքը դարձավ բեմադրության հիմքը: Լայն ժողովրդայնություն վայելող Մետերլինկի մամուլյանական փայլուն բեմադրությունը հիմք հանդիսացավ նաև Բրոդվեյում փառք ձեռք բերելու մասին մտածելու համար:

«Կոդակի» տիրոջ ձեռքի տակ Ռիչմոնդում անցկացրած երեք տարիները Մամուլյանին բերեցին վստահելի անուն, բեմադրիչի փորձառություն, սեփական ոճի ձևավորում և հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Այնուհետև Ռուբեն Մամուլյանը հռչակ ձեռք բերեց նյույորքյան Բրոդվեյում, «Պորգի»-ի՝ հարավի նեգրերի կյանքին նվիրված ստեղծագործության թատերական բեմադրություններով: Ոչ մեկի հավատը չէր գալիս, որ Ռուսաստանից նոր-նոր ելած տարագիրը կարող է այդպես ընկալել և ճշմարտացիորեն վերարտադրել գաղութային Ամերիկայի հարավի պատմությունը: Բոլոր ռեժիսորները, ում առաջարկել էին այդ գործի բեմադրությունը, հրաժարվում էին, քանզի չէին պատկերացնում, թե ինչպես պիտի աշխատեն «սևամորթ դերասանների» հետ: Բայց Մամուլյանը ուսումնասիրեց նրանց բարքերը՝ թե՛Հառլեմում, թե՛Հարավային Կարոլինայում: Ամերիկյան թատրոնի պատմության մեջ նա առաջինը թատերախումբ ընդգրկեց աֆրոամերիկացի դերասանների՝ նրանց հասկացնելով, որ ամենակարևորը նրանց բնական ներկայությունն է բեմում, հենց բուն պիեսում: Ներկայացման ոճավորման մեջ հստակ զգացվում էր մամուլյանական ձեռագիրը՝ շարժվող ստվերներ պատերին և առաստաղին, չարագույժ և հոգեբանորեն հիմնավորված լարում, «աղմուկի սիմֆոնիայի» ուժգնացում, ինչը նա սիրում էր անել նաև հետագայում: 1927 թ. հոկտեմբերի 10-ին Մամուլյանի բեմականացման պրեմիերան էր, և այն ունեցավ շշմեցուցիչ հաջողություն: «Պորգի» պիեսը Բրոդվեյում ունեցավ 367 բեմականացում (մինչ այդ չլսված ռեկորդ), որի մասին խոսում էին միայն հիացմունքով: Առաջ անցնելով ասեմ, որ Ջորջ Գերշվինի «Պորգին և Բեսսը» օպերայի առաջին բեմադրությունը (1935թ.), հեղինակի պնդմամբ, իրականացրել է հենց Մամուլյանը՝ էապես աշխատելով երաժշտական տեքստի վրա: Ի դեպ, հենց Մամուլյանն է կոմպոզիտորին պատվիրել հանրահայտ «It Ain’t Ncesserily Son»-ը: Եվ Գերշվինը ողջ կյանքում խորապես շնորհակալ էր Ռուբեն Մամուլյանին խմբագրման և հենց օպերայի հաջողության համար:

Բայց վերադառնանք 20-ական թվականները: Մամուլյանը բեմադրեց (1927 թ.) անգլիացի դրամատուրգներ Բրաունի և Նիքոլսի «Թևեր Եվրոպայի վրա» պիեսը: Մինչ այդ պիեսն առաջարկվել էր երկու այլ ռեժիսորների, սակայն նրանցից ոչ ոք չէր կարողացել այն պատկերացնել բեմում, նրանց դա թվում էր տարտամ, անիմաստ ու գորշ: Ասենք, ինչպե՞ս բեմադրես մի պիես, որտեղ տասներկու հոգի երկու ժամ շարունակ նստած զրուցում են մի սենյակում: Մամուլյանը, ինչպես միշտ, գործին կպավ մեծ ոգեշնչումով՝ հիմնովին փոխելով կամ պարզապես դուրս նետելով պիեսի մի շարք դրվագներ: Շուտով Անգլիայից եկավ պիեսի հեղինակներից մեկը՝ Նիքոլսը: Նախաճաշի ժամանակ Մամուլյանը Նիքոլսին բացատրեց իր մոտեցումը՝ ասելով, որ առաջին տեսարանն ինքը փոխարինել է լռությամբ: Նիքոլսն ապշահար էր: Բայց Մամուլյանն ավելի հեռուն գնաց՝ պնդելով, որ ինքը լիովին իրավացի է, քանզի եթե պիեսում գործողություններն այդքան սահմանափակ են, ուրեմն այդ ամենը պետք է հասցնել նվազագույնի, որպեսզի դրանք կարողանան ցնցել, ստիպել դողալ կամ վեր թռչել, այնպես, ասես «անցնում ես մոմե ֆիգուրների միջով և հանկարծ նկատում, որ նրանցից մեկն աչքով է անում քեզ»: Վերջին խոսքը Մամուլյանինն էր: Նիքոլսը ծանր սրտով գնաց դիտելու Մամուլյանի բեմադրությունը: Եվ ահա Մամուլյանի խոստացած լռությունը, և հանկարծ՝ մի մատնազարկ, ու Բոբ Նիքոլսը «Դա անհնար է» բացականչելով դուրս նետվեց դահլիճից: Մամուլյանը գնաց դրամատուրգի հետևից և սկսեց համոզել՝ «Կփոխենք, մենք ամեն ինչ կվերականգնենք…»: Բայց վերջինս նրան լսել անգամ չէր ուզում: Այդպես նրանք հասան փոստատուն, և Բոբը փոստային ձևաթղթի վրա ինչ-որ բան գրեց ու տվեց Ռուբենին կարդալու, իսկ վերջինս հուզմունքից նույնիսկ չնայեց դրան: Իսկ Լոնդոն թռավ հեռագիր՝ «Մամուլյանը հանճար է»:

Ստեղծագործական այդպիսի հղացումներով էլ Մամուլյանը դրսևորվեց «Փարամաունթ Փիքչերսում», բայց արդեն 1929 թվականին: Տեխնիկական նորույթը՝ ձայնը, կինոստուդիային հարկադրել էր որոնելու թատերական ռեժիսորների, որոնք լավ գիտեին խոսքի արվեստը և կարող էին համր կինոյի դերասաններին օգնել այդ հարցում: Մամուլյանը հրաժարվեց փորձերից և կինոստուդիային խնդրեց իրեն ընձեռել ֆիլմ նկարահանելու մեկ հնարավորություն: Ռեժիսորին առաջարկեցին «Ծափահարությունների» սցենարը: Մամուլյանը Մամուլյան չէր լինի, եթե չսկսեր փորձարարություններ անել: Միևնույն ժամանակ նա ստիպված էր հաղթահարել ստեղծագործական խմբի, ստուդիայի աշխատակիցների դիմադրությունը: Այդ ֆիլմում Մամուլյանի կինոյի պատմության մեջ առաջին անգամ՝ 1. հանեց անշարժ ամրացված կինոխցիկը և տեղադրեց անիվների վրա՝ հասնելով բացառիկ արտահայտչականության, 2. սկսեց նկարահանել երեք կինոխցիկով, ինչը ներկայիս օպերատորական աշխատանքում համարվում է դասական օրենք, 3. ձայնագրեց երկու միկրոֆոնով, իսկ հետո կատարեց ձայնի վրադնում, 4. դրվագներ նկարեց ստուդիայից դուրս՝ երկաթուղային կայարանում, երկնաքերի տանիքին, մետրոյում և Բրուքլինյան կամրջի վրա, 5. Օգտագործեց արտակադրային ձայն: Որպեսզի ավարտեմ այս թվարկումը, հիշատակեմ նաև վեցերորդն ու յոթերորդը. նա առաջիններից մեկը նկարահանեց գունավոր, իսկ հետո էլ լայնաֆորմատ ֆիլմեր…

Հիմա՝ «Ծափահարությունների» մասին: Ֆիլմը պարզ սյուժե ունի. հերոսուհին՝ «բուռլեսկի  թագուհի», չի ուզում, որ դուստրը մեծանա մերկապարուհիների, խաղամոլների ու մաքսանենգների միջավայրում և նրան դաստիարակության է տալիս մենաստանի դպրոց: Եվ իրեն զոհում է հանուն դստեր: Ֆիլմը հանդիսատեսի կողմից ընդունվեց իբրև շատ դինամիկ, հոգեբանորեն ուժեղ ստեղծագործություն: Իսկ տեսաբաններն այն համարեցին ամբողջությամբ նորարարություն, իբրև կինեմատոգրաֆիական կատարելություն կամ էլ կինոյի նոր դարաշրջանի սկիզբ: Վերջինը կատարյալ ճշմարտություն էր:

Մամուլյանը խոր հետք է թողել ԱՄՆ-ի ոչ միայն կինոյի ու թատրոնի, այլև օպերայի և մյուզիքլի մշակույթում: Ասենք, նա ճիշտ այդպիսի հետք է թողել ողջ աշխարհի մշակույթում: Նա Գերշվինի «Պորգի և Բեսս» օպերայի առաջին բեմադրիչն է (1935 թ.), ընդ որում՝ հենց նա է բեմադրության համար լրջորեն խմբագրել այդ օպերան, կոմպոզիտորը մեծ հարգանքով էր վերաբերվում նրա տաղանդին և շռնդալից պրեմիերայից հետո ասում էր, որ դա առաջին հերթին Մամուլյանի հաջողությունն է: Կամ, օրինակ, մեծն և խստաճաշակ Գրետա Գարբոն (ես լռում եմ ռեժիսորի և դերասանուհու բուռն ու ռոմանտիկ կապի, ինչպես նաև այդ զգացմունքների խզմանն հաջորդած տևական ու ծանր ապրումների մասին), որը 1933 թվականին նկարահանվեց նրա «Քրիստինա թագուհին» ֆիլմում, և որը վիթխարի հաջողություն ունեցավ: Գարբոն հենց այս ֆիլմով է ներկայանում 21-րդ դարի լիովին նոր հանդիսատեսին:

Կամ թեկուզ «Սիրիր ինձ այս երեկո»-ն (1932)՝ 30-ականների երաժշտական լավագույն ֆիլմերից մեկը, որը վաղուց դասական է դարձել:

Այժմ երկու խոսք մյուզիքլի մասին՝ «Օկլահոմայի» մամուլյանական փայլուն բեմադրության, ինչից, գիտենք, սկիզբ է առնում ՄՅՈւԶԻՔԼԻ՝ ամերիկյան մյուզիքլի պատմությունը: Կամ Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» վեպի առաջին էկրանավորումը, որտեղ ռեժիսորի օպերատորական էֆեկտները ապշեցուցիչ էին. նա փոխակերպման իր այդ գաղտնիքները հանրայնացրեց միայն 60-ականների վերջին: Հենց Մամուլյանի 20-30-ական թվականների ռեժիսորական նվաճումներն էին, որ, ի շարս այլ ռեժիսորների ձեռքբերումների, կինեմատոգրաֆիային հնարավորություն տվեցին դառնալ արվեստ և ոչ թե մնալ մեխանիկական խաղալիք մարդկության համար: Իր նշանավոր հարցազրույցներից մեկում Մամուլյանը ասում է. «Մի առիթով մեկին հարցրին, թե ջութակ նվագել գիտի՞: Եվ նա պատասխանեց՝ չեմ կարող պատասխանել, երբեք չեմ փորձել: Դա անհեթեթ է հնչում,- շարունակում է ռեժիսորը,- երբ խոսքը ջութակին է վերաբերում. մարդը պիտի տեխնիկա ունենա: Բայց դա վերաբերում է արվեստի բոլոր տեսակներին, ի վերջո՝ արվեստը ֆորմա է»: Այդպիսին էր նրա արվեստը, այդպես էր պնդում այդ մեծ վարպետը:

Եվ վերջինը. Ռուբեն Մամուլյանը կանգնած է եղել կինեմատոգրաֆիայի զարգացման ակունքներում, նա առաջիններից մեկն է ֆիլմում օգտագործել ձայնը, նկարահանել առաջին գունավոր և լայնաֆորմատ ֆիլմերը: Նրա անհատականությունը, նրա բազմակողմանի վիթխարի տաղանդը թեև բարձր, բայց ոչ լիովին է գնահատվել ժամանակակիցների կողմից: Ոչինչ չես կարող անել. այդ է համընդգրկուն ու բազմակողմանի գեղարվեստական աշխարհ ունեցող հատուկենտ մեծ ստեղծագործողների ճակատագիրը:

Ռուբեն Մամուլյանը 1981 թվականին տեղ գրավեց ամերիկյան կինեմատոգրաֆիայի Փառքի սրահում, ճանաչվեց համաշխարհային դասական: Հայաստանն ու Սփյուռքը նրա ստեղծագործական որոնման, նրա մարդկային ես-ի, ազգային արժանապատվության կիզակետում էին:

Ու նաև. ես կանգնած եմ Մամուլյանի աստղի մոտ Հոլիվուդի Աստղերի ծառուղում: Իմ խորին խոնարհումը Վարպետին:

Պետերբուրգ — Լոս Անջելես — Երևան, 2002-2017 թթ.

Անդին 01. 2018

Կարծիքներ

կարծիք