Բանաստեղծություններ

Հեղինակ:

***

Վերադառնում եմ

Ամեն Աստծո օր ու ամեն գիշեր –

Բոբիկ ոտքերով,

Թռիչքի փոխած վազքս կարոտի,

Հմայված ուրու՝  գերված տեսիլքին,

Ժամանակները վեր ու վար խառնած..

Մեկ՝  խաղ ու թովքով խայտուն գույների,

Մեկ՝  դժոխաթույր մառ կապած հոգուս…

Վերադառնում եմ

Լյառն ի վեր, ի վար-…

Իր կապույտ սրտի տրոփը իմի

Ռիթմին մեկտեղած.

Գնում եմ Էրգիր…

Խնկաբույր հողս իմ սիրո գերի –

Խոնավ աչքերը սևեռած ճամփիս՝

Ուշքը դարձիս է…

Ինձ սպասում են ոգեղեն երկրիս

Ամեն քար ու թիզ,

Ամեն ցածր ու վեր,

Ամեն դաշտ ու լեռ…

Ու ես… նորից նոր –

Ասես գտած իմ կորցրած հունը –

Ամեն Աստծո օր ու ամեն գիշեր

Վերադառնում եմ,

Վերադառնում եմ…

 

***

Գրչընկերներիս ի հիշատակ

 

Երբ անձրևում է՝

Երկինք ու երկիր բերած իրարու,

Երբ անքուն բու է գիշերը դառնում –

Անցյալի հեռու խորքերից զատված՝

Գալիս են, հոգուս դռները թակում –

Հեռացողները…

Հատված կյանքերի մորմո՞ք է, ճի՞չ է,

Թե՞ հանդարտություն…

Ոչինչ չեն ասում…

Ու ես տրվում եմ հուշերիս հատ-հատ,

Հետո… մեկտեղում՝

Կյանք-ունայնության վիհը չափելու…

Օրերի աննինջ, խոլածես երթում,

Մայր-մանուկ անգամ ուրացողների

Շվայտ շքերթում –

Ապրելու դաս է՝

Անցյալից հառնող հեռացողների

Երթող միրաժը…

Երբ անձրևում է՝

Երկինք ու երկիր բերած իրարու,

Երբ անքուն բու է գիշերը դառնում –

Կրնկի վրա բացում եմ դուռս

Ու լուռ… սպասում…

 

***

Հետքերը մեր՝  մեկն առաջ,

Տասն ու ավելին դեպի հետ

Եվ ավերող արդյունքը

ջանք ու տքնանքի…

Քայլերը մեր՝  մեկն առաջ,

Տասն ու ավելին՝  ծանր, երկաթակրունկ

Ու խոցոտող դեմքը մոլորակի…

Եվ երթերը մեր՝  մեկն ուղիղ,

Տասն ու ավելին խճճված

Փակուղիներում մեղքերի

Ու… կորստյան…

Եվ տեղ չենք հասնում այդպես էլ –

Թեպետ… Բոլորս ենք կանչված…

 

***

Ընթացք է՝

Կանցնենք, կգնանք,

Միայն թե՝  քանի դեռ ամեն օր –

Իր ժամեր ընթացքից առաջ.

Արևը մեր բարևն է պահում,

Քանի դեռ այս՝  մեր ձեռքը

Կրակը ընկած աշխարհում

Ներկա ենք ամեն օր ստանում –

Մի փոքր, գեթ քչում չուրանանք –

Մարդ լինել պատկերով Աստծո…

Մեր կրունկը կոշտ է էն գլխից.

Խոցոտված, մինուճար այս գնդին

Ոտքներս դնելուց առաջ

Վարանենք գեթ մի պահ, որ նրան

Մի նոր խոց ու վերք չդառնանք…

Դժվարը դա է լոկ…

Թե չէ ինչ՝

Ընթացք է… կանցնենք, կգնանք…

 

***

Կպակասեն մեր կյանքերից

դեռ շատ բաներ –

Մինչ ավարտը տալիք դեռ կա.

Կյանքն անհագուրդ ախորժակով

Հառված վրադ –

Շորթելու է՝  մեկ բռերով,

Մեկ՝  հատ առ հատ…

Դեռ շատ բաներ կպակասեն –

Հաճախ կարծես առուծախի

Կարգով անխախտ՝

Ես քեզ, դու՝  ինձ…

Բայց որքան էլ հաշվարկենք ճիշտ՝

Կողոպուտ է եղածը միշտ…

Այդպես քիչ-քիչ –

Գրոշների դիմաց չնչին

Կտանք մինչև թելը վերջին

Ու բաց շեմի դիմաց մեր այն

Կյանքավերջի –

Կապույտի դեմ կանգնած վեհեր,

Ադամի պես հանկարծ կզգանք

Ամոթը մեր…

Բայց չենք գտնի նրա նման

Ոչ թզենու, ոչ էլ մի այլ

Գեթ կենտ տերև…

Հիմա, քանի դեռ կան օրեր,

Ընդամենը փորձենք խարդախ առուծախում

Կյանքին միայն իր տվածը

Վերադարձնել,

Իսկ Աստծունը

Պահել Աստծուն…

 

***

Դուռս կողպեմ ու ցուպն առած.

-Ո՞ւր ես,- ասեմ,- կապույտ աշխարհ,

Քեզ եմ գալիս –

Աշխարհային հրդեհները դեռ փեշերիս

Ու… կրծքիս տակ…

Մարիր, մարիր բոցերը իմ

Վայրի ու բարկ…

Մարիր, փրկեմ այդ այրումից

Գոնե մի ափ…

Ու ծվարած մեջ քո գրկի –

Նորից քարը քարին շարեմ –

Աշխարհը իմ…

Այստեղ տարերք, այնտեղ՝  ավեր,

Ու բոլորը գլխապատառ՝

Ապրելու տեղ՝  վազքի տրված.

Այրումն ի վերջ կրքերի մեջ

Ու… կանգ չկա…

Եվ քանի դեռ չի մոխրացել

Ողջն ի հատակ.

Դուռս կողպեմ ու ցուպն առած

-Ո՞ւր ես,- ասեմ,- քեզ եմ գալիս,

Կապույտ աշխարհ…

 

***

Մայր իմ,

Քեզնից ետ՝  երթում օրերի.

Ներկայությունդ

Հուշերն են միայն

Ու երազների տեսիլն անմարմին…

Աղոթքս վառ է –

Երկնային կապույտ եզերքների մեջ

Հոգուդ անդորրի

Ու լույսի համար…

Աղոթքս վառ է՝

Դեպ վեր՝  Բարձրյալը,

Որ իր անսահման սիրո տարածքում

Չմրսի հոգիդ…

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք