Արյուն և Փետուր

Հեղինակ:

Քեզ համար, իմ սեր

Ես գնացի թռչունների շուկան
Եվ թռչուններ գնեցի
Քեզ համար,
իմ սեր

Ես գնացի ծաղիկների շուկան
Եվ ծաղիկներ գնեցի
Քեզ համար,
իմ սեր

Ես գնացի դարբինների շուկան
Եվ շղթաներ գնեցի
Քեզ համար,
իմ սեր

Հետո գնացի ստրուկների շուկան
Եվ քեզ փնտրեցի,
Բայց քեզ չգտա,
Իմ սեր:

Ինչպես թռչուն նկարել

Ամենից առաջ մի վանդակ նկարեք
դռնակը բաց
հետո նկարեք
մի ուրախ բան
մի պարզ բան
մի գեղեցիկ բան
մի օգտակար բան
թռչունի համար
հետո կտավը դրեք մի ծառի մոտ
մի պուրակի
մի պարտեզի
կամ մի անտառի մեջ
թաքնվեք ծառի ետևը
անխոս
անշարժ…
Երբեմն թռչունը շուտ է գալիս
բայց կարող է և տարիներ տևել
Որոշում տալուց հետո
չհուսահատվել
սպասել
եթե պետք է տարիներ սպասել
քանի որ թռչունի շտապելը կամ ուշանալը
ոչ մի կապ չունի
նկարի հաջողության հետ
Երբ թռչունը գա
եթե գա
լուռ ու մունջ
սպասենք որ վանդակը մտնի
և երբ մտնի
վրձնով զգուշորեն փակեք
հետո
մեկառմեկ վանդակաձողերը ջնջեք
ջանալով թռչունի ոչ մի փետուրին չդիպչել
Հետո ծառ նկարեք
թռչունի համար
ընտրեք ամենափարթամ ճյուղերից մեկը
նկարեք նաև
կանաչությունը սաղարթի
զովությունը քամու
արևափոշին
և միջատների աղմուկը ամառվա տապում
հետո սպասեք որ թռչունը սկսի երգել
Եթե թռչունը չի երգում
վատ նշան է
դա նշանակում է որ նկարը վատն է
բայց եթե երգում է դա լավ նշան է
նշանակում է կարող եք ստորագրությունը նշել
Ուրեմն զգուշորեն
թռչունից մի փետուր պոկեք
և նկարի անկյունում ձեր անունը գրեք:

Ուղիղ ճանապարհ

Ամեն կիլոմետրին,
Ամեն տարի,
Ծերերը պնդաճակատ,
Երկաթբետոնե ցուցամատով
Երեխաներին ճամփա են նշում անընդհատ:

Արևի խավարում

Լուի տասնչորսը, որը կոչվում էր նաև Արև Արքա,
իր թագավորության վերջին տարիներին
նստում էր շատ հաճախ ծակ աթոռին:
Մի գիշեր էլ, երբ մութ էր ահավոր,
Արև Արքան անկողնից ելավ,
գնաց նստեց աթոռին
և անհետացավ:

Առաջին օրը

Սպիտակ պաստառ պահարանում,
Կարմիր պաստառ անկողնում,
Մի երեխա մոր մեջ,
Մայրը տառապանքի մեջ,
Հայրը սպասասրահում,
Սպասասրահը տան մեջ,
Տունը քաղաքում,
Քաղաքը գիշերվա մեջ,
Մահը աղաղակի մեջ՝
Երեխան կյանքում:

Աշուն

Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:

Ապարդյուն

Մի ջադու փնթփնթում է անվերջ
ու անիվ է քշում այգում
և ճչում որ ձմեռ է հավերժ որ ամեն ինչ պրծել է արդեն
որ հաշիվը պարզ է զառն ուրիշինն է
պատարագն արված է խաղն ավարտված է
բեմը թափուր է վարագուրված է
Ապարդյուն է
ապարդյուն
Բարեկամներս իսկական
Բոլորը
գնացին անդարձ
միանգամից
մի հարվածից մեռան
Մարդիկ եղան
որ դեռ ողջ են հիմա
ու հռհռում են բերանները բաց
Նրանք կանչում են միմյանց
հետո դառնում կանչում են ինձ
Ապարդյուն է
ապարդյուն
Ոմանք մեռել էին մինչև մեռնելը
կամ էլ կային մարդիկ
որ սգում էին մանկության հուշերը
Հետո այլոք օրինակելի ու կիրթ
սպանում էին իրար որ տեսնեն գալիքը
և հետո ճամփան ուղիղ
և ուղին հեշտ
արձաններն աղի
և հայրենիքը վտանգի մեջ
Արդեն այգու խորքից
լսվում է ձայնը փողի
այգին փակվել է
թմբուկը ծակվել է
Ապարդյուն է
ապարդյուն

Այգին մնում է բաց նրանց համար
ովքեր սիրում են այգին:

Ջրահեղձը

Ժամանակից հանկարծ
մոռացված
նորից գտնված
մի հատվածում
նա պատմում էր իր մահվան մասին
ու պատմում հենց այնպես
ասես ոչինչ չկար
Ու հետո ժամանակի այդ հատվածից էլ առաջ
նա վերադառնում էր
ու ասում
որ մահը
այնքան էլ վատ բան չէ
Մահը
համը ունի հին օրերի
համը ունի
անցնող եկող մահվան
Սակայն այդ մահն էր կյանքի հետ գնում գալիս
ինչպես կյանքն էր մահվան հետ
գնում գալիս
Ով էր այդ արարածը
մահին ձուլված այնպես
ինչպես մահը նրան
Գուցե և գեղեցիկ էր
գուցե կյանքն էր
ժամանակից հանված մի հատվածի դիմակով
հանված ինչ որ տեղում
ինչ որ տեղից
մարդու կողմից
Գուցե գիշերն էր
Օրվա պես գեղեղիկ
Գուցե օրն էր
գեղեցիկ ինչպես գիշերը
Գուցե
դեռ չծնված
դեռ ծնվող
բայց մեռած ապագան էր
Գուցե աշխարհն էր
Գուցե մարդիկ էին
զուգված
այս աշխարհի հազվագյուտ
ու մոռացվող տոների համար
Ջրասույզի համար մահը ծովն է
իսկ ծովի համար ջրացույզը
գուցե
իր կյանքի փոքրիկ կաթիլն է
Բայց թե հարցնեք ջրասույզին
ծովի մասին
մահվան կյանքի
կյանքի սիրո
կյանքի մահվան
սիրո կյանքի մասին
Ծովի ամենափոքրիկ փրփուրը
ամենից հեռու
իր հին ու նոր ջրերերով
կժպտա անպատասխան
ոչ ջրասույզի փոխարեն կխոսի
ոչ էլ ջրացույզի մասին:

Պատերազմ

Կտրում եք
տխմարներ
կտրում եք
Ջահել ծառերն անտառի հին կացնով
սպանում եք
Կտրում եք
տխմարներ
կտրում եք
Բայց հին ծառերն անտառի փտած արմատով
սարքովի սաղարթով
պահում եք
Եվ ազդարարում
ծառերը Չարի և Բարու
ծառերը Հաղթանակի
ծառերը Ազատության
Եվ անապատ անտառից գարշահոտ է փչում
թռչուններն են չվում
բայց դուք մնում եք քայլերգ երգելու
Դուք մնում եք այդտեղ
տխմարներ
քայլերգ երգելու և դոփելու:

Հասարակության մեջ խնդալու համար

Գազաններ վարժեցնողը
անհողդողդ
գլուխն առյուծի երախը խրեց
Իսկ ես
անվարան
զույգ մատներս միայն
Բարձր խավարի բերանը տարա
Եվ նա չհասցրեց կծել
այլ պարզապես
փորում փտած
ոսկե մաղձը
ոռնոցով փսխեց
Ուրախալի և օգտակար
այս մասխարան
հաջողացնելու համար
մատները խնամքով
զվարճանքում պետք է լվանալ

Ամեն մեկն իր կրկեսը:

Շարքը՝ «Արյուն և Փետուր» գրքից,
 Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ

Կարծիքներ

կարծիք