Ծնունդի դավադրություն

Վեռներ Լամբերսին այսօրվա ֆրանսագիր բանաստեղծության ականավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1941թ. Անտվերպենում, սակայն երիտասարդ տարիներից ի վեր հաստատվել և ապրում է Փարիզում:  Նրա «Ժամանակավոր  անաստվածի օրագիրը» հայերեն թարգմանությամբ տպագրվել է  2000թ.:

 

 

 

 

 

 

Ծնունդի դավադրություն շարքից

* * *

Խաղաղություն էր, ցուրտ

դարբնի սալ

օդի ապաստանը միակ՝ կրծքի մեջ

 

հոգու սառած թռչուն

տարածություն

գլխապտույտ անկում դեպի ներս

 

լեզվով հազիվ

փետուրների ծփանք

թևի տաքության մեջ

 

* * *

Բառեր որոնք

բերանը դարձնում են

ելից անցք

 

մարդ մեռած

որի ծնոտը

կախվել է

 

մարմին

քառատված

չափազանց մեծ մի աղաղակից

 

* * *

Կոպերի մկրատ

պայծառության

պորտալարին

 

լռություն

անլեզվակ զանգերի

ահազանգ

 

թափանցիկությունը

պակասում է

խոռոչի սարսուռ

 

* * *

Խռպոտ կրակ

անթափանց

ձայնավորների

 

բառը

թոքերի

ապականված օդում

 

խուլ բաղաձայներ

զանգի

անտառում

 

* * *

Միջոց

և առևտուր

մահվան հետ

 

ձյան

խոռոչներ

բերանի մոտ

 

աստղերի փսխուք

յուրաքանչյուր բառում

որ հրաժարվում է լինել համր

 

 

* * *

Ձյուն

և հոգու

մերկություն

 

դուրսը

փսխում է

անարյուն մի երկինք

 

պարապ

ուր խոթում ես

քո լեզուն

 

* * *

Մի ձայն է անցնում

անգոյի

մի սրահից մյուսը

 

պարապ գունդ

ձյան տակ

քո փխրուն տաքությունն է

 

փլուզում

որ փակում է

սառցի ճամփան

 

* * *

Բառերի փորձություն

կաղկանձված  ոչ մեկի համար

մշուշի մեջ

 

դու պատմող հուշկապարիկ

մենությունից

խռպոտված ձայնով

 

ձյուն

և աստղերի պլանկտոն

կապույտի ծալքերի մեջ

 

* * *

Հետո ստվերում

վայում է

սրտի խոռոչի բուն

 

կլոր

ակնաբիբի

մոլորակ

 

գիշերը թավալվում է

դանդաղ

ծակված նոտատետրով

 

* * *

Արևի

սաղմոսը

մակերեսի տակ

 

գիշերվա կորիզը

անգոյի

պտղի մեջ

 

տարածությունը

բույրի պես գնում է

մինչև իր սահմանները

 

* * *

Իգլուի թունելով

դուրս ես գալիս

դեպի լույս

 

տաք

գետի

ստորգետնյա մահճով

 

աստղածածկ լորձաթաղանթի

մի վերջին

կծկումով

 

* * *

Լույսը

երկար ու թաց

մազերով

 

լազուրը

ասես լինի

չտեսնող

 

համատեղ ներկայություն

առանց իմանալու

թե ում հետ

 

* * *

Մարդը

մարդու միջով

իր ճամփան է անցնում

 

ընկած

անփայլ  աստղերի

մաղի միջից

 

որտեղ զորացնում են

անգոյի

կավե դիմակները

 

* * *

Հողը

և նրա դարակները

մեռյալների

 

դատարկված բառերի

նրա

դիահերձարանները

 

նրա փորոտիքը

պաղած

գիշատիչ թռչունների մոտ

 

 

* * *

Իմ միակ ձիրքը

անապատ

պարգևելն է

 

այդ ծարավի

ծարավն

անջրհոր

 

բանաստեղծություն

ուր հնարավորություն է տված

երբեք չհաջողելու

 

* * *

Մենություն

առաջին ցավը

երբ ասվել է

 

վերջապես՝

երբ պետք է

ասել

 

* * *

Լույսը

լույսի տակ

ասես ձու կճպես

 

լույսը

լույսի մեջ

ինչպես ջրում

 

լույսը

լույսի վրա և ոչինչ

չկա նրանց միջև

 

 

* * *

Դու ճառագայթի

փոշոտ գանձերն ես

շարժում

 

ձյունը

մի անգիշեր

սնդուկ է

 

արշալույսի

գորշ կապարների մեջ

մի նոր խաղաղություն է ծնվում

 

* * *

Լռության այս կիրքը

ավելի ու ավելի է բորբոքվում

կենտրոնի գաղտնիքների հանդեպ

 

դու հեռանում ես

սակայն տեղ չես գրավում անջրպետում

և ոչ էլ քաշ ունես

 

ներկայություն

ասես իրերի միջով

անցնես:

 

Շարքը ընտրված է «Բնանկար մերկ մարդը ձյան մեջ» գրքից

Ֆրանսերենից թարգմանեց  Ալեքսանդր Թոփչյանը

 

 

Կարծիքներ

կարծիք