Կնոջ ոգին ու տեսակը Սուսաննա Հարությունյանի պատմվածքներում

Անդինին գրում են

Սիրելի Անդին,

Ես Ձեր հավատարիմ ընթերցողներից եմ և սիրով կարդում եմ Ձեր ամսագրում տեղադրված բոլոր նյութերը: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին Սուսաննա Հարությունյանի երկու պատմվածքները, որոնք ցնցեցին իրենց հարցադրումներով և կերպարների հոգեբանական խորությամբ: Որոշեցի իմ տեսանկյունից անդրադառնալ այդ կերպարներին և խնդիրներին: Ուրախ կլինեմ, եթե իմ փոքրիկ դիտարկումը հետաքրքրի Ձեզ և տեղ գտնի ամսագրի էջերում:

Աելիտա Հովսեփյան

Թ. Կրպեյանի անվան հիմնական դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Խոսքս Սուսաննա Հարությունյանի երկու հրաշալի պատմվածքների մասին է («Արևելյան պատի տակ» և «Լուսնի մահվան օրը»), որոնք տպագրվել են Անդին ամսագրի 2015 թ. 5-րդ համարում՝(5. 05. 2015):

Երկու ստեղծագործությունների հերոսներն էլ կանայք են, սովորական հայ կանայք, երկու ուժեղ կանայք, որոնք ապրում են իրենց խաբվածության ողբերգությունը… Խաբվածությունը կամ ծանր հիասթափությունը այս կանանցից յուրաքանչյուրը հաղթահարում է յուրովի:

«Արևելյան պատի տակ» պատմվածքը սկսվում է այնքան սրընթաց քայլքով ու պատումով, որ ընթերցողի շունչը կտրվում է՝դեռ չհասկանալով անգամ, թե ինչի մասին է խոսքը: Միայն հասկանում ես, որ գործ ունես խաբվածության հետ և վրեժ լուծելու արյան եռքն ես զգում: «Ես ինչի իմ հոգու ծածուկները դրան ցույց տվեցի…» հարցն այնքան ցավ է իր մեջ խտացնում, բայց մորմոքի փոխարեն գործուն եռքն է՝պատասխանատվության ենթարկել հավատը կոտրողի՝ «Մեկը պետք ա, որ ճշմարտությունն ասի» անսասան որոշումով: Եվ քանի որ անարդարության համար պատասխան պիտի տրվի, առաջին պատասխանն ինքը՝հերոսուհին է տալիս՝արյունոտելով սեփական բթամատը ոտքը քարին խփելով: «Բան չկա,- հանգստացրել էր ինքն իրեն,- վրեժը արյուն ա պահանջում» : Եվ հետամուտ իր վրեժին՝տարիքն առած հերոսուհին, որ սրտի թրթիռով էր ամեն անգամ գնացել եկեղեցի՝մեղքերի թողության, այս անգամ գնում է որպես պահանջատեր: Որքան էլ փորձում են խնայել նրան, շեղել, տուն վերադարձնել, Շուշանը հաստատակամ է: Իր սիրելի քահանայի մասին տարածված խոսքը զրպարտություն է, թե իրական փաստ՝նա արդեն չի էլ փորձում ճշտել… Պատասխանը հենց քահանայի՝դռան հետևում փակված լինելն է: «Ճշմարտությունն այլևս գաղտնիք չի,- վճռական նետել էր Շուշանը,- ճշմարտությունն էն ա, որ ինձ խաբել են»: Ու պահակի վրա գոռացել էր. «Ես ինձ խաբված եմ զգում՝առ քեզ դառը ճշմարտությունը»:

Եվ սիրտը լցված կինը ժամեր շարունակ համբերատար սպասում է ցուրտ գիշերով եկեղեցու դռանը, մինչև հայտնվում է տերտերը: Սեփական մեղքի գիտակցությամբ, գողունի՝նա փորձում է մտնել եկեղեցի՝չտեսնելով կնոջը, բայց մեխվում է տեղում վերջինիս պահանջատեր ձայնից. «Տեր հայր… Տեր հայր, հետ վերադարձրեք իմ մեղքերը…»:

Տեր հայրը փախել մտել էր եկեղեցի, Շուշանը «իրեն-իրեն գոռալ-լալով-մրմնջալով՝ հետ վերադարձրեք իմ մեղքերը, տուն էր գնացել»: Գնացել էր ոչ թե կարճ, հարթ ու ասֆալտած ճանապարհով, այլ երկար ճամփով, ինչպես եկել էր: Հավատի սպանության ու Գողգոթայի երկար ճանապարհով: Այս կինը միակն էր, որ պահանջատեր էր իր խաբված հույսերին, որ իր այնքան մարդկային, երբեմն անգամ գուցե հորինված մեղքերը ավելի լուսավոր գտավ… Եվ նրա վրեժը իր սեփական մեղքերը հետ ուզելն էր, հետ պահանջելն էր, և այդ հստակ ու զորավոր պահանջը բարոյական ապտակի ցնցող շառաչյունն ունի… Ինքնին ուզում ես շարունակել պատմվածքը… Ահա տեր հայրը, խորանի առաջ ծնկած, դողդոջուն շուրթերով ու սևակնած, շշնջում է. «Եվ թող մեզ զպարտիս մեր և մի տանիր զմեզ ի փորձություն…»: Այս վերջաբանն արդեն ընթերցողն է տեսնում իր ներքին աչքով կամ գուցե շարունակի գործողությունների զարգացման մեկ այլ ընթացք… Ամեն դեպքում, հոգու մեջ մնում է խաբված Շուշանի մորմոքուն ցավը, հավատի կորուստն ամենամաքուր սրբություն թվացյալ անձից, բայց հիասթափությանն ու ափսոսանքին գալիս են փոխարինելու սեփական իրավունքները պաշտպանելու, կամային լինելու, ոգու հզոր ուժի անհրաժեշտության գիտակցումը….

Մեկ այլ ցնցող հմայք ունի «Լուսնի մահվան օրը» պատմվածքը, որ գրված է վերհուշի տեսքով: Գլխավոր հերոսուհին երկար տարիներ իր հոգում ապրում-վերապրում է դավաճանության սարսափելի տառապանքը և դրան հաջորդած պատիժ- զոհաբերության ծիսակարգի՝չհաղթահարվող անարդարության, սակայն նաև այլ ելք չգտնելու ցավը: Ակամա ոճրագործի պես նա կրում է իր մեղքի բեռը՝ ցանկանալով, որ իրեն խղճան, և ինչպես հանցագործն է շարունակ վերադառնում հանցանքի վայր, նա էլ շարունակ փորփրում է իր հոգին, փորձում գտնել արդարացում իր կատարած զոհաբերության համար՝սիրելով ու փայփայելով անարատ զոհի պատկերը, վերապրելով զոհաբերության ողջ արարողակարգը, վերաձևելով ամեն անգամ այն ըստ իր՝ արդեն խարխլվող հիշողության հնարավորությունների ու պատկերների:

Եվ ինչ է եղել իրականում… պարզ ու ստոր, կոպիտ-անասնական մի դավաճանություն, իսկ դավաճանները, ինչպես լինում է սովորաբար, ամենահարազատ երկու մարդիկ են՝ամուսինն ու ընկերուհին… Զազրելի պատմություն, որի մասին հայտնում է տաքսու վարորդը, ում մոտ թողել էին հիվանդ երեխային: Հոգեկան ցնցում ապրող կինը բնականաբար ինչ-որ գործողության պետք է դիմեր… յուրաքանչյուր մեղքի համար կա հատուցում, կա պատասխան տալու խնդիր… Եվ ահա պատմվածքի հերոսուհին, ինքն էլ չգիտակցելով դա, դիմում է դեռևս անտիկ հունական դիցաբանության մեջ գործածված մեթոդին՝ընտրում է քավության նոխազ, որը պիտի դառնար նախորդ պատմվածքից հուշվող «Վրեժը արյուն է պահանջում» գաղափարի մարմնացում-զոհը: Այս անգամ զոհը «լղպոր գառն» էր՝հազիվ երկու-երեք ամսական, սպիտակ, մաքուր ու անարատ… «Գոնե մի անգամ քացի տար, հա…»: Անարատ զոհի՝ Գառան զոհաբերությունը կարելի է համեմատել աստվածաշնչյան մեծագույն զոհաբերության հետ, երբ աշխարհի անասնական ու զազիր մեղքերի մեջ թաղված մարդկությանը ապրելու և գոյության վերջին հնարավորությունն է տրվում, սակայն դրա դիմաց պիտի լիներ հատուցում-զոհաբերումը, և զոհաբերվում է ամենաանարատն ու մաքուրը՝ Աստծո Գառը… Չգիտեմ, հեղինակն իր իրապատում պատմվածքը շարադրելիս այս համեմատության եզրն ունեցել է մտքում, թե ոչ, սակայն այն ինձ համար հենց առաջին ցնցող զուգահեռն էր….

Հետո գալիս է մեղավորներ փնտրելու պահը. «…Որ դու չհիվանդանայիր…»: Հասկանում է, որ ինքնախաբեություն է, բայց… շարունակում է. «Դրանից հետո էլ մի շաբաթ էլ մեր տանը պահեցի, վերջում էլի հարևանին խնդրեցի, որդնած դմակով ղոչը մորթեց»: «Տասը կիլո մեղր լցրի, երկու գլուխ պանիր…»:  «Ասեցի՝ մեղք ա, անմարդ կնիկ ա…»: «Ասեցի՝ մեղք ա,- շարունակում էր կիսատ թողած տեղից,- տեգրերի հետ նույն բակում ա ապրում, թող խոսելատեղ ունենա, հանկարծ գլխի չընկնեն»: Այս դրվագում հիշողությանս մեջ արթնանում են Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» հրաշալի ստեղծագործության պատկերները և հատկապես հերոսի մոր կերպարն ու նրա տածած հոգատարությունը մահացած ամուսնու «որբացած» սիրուհու հանդեպ:

Ս. Հարությունյանի պատմվածքի անանուն հերոսուհին, որը նույնպես մայր է, ընտանիքի հոգսն ու բեռը ուսերին կրող հայ կնոջ նահապետական յուրօրինակ կերպար, հետաքրքիր մեկնաբանություն է անում՝ դավաճանության բարոյական ողջ մեղքը բարդելով ընկերուհու վրա, քանի որ հայ կնոջն է համարում բարոյական հիմնարժեքների կրողը, մարդկային և ընտանեկան սրբությունների պահապանն ու փոխանցողը: «Տղամարդն ու շունը մեկ են,- ասում էր,- ինքը պիտի թույլ չտար»:  Ամուսնուն ներելու, ընտանիքը պահելու և չկործանելու հուսահատ մի հնար է սա, ինքնախաբեության սայթաքուն ուղի, սակայն, միևնույն է, իր հոգում այդ մեղքը երբևէ չէր ներվել, չէր մոռացվել. վկան շարունակ հիշողության մեջ մորթվող անարատ զոհ-գառի պատկերն է: Խղճի մասին խոսք չկար, բայց խղճի խայթն էր, որ իրեն ներքուստ շարունակ կրծում էր: «Ողջ կյանքի տևողությամբ պատմեց ու պատմեց: Էնքան պատմեց՝ դարձավ ժառանգական ունեցվածք, փոխանցվեց ինձ»: Եվ ահա, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «մոր բախտ, աղջկան՝թախտ»:  Տարիներ անց ամուսնուն դավաճանության մեջ բռնեցրած հերոսուհու դուստրը, որ մեծացել էր այս պատմության տարբեր հոլովումները լսելով ու կեղեքվելով, դառնությամբ ու ափսոսանքով շշնջում է. «Գոնե իմ անկողնում չլիներ, թարսի պես էլ օժիտիս սավանն էի փռել… գոնե մի անգամ վրան քնած լինեի…»: «Որ մի գառ լիներ, մորթեիր, սիրտդ ահագին կհովանար…»,- տխուր ժպտում էր մայրը:

Երկար ժամանակ պատմվածքը պահում է քեզ իր ազդեցության ծանր տպավորության տակ՝ստիպելով խորհել, վերընթերցել և հասկանալ, որ մեր գործած յուրաքանչյուր չարիքի համար կա համապատասխան պատիժ-հատուցումը, և այդ հատուցումից խուսափելն անհնար է, այն գալիս է ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով, բայց անպայման գալիս է… և զոհն ու դահիճն անընդհատ փոխվում են իրենց դերերով: Միշտ ինչ-որ մեկը պատասխան պիտի տա:

Թվացյալ փոքրիկ իրավիճակների մեջ ներկայացված հերոսուհիներն իրենց պատկերավորմամբ, էությամբ, արարք գործելու ունակությամբ ուժեղ ու պատվախնդիր կանայք են՝ էպիկական կերպարների հզորությամբ, կանայք, որ գիտեն խոսքի և գործի արժեքը, կանայք, որ ապրում են ներքին ողբերգություն և իրենց տեսակով վեր են բարձրանում հասարակությունից՝չգոռալով ու չցուցանելով այդ, կանայք, որ տալիս են բարոյականության դասեր իրենց արարքների միջոցով, առանց ավելորդ խոսքուզրույցի և ավելորդ պաթոսի… Հետաքրքիր է, որ հեղինակը չի գծում հերոսուհիների արտաքին նկարագրության որևէ շտրիխ՝դրանով իսկ նրանց դարձնելով արժանապատվության, ոգու և տեսակի հավաքական, միաձույլ, մոնումենտալ կերպարներ:

Երկու սեղմ ծավալով պատմվածքներ և այսքան ասելիք… Դեռ որքան հետաքրքիր բացահայտումներ են սպասվում Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունների աշխարհում, որքան հյութեղ ու կոլորիտային կերպարներ և զարմանալի ու խորը պատումներ… Ըմբոշխնումի վայելք բոլորիս…

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք