Բանաստեղծը խրամատում

Հեղինակ:

«Բանաստեղծը խրամատում» շարքից

 

Լուսամուտ

 

Այն պատին

Որ շարել են

Այս բանաստեղծության շուրջ բոլորը

Լուսամուտ եմ նկարում

 

Գուցե Աստված

Մանուկ ժամանակ

Գունագեղ ապակյա գնդիկ է թաքցրել

Հենց այս լուսամուտի ետևում

 

 

Հայրը

 

Կես հայացք նետեց ոտքերիս

Ու ասաց

Տարբերություն կա թե ինչպես ես գնում

Օդանավով

Գնացքով

Ձիով

Թե հետիոտն

Բոլոր դեպքերում

Ոչ շուտ կհասնես

Ոչ ուշ

Այս ճամփորդությունը

Մի ամբողջ կյանք կտևի

Ոտքով գնա

 

 

Նահանջ

 

Կեսգիշերին մոտ հասանք նրանց

Գալիս էին դիմացից

Ասացին

Վերադարձեք

Ասացինք

Վերադարձեք

 

Ոչ նրանք էին ստում

Ոչ մենք

 

 

Պատերազմ և խաղաղություն

 

Որքան նման է

Կարճ բանաստեղծությունը

Խաղաղությանը

Իսկ երկարաշունչ նամակները

Պատերազմին

 

 

Խրամատներ և գերեզմաններ

 

Շատ բան չեմ հիշում

 

Մեր խրամատները

Դեմ առ դեմ էին փորել

Իսկ մեր գերեզմանները

Միմյանց կողք

 

Տխուր էր և

Մի քիչ ծիծաղելի

 

 

Ավերածություն

 

Հայրս որ գնաց

Մի տուն քաղաքում

Ժամ առաջ

Նախքան ռմբակոծությունը

Ավերվեց

 

 

Մայր

 

Մայրս գնաց և

Հացը

Տան մարած թոնրում

Ամեն օր

Այրվում է

 

 

Կարմիր վարդի բույրը

 

Մինչև այն օրը երբ կար

Ձեռքերը բուրում էին կարմիր վարդի բույրով

Այն օրից երբ գնաց

Կարմիր վարդերը

Բուրում են նրա ձեռքերի բույրով

 

 

Թաղում

 

Հորս գերեզմանին

Ինչպես երեխան հորի խորքում

Արտասվեցի

 

Մորս գերեզմանին

Ինչպես խելագարը հորի պռնկին

Ծիծաղում էի

Այդ օրը

Մայրս բոլորից թաքուն

Ինձ խուտուտ էր տալիս

 

 

Առեղծված

 

Ծեր իմաստունը

Ժպտաց ու ասաց

Մտածելով այս խնդիրը չես լուծի

Այս առեղծվածի պատասխանը

Միայն

Այն երեխաները գիտեն

Որ դեռևս

Լեզու չեն եղել

 

 

Խրխինջ

 

Կեսգիշերին

Մի ձի եկավ երազումս

Հոգնած էր

Քնեց

 

Ես ամբողջ գիշեր բանաստեղծություն էի գրում

Մութուլուսին այգաբացի

Արթնացավ

Ու խրխնջաց

Ձիերը երազում

Ման են ածում բանաստեղծներին

 

Անձնական կտավներ

 

Ճերմակ երազներս

Սպիտակ կտավին

Իսկ կյանքիս գորշությունը

Սև կտավին եմ նկարում

 

Այս երկու կտավները

Քույր իմ

Ոչ մի գնով չվաճառես

 

*Բանաստեղծությունները գրված են առանց կետադրական նշանների:

 

«Աշխարհը ինչ է անում իր զավակների հետ» շարքից

***

Եվ կեսգիշերին

Աչքերս նկարելուց հետո

Տեսա նրա աչքերը

Եվ ժպիտը

 

Լուսաբացից քիչ առաջ

Նկարչի քնելուց հետո

Հրաժեշտ տվեցի ընտանիքիս

Եվ դուրս եկա ՙԿարտոՖիլ ուտողները՚ կտավից

Համբուրեցի նկարչի ձեռքերը և

Փախա

Այն սայլով որ Մոցարտին գերեզմանոց էին տարել

 

«Աշխարհը ինչ է անում

իր զավակների հետ»

***

Յոթ տարեկան էի

Մատիտը վերցրի և

Այն ինչ ցանկանում էի ունենալ

Նշեցի թղթի վրա

Հարյուր էջանոց տետր

Փայտյա մատիտ

Ռետին

Գրպանի լապտեր

Աշխարհի ճանապարհների քարտեզը

Եվ մի զույգ եղջերու

 

Այսօր

Ռետինը վերցրի և

Թղթի վրայից մաքրեցի

Ռետինը

***

Այս օրերին

Քնից որ արթնանում եմ

Ակամայից ճչում եմ

Ճիշտ այն սևամորթի պես

որ առաջին անգամ

Իր տանը

Մի սպիտակամորթ տեսնելով

Ճչաց ու

Մեռավ…

 

***

Աշխարհը

Այս արցունքի կաթիլի ետևից

Գեղեցիկ մանուկ է

որ ծովում

Ջրահեղձ է լինում

 

Արցունքի այս կաթիլը

Որ հորիցս և

Պապիցս եմ ժառանգել

Ոչ կաթում է

Ոչ էլ չորանում…

 

***

Ծեր գիտնականը

Աշխարհի այն ծայրում

Սև կետը

Ցույց տվեց սպիտակի մեջ և

Սպիտակ կետը

Սևի

 

Եվ ծեր բանաստեղծը

Աշխարհի այս ծայրում

Սև կետը

Ցույց տվեց սևի մեջ և

Սպիտակ կետը

Սպիտակի

 

 

***

Ուսուցողական ճամբարում

Մեզ սովորեցրին

Ինչպես չերևանք ցերեկվա մեջ

Իսկ գիշերում տեսնենք

 

Հիմա

Ճամբարից դուրս

Ոչ ոք մեզ տեսնելու ցանկություն չունի

Ցերեկը

Մենք ևս

Հակված չենք մեկին տեսնելու

Գիշերը…

 

***

Հայելիներին չեմ նայում

 

Պատկերս

Մեկի հայացքում է

Որ հայելին ձեռքին

Կանգնել է իմ դիմաց

 

Հայելիներին չեմ նայում

 

 

***

Ականների կրակոցներից

Առաստաղները վայր թափվեցին

Եվ պատերը

Դարձյալ

Կանգուն մնացին…

 

Հենց այս պատերից մեկի ետևում

Ռոդենը

«Աստծո ձեռքը» փնտրելով

Ավերակը

Տակնուվրա է անում…

 

 

Պարսկերենից թարգմանեց

 Էդուարդ Հախվերդյանը

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք