Բայց մահվան օրը հայտնի չէր

Կարող եմ նստել և պատերազմի, մեր գյուղի տղաների մասին գեղեցիկ բառերով, կարճ կամ երկար նախադասություններով պատմություններ գրել: Վիլյամ Սարոյանը գրում էր ձմռանը քաղաքում մնացած կոլիբրիի մասին, կարդում՝ չէինք հուզվում: Մինչև չհասանք այն տարիքին, երբ ձյուների մեջ անճոռնի թռչկոտող ճնճղուկին խղճացինք ձմռան մի օր, երբ տնաքաշ արաղից շոգած՝ բակ էինք դուրս եկել և հալոցքի մեջ շշմած կանգնած՝ արևի հետքով ուզում էինք երկինք բարձրանալ, բայց ճնճղուկը կտրեց վերելքի մեր ճանապարհը և թռավ-կանգնեց թթենու ճյուղին, և աշխարհը միանգամից տգեղացավ, ինչպես պատերազմի ձմռան այն օրերին, երբ գյուղը կատարյալ ամայի էր:

Դպրոցի սպորտդահլիճը, ակումբը, լաբորատորիան, գրադարանը դարձրել էին զորանոց: Թաց փայտը դժվար էր վառվում, օրապահ զինվորները գրադարանից միջանցք թափած գրքերից կպչան էին դնում: Վառարանների տակ չորանում էին նրանց գուլպաները, վարտիքները: Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» ստվարածավալ հատորից զինվորը թերթեր էր պոկում՝ օդանցքից խցում մլմլացող փայտերի տակ, կռանում-փչում, և վառարանը տաքանում ու տաքացնում էր քրտնախարշ հագուստները, յուղաներկ պատերը, իսկ տնօրենի սենյակում ռացիան միալար խշշում էր: Այդ օրերի ռազմաճակատային ամփոփոգրերն ասում էին, որ ինքնապաշտպանության ուժերը դիրքային մարտեր են մղում Վաղուհաս-Չլդրան-Կիչան գծի վրա: Վաղուհասը գրավված էր ամառվանից, սեպտեմբերին հանձնվել էր Չլդրանը, Կիչանը վաղուց գյուղ, անգամ հենակետ չէր, խրամատ էր, որ օրումեջ ձեռքից ձեռք էր անցնում: Եվ մեր գյուղի ջոկատն այնտեղ էր՝ Ալիաղալուի դիմաց, որ խաղաղ ժամանակներում մեր և աղդամցիների սահմանն էր՝ որտեղ Ղազանչիի թթայգիներն ավարտվում էին և երևում էր արհեստական ջրամբարը:

Հին ճանապարհը կառուցել են բեկերը, որ Խաչենի ստորին հոսանքներում բերրի հողեր են ունեցել, վարձակալության են տվել շիրվանլու և քենգերլի թուրքերին: Նրանք այնտեղ ցորեն ու բրինձ են աճեցրել: Բերքահավաքին բեկական գործակալները շրջել, տիրոջ հասանելիքը գանձել, բարձել են ուղտերին, եզնասայլերին, և որպեսզի նրանց ընթացքը արագ լինի՝ բեկերը գետահովտում ճանապարհ են բացել, կամուրջներ կառուցել: Մեկը դեռ կա՝ Վահան բեկի կամուրջը: Պատերազմի տարում այնտեղ դիրքավորվել էին գնդացրորդները և ժամանակ առ ժամանակ կրակ էին մաղում Ալիաղալուի կտուրներին, որտեղից ծուխ էր նկատվում: Այդ մեծ գյուղի հատուկենտ տներում էր մարդ ապրում: Մյուսները թողել-հեռացել էին: Բռնատեղահանվածների ալիքը ամառվանից եկել-խփել էր ձորահովտի մեր գյուղերին, մարդկանց տարել իր հետ: Ով Երևան էր հասել, ով՝ Մոսկվա, մեծամասնությունը Ստեփանակերտում բարեկամ-խնամի-ծանոթի տներում էր պատսպարվել…

Բայց սա ի՞նչ պատմություն է: Ո՞վ կհավատա, եթե ասվի, որ քաղաքի բնակչության մեծ մասն այդ ձմեռ հեռացած էր, նրանց տներին տիրություն էին անում բարեկամ-խնամի-ծանոթ՝ մեր գյուղերից բռնատեղահանվածները: Իսկ ում բախտը չէր բերել, տունը թողել էր դատարկ. նրա դուռը նիգով ջարդում, այնտեղ բնակություն էին հաստատում զինվորական պարետության սպաները, ջոկատների հրամանատարներն ու թիկունքային ծառայության հաջողակները: Բոլոր հարցերը բանակն էր լուծում, և շահողը ոչ մարտական զինվորականությունն էր, որի մասին կորուստների, հուսալքության այն ձմռանը լեզվանի մեկն ասել էր. «Բա դու կուզե՞ս, որ կռիվը շուտ վերջանա»:

Հեռացողը հեռացել, զոհվողը զոհվում էր, հարստացողը՝ հարստանում: Եվ քաղաքում այսուայնտեղ հայտնվեցին առաջին սեղանիկ-վաճառատեղիները, և բռնատեղահանվածներն իրենց ներսում մխացին, որ հասանելիք օգնությունն է վաճառքի հանվում, զինվորներն սկսեցին բողոքել, որ էլ թութուն չեն ծխի. եթե վաճառքում ֆիլտրով ծխախոտ կա, ուրեմն բանակի պահեստներն են դատարկվում: Իսկ իշխանությունը կարծես ոչինչ չէր լսում՝ մեծ հակահարձակման նախապատրաստության վրա էր:

Տեսնո՞ւմ եք, չի ստացվում: Անկապ է: Ձմռանը քաղաքում մնացած կոլիբրիի, ձյուներում մրսող ճնճղուկի հանդեպ խղճահարությունը, զորանոց դարձրած գրադարանի տխրությունը, լքված գյուղերի սևախոռոչ տների սարսափները, սև ցեխի դիրքերում սպանվածի հուշը, և բերկրանքը, որ ինքնապաշտպանության ուժերին համառ մարտերից հետո հաջողվել է վերահսկողության հաստատել Թարթառ-Քելբաջար մայրուղու Սարսանգի հատվածի վրա,- այդ ամենն ի՞նչ կապ ունի ինչ-որ բան գրել կարողանալու-չկարողանալու երկընտրանքի հետ, քանի որ ամեն ինչ մնացել է քսանհինգ տարվա հեռուներում և ինչ որ ասվում է՝ միայն ընդհանուր գծերով է իրականություն, մանրամասնություններ բերելու համար պետք է մի քիչ երևակայություն և խոսքի պերճանք, բայց այդ դեպքում էլ կկեղծվի այն ձմռան առհասարակ զգացողությունը, իսկ դա մսխելու համար չափազանց թանկ է: Ահա այդպես. ուզում ես, գիտես և կարող ես, բայց վերջին պահին կանգնում ես ամենաթանկը պատմելու անհնարինության առջև, և ամեն ինչ դառնում է անիմաստ: Ինչպես որ անհամեմատ տարողունակ է Սարոյանի պատմվածքի վերնագիրը, քան ասորիների մասին բուն պատմությունը: Եվ զարմանում ես, թե Կալիֆոռնիայի ձմեռն այդ ինչքա՞ն ցուրտ պիտի եղած լինի, որ գրողին հուզեր կոլիբրիի ճակատագիրը…

Այն ահավոր ձմռանը ծնկահար ձյուներն արյունոտ էին: Զոհվողը զոհվում էր, հեռացողը՝ հեռանում: Ոչ ոք ոչ մեկին չէր խղճում, որովհետեւ մահվան հետ հաշտ էին: Բայց մահվան օրը հայտնի չէր…

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք