Գլուխ և գլխարկ

Ծխախոտը վերջանում էր: Դրամապանակից մի թղթադրամ հանելով՝ Սիդն ուղղություն վերցրեց դեպի մոտակա խանութը: Ծխախոտը վերցրեց ու փոխանցեց գումարը, և մինչ վաճառողը մանրն էր վերադարձնում, Սիդը ոչ առանց զարմանքի նկատեց, որ նրա գլուխը բացակայում է:

-Էլի՞ ինչ-որ բան,- ասաց վաճառողը: Նա մոտ հիսուն տարեկան կին էր, ու նրա շարժումներից դժվար չէր կռահել, որ առօրյա հոգսերից բացի չունի ուրիշ որևէ զբաղմունք: Սիդը չլսեց հարցը: Նա նայում էր կնոջը, նրա ճարպոտ ձեռքերին, ցցված փորին, ուսերին և այնտեղ, ուր պետք է գլուխը լիներ, բայց այն չկար:

-Էլի՞ ինչ-որ բան է պետք, տղա,- կրկնեց վաճառողը:

-Ոչ,- ասաց Սիդը,- ոչ: Դուրս եկավ: Կանգնել էր խանութի առաջ: Չէր շարժվում: «Սա ի՞նչ էր»: Նրան հետաքրքիր էր տեսնել այլոց արձագանքը, երբ նկատեն, որ կինը գլուխ չունի, բայց այն մի քանի րոպեների ընթացքում, ինչ կանգնած էր խանութի առաջ, ոչ ոք չմտավ այնտեղ: Մի ծխախոտ վառեց: Որոշեց սպասել. ի վերջո մեկն ու մեկը պետք է մտներ այդ խանութ: Սիդն արդեն երկրորդ, երրորդ ծխախոտն էր ծխում, բայց դեռ ոչ ոք չէր մտել խանութ:

-Ինչի՞ ես սպասում, տղա,- լսվեց վաճառողի յուղոտ ձայնը: Այդ ժամանակ Սիդի մտքով անցավ մի բան փորձել: Նա փոխեց հեռախոսի ժամն ու խանութ մտավ:

-Տիկին, դուք կարո՞ղ եք ինձ ժամն ասել, տեսեք,- ասաց նա՝ ցույց տալով հեռախոսը,- իմ հեռախոսի ժամացույցը գիշերվա չորսն է ցույց տալիս:

Այն պահին, երբ վաճառողը նայեց Սիդի հեռախոսին, Սիդն արագորեն միացրեց հեռախոսի տեսախցիկը, այնպես որ նա կարողանա տեսնել, որ իր գլուխը բացակայում է:

-Ժամը ինն անց կես է,- ասաց վաճառողը ու իր գործին անցավ. նոր ստացած ապրանքներն էր դասավորում: Սիդը դուրս եկավ ու նորից կանգնեց խանութի առաջ: Մի ծխախոտ ևս վառեց: Դանդաղ այս ու այն կողմ էր քայլում: Երկինք էր նայում: Ոտքով քարին էր խփում: Սպասում էր: Քիչ հետո մի տղամարդ անցավ նրա մոտով, Սիդը բռնեց նրա թևից ու ուզում էր ինչ-որ պատրվակով ներս քաշել նրան ու տեսնել, նայել, դիտել, թե նա ինչպես կարձագանքի այն բանին, որ վաճառողը գլուխ չունի, բայց շուտով նկատեց, որ մարդը նույնպես գլուխ չունի:

-Ա՜ա, ներեցեք, պարոն, սխալվել եմ,- ասաց Սիդը:

Մեկ ժամ: Երկու ժամ: Սիդը քայլում էր մոտերքում: Այդ ընթացքում ևս երեք մարդ տեսավ, ու նրանց գլուխները նույնպես բացակայում էին: «Կամ գուցե սխալվել եմ,- մտածում էր նա,- չէ՞ որ այդ մարդիկ բավական հեռու էին և գլխարկով, գուցե չեմ նկատել նրանց գլուխները: Լավ, պետք է սպասել: Ո՞ւր են բոլորը, ինչո՞ւ չեն երևում: Հա, աշխատանքային ժամ է, նրանք պարզապես աշխատում են: Պետք է սպասել՝ մինչև վերջացնեն աշխատանքը, այդ ժամանակ գուցե հնարավոր լինի մի լավ նայել բոլորին»:

Սիդը շուրջն էր նայում, կարծես մնացած ամեն բան կարգին էր՝ շունը հաչում է, ծառը կանաչ է, արևը շողում է: «Իսկ ինչո՞ւ սպասել, եթե կարելի է նրանց աշխատանքի տեղում բռնացնել,- մտածեց Սիդը,- հա, հենց այստեղ, մոտ երկու հարյուր մետրի վրա պետք է որ խանութների շարք լինի»: Սիդն արագացրեց քայլերը: «Ահա, խանութները երևում են արդեն: Մի քիչ էլ: Ահա: Հասանք»: Հասնելով առաջին խանութին՝ Սիդը մի պահ կանգնեց: «Լավ, պետք է մտնել: Իսկ ի՞նչ պետք է հարցնեմ: Դե լավ, կհարցնեմ այնպիսի բան, որ չեն ունենա, պարզապես պետք է տեսնել, թե նրանք ինչպես են պահելու իրենց»: Ներս մտավ:

-Բարև ձեզ:

-Բարև ձեզ:

Ոչ: Հաստատ: Գլուխը բացակայում է:

-Ես ծխախոտ եմ ուզում, կարմիրը:

-Կարմիրը չունենք:

-Լավ, հաջողություն:

Հաջորդ խանութը մտավ:

-Բարև ձեզ:

-Բարև:

-Ես ծխախոտ եմ ուզում, կարմիրը:

-Կարմի՞րը, ահա, վերցրու:

-Չէ, ոչ սա, նույնի երկարը:

-Երկարը չունենք կարծեմ, սպասիր, տեսնեմ: Չէ, հաստատ չունենք, իսկ ընդհանրապես լինո՞ւմ է սրա երկարը:

-Իհարկե լինում է:

Սիդը շտապեց դուրս գալ, նրա գլուխը նույնպես բացակայում էր: Հաջորդ խանութը մտավ:

-Բարև ձեզ:

-Բարև ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել:

-Ես ծխախոտ եմ ուզում, կարմիրը, երկարը:

-Իսկ ոչի՞նչ, որ սա հագուստի խանութ է,- ասաց երիտասարդ վաճառողուհին, ում գլուխը նույնպես բացակայում էր: Սիդը շուրջը նայեց. իրոք, հագուստի խանութ էր:

-Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- սիրալիր ձայնով հարցրեց վաճառողուհին:

-Այո, իսկ ձե՞զ հետ: Ներեցեք իհարկե, որ հարցնում եմ, բայց ո՞ւր է ձեր գլուխը:

-Գլո՞ւխը, իսկ ինչի՞ս է պետք գլուխը:

-Ո՞ւր են ձեր բոլորի գլուխները,- հարցնում է Սիդը,- ես չեմ հասկանում:

-Ի՞նչը չեք հասկանում,- ասում է վաճառողուհին,- դա նորմալ է, իսկ այ դուք ձեզ տարօրինակ եք պահում:

-Ե՞ս,- ծիծաղում է Սիդը:

-Այո:

-Լավ, ընդամենը մի բան եմ հարցնում, պատասխանեք խնդրում եմ: Այսօր դուք քանի՞ հաճախորդ եք ունեցել:

-Մոտ հինգ-վեց, ինչո՞ւ եք հարցնում:

-Եվ նրանց բոլորի՞ գլուխներն էին բացակայում,- հարցնում է Սիդը:

-Այո, իսկ ի՞նչն է այդտեղ զարմանալի:

-Հեչ, հենց այնպես եմ հարցնում: Ես կարո՞ղ եմ մեկ-երկու րոպե նստել այստեղ:

-Նստեք եթե ուզում եք, բայց ձեզ նորմալ մարդու պես պահեք:

-Իհարկե, ես ինձ նորմալ մարդու պես կպահեմ:

Հինգ րոպե: Տասը րոպե: Նրանք աշխատում էին չնայել իրար:

-Իրականում ես պետք է ոստիկանություն զանգեի, բայց եթե գնաք հիմա, խոստանում եմ չզանգել,- ասում է վաճառողուհին:

-Ոստիկանությո՞ւն, ինչի՞ համար,- հարցնում է Սիդը:

-Դուք չգիտե՞ք ինչ է:

-Ի՞նչը:

-Լավ, պարզապես գնացեք, և ես չեմ զանգի:

-Ինչո՞ւ պետք է ոստիկանություն զանգեք:

-Դուք ի՞նչ է, իրո՞ք չգիտեք:

-Ոչ, ինչպես տեսնում եք՝ չգիտեմ, գուցե ասե՞ք:

-Ցավում եմ:

-Ինչի՞ համար եք ցավում,- հարցնում է Սիդը,- դուք կարո՞ղ եք պարզ խոսել:

-Ես վաղուց արդեն ոստիկանություն զանգած կլինեի, բայց ափսոսում եմ ձեզ: Ախր դուք այնքան երիտասարդ եք, մենք երևի նույն տարիքի ենք: Գնացեք, ես չեմ ուզում փչացնել ձեր կյանքը:

Սիդը ծիծաղեց միայն:

-Ինչի՞ վրա եք ծիծաղում, ձեր փոխարեն ես ինձ լուրջ կպահեի: Հիմա դուք մտածելու շատ բան ունեք:

-Մտածե՞լ, հիանալի է, եկեք հենց այդտեղից սկսենք, ասացեք խնդրեմ, ի՞նչ է նշանակում մտածել,- հարցնում է Սիդը:

-Դուք ծաղրո՞ւմ եք ինձ:

-Ամենևին:

-Այո:

— Ոչ:

-Գնացեք, խնդրում եմ:

Սիդը չէր էլ պատրաստվում գնալ: Նստեց, ու նրանք շարունակեցին լռել: Քիչ հետո խանութ մտավ մոտ քառասուն տարեկան մի տղամարդ: Նրա գլուխը բացակայում էր:

-Բարև ձեզ, ձեզնից ո՞վ կարող է օգնել ինձ,- ասաց տղամարդը,- ես գլանաձև գլխարկ եմ ուզում:

-Ես կօգնեմ,- ասաց Սիդը:

-Նստեք, դուք կարող եք վախեցնել հաճախորդին,- շշուկով ասաց վաճառողուհին: Սիդը չենթարկվեց նրան:

-Ահա, այստեղ,- ասաց Սիդը՝ ցույց տալով գլանաձև գլխարկները: Տղամարդը մի երկու գլխարկ փորձեց:

-Ներեցեք, պարոն, իսկ ո՞ւր է ձեր գլուխը:

-Ես ներողություն եմ խնդրում նրա համար,- ասաց վաճառողուհին՝ քաշելով Սիդի թևից:- Գնացեք այստեղից,- ասաց նա շշուկով, իսկ հետո բարձրաձայն ավելացրեց,- այդ գլխարկը ձեզ շատ է սազում:

-Շնորհակալ եմ, դե իսկ ներողության կարիք ամենևին էլ չկա:

-Այդ դեպքում խնդրում եմ պատասխանեք, պարոն,- ասում է Սիդը,- ո՞ւր է ձեր գլուխը:

-Իսկ գլո՞ւխն ինչ ես անում,- ասաց տղամարդը,- կարևորը գլխարկն է: Այն պետք է լինի և պետք է գեղեցիկ լինի:

-Օ, այո, բացականչեց Սիդը:

-Այո: Դու դեռ շատ երիտասարդ ես, շատ բաներ գուցե չես հասկանում, դրա համար ուշադիր լսիր այն, ինչ ասում եմ: Կարևորը գլխարկն է, լսո՞ւմ ես, գլխա°րկը: Այն պետք է ձիգ լինի ու միշտ մաքուր:

-Կարևորը գլխարկն է,- կրկնեց Սիդը,- ահա թե ինչ:

-Հասկացա՞ր,- հարցնում է տղամարդը,- ես գիտեի, հենց սկզբից էլ զգում էի, որ դու խելացի տղա ես:

-Ոչ, պարոն, չհասկացա: Տեսեք, դուք ոտքեր ունեք, ճի՞շտ է,- հարցնում է Սիդը:

-Այո:

-Եվ ունեք կոշիկներ, դա նորմալ է: Ունեք ձեռքեր և ունեք ձեռնոցներ, դա նույնպես նորմալ է: Բայց դուք չունեք գլուխ, դա նորմալ չէ, և ուզում եք գլխարկ գնել, դա կրկնակի նորմալ չէ:

Տղամարդն ու վաճառողուհին իրար նայեցին ու ծիծաղեցին: Հետո վերջինս ևս մեկ անգամ ներողություն խնդրեց Սիդի անպատշաճ վարքի համար, ու նրանք շարունակեցին գլանաձև գլխարկներով զբաղվել. մեկը տեսականին էր ցույց տալիս, մյուսը փորձում էր: Սիդը շտապեց դուրս գալ: Մի քանի խանութ ևս մտավ կամ, ավելի ճիշտ, բացում էր դռներն ու փակում՝ հասցնելով միայն նկատել, որ նրանց գլուխները բացակայում են: Նա սկսում էր հասկանալ, թե ինչ է կատարվում: Այնուամենայնիվ դեռ պետք է լինեն մարդիկ, ովքեր գլուխ ունեն: Ծոցագրպանից գրիչ ու մի նոթատետր հանեց ու նոթատետրը հենելով խանութներից մեկի պատուհաններից մեկին՝ սկսեց գրել այն բոլոր վայրերը, ուր հնարավոր է նորմալ մարդիկ դեռ մնացած լինեին՝ գրադարան, գրախանութ, համալսարան… գրելն ընդհատեց այն պահին, երբ կողքով միջին տարիքի մի կին ու տղամարդ անցան: Հասնելով Սիդին՝ նրանք կանգ առան ու սկսեցին շշուկով խոսել: Սիդը լսեց նրանց խոսակցությունը:

-Այս տղայի ուսերին ինչ-որ մի բան կա, դա նորմա՞լ է,- հարցնում էր կինը:

-Ոչ, նորմալ չէ,- պատասխանեց տղամարդը:

-Ա՜ա, հասկացա, սա գիժ է, արի,- ասաց կինը՝ քաշելով տղամարդու թևից,- արի գնանք, վտանգավոր է:

Նրանք հեռացան: Խորը հոգոց հանելով՝ Սիդը շարունակեց գրել՝ «Գրադարան, գրախանութ, համալսարան, գժանոց, այո, գժանոց: Եվ գուցե լինեն առանձին մարդիկ,- մտածեց նա,- դա կարող է լինել, ասենք, Ալբերտ Հերսթը՝ ավտոսրահի տնօրենը, նա ամենախելացի մարդն է, ում ես երբևէ ճանաչել եմ, հետո Ջեյնը, դպրոցում նա ամենալավն էր սովորում, թեպետ դա չէ կարևորը, նա իրեն հիանալի էր պահում ու, կարծեմ, սիրում էր կարդալ, Լուիզան և… և ոչ ոք»: Որոշեց տաքսի վարձել ու ստուգել այդ բոլոր տեղերը, բայց հիշեց, որ դրամապանակը չի վերցրել, և ստիպված եղավ ոտքով գնալ:

Առաջինը, ուր գնաց, համալսարանն էր, բայց անվտանգության աշխատակիցը ներս չթողեց նրան: Ի պատասխան Սիդի հարցին, թե ինչու ինքը չի կարող ներս մտնել, նա ցույց տվեց ցուցանակը, որի վրա գլուխ էր նկարած ու գիծ քաշած, իսկ ներքևում մանր տառերով գրված էր՝ ՙՄուտքը գլխով խստիվ արգելվում է՚:

-Սա մղձավանջ է,- բացականչեց Սիդը,- գիտեմ, ուր որ է պետք է արթնանամ, այնպե՞ս չէ: Անվտանգության աշխատողը չմտածեց էլ այդ հարցին պատասխանելու մասին, իսկ երբ Սիդը հարցրեց, թե այստեղ կա՞ մեկը, ում գլուխը չի բացակայում, նա լուռ ցույց տվեց ցուցանակը:

-Հենրին, ինչպես էի մոռացել նրա մասին, Հենրին,- բացականչեց Սիդը,- ո՞ւր է Հենրին, նա այստեղ է աշխատում:

-Երեկ կեսօրին նա ինքնասպան է եղել:

-Նա գլուխ ուներ, այնպես չէ՞:

-Ուներ:

-Ուներ,- կրկնեց Սիդն ու ափերի մեջ առավ գլուխը,- ուներ, բայց երեկ կեսօրին ինքնասպան է եղել: Հենրին ու Սիդը համալսարանում էին հանդիպել: Նա Սիդից մեծ էր մի քանի տարով ու իր հասուն խորհուրդներով քիչ չէր օգնել վերջինիս:

Սիդը եղավ գրախանութում ու գրադարանում, նույն պատկերն էր՝ մուտքը գլխով արգելվում է: Մինչ նա մի տեղից մյուսն էր շտապում, անցորդները տարօրինակ կերպով նրան էին նայում ու ասում՝ աննորմալ է: Սիդը միայն շնորհակալություն էր հայտնում, նա ուրախ էր, նա անկեղծորեն ուրախ էր, նա հրճվում էր՝ քանի դեռ այս մարդիկ իրեն աննորմալ են անվանում, նա կարող է վստահ լինել, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Մնաց միայն երեք անուն՝ Ալբերտ Հերսթ, Ջեյն և Լուիզա: Փորձեց կապվել նրանց հետ, բայց երեքի հեռախոսներն էլ անջատված էին: Այժմ Սիդն աննպատակ քայլում էր: Երեկոյան վեցն էր: Ամբողջ օրը քայլելուց բավական հոգնել էր: Նստեց գետնին ու տարվեց մտքերով: «Թերևս միայն գժանոցն է մնացել ստուգելու,- մտածում էր նա,- բայց եթե նրանց այնտեղ են տարել, ուրեմն ի՞նչ իմաստ ունի գնալ այնտեղ, այն էլ ոտքով, շուտով նրանք իրենք կգան իմ ետևից»: Անցավ մեկ-երկու ժամ, ոչ ոք չէր հայտնվում:

-Գրողը տանի, այդքան դժվա՞ր է ինձ գտնելը:- Շուտով նա ինքը գժանոց զանգեց ու հայտնեց իր գտնվելու վայրը: Մոտ քսան րոպե հետո նրանք եկան ոստիկանության մի ամբողջ ջոկատի հետ: Սիդն ուրախ էր, Սիդը ժպտում էր:

-Տարե°ք ինձ, տարե°ք ինձ,- բացականչում էր Սիդը,- ինձ տարեք մնացած աննորմալների մոտ:

Երեք-չորս ոստիկանի ուղեկցությամբ նրան նստեցրին գժանոցի մեքենան ու շարժվեցին: Առջևից երկու ոստիկանական մեքենա էր ընթանում, հետո՝ գժանոցի մեքենան, ևս երկու ոստիկանական մեքենա նրա ետևից:

-Կարո՞ղ եմ ձեզ մի բան հարցնել,- ասաց Սիդը ուղեկիցներին:

-Ոչ,- խիստ տոնով պատասխանեց նրանցից մեկը:

-Լսեք, եթե ես հիմա շալվարս հանեմ, դա նորմա՞լ կլինի:

-Ոչ:

-Իսկ այն, որ ձեր բոլորի գլուխները բացակայում են, նորմա՞լ է:

-Այո, քանի որ բոլորիս գլուխներն են բացակայում: Այստեղ դու միակն ես, ով գլուխ ունի, դա նորմալ չէ:

-Իսկ եթե դուք բոլորդ հանեք ձեր շալվարները, իսկ ես՝ ոչ, այդ դեպքում նորի՞ց դուք բոլորդ նորմալ կլինեք, իսկ ես՝ աննորմա՞լ:

-Լռի°ր, տղա:

Շուտով նրանք տեղ հասան: Հոգեբուժարանի շենքն ամբողջությամբ ոստիկաններով էր շրջապատված, ինչը սպասելի էր: Սիդի ուրախությանը չափ չկար, երբ շենքից ներս մտնելով տեսավ Ջեյնին ու Լուիզային: Նրանք վազեցին իրար ընդառաջ ու վայրի գրկախառնումներով հեղեղեցին իրար:

-Սիդ, Սիդ, ես գիտեի, որ դու կգաս:

-Վերջապե՜ս:

Այդտեղ ևս տասը-տասնհինգ հոգի կային, որոնք գլուխ ունեին: Անկյունում՝ ճոճաթոռին, նստել էր Ալբերտ Հերսթը ու գիրք էր կարդում: Տեսնելով Սիդին՝ նա ցած դրեց գիրքն ու ասաց.

-Բարի գալուստ, տղաս, մենք սպասում էինք քեզ:

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք