Շուշու

Հեղինակ:

Փետրվարին սիրահարված ցուրտը իր անդավաճան նվիրումով այնպես էր կառչել ամսվա անբովանդակ ու անձև օրերից, որ երբ կիտրոնագույն, մի տեսակ փոքրացած արևը փորձում էր իր ձեռքը վերցել ձմեռվա սանձերը, ոչինչ չէր ստացվում: Երևի փետրվարն էլ էր իր սիրտը նվիրել ամեն բան կտրող-կոտրող սառնամանիքին, և նրանց սերը փոխադարձ էր:

Դռան` ասես օրեցօր մեծացող ճեղքերից սողոսկող քամին ստիպում էր դողալ անցքերի մեջ խցկած լաթի ու բամբականման ապակյա զանգվածի կտորերին` հոգեվարքի շնչի հետ բերելով նրանց իմացած միակ բառը.

-Շուշու… շուշու …

Ներսում մութը ծանր էր ու խեղդող, սակայն օդափոխել չէին պատրաստվում: Կարծես ջերմության ցանկացած` նույնիսկ չնչին կորուստ մահացու էր այնտեղ ապաստան գտածների համար:

Քրջի կույտի մեջ նստած արարածի ամբողջությամբ մազածածկ դեմքի վրա երբեմն-երբեմն սպիտակին էին տալիս աչքերը, որոնք կարծես հենց այնպես էին բացվում. բացվում էին պարզապես բացվելու համար:

Ներքևում ուրիշ աչքեր էլ կային` մարդու աչքերից հեռու: Դրանք սպիտակ չէին և ասես մթության շարունակությունը լինեին, որն ամեն գնով ուզում էր պաշտպանել իր մեջ ամբարված ջերմության պատառիկները.

— Շուշու…- շշնջաց մարդը:

Ներքևի աչքերը վեր բարձրացան:

Շուն էր` ահռելի մի շուն, որ նստածի նման խոշորամարմին էր, սակայն նիհար: Մարդու մարմնի խոշորությունը, հասակից բացի, ըստ որի նրան կարելի էր գեր համարել, ևս խաբուսիկ էր. մեկը մյուսի վրա մի կերպ ձգած-խցկած հագուստի բազմաշերտ փեշերը մատնում էին իրականության ողջ ունայնությունը:

Արձագանքելով կանչին` կենդանին ալարկոտ հորանջեց, ապա սողեսող մոտեցավ ու մարմնով գրեթե ամբողջությամբ ծածկեց նստածին: Մարդը երախտապարտ տնքաց: Նա վաղուց գիտեր, որ միայն շները կարող են ջերմացնել այնպես, ինչպես ոչ ոք մարդկային արարածներից: Անցյալում մնացած կյանքից հիշողության չկանչված մի դրվագ կախվեց գլխում՝ «Շների մարմնի ջերմաստիճանը 36,60C-ից ավելի է», ու զարմացրեց նրան:

Իրավիճակից կարելի էր ենթադրել, որ մարդը, հավանաբար, ապրելու որևէ պատճառ չուներ, որ պիտի արդարացներ իր ապրելը, արդարացներ իր` դեռ մեռած չլինելու փաստը:

Շուշուն, սակայն, իր առջև ակնհայտորեն նման խնդիր չէր դրել: Նա պարզապես մարդու կողքին պիտի լիներ, նրա, ում ինքն էր ընտրել` գիշերային այգու ներհակ փսփսոցների մեջ որսալով նրա միայնակ ու լքված շունչը:

Հավաբուն հիշեցնող կացարանի ներսում այլևս շարժ չնկատվեց: Փետուրների նման ձգված-երկարած բամբականման զանգվածի կտորները կարծես քուն էին մտել` արհամարհելով կամ էլ գուցե ընդունելով ցրտի հետ պատերազմում իրենց պարտությունը: Հնարավոր չէր գուշակել, թե դեռ որքան կտևեր իներցիայի օրենքի գոյությունը հաստատող դադարի այդ վիճակը, եթե վերահաս քամին կրնկի վրա չպոկեր տնակի դռնակը:

Երևի միայն շունը դա նկատեց: Նա արագ թռավ մարդու վրայով և փորձեց այն իր տեղը դնել. ատամներով բարձրացրեց դռնակն ու թաթերով մի կերպ պահելով` վերջապես կասեցրեց սառնամանիքի նոր գրոհը:

Մարդն այդ ընթացքում էլի մի քանի անգամ բացեց աչքերն ու մի կողմի վրա թեքվելով` պառկեց:

Շուշուն տնտղեց կարծես թե նախկին տեղում հայտնված դռնակն ու վերադարձավ տիրոջ մոտ: Չնստեց: Քիթը վեր տնկելով` մի քանի անգամ հոտոտեց օդն ու խռպոտ հազաց: Մարդը միզել էր, և հավաբուն վերադարձած ջերմությունը գարշահոտն ավելի անտանելի էր դարձնում: Շունը մի քանի անգամ պտտվեց իր` նույնն է թե պոչի շուրջն ու սկսեց ավելի երկար ու բարձր հաչել: Երբ համբերությունը հավանաբար սպառվեց, Շուշուն ատամներով զգուշորեն բռնեց պառկածի ոտքն ու փորձեց նրան քաշել դեպի ելքը. ինչպե՞ս կարելի է կեղտոտել այնտեղ, որտեղ պառկում ես, ուտում: Շունը չէր հասկանում:

Պառկածն այս անգամ արթնացավ, նույնիսկ նստելու փորձ արեց: Նրան ակնհայտորեն դուր չեկավ շան տարօրինակ պահվածքը` կարծես առաջին անգամն էր, և մյուս ոտքով ծուլորեն հարվածեց շանը:

Շուշուն անակնկալից բաց թողեց տիրոջ ոտքն ու ետ-ետ գնաց: Մարդը որոշեց դաս տալ կենդանուն և կողքին ընկած անհասկանալի հեղուկներով լի շշերից մեկը շպրտեց շան վրա: Շիշը թիրախին չհասավ, իսկ Շուշուն տեղից շարժվելու փորձ էլ չարեց: Նա անչար հայացքը մխրճեց մարդու հանգած աչքերի մեջ, ու երբ նստածն անհոդաբաշխ ինչ-որ բան քրթմնջաց քթի տակ, շունը դանդաղ շրջվեց, դնչով բացեց դռնակն ու դուրս գնաց: Նրա ետևից դուռը դարձյալ խուլ շրմփաց գետնին: Շուշուն ետ չնայեց: Ոտքերն ասես իրենք էին առաջ գնում: Մի քանի քայլ հետո, սակայն, շունը կանգ առավ ու ձգելով ականջները` լարեց լսողությունը: Քամին հեռվից միայն երկաթուղային կայարանում բեռնավորվող ու բեռնաթափվող վագոնների աղմուկն էր բերում: Հանկարծ կենդանին կտրուկ շրջվեց ու վերադարձավ: Ծնոտների ու թաթերի օգնությամբ նա կրկին գետնից պոկեց տապալված դռնակն ու կրկին փորձեց փակել կացարանի մուտքը: Շուշուն շտապում էր. դռան բացվածքը նման էր նավի ջրագծից ներքև գոյացած խոռոչի, որ կարող էր խորտակել ամբողջ նավը: Նավ երբևէ չէր տեսել, սակայն աչքերի առջև հայտնված ծովի և նրա մեջ խարսխված նավի պատկերն այնքան հստակ էր, որ դուռը տեղադրելուց հետո, խեղդվողի նման հևալով, նստեց սառը գետնին ու փորձեց շունչը տեղը բերել: Հանգստացավ. դռնակն իր տեղում էր, և ներսում գտնվող մարդն այլևս չէր մրսի: Մի անգամ էլ հայացքով տնտղելով դռնակի ամրությունը` կենդանին դանդաղ քայլեց դեպի ներքևում երկարող մայրուղին:

Այս ու այն կողմ շտապող ավտոմեքենաների համար Շուշուն ընդամենը այն հազարավոր շներից մեկն էր, որ թափառում էին ճանապարհների երկայնքով` սպասելով երթևեկող երկոտանիների` իրենց կամ հենց այնպես նետված ուտելիքի մնացորդներին: Մայթը դատարկ էր, իսկ փողոցի հակառակ կողմում գտնվող աղբարկղերին դեռ հասնել էր պետք: Զգում էր, որ ոտքերը չեն ենթարկվում. կաշվի տակից շոշափվող կողոսկրերն ու տոպրակի նման կախված դատարկ փորը ոտքերի համար, միևնույն է, ծանր էին: Շուշուն ստիպված էր երբեմն կանգ առնել, նստել ետևի թաթերի վրա, որպեսզի կարողանա շարունակել ճանապարհը: Աչքերի առջև գոյացած սպիտակ, ծանծաղ փառը մառախուղի նման փակում էր տեսադաշտը, և Շուշուն հուսահատությունից պատրաստվում էր լաց լինել. անիծյալ դռնակը չպիտի փակեր, չափազանց շատ ուժ խլեց իրենից: Քիչ անց մտքերը փոխվում էին. ՙԻսկ եթե մարդը մեռնե՞ր…՚:

Արդեն աղբարկղերի մոտ էր, և մնում էր միայն բարձրանալ թաթերի վրա:

Եվս մի ճիգ, ու ամեն ինչ կստացվեր: Աղբամանից բարձրացող գարշահոտը, սակայն, վանեց նրան: Աղբակույտի միջից հանկարծ փոքրիկ մի շնիկի գլուխ դուրս ցցվեց ու սկսեց աղիողորմ վնգստալ:

Շուշուն ակամա ետ-ետ գնաց ու պառկեց: Ոտքերը դավաճանեցին: Սիրտը խառնում էր: Քիչ անց նա կրկին վերադարձավ աղբարկղի մոտ ու աներևակայելի ջանքերով այնտեղից դուրս բերեց վնգստացողի վտիտ մարմինը: Ի՞նչ պիտի աներ պոչիկը ոտքերի արանքում սեղմած, դողացող այդ խեղճուկրակի հետ:

Շնիկը փորձեց շարժել ավելորդ մի ելունդի նմանվող կարճլիկ պոչը, սակայն ահռելի թվացող շան անտարբերությունն արագ սթափեցրեց նրան: Շուշուն անսպասելի ջերմություն զգաց կողերի տակ. շնիկը նստել էր փորի մոտ և դեռ ջանում էր ավելի հարմար տեղավորվել:

«Բոլորին ջերմություն է պետք»,- մտածեց Շուշուն ու փակեց աչքերը:

Ավտոմեքենայի արգելակների փափուկ գվվոցը, սակայն, ստիպեց արագ բացել դրանք: Տղան երևի ութ-ինը տարեկան կլիներ: Նա ձեռքում սեղմած բրդուճի մնացորդը պատուհանից մեկնեց իրենց կողմը: Շնիկը ուրախությունից վեր թռավ ու բարձրացավ ետևի թաթերի վրա.

-Ուտելիքը միշտ էլ վաստակել էր պետք,- մեքենայի ներսում ծիծաղեցին:

Շուտով տղան դուրս եկավ ու զգուշորեն մոտեցավ շներին:

-Հացդ գցիր ու ետ արի, հիվանդ, քոսոտ շներ են,- ձայնեց ինչ-որ մեկը:

Տղան չլսեց: Նա ավելի մոտ գնաց ու Շուշուից մի քանի քայլ հեռու պպզեց ոտնաթաթերի վրա: Բրդուճի կտորը դանդաղ դրեց գետնին ու երկար թքեց վրան:

Փորի դատարկությունը առաջարկվող կերակրի բույրին այլևս դիմադրել չէր կարող: Շնիկը, որ վախվխելով ետ ու առաջ էր շարժվում Շուշուի ու բրդուճի միջև, տեսնելով տեղից բարձրացող շանը` համարձակություն ձեռք բերեց ու մոտեցավ բրդուճին:

Տղան բարձրաձայն ծիծաղեց ու միջնամատը ծալելով` շրխկացրեց շնիկի ճակատին: Բոլորի համար անսպասելի` Շուշուն ցատկեց դեպի բրդուճը` տղային ստիպելով լեղապատառ փախչել դեպի մեքենան:

Շուշուն, նայելով կերակրողների կողմը, թաթերով անշտապ կիսեց բրդուճն ու մի մասը դրեց նվացող շնիկի առջև:

Կերակրափողով վեր բարձրացած ստամոքսահյութը հանկարծ ծորաց իր բաժին բրդուճի վրա, ու Շուշուի աչքերը թրջվեցին:

-Թու… Ինչ զզվելի է,- ասացին մեքենայի միջից,- էդ անպետք կենդանիներին բան տալու չէ: Պիտի թողնես` սատկեն:

Երևի շների անտարբերությունն էր պատճառը կամ մեկ այլ, ավելի կարևոր բան, որ ավտոմեքենան կտուկ պոկեց տեղից` նստածներին տանելով ավելի լավ ու ավելի անշուն մի տեղ:

Շուշուն կերակուրը դժվար էր ծամում: Հանկարծ աչքերը փակող փառը մի կողմ գնաց, սակայն նա ուրիշ բան տեսավ: Լքված տնակի պատկերն էր ու մարդը, որ անօգնական էր ու անուժ: Պատառը փակեց կոկորդն ու կուլ չգնաց: Հասկացավ, որ ուտելու ցանկություն էլ չունի: Նա թողեց շնիկին աղբարկղերի մոտ ու քայլեց դեպի ամենամոտ թաղամասը: Ինքն էլ չգիտեր, թե ուզածն ինչ է: Մի քիչ կթափառի ու կվերադառնա, եթե, իհարկե, կարողանա վերադառնալ:

Մթնշաղն իր հետ նաև ուրիշ շաղ բերեց, որ սառույցի մանրիկ հատիկների պես սկսեց թափվել մռայլված վերևներից: Սակայն մարդկային բնակարանների բազմությունը ամեն եզակի բան հանկարծ հոգնակի դարձրեց, և Շուշուն անբացատրելի ջերմություն զգաց: Ջերմությունը շուտով նաև բույրի վերածվեց: Հասկացավ, որ դիմացը հացի փուռ է: Թխվող հացի անկրկնելի բուրմունքը խենթացնում էր: Բայց սեփական քաղցի զգացողությունը դարձյալ տեղի տվեց. մարդն իրենից ավելի անզոր էր ու դատապարտված: Շուշուն զգուշավոր մոտեցավ փռի բաց դռանն ու լարեց լսողությունը: Ներսում լուռ էր: Նա դանդաղ սողոսկեց ներս ու ճանկելով հովանալու համար շարած հացերից մեկը` դուրս թռավ:

Երբեք ոչինչ չէր գողացել: Կերել էր այն, ինչ տվել էին կամ դեն նետել: Իսկ հիմա… Հացը ատամներով սեղմած` Շուշուն վազում էր` հասցնելով զարմանալ իր` վազելու կարողության վրա: Ինչպե՞ս… Չէ՞ որ քիչ առաջ քայլել էլ չէր կարողանում: Երևի գողությունն ուժ է տալիս: Նա միայն ժպտաց, չնայած պատրաստվում էր լաց լինել:

Ահա և աղբարկղերը: Շնիկը չկար: Շուշուն վայր դրեց հացն ու դարձյալ հոտոտելով օդը` հաչեց: Աղբամանից նորից լսվեց ծանոթ վնգստոցը: Շուշուն անսպասելի զայրացավ: Նա գռմռալով շնիկին դարձյալ դուրս հանեց աղբակույտի միջից ու թաթով հարվածեց գլխին: Փոքրիկը ետ-ետ գնաց ու կախեց գլուխը: Շուշուն թարմ հացի պատառը դրեց նրա առաջ ու էլի հաչեց: Շունը երևի հասկացավ շանը: Նա ատամներով բռնեց հացի կտորն ու թաքնվեց մոտակա մացառների ետևում: Շուշուն մի անգամ հաչեց` համոզվելու համար, որ փոքրիկն ապահով տեղում է, և գնաց: Սակայն ոչ այնքան հեռվում երևացող կերպարանքը նրան մեխեց տեղում: Ինքն էլ քաշվեց չընդհատվող մացառների ետևն ու զգուշավոր պառկելով գետնին` սկսեց անթարթ հետևել մոտեցողին:

Նյարդերը տեղի տվեցին: Մոտեցողը մարդն էր: Նա սողեսող, տեղ-տեղ էլ չորեքթաթ հասավ աղաբամաններին ու կառչելով դրանց կեղտոտ եզրերից` բարձրացավ: Սևացած, ծակծկված ձեռնոցներից դուրս ցցված մատներն սկսեցին քանդել աղբակույտը: Նա հավանաբար ինչ-որ բան գտավ, որովհետև ձեռքն անմիջապես դեպի բերանը տարավ:

Մացառներից դուրս ցատկող կենդանու կերպարանքը հանկարծ նրան գամեց գետնին: Նա սարսափած աչքերով կրծքին սեղմեց ուտելիքի կտորն ու շան նման ոռնաց: Շուշուն մոտեցավ ու սկսեց անդադար ու բարկացած հաչել մարդու վրա:

-Շու-շու…. Ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ,- պատասխանեց նստածը` գտածոն արագ բերանը խցկելով:

Հետո մարդը չորեքթաթ մոտեցավ շանն ու զայրացած գռմռաց:

Շուշուն շրջվեց ու քայլեց մացառների կողմը: Ետ եկավ, ատամների մեջ սեղմած հացը դրեց մարդու առաջ ու ետ-ետ գնաց:

Մարդը հավանաբար ուրախացավ: Նա ևս ատամներով բռնեց հացն ու վախեցած ետ-ետ նայելով` սողաց դեպի մայրուղին. հաց ուներ և պիտի թաքցներ: Փողոցի մեջտեղում, չգիտես ինչու, մարդը երերալով ելավ երկու ոտքի վրա ու երևի մի պահ մոռացավ անելիքը: Փետրվարի սառնամանիքից փախչող ավտոմեքենայի լուսարձակները հանկարծ ճեղքեցին խավարը, և մարդն անպայման կմեռներ, եթե նույն խավարից ինչ-որ կենդանի չցատկեր ճանապարհին մոլորվածի վրա ու չհրեր նրան:

Արգելակների սպանող շառաչն ու ասֆալտի վրա այրված ռետինի աղբահոտը խախտեցին ու արագ էլ վերականգնեցին սառած լռությունը:

Ավտոմեքենայից մի մարդ դուրս եկավ ու խարխափելով ետևի լուսարձակների կարմրի մեջ` քայլեց դեպի վթարի վայրը:

Շուն էր:

Վարորդը թեթևացած շունչ քաշեց:

Շան չորացած լեզուն կախվել էր մի կողմ: Նա արնաքամ էր լինում:

Վարորդը կարծես որոշեց վերադառնալ և հիմա էլ պարզել իր կրած վնասը. բախումն ուժգին էր, և պիտի որ մեքենայի առաջնամասը բավական վնասված լիներ: Նա հիշեց գրպանի փոքրիկ լապտերի մասին, սակայն ոչ այնքան հեռվից լսվող տարօրինակ ձայնը նրան ստիպեց փոխել ուղղությունը: Դիմացի մայթին` լապտերի լույսի տակ, մարդ էր: Նա գետնին նստած հանգիստ ծամում էր բերանի խոռոչում անհետացող հացի անհավանական մեծ պատառները: Լապտերը նրան հավանաբար խանգարեց, և նա գռմռալով թաքնվեց չորացած մացառների ետևում:

Վարորդը շփեց ճակատն ու անսպասելի վերադարձավ շան մոտ: Լապտերի լույսի տակ շան հանգչող աչքերում վարորդը ինչ-որ ծանոթ բան տեսավ` շատ տաք, շատ լուսավոր մի բան, չհասկացավ` ինչ, ու առանց պատճառի կռացավ մեռնող կենդանու վրա:

-Շուշու ….

Կռացածին թվաց` շունն էր: Նա ականջը մոտեցրեց կենդանուն, սպասեց, ապա մի անգամ էր տրորեց այրվող ճակատն ու մտախոհ հեռացավ:

Ավտոմեքենան պոկվեց տեղից` ետևում թողնելով խավարի հետապնդող ծանր վարագույրը: Ներկայացումն ավատվել էր, և հանդիսատես չկար.

-Կարևորը` մարդ չեմ խփել,- մարդը փորձում էր հանգստանալ:- Բայց, ախր, Աստված, ինչո՞ւ ես մեկին շուն ստեղծել, մեկին կատու, էն մյուսին էլ` մարդ: Որ նայում ես` ստեղծածդ շունը մեկ-մեկ ավելի մարդ է, քան մարդ արարածդ: Արդար չէ: …Իսկ եթե Աստված միայն ձևն է տվե՞լ, ու ամեն կենդանի արարած ինքն է լցնելու բովանդակությունը… և… ո՞վ գիտի` մարդը մարդ կդառնա՞, թե՞ շուն ու կատու… Օֆ…

Իսկ մինչ այդ փետրվարին սիրահարված ցուրտը իր անդավաճան նվիրումով այնպես էր կառչել ամսվա անբովանդակ ու անձև օրերից, որ ով ասես, ինչով ասես այն չէր լցնում, մինչև գարնան հետ գար ձևի ու բովանդակության ներդաշնակությունը, եթե, իհարկե, այն կար կամ երբևէ եղել էր:

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք