Պատից անդին Գիլգամեշն էր, հա՛յր

Հեղինակ:

 

Հինգ րոպեից դեկտեմբեր է` ձմեռ: Ժամացույցը տրորում է հաջորդ րոպեն, լուսինը փախցնում է հերթական գիշերը, աշունը տանում է կորցնելու մի սովորական նոյեմբեր, ու տարին` ընդամենը մի հասարակ աշուն: Սա վերջ է, մահ է ու սկիզբ ձմռան:

Անցած ձմեռն իրեն շատ սառը պահեց մեր հանդեպ: Տատս հեռացավ, մենք մոտեցանք մեծ լինելուն, մայրս դադարեց երեխա լինել: Անցած ձմեռ մեզ հետ կյանքը կատարվեց` իր ողջ էությամբ: Ամեն տարի ձմեռն ինձ համար գալիս էր նոր ժակետներով, ու ես սովոր էի տատիկի գործած ջերմությամբ տաք մնալ մեր սառը ժամանակներում: Մի քանի տարի ես դեռ կկրեմ դրանք, մինչև մաշվեն ու խունանան, մինչև ջերմանամ իմ երեխաների համար մորս գործած բաճկոններով: Մինչև էլի կյանքը կատարվի` իր ողջ էությամբ, ու լինի սկիզբ:

Սա հասարակ մարդու խոհեր են` հազարավոր մարդկանց մտքեր ձմռան կամ ամռան շեմին: Հազարավոր տարիներ առաջ, հիմա, հետո. միշտ: Սա է մարդը: Սա է կյանքը` չնչին, աննշմար ու հանճարեղ. ամեն ինչ պարզ է:

Տիեզերական շրջապտույտների մեջ մեզ հետ ոչինչ չի կատարվում կյանքից ու մարդկայինից առավել: Մենք հող էինք` հող կդառնանք, ջուր էինք` դեպի օվկիանոս կլողանք, ու վերջում, երբ վայելելիս լինենք միլիոնավոր չքնաղ մայրամուտներից մեկը, հենց այդ մեկը եզակի կհամարենք ու կսկսենք մտածել մեր կյանքի մասին: Մեր ականջներին կլինի մոր ձայնը` «դու էլ երեխա կունենաս` կհասկանաս ինձ»: Կնկարենք ծառ ու կնույնանանք նրա հետ, կնկարենք բողբոջներով հարուստ ճյուղերը, իսկ հետո դրանք կզարդարենք ծաղիկներով, արևի գույներով դեղձեր կշարենք մեր ծառի վրա ու վերջում աստվածային խաղաղությամբ աշխարհին կհանձնենք մեր բերքը ու հող կդառնանք` ինքնանկար մարդու:

Այս պատկերը նույնը կլինի թե՛ ժայռապատկերներում, թե՛ բարձր տեխնոլոգիաներով հարուստ ցուցասրահներում: Մարդը կստեղծի նետը ու կփորձարկի ատոմային ռումբը` կրծքի տակ զգալով սրտի միևնույն տրոփյունը: Քարանձավում սիրահարները կյանք կարարեն ու կզգան նույնը, ինչ երկնաքերների ձեղնահարկերում շքեղաշուք կահավորանքով հարուստ ննջարանի բնակիչները:

Կփոխվեն գրելու տեխնոլոգիաները, բայց միտքը նույնը կմնա: Մարդիկ կհոգնեն բարձր արվեստից ու կստեղծեն փողոցայինը, վերջում սա էլ կմտնի թանգարան, ու էլի կփնտրենք արգելված թեմաներ, որ ազատությունը նվաճելու պայքար մղենք: Մարդկության պատմությունը կշարունակվի մեծամեծ գործերով, բացահայտումներով, հեղափոխություններով ու պատերազմներով, պետությունները կկռվեն հանուն տարածքների, ու մարդկությունը կնվաճի նոր մոլորակներ: Մարդը էլի կռիվ կմղի մի քիչ շատ ապրելու, մի քիչ ազատ լինելու, մի քիչ սիրելու ու սիրված լինելու համար, կերազի նվաճել սեփական փոքրիկ երջանկությունն ու կփափագի լինել խաղաղ ինքն իր ու աշխարհի հետ:

Ամենաերջանիկը կլինեն զինվորները` տուն վերադառնալիս: Նրանց է տրված եզրագծին լինելու հնարավորությունն ու կյանքը ակնթարթում վերաիմաստավորելու ընտրությունը: Զինվորները զենքերը կթողնեն խրամատներում ու սեփական ձեռքերում կզգան մարդու սիրտը: Նրանք կգան կռվից ու էլ չեն վիճի, նրանք արդեն կհասկանան, որ չարժե վիճել, թե որն է գեղեցիկ` հանգավորված պոեզիա՞ն, թե՞ արձակը, նրանք ամուր կկառչեն գեղեցկությունը զգալու հաճույքից` հստակ տեսնելով, որ տարիներ հետո իրենց հոր տեղում իրենք են լինելու ու ժամանակակից գրականությունը դառնալու է ժամկետանց իրենց երեխաների համար: Այս անհամաձայնությունը կկառուցի ողջ տիեզերքը ու կշարժի երկրագունդը:

Երևի մի կյանք էլ արժեր ապրել յոթերորդ դասարանում մորս չխաբելու, ուսուցչիս հետամնաց չանվանելու, պապիկիս հետ ֆոտբոլային մի խաղ ավել նայելու համար, մի կյանք էլ, որ ամենասկզբում հասկանայի` պատերը սերունդների միջև չեն, սահմանները մեր ուղեղներում ու սրտերում են, մի կյանք, որ բոլոր նախորդ տողերի փոխարեն համարձակվեի գրել.

Դու ինձ ճանաչում ես,

Ես քո զավակն եմ, հա՛յր:

Մեր միջև է արարման խորհուրդը,

Ես քո կատարելությունն եմ, հա՛յր,

Կամ այդպես պետք է լիներ:

Ես վիճել եմ քեզ հետ հանուն իմ գալիքի

Ու լսել, որ գալիքն արդեն անցել է:

Ես կռվել եմ քանդելու համար պատը.

Պատից անդին Գիլգամեշն էր, հա՛յր:

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք