Ինքնասպանը
Գիշերում մի աստղ էլ չի մնա:
Գիշերը չի մնա:
Ես կմեռնեմ,ինձ հետ անտանելի
տիեզերքի զանգվածը կմեռնի:
Ես կջնջեմ բուրգերը, մեդալները,
Մայրցամաքներն ու դեմքերը:
Ես պատմությունը կդարձնեմ փոշի. փոշին՝ փոշի:
Վերջին անգամ դիտում եմ մայրամուտը:
Վերջին անգամ լսում եմ հավքերին:
Ոչինչը կտակում եմ ոչ ոքի:
Լուսին
Մարիա Կոդամային1
Այնքան միայնություն կա այս ոսկու մեջ:
Գիշերների լուսինը այն լուսինը չէ,
որը տեսել է առաջին Ադամը:
Մարդու անքնության երկար դարերը
մի հին լացով են այն ծածկել. նայի՛ր նրան.
քո հայելին է այն:
Շնորհների բանաստեղծություն 2
Թող ոչ ոք չիջեցնի մինչ լաց ու տրտնջանք
Աստծո վարպետության նշանը մեծ.
Ընտիր մի հեգնանքով նա ինձ շնորհեց
Գրքերը և գիշերը միաժամանակ:
Գրքի քաղաք հանձնեց անլույս իմ աչքերին,
Որոնք կարող են ընթերցել միայն
Երազների գրադարաններին
Քմահաճո ծեգի զիջած տողերն ունայն:
Ցերեկն ինձ ապարդյուն է շռայլում
Անթիվ ու անհամար բոլոր գրքերը՝
Խրթին, ինչպես խրթին այն ձեռագրերը,
Որոնք կործանվեցին Ալեքսանդրիայում:
Քաղցից ու ծարավից — ըստ հունական ասքի —
Մեռնում է ջրառատ այգում արքան.
Ես խոր ու բարձր, կույր այս գրատան
Եզերքն եմ տրորում առանց նպատակի:
Զուր են պատերն ինձ նվիրում դարեր,
Տոհմեր ու նշաններ և արևմուտքն ու արևելքը,
Հանրագիտարաններ, աշխարհացույցն ու տիեզերքը,
Տիեզերածնություններ:
Ես, որ դրախտն էի պատկերացնում
Որպես գրադարան, արդ վարանոտ
Գավազանով ստվերիս մեջ դանդաղկոտ
Սին աղջամուղջն եմ պրպտում:
Մի բան, որին պատահականություն
Չես անվանի հաստատ, իշխում է այս դեպքին.
Գրքերն ու ստվերն արդեն շնորհվել էին մեկին
Մեկ այլ պղտոր երեկոյում:
Դանդաղ սրահներով դեգերելիս
Զգում եմ սրբազան աղոտ մի երկյուղով,
Որ մյուսն եմ ես՝ մեռյալը, ով նույնպես երևի
Նույն օրերին քայլել է նույն տեղով:
Ո՞ր մեկն է երկուսիցս սա գրում
Մի հոգնակի ես-ի ու մեկ ստվերի կողմից:
Ի՜նչ կարևոր է բառը, որն անվանում է ինձ,
Երբ բանադրանքը մեկն է, անկոտրում:
Գրուսակ լինեմ, թե Բորխես, իմ դեմ այս սիրելի
Աշխարհն այլակերպվում է ու մարում
Պղտորավուն ու խունացած մոխրում,
Որը քնի նման է և կամ մոռացումի:
1964
Էլ չեմ երջանկանա: Միգուցե փույթ չէ:
Այս աշխարհում այնքա՜ն շատ ուրիշ բան կա:
Մի՞թե ծովից խորունկ, բազմաբնույթ չէ
Յուրաքանչյուր վայրկյանը: Կարճ է կյանքը:
Ու չնայած ժամերն այնքան երկար են,
Մենք հալածված ենք մութ մի հրաշքից.
Այդ նոր սլաքը, նոր այդ ծովը մահն է,
Որն ազատում է արևից, լուսնից,
Նաև սիրուց: Քո պարգևած բերկրանքը,
Որ խլեցիր ինձնից, պիտի ջնջվի,
Այն, ինչ ամենն էր, ոչնչի փոխվի:
Իսկ ինձ մնում է տխրելու սփոփանքը,
Սովորությունը սին, որ ինձ տանում է
Դեպի Հարավ՝ նույն դուռը, նույն անկյունը:
Հանցակիցը
Ինձ խաչում են, և պիտի լինեմ թե՛ խաչը, թե՛ մեխերը:
Ինձ պարզում են գավը. պետք է լինեմ թույնը:
Ինձ խաբում են, և ես պետք է լինեմ սուտը:
Ինձ վառում են, և պիտի լինեմ հրդեհը:
Պետք է գովերգեմ ու գոհ լինեմ ամեն ակնթարթից:
Իմ սնունդը ամեն բանն է:
Տիեզերքի կշիռը ճիշտ, նվաստացում, հրճվանք:
Պետք է արդարացնեմ այն, ինչ ինձ վերք է հասցնում:
Իմ բախտն ու իմ անբախտությունը հոգ չեն:
Ես բանաստեղծն եմ:
Արդարները
Նա, ով Վոլտերի ուզածի պես պարտեզ է մշակում:
Նա, ով շնորհակալ է, որ երկրագնդում երաժշտություն կա:
Նա, ով հաճույք է զգում ինչ-որ բառ ստուգաբանելիս:
Հարավի սրճարանի երկու աշխատող, որ լուռ շախմատ են խաղում:
Քանդակագործը, ով գույն ու ձև է հղանում:
Մեքենագրողը, ով տեղը տեղին կազմում է այս էջը, որը գուցե իրեն դուր չի գալիս:
Կինն ու տղամարդը, ովքեր երգի վերջին եռատողերն են կարդում:
Նա, ով քնած կենդանու է շոյում:
Նա, ով արդարացնում է կամ ուզում է արդարացնել իրեն պատճառած չարիքը:
Նա, ով շնորհակալ է, որ երկրագնդում Սթիվենսոն կա:
Նա, ով նախընտրում է, որ մյուսներն իրավացի լինեն:
Այս մարդիկ, իրար չճանաչելով, փրկում են աշխարհը:
Ներկայի կարոտ
Հենց այդ պահին էլ մարդն իրեն ասաց.
«Ինչե՜ր ասես չէի տա քո կողքին՝
Իսլանդիայում, հսկա անշարժ օրվա տակ
հայտնվելու բախտի համար,
որ կիսեինք հիմա-ն,
ինչպես կիսում են երաժշտությունը,
կամ համն ինչ-որ մրգի»:
Հենց այդ պահին էր, որ
մարդը նրա կողքին՝ Իսլանդիայում էր:
- Մարիա Կոդաման Բորխեսի տիկինն էր:
- Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն նշանակված Բորխեսը կորցրել էր տեսողությունը: Կույր էր եղել նաև գրադարանի նախորդ տնօրենը՝ Պոլ Գրուսակը:
Իսպաներենից թարգմանեց Հասմիկ Ամիրաղյանը
Անդին 0 1. 2018