Եսանամե

Հեղինակ:

…իրար արմնկահարելով խցկվում են՝ իմ ինքնագրով իմ լուսանկարը,

սիրո մասին իմ բանաստեղծություններով օրացույցները,

իմ կիսադեմով մեդալները, իմ շորերի ծվենները ձեռք բերելու…

Գաբրիել Գարսիա Մարկես

 

Դո՛ւք… Ես այնուամենայնիվ սիրում եմ ձեզ, որովհետև դուք ուղեկիցներն եք իմ և ձեր գոյությամբ հաստատում եք եզակի առաքելությունն իմ բարձրագույն գոյության:

Դուք, որ ինչպես Չարենցն էր ասում, խանութներում գնում եք գինի ու հաց, բայց չեք փնտրում՝ վազքով տարված ու զբաղված, էլ չեմ ասում, որ հոգնաբեկ չեք նայում վեր՝ մոռանալով աշխարհային չարն ու բարին, մի իրիկուն տրտում կօրհնեք օրերը ձեր ու կնայեք Հարդագողի ճանապարհին:

Դադարեցրե՛ք ձեր անհույս որոնումները: Մի՛ նմանվեք «Անխելք մարդը» հեքիաթի հերոսին, որ երանելի գանձերը քթի տակ չտեսնելով՝ ճամփա ընկավ ի անհայտություն: Ախր ե՜ս եմ հենց Հարդագողի ճանապարհը, զի «Չարենց» անվանյալ Եղիշե Սողոմոնյան անձն ընդամենը բնազանցական ներըմբռնումով պայծառացել ու բացահայտել է ժամանակից ու տարածությունից վեր արժեքը, որը ԵՍ եմ միշտ ու մեկընդմիշտ:

Արդ, բա՛ց է գիրկս. բոլորիդ համար էլ տեղ կգտնվի այնտեղ, եկե՛ք ու պատսպարվե՛ք նրա անծիր օթևաններում ու մտքիս խորախորհուրդ խորխորատներում:

Երբ գտնեք ինձ, երախտագիտություն կարող եք չհայտնել, ընդամենը ծնրադրե՛ք իմ գոյության առջև, անմռունչ մատնվե՛ք խոսքիս դյութիչ տարերքին, դուք ոչ թե ասացող, այլ անսացո՛ղ պիտի լինեք իմ այս Եսանամեի:

Այդքա՛նն էլ բավ է ձեզ, պարկե՛շտ եղեք ու ավելին մի՛ պահանջեք:

Հիշեք, այն ամենը, ինչ դուրս է ինձանից և իբր ձեզանից է, իմ անտեսանելի ձեռամբ է արարվում ձեր տկար ուղեղների ստերջ բավիղներում:

Գիտեմ, պատերի տակ բամբասում եք, թե մեծամիտ եմ: Հարկա՛վ, մեծամիտ եմ, բայց մի՞թե ձեր կյանքի, առողջության ու անվտանգության համար չէ մեծ մտքերիս բալասանը, որ անվճար բաշխում եմ՝ ընդամենը ակնկալելով կույր երկրպագություն առ անձն իմ, և ոչ ավելին, ինչպես կույր գուսաններն էին իրենց երկչոտ ձոները հղում աստվածներին, որոնք, ի դեպ, իմ երկվորյակներն են երկնքում:

Դուք ես եմ: Դուք կաք այնչափ, որչափ իմ կամքն է արտոնել ձեր անցողիկ գոյատևումը: Մի՛ խոսեք, անգամ մի՛ շշնջացեք, երբ ես ներկա եմ հացի սեղանին կամ հանրային ասպարեզներում: Խոսել կարող եք միայն իմ ամենամյա հոբելյանների կամ այլ վեհաշուք մեծարումների հարթակներում, երբ ձեր տկար գոյությունն այս աշխարհում արդարացվում է իմ մեծ ներկայությամբ: Իմ խոսքերում ձեր հայտնած մտքերը մի՛ փնտրեք, թե իբր դուք եք դրանք երբևէ ասել: Չե՛ք ասել, թշվառականնե՛ր, ընդամենը որսացել եք մտքինս ու ուսուցիչ տեսած մանկան պես անվարժ թոթովել՝ այդպես էլ անհաղորդ մնալով ասածներիդ իմաստության ակունքին, որը ե՛ս եմ դարձյալ:

Երբ ձեզ մեծահոգաբար առաջարկել եմ մի հոգեպարար երգ գրել հայրենյաց սիրո ու կարոտի մասին, ձեզ հանկարծ թվացել է, թե այդ դուք եք երկնել, հա՞… Իմ ողորմելի՜ ժամանակակիցներ, դուք ընդամենը արտաբերել եք իմ անպարագիծ հոգուց բխած մեղեդու և խոսքի հնչյունները, բայց ոչ էությունը:

Ուստի, ոչ թե դուք, այլ ե՛ս կարող եմ և պե՛տք է լինեմ մեծ ստեղծագործության միակ ու բացարձակ իրավատերը:

Զարմանո՞ւմ եք, երբ չեմ գալիս ձեր տաղտուկ հանդեսներին, զարմանո՞ւմ եք, իմ ռամի՛կ համադասարանցիներ, որ չեմ գալիս ձեզ հետ հանդիպելու: Խե՛ղճ ու կրակնե՛ր…

Այդպես էլ անիրազեկ պիտի մնաք իմ անձի հպարտ մենության անդրաշխարհիկ խորհրդին…

Իսկ եթե շա՛տ եք բաղձում, կգա՛մ ձեր հանդեսներին, բայց ամեն ինչ այս աշխարհում գին ունի, որը դուք կարծեմ «փող» եք անվանում: Ուրեմն, վճարե՛ք մեկ միլիոն դրամ, ու կզարդարեմ ձեր տխմար երեկույթները իմ լուռ ներկայությամբ: Ավելին մի՛ պահանջեք, իսկ եթե խնդրեք, որ նաև խոսեմ, լա՛վ հիշեք, որ արժեքը գին ունի, և որ իմ բառը ուրի՛շ բառեն է (մանրամասները ձեզ կասի իմ օգնականը):

Երբ ձեզ երբեմն ստիպում եմ մեքենայիս մեջ ժամերով լսել իմ հերթական գլուխգործոց երգը կամ կարդալ դարիս պատմվածքը, մի՛ ընկճվեք, մի՛ հիասթափվեք ձեր ապաշնորհ անձերից, ի վերջո ինձ հետ շփման այդ ժամերը պարապ չեն անցնի, հուսացեք, որ իմ մշտավառ ջահից մեկ-երկու կայծ գոնե կանցնի ձեր տարտամ հոգիներին:

Երբ սիրուն աղջիկները փողոցում կանգնեցնում են ինձ՝ լուսանկարվելու, մի՛ նախանձեք ու մանավանդ մի՛ չարախոսեք, թե սերիալ-շոուների մարդուն այդ ինչպե՛ս են մեծարում… Թե այդքան կաք, դուք էլ արեք, թե չկաք, թուլացեք ու առավելագույն հաճույք ստացեք ձեր դժխեմ բախտից:

Կամ երբ բարերարություն եմ անում: Չեք տեսնո՞ւմ՝ մարդիկ ոնց են պաշտում ինձ: Պաշտում են, որովհետև ինձ ինչպե՞ս կարելի է չպաշտել. մարդկանց գործ եմ տալիս, հաց եմ տալիս, բրինձ եմ տալիս, հավի բուդ եմ տալիս, զուգարանի թուղթ եմ տալիս, գուլպաներ էլ եմ տվել, էլ չեմ ասում, որ նաև մեքենաներ եմ տվել: Նրանք ինձ ՙաստված՚ են ասում: Երբեմն ասում եմ՝ ամոթ է, մի՛ չափազանցրեք, համեստ մարդ եմ, պարզապես սիրում եմ ձեզ: Իսկ նրանք ինձ ասում են. «Մենք պաշտում ենք քեզ»:

Ուրեմն ինչ, ա՛յ նախանձ տականքներ, ես մեղք ունե՞մ, որ պաշտում են:

Սիրում եմ շփվել ժողովրդի հետ, անկեղծ, լավ մարդիկ են, ինձ միշտ լավ բաներ են ասում: Ես էլ իրենց համար անում եմ՝ ինչ կարողանում եմ: Ախր ո՞նց չանեմ, պիտի անես, որ քեզ անեն… Չէ՜, էս մեկը մի քիչ լավ չստացվեց… Ուզում եմ ասել՝ պիտի լավություն անես, որ քեզ վատություն չանեն: Այսինքն, ուզում եմ ասել՝ պիտի… մի խոսքով, քանզի ես ավելին եմ, քան ձեր ճանաչած բանաստեղծները, որ ամեն անգամ մի նոր բան են մոգոնում: Մի խոսքով, հլա փորձեք չուզել իմ լավը… Կասկածող եմ ման գալիս…

Լավ, գնամ խմելու…

…Իսկ այսօր իմ հերթական ամենամյա հոբելյանն է և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունը սկայպով իր շնորհավորական ճառն է ուղարկել ինձ, քիչ առաջ թիկնապահս զեկուցեց… Իսկ ես գնում եմ խմելու. ես միշտ մենակ եմ խմում, որպեսզի դուք՝ մահկանացուներդ, չփորձեք ինձ սեղանակից դառնալ…

 

Հ.Գ. Հին իմաստությունը հուշում է, որ մարդ պետք է սիրի ինքն իրեն, «Նախ ջրիր քո՛ ծառը, հետո՝ ուրիշի»: Սիրել սեփական անձը նշանակում է ճանաչել ինքզինքը: Սա միանգամայն բնական ու առողջ մղում է: Հիշենք նաև Դելփյան տաճարին դաջված խոսքը՝ «Ծանի՛ր զքեզ»: Բայց, ավաղ, բացի վերին ես-ից կա նաև «էգոն»՝ կեղծ եսը կամ աղավաղված ես-ը, որի խնդիրը մեկն է՝ մարդու մեջ անընդհատ սնել ստորին կրքերը, հոռի մտքերը, հանկարծահաս վախերն ու անհամարժեք պատկերացումները, դրանք թարմացնելն ու մարդուն անվերջ այդ խավարի սարդոստայնի մեջ պահելը: Սա արդեն ոչ թե ինքնասիրություն-ինքնաճանաչումն է, այլ եսամոլություն-եսասևեռումը: Սույն գրվածքը մարդու այն տեսակի մասին էր, ով իր ինքնությունը որոնում է ոչ թե հոգու մեջ, որ տիեզերքից է, այլ նրա շվաքի, որը ծուռ հայելիների աշխարհից է: Լսեցի՞ք այդ մոլորյալ մտագարի հավաքական կերպարի մենախոսությունը: Վստահ եմ՝ շատե՛րը նրա մեջ կտեսնեն իրենց: Դրանից հետո գուցե այնուամենայնիվ որոշեն ճանաչե՞լ ինքզինքը՝ Վերին ես-ը… Հիշեցի Ջեյմս Ջոյսի խոստովանությունը. «Իմ մեջ մի դիվային մղում կա, որի օգնությամբ ես անվերջ ջանում եմ փլուզել իմ մասին մյուսների ունեցած կարծիքը, ապացուցել նրանց, որ իրականում ես եսապաշտի մեկն եմ, սնապարծ ու խորամանկ մեկը, որը թքած ունի բոլորի վրա»: Գուցե այս տողերո՞ւմ է թաքնված եսամոլության գաղտնիքը… Գուցե այդ պատճառո՞վ մեր պատմության հերոսը գնաց խմելու… և գրեց իր «Եսանամեն»:

12.12.2017

Երևան

Անդին 01. 2018

Կարծիքներ

կարծիք