Գրեգերիաներ

Իսպանացի ավանգարդիստ գրող, լրագրող Ռամոն Գոմես դե լա Սերնան (1888−1963) համարվում է գրեգերիաների ժանրի ստեղծողը: Սրանք աֆորիզմի նմանությամբ գրված սրամիտ միատողեր են (այսօր կարող ենք նմանեցնել թվիթներին)՝ հիմնված բառախաղերի, թվերի կամ տառերի տեսողական ձևերի, անսպասելի համեմատությունների վրա:

***

Կանգնած ժամացույցին մնում է օրը երկու անգամ ճիշտ ժամը ցույց տալու հպարտությունը:

***

«Հացը» այդքան կարճ բառ է, որպեսզի կարողանանք այն շտապ խնդրել:

***

q-ն զբոսանքից վերադարձող p-ն է:

***

G-ն բեղ-մորուք պահող C-ն է:

***

Ամենադժվար բռնվող ձուկը օճառն է ջրում:

***

Շագանակ վաճառող կինը խորովում է ձմռան սրտերը:

***

Երբ կինը պատվիրում է մրգային աղցան երկուսի համար, կատարելագործում է նախածին մեղքը:

***

Կինն այնպես է նայում փղին, ասես ուզում է նրան արդուկել:

***

Սերն այն է, որ արթնացնում ես կնոջը, ու նա չի բարկանում:

***

Առյուծն իր կյանքի կեսը կտար մի սանրի համար:

***

Գլուխը մտքերի ակվարիումն է:

***

Աչքերը տրորելիս կարելի է տեսնել Սատուռնը և դրա արբանյակները:

***

Դալին սրում է իր վրձիններն այնպես, ասես իր բեղերը լինեն:

***

Ռոդենի Մտածողը շախմատիստ է, որից խլել են սեղանը:

***

Մանդարիններում թաքնված է նարինջների քաղցր մանկությունը:

***

Զրոները ձվեր են, որոնցից դուրս են եկել մյուս թվերը:

***

8-ը թվերի ավազե ժամացույցն է:

***

Անձրևանոցը բացելով ասես կրակես անձրևի վրա:

***

Գիրքը թռչուն է, որը հարյուրից շատ թև ունի թռչելու համար:

***

Դաշնամուրի աթոռը համերգի խցանահանն է:

***

Լիտավրահարը նվագախմբի խոհարարն է ու իր տրամադրության տակ երկու թավա ունի:

***

Դաշնակահարը պեդալների(ոտնակների) վրա տաքացնում է ոտքերը:

***

Օպերան ստի ճշմարտությունն է, իսկ կինոն ճշմարտության սուտն է:

***

Տանգոն լի է հրաժեշտներով:

***

Լուսինը փոխաբերությունների սնանկացած բանկ է:

***

Միայն բանաստեղծը լուսնի ժամացույց ունի:

***

Գիրքը մենության փրկարար օղակն է:

***

Կատվին մի չինացի է հորինել:

***

Ծովախեցգետնից գալիս է ամբողջ ծովի հոտը:

***

Բու՝ փետրավոր կատու:

***

Չղջիկը թռչում է թիկնոցը հագին:

***

Ուղտը սապատավոր ուլի դեմք ունի:

***

Գլուխը կախ արածող ձին ասես կարճատեսի նման կարդա տեղանքը:

***

Կատուները խմում են լուսնի կաթը կղմինդրի պնակներում:

***

Ընձուղտը հետաքրքրասիրության պատճառով երկարած ձի է:

***

Ճանճերը միակ կենդանիներն են, որ թերթ են կարդում:

***

Կոլիզեումի ավերակները նման են դարերի նախաճաշից մնացած կոտրված բաժակի:

***

Արձանների աչքերը ողբում են նրանց անմահությունը:

***

Հորդ անձրևի առաջին կաթիլներն իջնում են, որ ստուգեն՝ արդյոք վայրէջքի համար ցամաք կա:

***

Ծիածանը ժապավենն է, որով բնությունը լվալուց հետո կապում է մազերը:

***

Անհոտ ծաղիկները համր ծաղիկներ են:

***

Չամիչն ութսունամյա խաղողն է:

***

Աստղերի տեսանկյունից մենք միշտ անդունդում ենք:

***

Գետը կարծում է, թե կամուրջն ամրոց է:

***

Անապատը սանրվում է քամու սանրով, ծովափը՝ ջրի սանրով:

***

Կիսալուսինը գիշերն առնում է փակագծերի մեջ:

***

Պղտոր երկինք է լինում, որում ասես սրբված լինեն աշխարհի բոլոր ակվարելիստների վրձինները:

***

Ձյունը կապույտ արյուն ունի:

***

Մեղրը գողություն է:

***

Ծառի համար կացնահարվածի ամենացավոտ բանն այն է, որ կացնի կոթը փայտից է:

***

Իջնող ձյունից լճերում ծնվում են կարապները:

***

Միացրե՛ք աստղերը լուսավոր մատիտի գծով, ու կստացվի Աստծու ուրվագիծը:

 

Իսպաներենից թարգմանեց Հասմիկ Ամիրաղյանը

 

Կարծիքներ

կարծիք