Աստվածների ծափերի ներքո

 

Հրեշտակապար

Պահելու համար

Չտվեց խոստում,

Բայց,

Ամեն դեպքում,

Գնալը ցավ է…

Հիմա ամպերն է հերթով լպստում

Նա,

Ով մեռնելուց առաջ ծարավ էր.

Կապույտ ընթացք է,

Չմարսվող հուզում,

Հրեշտակները շուրջը սահում են,

Հոգում թևածող երազն են ուզում,

Որ գունազարդեն խամրող անհունը:

Նրանք այն չէին,

Ինչ որ գիտեինք,

Լույսի թափանցիկ փունջ են ծիծաղկուն,

Որ դառնալով մեզ հարազատ մոր գիրկ,

Տանում են հեռո՜ւ

Հայրենական տուն…

* * *

Աշունը մոթալ պանիր է,

Գինու հետ հավեսով կուտվի,

Երազիս կառքի անիվը,

Կոտրվե՜ց երկնքի մուտքին:

Մարմինը շարժվելու համար է,

Չեմ կարող նույն տեղում դոփել,

Նախշապար կամարը, մարմարը,

Ոսկեպատ պալատը ինձ խո՛րթ էր…

* * *

Աչքն է այրվում վրաս բացվող առավոտի,

Կյանքս անցավ,

Բայց սերս դեռ չի սպառվում,

Ինձ պանդոկի դռան առաջ կկարոտի

Այն աղջիկը, որ մշուշ է դարձել հեռվում:

Մենք երազի դաշտերի մեջ վազում էինք,

Քամում էինք ողկույզները համբույրների,

Մոլորակի պտույտներին սազում էինք

Որպես տեսի՛լք,

Եթերապա՜ր մի անթերի:

Գիտեի, որ աստվածները մեզ չեն ների,

Մենք թևաբաց սահել էինք բոլորից վե՜ր,

Հասել էինք նրանց լուսե սահմաններին,

Դարձել անտես ու թափանցիկ,

Ոգի ու սե՜ր…

Սա հորինած մեր հեքիաթի հրե մասն էր,

Հիմա, ավա՜ղ, աչքն է այրվում առավոտի,

Բայց կարող եմ մեկ անգամ էլ նրան հասնել,

Ով հրղեն փայլն է կրում իմ կարոտի…

* * *

Ձյունե,

Փաթիլ աղջիկ,

Աչքդ՝ վճիտ,

Ջուր ջինջ,

Ես քո առաջ՝

Անփո՜ւյթ,

Փերեզակ մի,

Ախր, շա՛տ ես լուսե,

Աստղո՜տ,

Պայծա՜ռ,

Կապո՜ւյտ…

Ախր, շա՜տ ես իմը

Հիմի…

Կանցնի

Մեր վրայով

Ժամանակի քամին,

Կգլորվե՜նք,

Ինչպես քարը սարից,

Սերը թողնենք,

Թող գա

Լքված մեկը տանի,

Որ լիասիրտ օրհնի

Ե՛վ քեզ,

Ե՛վ ինձ…

* * *

Դու թաքնվեցիր,

Տարիներն անցան,

Երջանկությունից բան չի մնացել,

Գլուխները կախ երկու մահարձան

Խունացող կյանքի ընթացքն են սանձել.

Պետք չէ ընդգծել,

Իր համար գույն է,

Խորքերում Աստծո շունչն է մնացել…

Դու կաթկթում ես՝

Մոմի հանգույն է

Կրակը մարմնիդ վրայով անցել:

Երեք ամպրոպից մեկը սիրեցի՝

Լույսերի փունջը քո դեմքով թվաց,

Ես չեմ աղմկի քո վերադարձին,

Սիրո տաք գիրկը կսահեմ

Կամաց…

* * *

Կբացվի մի ուրիշ առավոտ՝

Շան կծած վերքերով,

Ցավոտ.

Չես լինի ինձ մոտ,

Եվ մի խորթ հայացք կփայլի

Տիրաբար,

Երգի պես վայրի,

Որ քամին է բերում սարերից՝

Սուլելով,

Անսեր ու անթով…

Ճերմակաստինք ամպերի կաթով

Փթթեցին երազներն ինքնագոհ

Ու անցան վիհերի վրայով

Անդող…

Հե՜յ, ճամփորդ,

Մեր սիրուն անհաղորդ

Կբացվի մի ուրիշ առավոտ՝

Շան կծած վերքերով,

Ցավոտ…

 

* * *

Քո արևոտ եզերքներից դուրս մնացի,

Իմ անունը էլ չես գրի մեծատառով,

Ինձանից քեզ բան չմնաց գրից բացի,

Ինձ մնում է քո հայացքը՝ բախտից խռով:

Լուսամփոփի նման էիր՝ թող Նա ասի,

Սակայն ուրիշ հանդերձներով ես քեզ տեսա՝

Այդպես երկրի ջահն է կախվում լուսաբացին՝

Երազներիս գույների մեջ եթերասահ:

Ես թանձրացած կարոտներիդ վերջին հասա,

Բայց աչքերս քո պատկերից չեն կշտացել,

Ամեն անգամ հորինում ենք, որ վերջն է սա,

Ամեն անգամ չի ստացվում հեռանալ, Սե՛ր…

 

Շրջանցում

 

* * *

Ինձ հորինեցին, թողեցին մենակ,

Առջևից անցան: Քամի է: Ցուրտ է:

Ես թաքնվեցի սիրո շնչի տակ.

Աստղափայլ կուրծք էր, կիսաթաց շուրթեր:

Հարմար սահելու չմուշկներ չկան,

Ես սայթաքում եմ հգուս սառույցին,

Գուցե մարմինը ճերմակ աղջկա

Զվարթ երազներ երիզի բարձիս:

Օտար եմ զգում ինձ այս քաղաքում,

Անհաղորդ՝ նրա նյութապաշտ վարքին,

Տնետուն ընկած դռներ են թակում

Մունետիկները ժամկետանց փառքի:

Մոխիր կմնա պտույտի վրա,

Խորքում՝ անթեղած ժամանակը սին,

Երբ մարմինները ավելորդ թվան,

Եվ հոգին իր ողջ զորությամբ խոսի:

 

 

* * *

Կյանքը կարճ կլիներ քեզ սիրելու համար,

Ստիպված ուրիշներին սիրեցի,

Ապրեցի ինքնահոս՝ աշխարհին հարմար,

Ամեն ինչ, ինչպես կար, այդպես էլ թողեցի:

Էն երգող աստղը, որ իմ պատվին վառեցին,

Ուզեցի մարեմ ու գնամ,

Զույգ ձեռքով թիկունքից ինձ ամուր պահեցին,

Մայրս էր,

Շշնջում էր՝

Մնա:

* * *

Ես կանգնել էի մահվան հերթի,

Ինձանից առաջ մի ծեր այր էր՝

Նոր էր ենթարկվել վրաերթի

Եվ ամբողջությամբ դեռ չէր պաղել:

Ետևում կանգնած մի շքեղ կին

Վերջին հրճվանքն էր փորձում քաղել,

Կրծքերով հենվել իմ թիկունքին,

Շշնջում էր ինձ քաղցր բառեր:

Բոլորից թաքուն մենք դուրս եկանք,

Մի մութ անկյունում քողարկվեցինք,

Անհագ գգվեցինք այնքան երկար,

Որ մահվան երթից դուրս մնացինք:

Նայեցի՝ ծեր այրն արդեն չկար,

Եվ շատերն էին եկել անցել…

Ես այն կնոջ հետ մարգարտափայլ

Վաղուց երկիր եմ վերադարձել:

* * *

Դու երազներից գոյացար, սեր իմ,

Օդապարիկներ պարզելով քամուն,

Լույսի պես իջար կյանքիս ուսերին,

Քեզ հետ բառերի ավիշն եմ քամում.

Դու ինչ հեշտ ես, սեր,

Ինչ թափանցիկ ես,

Ճարմանդներդ ինչ արագ ես քանդում,

Հրեշտակներից հղված բացիկ ես,

Որն ամեն գիշեր նորից եմ կարդում…

Հիմա ծպտվել, լուռ մնացել ես

Արնածոր գրկում պատռված սրտիս,

Ինձ շշնջում են, թե արդեն ծեր ես,

Թող մարմինը քո և հոգիդ փրկիր…

Բայց թռչունները այնպե՜ս են երգում,

Հեռվի աստղերը այնքա՜ն զվարթ են,

Որ հանդգնում եմ նորից գալ Ձեր տուն,

Ձեռքիս՝ մայիսյան սպիտակ վարդեր:

* * *

Պուճուր աղջիկ, դու կկորես իմ գրկի մեջ,

Մուժապատված՝ մենք սխալ տեղ հանդիպեցինք,

Իմ մոխրացած սիրտ ու հոգու ի՞նչն ես սիրել,

Իմ թռվռան, իմ ծիծաղկուն, իմ գեղեցիկ:

Ի՜նչ բացահայտ կարոտով է հեռվից նայում

Էն ջահելը կրծքաժպիտ քո պատկերին,

Մեծանում եմ ու այդպես էլ չեմ ծերանում,

Բայց քիչ հետո կշշնջամ՝ իմ սի-րե-լի՜,

Դու չտխրես հրաժեշտի իմ խոսքերից,

Իրար համար դեռ չսկսված ավարտվում ենք,

Գիտե՞ս՝ մեկը ինքնամոռաց սիրում է ինձ

Ու կարոտի վերջին դողով հավատում է,

Որ կրակն իր իմ հոգու մեջ պիտի մարի

Գինեփրփուր գավաթների շրխկոցով,

Վստահ է, որ մենք հենց իրար համար էինք,

Ինձ թող մնամ հուշերի մեջ իմ աստղացոլ:

Քեզ հրապար գիշերները սպասում են

Հեքիաթների չտրորված ճամփեքին մերձ,

Թվաց՝ այտիդ իմ արցունքն է, որ սահում է…

Պուճուր աղջիկ, դու կկորես իմ գրկի մեջ:

 

Որովհետև

* * *

Զգեստդ հանեցի քո վրայից,

Որովհետև թրջվել էիր ոտից գլուխ,

Ձեռքերդ քիչ էին

Մերկությունդ ծածկելու համար…

Ես հայացքիցս դուրս էի թողել

Ազդրերդ,

Ստինքներդ,

Որովհետև ինձ կլանել էր ժպիտդ՝

Խաղացկուն,

Եթերային,

Թեթև…

Երջանկության կաթիլները թափվում էին զանգակածաղիկներից,

Եվ բզեզները հրճվում էին մայիսյան անձրևով…

Սիրո ճաղերին փռված

Զգեստդ իզուր էր չորանում,

Որովհետև

Դու սքանչելի ես

Այսպես՝

Մորեմերկ…

 

* * *

Ավելին էի, քան խոտը գիտեր,

Ավելին էի, քան գիտեր քամին,

Կարծեմ Դու էլ ես ինձ շփոթել, Տե՛ր,

Անպատեհ տրված փորձության ժամին:

Իմ ըմբոստությամբ եղա արժանի

Պատվելի մի կյանք շահելու համար,

Դու հավասար Քո լույսը բաժանիր,

Խոնարհի դեմ էլ մի՛ լինիր համառ.

Նայի՛ր՝ ինչպես են Քո առջև ծնկել,

Ամենազորիդ միշտ հավատալով,

Մի՛ մերժիր նրանց աղոթքները, Տե՛ր,

Մի՛ խնայիր ծով լույսերը սիրո.

Տե՛ս՝ համբակների սմբակների տակ

Ո՜նց են տրորվում զավակները քո,

Եվ չարյաց զորքն այդ, շնչիդ անգիտակ,

Ցնծո՜ւմ է խավար կրքերի ներքո:

Հուշարարներդ համոզում են, թե

Որոգայթներ կան չարերին պահված,

Քավարանի դեմ, թևերը կանթել,

Երկնապահներն են սպասում նրանց…

Լավ չի ստացվում.

Այստե՛ղ զորեիր՝

Շուրջս մարդկային համուհոտ լիներ,

Որ ուզենայի եկող օրերի

Արդա՜ր, արևո՜տ ընթացքը տոնել…

Ավելին էի՝ քան խոտը գիտեր,

Ասուն-անասուն իմացան թերի,

Դու էլ ինձ կարգին չես ճանաչում, Տե՛ր,

Ես էլ երևի Քե՛զ չգիտեի…

 

* * *

Էլ մի խոսիր, թող աչքերս չթացանան,

Տարիքի հետ հուզական եմ մի քիչ դարձել,

Մեր տաք շնչից սերը հալվեց, փաթիլ էր ձյան,

Եվ մենք նրա ընթացքին չենք դիմադարձել:

Բարձունքներից անկումները ցավոտ են շատ,

Սլացքի մեջ մոխրանում ես ասուպի պես,

Եվ օրերիդ աստղիկները ուլունքաշար

Էլ չեն անցնի հիշողության պարտեզից ներս:

Խաղաղվեցինք և ավարտին կարծես հասանք,

Չարք խափանող սուր փշեր ենք տափաստանում,

Մինչդեռ առաջ աստվածների հետ հավասար,

Մեծ սե՜րն էինք մեր ուսերին առած տանում:

 

* * *

Այնքան պուճուր էր և այնպես սոթլիկ,

Որ սայթաքում էր ինքն իր վրայից,

Ողջախոհության ոսկեկար գոտին

Պիրկ ագուցել էր, որ մոտենար ինձ:

Միամիտ մեկն եմ՝ աչիկների մեջ

Երազով բեկված շող նկատեցի,

Իմ վստահության գավաթով խմեց,

Բայց գավն այդ դեպի պատը նետեցի՝

Եվ փշրտանքը թափվեց հատակին,

Ասես դժոխքից սև կարկուտ տեղար,

Վրան խլվլաց խորամանկ մի կին,

Հետո ինքն իր մեջ ջրասույզ եղավ:

Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք