Մխիթարյաններ. Հայացք դրսից. Սուրբ Ղազար կղզու սրբերը

Հեղինակ:

 

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ

 

Երեք հարյուր տարի առաջ, երբ Հայաստանը պետականազուրկ էր, Վենետիկի դիմաց կյանք առավ մի հետաքրքիր ու փոքրիկ Հայաստան. խոսքս Սուրբ Ղազար կղզու մասին է: Ինչպե՞ս ծնվեց այդ Հայաստանը և ո՞րն էր նրա նպատակը:

-Գաղտնիք չէ, որ միջնադարում հայ առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկ եկեղեցու միջև ընթանում էին խորը վեճեր, որոնք պայմանավորված էին հայոց մեջ կաթոլիկություն տարածելու Հռոմի քաղաքականությամբ: Շատ ցավալի է, որ երբ ծանոթանում ես նյութերին, տեսնում ես, թե ինչ կատաղի պայքար է ընթացել, քանի որ ի վերջո հայության կողմից կաթոլիկության ընդունումը ընկալվում էր որպես հայի նկարագիրը կորցնելու հանգամանք:

Այս պայմաններում հանկարծ 17-րդ դարի վերջին հայ առաքելական եկեղեցու սպասավորներից մեկը՝ Մխիթար Սեբաստացին, որ Էրզրումի Գառնո գյուղի Կարմիր վանքի վանահայրն էր, հանգեց այն մտքին, որ այդ պայքարը շատ անիմաստ է և ուղղակիորեն հարվածում է հայությանը: Եվ բնավ չունենալով այն կարծիքը, որ կաթոլիկություն ընդունելը նշանակում է օտարացում, այլացում, նա Կոնստանդնուպոլսում, ապա Վենետիկում և Հռոմում հանդիպումներ ունեցավ կաթոլիկ առաջնորդների հետ, կարողացավ ձեռք բերել համաձայնություններ, ըստ որոնց հայության մի հատվածը, որ ընդունել կամ գուցե պիտի ընդուներ կաթոլիկություն, կարողանա միաժամանակ պահպանել հայկական ինքնությունը: Սակայն այս իրողությունը իհարկե նույնիսկ հայ առաքելական եկեղեցին միանաշանակ չի ընդունում:

Այնինչ չպիտի մոռանալ այն հանգամանքը, որ Մխիթար Սեբաստացին նախապես էր պայման դրել, որ դիմելով այդ քայլին՝ մենք պիտի պահպանենք մեր հայկականությունը, պատմամշակութային ժառանգությունը որպես սուրբ պատգամ, որը արդեն շուրջ 300 տարի է անցնում է սերնդեսերունդ: Ի դեմս Մխիթարյան միաբանության այսօր էլ տեսնում ենք միանգամայն այլ նկարագիր ունեցող հայի:

Հիմնելով միաբանությունը՝ Մխիթար Սեբաստացին հետագայում, արդեն 1717 թվականին Հռոմի պապի հետ համաձայնության եկավ, որ լքված Սուրբ Ղազար կղզին տրվի հայությանը և միաբանության համար դառնա գործունեության օջախ:

Մխիթար Սեբաստացու հիմնած միաբանությունը անգնահատելի աշխատանք է կատարել: Ամենակարևորը, որ կուզենայի հիշատակել, Հայկազյան բառարանն է: Ղևոնդ Ալիշան և երևելի հոգևոր հայրեր, որոնք արեցին այն, ինչը անպետականություն Հայաստանում հնարավոր չէր անել: Ինչպե՞ս կգնահատեք նրանց գործունեությունը՝ դիտելով այսօրվա Հայաստանից:

-Մխիթարյանների 300-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ առիթ եմ ունցել նշելու, որ Մխիթարյանները ստեղծեցին դասականության նշաձող, որը հաղթահարելը յուրաքանչյուր հայագետի համար լրջագույն խնդիր է:

Երբ մանավանդ երիտասարդ տարիքում ծանոթանում ես այդ տիտանական աշխատանքին, սկսում ես երկմտել՝ արդյոք ես, որ բռնել եմ այս ուղին (պատմագիտություն, բանասիրություն, արվեստագիտություն), կկարողանա՞մ նրանց ստեղծած այդ դասական նշաձողը հաղթահարել, և հայտնվում ես մի հուսահատ վիճակում, երբ ծանոթանում ես նրանց աշխատանքների ծավալին՝ արդյոք կարո՞ղ ես ինչ-որ նոր խոսք ասել հայագիտության այս կամ այն ոլորտում: Այդ տեսանկյունից նրանք ստեղծեցին եվրոպական մակարդակի ակադեմիզմ և այն հայկականության հետ համախառնելով՝ ստացան միանգամայն նոր որակ: Ի պատիվ իրենց պիտի ասել, որ Մխիթարյան հայրերը այդ նշագիծը մշատապես պահպանել են:

Այսօր ոմանք ժամանակների և տարածության հեռավորությունից քննադատում են նրանց՝ հղում անելով այն փաստի վրա, թե նրանց գործունեությունը նվաղել է, նրանք հայտնվել են ֆինանսական բարդությունների մեջ, խոսվում է նույնիսկ այն մասին, որ հնարավոր է նույնիսկ ձեռագրեր վաճառվեն, բայց Մխիթարյան հայրերին ծանոթ լինելով՝ կարող եմ վստահ ասել, որ նման բան լինել չի կարող:

Անշուշտ, նրանց աշխատանքների ծավալներն այսօր այլ են, և դա միանգամայն բնական է: Նրանք տվեցին այն, ինչ կարող էին, և ապա այդ դասականությունն ու ակադեմիզմը շատ սահուն փոխանցեցին այն բոլոր կառույցներին, որոնք այսօր գոյություն ունեն, մասնավորապես մայր հայրենիքում: Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ Մխիթարյանները իրենց պատմական առաքելությունը փայլուն են կատարել:

Պիտի ասել նաև, որ ժամանակի մեջ նրանց արդիականությունը չի կորչի, որովհետև նրանց ժառանգությունը անսպառ է, որի մի հատվածը, ցավոք, դեռ նույնիսկ ուսումնասիրված չէ: Այս ոլորտում կան մի շարք դժվարություններ, որոնք, սակայն, հաղթահարելի են, և պետք է այնպես անել, որ Մխիթարյանների արխիվները աշխարհի հայագետների համար դառնան հասանելի, պիտի կարողանանք անտիպ ահռելի գրականությունը նույնպես հանել ասպարեզ և հասանելի դարձնել համաշխարհային գիտական հանրությանը:

Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ աջակցություն է ցուցաբերում Միաբանությանը:

-Հայաստանի Հանրապետության աջակցությունը՝ լինի ֆիզկական, ֆինանսական, թե հոգևոր՝ միշտ առկա է:

2007 թ. ես եղա Վիեննայում, ինձ համար շատ հաճելի էր լսել Մխիթարյան հայրերի պատմությունը մի դեպքի մասին, երբ հորդառատ անձրևի պատճառով Վիեննայի Միաբանության ձեռագրերի մի մասը վնասվել էր, առաջինը օգնության էին հասել Հայաստանի դեսպանատան աշխատակիցները: Մխիթարյան հայրերը հուզված պատմում էին, որ երիտասարդները փողկապներով ջրերի միջից հանեցին ձեռագրերը, և նաև նրանց շնորհիվ այդ ձեռագրերը փրկվեցին:

Հայաստանի պետական աջակցությունը Մխիթարյաններին մի փոքր դժվարությունների է հանդիպում այն տեսանկյունից, որ, ցավոք, Միաբանությունը իրավաբանորեն գտնվում է կաթոլիկ Հռոմի իրավասության ներքո: Սակայն ասել, թե այդ ժառանգությունը պատկանում է ուղղակի Հռոմին՝ դա էլ ճիշտ չէ, բայց դրա մեջ կա նաև իրավական կողմ՝ մեզ թողնելով ավելի շատ բարոյական կողմը: Բայց նաև ասել, թե հավակնություններով հանդես գալու դեպքում կաթոլիկ Հռոմը կարող է սեփականել այդ ժառանգությունը, դա էլ հնարավոր չէ:

Խորհրդային Հայաստանում ստեղծվեց Գիտությունների ակադեմիա, և այսօր էլ այն կա: Ի՞նչ համեմատականներ կարող ենք անց կացնել Մխիթարյան միաբանության և ՀՀ գիտությունների ակադեմիայի միջև:

-Գիտությունների ակադեմիայի մասին խոսելիս միշտ մատնանշում ենք այն փաստը, որ համաշխարհային պատերազմի ամենաթեժ օրերին ստեղծվեց այս հաստատությունը, սակայն չենք խոսում այն մասին, որ ակադեմիան ունեցել է իր նախատիպերը, և դրանցից մեկը, միանշանակ, Մխիթարյան միաբանությունն է, որովհետև նրանք Եվրոպայում ստեղծել էին հայկական ակադեմիա՝ ժառանգելով մեր միջնադարյան համալսարանների (Գլաձոր, Տաթև, իմաստասիրաց այլ հաստատություններ) ավանդույթը: Ես կարծում եմ, որ շարունակականության շղթան, գործելով միջնադարից, եկել հասել է մեր օրերը ի դեմս Գիտություների ազգային ակադեմիայի:

Մխիթարյանները ստեղծեցին վարժարաններ, կրթական այնպիսի հաստատություններ, որոնք բազմաթիվ երևելի շրջանավարտներ են տվել: Ինչպե՞ս է այսօր այդ օջախների վիճակը: Որպես պատմաբան ինչպե՞ս եք տեսնում Մխիթարյանների հեռանկարը ընդհանրապես:

-Մենք Սփյուռքում ունենք դասական արևմտահայերենին տիրապետող մի սերունդ, և երբ առիթ է ներկայանում հարցնելու, թե որտեղից է արևմտահայերենի ձեր իմացությունը, թող ինձ ներեն մեր ուրիշ կրթօջախները, պատասխանը միշտ նույնն է լինում. որովհետև Մխիթարյանների այժմյան սերնդի մեջ պահպանվում է գրաբարի դասականությունը:

Մեզանում մի թյուր կարծիք կա, թե գրական արևմտահայերենի աշխարհաբարը սկիզբ է առել 19-րդ դարում Կոստանդնուպոլսում, ի դեմս Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Երվանդ Օտյանի, Հակոբ Պարոնյանի և արդեն հետո՝ Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ և այլք, սակայն ամբողջ հարցն այն է, որ փայլուն տիրապետելով գրաբարին՝ նույն Մխիթարյանները առաջիններից էին, որ դեռևս 18-րդ դարում ձեռնամուխ եղան գրական արևմտահայերեն աշխարհաբարի ստեղծմանը և առաջիններն էին, որ սկսեցին դասկան արևմտահայ աշխարհաբարով ամսագրեր հրատարակել:

Խոսենք, օրինակ, Ղուկաս Ինճիճյանի մասին, ով Մխիթարյան միաբանության սյուներից մեկն էր: Նրա շնորհիվ է տպագրվել հայկական երկրորդ ամսագիրը՝ «Տարեգրութիւն»-ը (1799-1802 թթ. նրանից առաջ միայն «Ազդարարն» էր), և առաջինը, որ լույս էր տեսնում աշխարհաբարով: Ծանոթանալով Ղուկաս Ինճիճյանի աշխատություններին («Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», «Ստորագրութիւն հին Հայաստանեայց», «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» և այլն), տեսնում ենք, որ բոլորը գրված են գրաբարով, բայց պարբերականը նա խորամտորեն նախընտրեց հրատարակել աշխարհաբար արևմտահայերենով: Մխիթարյանները դրանով աշխարհաբարը փրկեցին օտարամոլություններից ու բարբառային չհղկված բառերից: Ի տարբերություն արևելահայերենի, գրաբարի հիմքի վրա զտարյուն աշխարհաբար արևմտահայերենը ստեղծվեց: Արևելահայերենում այդ ընթացքն ավելի դժվար էր:

Լեզվի, գրական հայերենի՝ մասնավորապես արևմտահայերենի ձևավորման հարցում Մխիթարյանների ներդրումը անգնահատելի է:

Պատմագիտության բնագավառում նույնպես Մխիթարյանները ահռելի աշխատանք են կատարել: Հայ պատմագիտությունը միանգամայն նոր մակարդակի հանեցին նրանք ի դեմս Միքայել Չամչյանի: Նրա եռահատոր «Պատմութիւն Հայոց» աշխատությունը ներառում է ամբողջ հայոց պատմությունը, եկեղեցին, հոգևոր-մշակութային ժառանգությունը: Խորենացուց հետո նա երկրորդ պատմագիրն էր, որ գրեց ամբողջ հայոց պատմությունը: 18-րդ դարի վերջին մենք արդեն հրաժեշտ ենք տալիս պատմիչ բառին, որովհետև ի դեմս Չամչյանի արդեն հանդես էին գալիս պատմաբանները:

Ղուկաս Ինճիճյանը Ստեփանոս Ագոնցի հետ միասին 1810 թ. օգոստոսի 17-ին կարողացավ հասնել նրան, որ Նապոլեոն Բոնապարտի հետ կնքվեց պայմանգիր, որով Սուրբ Ղազար կղզուն շնորհվեց հատուկ կարգավիճակ: Այդ ժամանակի համար դա հսկայական հաղթանակ էր, որովհետև նմանատիպ կառույցները Նապոլեոնի կողմից դիտարկվում էին որպես ավատատիրական-ֆեոդալական մնացուկներ: Ագոնցի հետ միասին Ղուկաս Ինճիճյանը գրեց տասնմեկ հատորանոց «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի», որից երեք հատորի հեղինակն է Ինճիճյանը:

19-րդ դարից մենք արդեն ունենք մեկ ուրիշ տիտան՝ Ղևոնդ Ալիշան: Նա պատմաաշխարհագրական բնույթի բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Ինճիճյանի թողած ժառանգության հիմքի վրա նա ստեղծեց «Տեղագիր Հայոց Մեծաց» աշխատությունը, որտեղ տալիս է պատմական Հայաստանի նահանգների պատմությունը, աշխարհագրութունը: Շարքի առաջին գործը «Շիրակ»-ն էր, դրան հաջորդեցին «Սիսուան», «Այրարատ» «Սիսական» գործերը: Նա նաև գրեց «Հայ Վենետ» աշխատությունը, որով ներկայացվեց հայ-վենետիկյան կապերը: Զուգահեռաբար աշխարհ եկան Վիեննայի Մխիթարյանների նոր տիտաններ՝ Անսոն Գարագաշյան, ով գրեց «Քննական պատմութիւն հայոց», Հակովբոս Թաշճյան՝ «Տայք, դրացիք և Խոտորջուր» աշխատությունը, որը մահմեդականցված հայության խնդիրներին է անդրադարձել: Իր մեկ ուրիշ աշխատության մեջ, որ կոչվում է «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչեւ Կարին…», նա նկարագրում է համշենահայության իսլամացման գործընթացը:

Անշուշտ, Մխիթարյանների ավանդը հայ մշակույթի մեջ վիթխարի է, բայց Դուք մի ընդհանրական ի՞նչ գնահատականով կբնութագրեք այն:

-Մխիթարյանների աշխատանքի մասին խոսելիս ես կարող եմ միայն սխրանք բառը օգտագործել: 300 տարուց ավելի է Եվրոպայի սրտում նրանք ներկայացնում են փոքրիկ Հայաստանը: Մենք միայն ու միայն հպարտություն ենք ապրում դրա համար և պիտի հասկանանք, որ այդ պատմամշակութային ժառանգության կրողը մենք ենք և պիտի շարունակենք ու նոր բարձունքների հասցնենք այն:

300-ամյակը ճիշտ այն առիթն է, որ մենք մեկ անգամ ևս հիշենք մեծն Մխիթար Սեբաստացուն, Մխիթարյան հայրերին, որոնք ճանապարհ հարթեցին հայագիտության համար և համաշխարհային մակարդակով ապահովեցին այդ դասականությունը: Ընդ որում, չպիտի մոռանալ նաև, որ Մխիթարյանները վիթխարի ներդրում ունեն մշակույթի բոլոր ոլորտներում՝ արվեստ, գիտություն և այլն: Նրանք հիրավի մեր մշակույթի սրբերն են՝ Սուբ Ղազար կղզուց:

Ու ևս մի կարևոր բան. մենք պարտավոր ենք հայրենիքում հոգ տանել արևմտահայերենի պահպանման համար և ամեն ինչ անել, որպեսզի Մխիթարյան դպրոցները դրսում շարունակեն գործել: Բավ է այլևս, որ Սփյուռքը օգնի Հայաստանին:

Հարցազրույցը՝ Տաթև Աթանեսյանի

Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք