Գովք Գրամոլության

 

«Թող ծաղկեն բոլոր ծաղիկները»

Մաո Ցզե Դուն, 1957 թ.

Օրեր առաջ, իշխանության վերին ոլորտներին մոտիկ մի անձնավորություն, հույժ գաղտնի, մեզ հետևյալ անհավատալի լուրը հայտնեց:

Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկի   «շեֆը», գրասեր մի անձնավորություն, իսկ ավելի ճիշտ՝ երդվյալ մի գրամոլ, առ ի չգոյե ընթերցողների, որոշել է իր ոտանավորները կալանավորների գլխին կարդալ՝ կրկնահանցագործների մի բացառիկ ընտրանի, գրից ու գրականությունից մղոններով հեռու, որ երբեք, մեկ տող բանաստեղծություն անգամ չէր կարդացել սեփական կամքով, բայց հիմա ճարահատյալ լուռումունջ, լսում էր:

Սկզբում կարդում էր մի քանի ոտանավոր և այդքանով բավարարվում: Սակայն ունկնդիրների հնազանդ պահվածքով ոգևորված՝կրկնապատկեց ու քառապատկեց ընթերցվող բանաստեղծությունների քանակը, իսկ որոշ ժամանակ անց իր հսկայածավալ արտադրանքը թափեց այդ թշվառների գլխին, որոնք լուռ ու հնազանդ լսում էին և գրամոլական այդ ագրեսիային հակազդելու ոչ մի միջոց չունեին: Եվ այսպես, օրն սկսվում և ավարտվում էր «շեֆի» ոտանավորների ընթերցանությամբ:

Որոշ ժամանակ անց տարօրինակ բաներ սկսեցին կատարվել այդ հաստատությունում: Կտրուկ փոփոխություններ նկատվեցին կալանավորների վարքում: Նրանք ուժապառ էին, վհատված, գիշերները խցերից աղեկտուր ճիչեր էին լսվում, օրվա տարբեր ժամերի, անբացատրելի պատճառներով, ուշաթափություններ էին տեղի ունենում, մի քանիսը փորձեցին ինքնասպան լինել՝ գլուխները պատին խփելով, մի քանիսն էլ պարզապես ցնորվեցին, քայլում էին աննպատակ, աչքներն անորոշ կետի հառած և կցկտուր տողեր արտասանում «շեֆի» ոտանավորներից:

Առավել անսպասելին, սակայն, տեղի է ունեցել հաջորդ օրն առավոտյան, երբ «շեֆն», այդ արտառոց երևույթներին կատարելապես անտարբեր, շարունակել է իր «գլուխգործոցներն» ընթերցել: Կալանավորներն առաջին իսկ տողերից միասնական մի շարժումով գետնատարած սկսել են աղաչել «շեֆին».

-Էլ ուժ չմնաց, շեֆ ջան, խնայիր մեզ, էլ չենք կարա լսենք, մեղք ենք, ինչ ուզում ես արա մեզ հետ, կուզես հենց էստեղ գյուլլի, կուզես խորովի, կուզես կտոր-կտոր արա, գցի շներին, բայց աղաչում ենք, էլ մի կարդա…

Զայրացած «շեֆը» շարունակել է իր անգութ ընթացքը: Ավելին, ռադիոֆիկացրել է խցերը, կալանավորներին փակել այնտեղ և ստիպել, որ օրնիբուն իր ոտանավորները «վայելեն»:

Լուրը տարածվել է աշխարհով մեկ, Արևմուտքի իրավապաշտպան կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնել մեր իշխանություններին՝պահանջելով անհապաղ դադարեցնել այդ վայրենի կտտանքները: Ավելին,  պահանջել են, որ մասնագետ մի հանձնախումբ գա և տեղում պարզի, թե ինչն ինչոց է: Եկել են և սեփական աչոք տեսել, որ արյունարբու հանցագործները, սերիական մարդասպանները, դաժան ու անողորմ մանկապիղծները, անկուշտ ու ագահ գանձագողերն ընդամենը մի քանի շաբաթում, վերջնականորեն, դարձել են հեզ ու անվնաս գառնուկներ, որ մրջյուն անգամ չեն տրորում և գիշեր-ցերեկ լալիս են հոնգուր-հոնգուր՝ նախկինում գործած քստմնելի ոճիրների համար: Իսկ նրանցից մեկը, որի ազատման ժամկետն արդեն լրացել էր և կարող էր վերադառնալ տուն, հրաժարվել է դուրս գալ՝ ասելով, թե իր ամբողջ կյանքը պիտի մնա այդտեղ և քավի իր գործած աններելի մեղքը:

Հանձնախմբի անդամներն ապշած վերադարձել են իրենց երկրները և շտապել տարածել ոճրագործներին կարճ ժամանակում դարձի բերելու այս արդյունավետ միջոցը: Բանտերում սկսել են գիշեր-ցերեկ Բայրոն ու Բոդլեր կարդալ, բայց… ապարդյուն: Հանցագործները, ճիշտ է, փոխվել են, բայց դեպի վատը: Նրանք ավելի են կատաղել, և կալանավայրերում ահավոր խժդժություններ են ծայր առել: Խցերում իրար մորթում, կոտորում, քառատում և տանջամահ էին անում:  Ի՞նչն էր պատճառը:  Ինչպե՞ս կարող էին այդ վսեմ տողերը նման բարբարոս կրքեր հարուցել: Իրավապաշտպան ակտիվիստներն շտապեցին վերադառնալ Հայաստան և տեղում բացահայտել առեղծվածը: Պարզվեց, որ եղեռնագործներին քավության էին մղում ոչ թե հանճարների թռիչքները, այլ գրամոլի ճապաղ արտադրանքը: Վերադարձան և հապճեպ գրամոլներ փնտրեցին իրենց երկրներում: Բայց… դարձյալ ապարդյուն: Ի վերջո, բարձրակարգ մասնագետների խումբը եկավ այն եզրակացության, որ տեղական գրամոլների տողերը ոչ մի ազդեցություն չեն ունենում հանցագործների վրա և որ միայն հայ գրամոլների տողերը կարող են նրանց հունից հանել և անագորույն չարչարանքների ենթարկելով մղել ինքնամաքրման:

Առանց չափազանցության կարող ենք ասել, որ սա կրակի գյուտին հավասար հայտնագործություն է, որ օգնում է հասարակությանը կարճ ժամանակում փրկել իր ներսում եղած կորուսյալ հոգիներին:

Արդ, ձեզ ենք դիմում, անողորմ քննադատներ, ասացեք անկեղծորեն՝ ձեր փառաբանած հանճարները գոնե մեկ հոգու ետ բերե՞լ են Դժոխքի ճանապարհից… Վերջացրեք, ուրեմն, հալածել մեր սքանչելի գրամոլներին, խոնարհվեք նրանց մարդասեր առաքելության առջև և տարածեք նրանց հրաշագործ տողերն աշխարհով մեկ, զի եթե մի բանտապահ գրամոլ կարող էր մի քանի շաբաթում տասնյակ հոգիներ փրկել, ապա ինչպիսի՜ հրաշքներ կգործեն օրեցօր համալրվող մեր ազգային գրամոլների փառապանծ գնդերը, նրանք կարող են համայն մարդկությունը փրկել ոճրից ու հանցանքից: Հիսուսի առաքյալների պես աշխարհով մեկ կշրջեն և պատժիչ հաստատություններում իրենց ապաքինող տողերը կկարդան: Եվ հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ մի քանի ամիս հետո բանտերն իսպառ կդատարկվեն և բոլոր հանցագործները կդառնան հասարակության լիիրավ անդամներ: Ուստի շտապեք գրախանութներից ձեռք բերել նրանց հատորները, քանի որ, մեզ հասած ստույգ տեղեկությունների համաձայն, Բեհզեբուղի պատվիրակները փութով ժամանել են Հայաստան, որպեսզի գրամոլների գրքերի ամբողջ տպաքանակը գնեն: Դժոխքում լուրջ վերակառուցումներ են սպասվում: Մեղավոր հոգիներին այլևս չեն տանջելու եռման ջրով և սառույցով: Ըստ գործած մեղքի ծանրության՝ նրանց պիտի բաժանեն խմբերի և հայ գրամոլների տողերը կարդան, ասենք, ամենաահավոր մեղսապարտները կլինեն ստորին պարունակներում և ստիպված կլինեն գիշեր-ցերեկ հայ գրամոլներից ամենագրամոլների տողերն «ըմբոշխնել»:  Տե՛ր Ամենազոր, հնարավո՞ր է արդյոք ավելի սոսկալի պատիժ պատկերացնել մարդ արարածի համար:

Իսկ պատժիչ հաստատությունները վերջնականապես դատարկելուց և փակելուց հետո ինչպիսի՞ն կլինի ամենօրյա հանցագործությունների պատկերն աշխարհով մեկ: Ինքնին հասկանալի է, որ յուրաքանչյուր քիչ թե շատ մտածող անհատը ամեն կերպ կխուսափի հակաիրավական որևէ արարք գործել՝ աչքի առջև ունենալով այն դժնի հեռանկարը, որ ստիպված է լինելու, մի որոշ ժամանակով, հայ գրամոլների քերթողությանց ունկնդիրը դառնալ: Միայն հատուկենտ խելահեղները կհանդգնեն իրենց անձը նման դաժան փորձության ենթարկել: Հետևաբար, ոստիկանների ծանրաբեռնվածությունն զգալիորեն կկրճատվի՝ դառնալով զուտ խորհրդանշական ներկայություն քաղաքի փողոցներում:

Մամուլից տեղեկացանք, որ մի շարք երկրներում ստեղծագործաբար զարգացրել են մեր տիեզերահանճար բանտապահի ակամա հայտնագործությունը: Հայ գրամոլների տեքստերի հիման վրա թատերական բեմադրություններ են արվում՝աշխարհի ամենաանտաղանդ դերասանների կատարմամբ: Այսպիսով, պատժի դաստիարակիչ ուժգնությունը կրկնապատկվում է, դառնում ավելի դաժան, քանզի ստիպողաբար դահլիճ բերված հանդիսատեսը պիտի ենթարկվի ոչ միայն բառի, այլև դերասանական հոռեգույն կատարման ազդեցությանը: Իսկապես որ շոկոթերապիա, բայց ինչպիսի՜ անգթությամբ: Թերթը գրում էր, որ ներկայացման ընթացքում հանդիսատեսներից մի քանիսն ուղղակի տեղում վախճանվել են, իսկ ողջ մնացածներին խելակորույս վիճակում տարել են հոգեբուժարան, ուստի այդ երկրների պատկան մարմիններն անմիջապես արգելել են նման ներկայացումները՝համարելով դրանք ծայրաստիճան անմարդկային:

Գրամոլները, սակայն, իրենց հույժ մարդասեր առաքելությամբ հանդերձ, խնդիրներ են դնում հանրապետության որոշ ծառայությունների առջև: Օրինակ՝ հեղինակային իրավունքի հարցը: Հայտնի է, որ գրական ստեղծագործության յուրաքանչյուր օգտագործումը ենթակա է վճարման: Մեր անարծաթասեր գրամոլներն, անշուշտ, հանուն նման քրիստոսահաճո առաքելության պատրաստ են իրենց ստեղծագործությունների օգտագործումը օտար բանտերում զիջել անհատույց: Բայց միթե՞ մեր ՊԵԿ-ի աչալուրջ ծառայողներն անտարբեր են մնալու այս երևույթի հանդեպ: Ի՞նչ է ստացվում: Հարյուրավոր միլիարդների և նույնիսկ տրիլիոնների բյուջե ունեցող հարուստ երկրները մեր գրամոլների արդար աշխատանքի շնորհիվ հսկայական խնայողություններ անեն, իսկ մենք մեր օրինական բաժինը չունենա՞նք… Չեղա՜վ: Ուստի պետք է անհապաղ մի կլորիկ գումար սահմանել յուրաքանչյուր դարձի բերված ոճրագործի համար, և մոտակա ժամանակներում մեր բյուջեն կկրկնապատկվի ու կեռապատկվի: Դե, հիմա ասեք, տիարք քննադատներ ու գրականագետներ, մեր պաշտելի Նարեկացու շնորհիվ գոնե մեկ լումա մտե՞լ է մեր բյուջե, ես կասկածում եմ, մինչդեռ մեր գրամոլների շնորհիվ շատ շուտով արտարժույթի հորդառատ ու լայնահուն գետեր են հոսելու դեպի Հայաստան: Հետևաբար, կենսամակարդակի կտրուկ աճ տեղի կունենա, կարճ ժամանակում կլուծվեն սոցիալական բոլոր խնդիրները, և, վերջապես, «Երկիր դրախտավայրը» կդառնա շոշափելի իրականություն:

Ուրեմն, փա՜ռք ու պատիվ մեր գրամոլներին:

Երևան, հոկտեմբեր, 2017 թ.

Հ.Գ. Բառացիորեն մի քանի րոպե առաջ լրատվական միջոցները ցնցող լուր հայտնեցին: Հիմնադրվել է Գրամոլների համաշխարհային ընկերություն, որն, ինչպես կարելի էր ենթադրել, գլխավորում են հայ գրամոլները: Ուրիշ կերպ չէր կարող լինել: Ամեն կողմից դիմումներ են գալիս անդամագրվելու նորաստեղծ միությանը, որոնց թվում նաև Նոբելյան մի մրցանակակիր կա: Ընդունող հանձնաժողովը, ձայների բացարձակ մեծամասնությամբ, մերժել է նրան` պատճառաբանելով, որ նրա ստեղծած գրականությունը բավականաչափ գրամոլական չէ, և շատ ճիշտ են արել, դա ո՞վ է, որ մեր գրամոլների հետ ոտք գցի:

Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք