Մանրամաղ անձրևների ու պաղ քամիների երկիր իմ…

 

 

 

 

 

Հոլանդերենի դասեր, ողջույն, քույր իմ, Թրոյ

Մանրամաղ անձրևների

ու պաղ քամիների երկիր իմ, Բելգիա,

ես Կոռտեմարկում և Լանգեմարկում

(Կարճ շուկայում և Երկար շուկայում)

այցելում էի ամենշաբաթյա տոնավաճառներ՝

տաք գոֆրի, գրիլի գունեղ տաղավարներ,

մրգի, շոկոլադի, կաթի ախորժալի բույրեր

եվ գինով մարդկանց եռուզեռ՝

ճիշտ ինչպես հին Քերմեսներին

եվ Գայանի տոնախմբություններին՝

անփոփոխ Ռուբենսի օրերից.

նույն կյանքն է՝ պարարտ և հուռթի

նույն ժխորը շվայտ

զրնգոցը մաքուր բնազդների

եվ պոեզիան անզարդ ուրախության:

 

Հրապարակում եկեղեցամերձ

ես լսում էի ֆլամանդերեն,

կորզելով բառեր սալարկի տակ ճողփող

ճահճատիղմերից ու անտառից խլված բնահողից,

որպեսզի ընկալեմ երկար ձայնավորները

եվ բաղաձայնների առատությունն անակնկալ,

Թրոյն՝ ուսուցչուհիս, ինձ հոլանդերեն

ուսուցանելուն զուգահեռ՝ հաճախ.

զարմանալով հայերեն էր սովորում

(Նրա զարմանքը՝ ամա՜յ),

ինչպես կարող է գետնատանձը

(հոլանդերեն՝ aardpeer)

Կոչվել  գետնախնձոր,

իսկ գետնախնձորը (հոլանդերեն՝ aardappel)

կարտոֆիլ կոչվել:

Նա սովորեցնում էր երկար ձայնավորներ արտաբերել,

և  ես հասկանում էի, որ երբ կարողանամ անսխալ՝

վերջապես կհաջողացնեմ լինել համբերատար:

Թրոյն ասում էր՝ դու Մետեռլինկի և Յակոբ Կացի

բանաստեղծության գաղտնիքը որսա

խաղաղահոս գետերի ու ջրանցքների երեսին,

տեղատարափներով և

ինքնաթիռների թռիչքներով

անդադար ակոսվող երկնքի կապտագույնի,

տարվա չորս եղանակներին

մառախուղի մեջ և սակայն՝ զվարթ,

շնչառության մեջ զուտ ֆլամանդական

 

Տղաս չգիտի, թե մենք ինչու

հապճեպ վերադարձանք

դեպի եզերքն այս քաղցրադառն

և  եթե կարդա՝ կիմանա հիմա.

նա քնի մեջ մի օր հոլանդերեն խոսեց,

նեղսրտած արտասվեց

հոլանդերեն բառերի արանքում,

և ես հասկացա, որ

ներսումս հոլանդերեն պտտվող

պատկերներից կարևոր

մի բան պետք է անեմ:

երևի այլևս երբեք չեմ կարողանա

այդպես ինքնամոռաց սիրել Հայերենը,

որդուս և Հայաստան տանող ճանապարհը:

Քան այդ գիշեր:

Ինչպես Բելգիան ու ֆլամանդերենն՝ այժմ,

երբ շիկացած քնիս մեջ երևանյան

ֆլամանդերեն էի խոսում Թրոյի հետ:

Ողջույն,  քույր իմ Թրոյ,

քո նվիրած հոլանդերեն Կտակարանը

մեսրոպատառիս կողքին է,

բայց ես աղոթում եմ հայերենից

ու հոլանդերենից անդին՝

միայն սրտի լեզվով,

մանրամաղ անձրևների

ու պաղ քամիների քո Բելգիայի համար,

քար ու արևի իմ Հայաստանի,

Մոլորակի համար:

Գուցե երազում թարգմանեմ մի օր

Wablief («Ի՞նչ ասացիք») թերթի համար

տարօրինակ կարոտիս բառերն այս,

որովհետև ես կռահում եմ ծվեններն ասես՝

երբեք չիմացած քո հայերենով

դու զրուցում ես ինձ հետ երազում:

Եվ ես կարծում եմ՝ ձեր Մերկատորը,

ով շատերից առաջ ամեն բան գիտեր,

գուցե վրիպել ու չէր նկատել,

որ ծեր-նորածին մեր մոլորակի

ամեն պտույտը

հենց կարոտից է:

Ողջո՜ւյն, քույր իմ, Թրոյ:

 

Նայիր ինձ, տղաս

Նայիր ինձ տղաս,

անցյալից մի հուշ

շնչահեղձ վազում,

ինձանից առաջ

իմ այսօրվա մեջ

սպասում է ինձ

և անգամ ձգվում

երկայնքով վաղվա.

հազարակեղև

արձանն եմ աղե:

Նայիր ինձ, տղաս.

աչքերիդ լույսից

հալչում է աղը,

և գլխապատառ՝

կորչում տեսիլը

դառնաչար ստվերի:

 

Անհնարին

Կարող ես տեսնել ամենքին և ամենայնը՝

պտտելով հայացքդ կամ ուղիղ՝

քո դեմքից բացի:

Դու մեն-միակն ես՝

քո իսկ տեսադաշտից դուրս,

մեն –միակն ես,ում

անկարող ես նայել

առանց հայելու,

իսկ ավելի ստույգ՝

առանց մեկը մեկից ծուռ

հայելիների:

 

Դու ասում էիր, որ ես նման եմ մեր այբուբենին

Դու ասում էիր,

որ ես նման եմ մեր այբուբենին՝

որ գեղեցիկ եմ ու մանրաքանդակ,

ինչպես Մաշտոցի տառերը նրբին,

որ ես գաղտնիքն եմ ու առեղծվածը,

ինչպես տառերը մեր՝ Աստծո ընծա,

և որ շնչիս մեջ մոգություն կա կեզ,

տառերը կապող հմայանքի պես:

Դու ասում էիր,

որ ես նման եմ մեր այբուբենին՝

և աչքերդ փակ ինձ գիտես կարծես,

և ամեն անգամ գյուտ եմ ցնծածես:

Դու ասում էիր,

որ ես նման եմ մեր այբուբենին,

այն օրերին, երբ

մեր այբուբենի տառերը երեք

եկել, գիրկընդխառն ինձ էին գտել,

և իմ անունը միմիայն ՍԵՐ էր:

Երբ ասում էիր,

որ ես նման եմ մեր այբուբենին,

չգիտեիր դեռ,

որ հետո ցավը կանցնի տառից տառ,

և այբուբենից իմ մեջ կհնչեն

անունդ կազմող տառերը հնչեղ:

 

Մենակության եղանակ

Տարվա չորս և կամ

միջանկյալ անվերջ

եղանակներին՝

անձրևից անձրև

ձյունից մինչև  ձյուն,

քամուց մինչ  քամի,

տորթից մինչև  տորթ,

երկրի քարտեզի

չորս կամ միջանկյալ

բոլոր կողմերին

նշված- աննշմար

կետերի միջև-

Մենակությունն էր:

 

Շարքը՝ «Հմայագիր» գրքից

Կարծիքներ

կարծիք