Լռությունն այսքան լսելի չէր եղել

Քո սիրած կոշիկներով

Օտար երկրի նեղլիկ,

Սալապատ,

Խավար լապտերներով

Հազիվ լուսավորված փողոցներում

Կարոտս առատորեն շաղ տալուց հետո

Վերադառնում եմ…

Քեզ հետ եղա՞ծը,

Թե՞ չեղածն եմ ավելի շատ կարոտել՝

Դժվար է ասել…

Բայց մեծ քաղաքները ստիպում են կարոտել փոքր բաները.

Օրինակ՝ մեր քաղաքի միակ ճեմափողոցն ու այնտեղ թողած

Կեսգիշերային, սրճահամ զրույցները…

Չուշանա՜ս…

 

Երբեք

Լռությունն այսքան լսելի չէր եղել:

Նայածիդ չտեսնելն այսքան իրական չէր եղել:

Չզարմանալուդ վրա այսքան զարմացած չէի եղել:

Գիշերվա մութի թանձրությունն այսպես չէի շոշափել:

Սրտիս հետ այսպես երկար, անօգուտ, անբառ ու խռով չէի զրուցել:

 

Երեկ

Երբ դեռ շլացած էի հրավառությունից

(մինչդեռ ինձ ընդամենը խարույկ էր պետք)

Ու դեռ չէի տարբերում աղմուկը խոսքից,

Երբ այս մեծ աշխարհն սկսվում, ավարտվում ու

Թե պետք լիներ՝ ամփոփվում էր քո մեջ՝

Դու ինչ-որ բան էիր…

 

Այսօր

Խտացած համբերություն եմ,

Ինքնահաշտեցման փորձարար եմ ես,

Սրբագրվող տող եմ,

Չհռչակված ծաղրածու եմ, լարախաղաց՝ կյանքի…

Ու նաև՝ միրաժ…

Չե՞ս շոգում…

 

Վաղը

Աշխարհում համարյա բան չի փոխվի…

Աշխարհն իր ուսերին պահողն էլի կպահի,

Չպահողը չի իմանա, որ հակառակն անողներ էլ կան…

Վաղվանից այս տարանջատման չեղած հետևանքները մոռանալու համար

Դու վրեժ կլուծես քո գրկի մեջ հազարներին ընդունելով ու

Ամեն անգամ ցավով կբացահայտես, որ գրկումդ՝ չէ,

Բայց մտքիդ դարակներում

Ե՛ս եմ ապրում…

Վաղվանից ու արդեն մի՛շտ թեթևացած պիտի որ ապրես… 21 գրամով…

 

 

***

Ծխախոտ էր, կոկտեյլ, թույլ վառված լույսեր,

Ես էի… ուշ էր… հոգ չէր…

Մեռնում էր մոխրագույն անցյալը…

 

Ծխախոտ է, կոկտեյլ, թույլ վառված լույսեր…

Դու ես… ջազ է ու սեր…

Սպիտակ է արբած գիշերը…

 

Ծխախոտ կլինի, կոկտեյլ, թույլ վառված լույսեր…

Մենք… օրերն ու հետոն…

Կարմիր կլինեն հուշերը…

Կարծիքներ

կարծիք