Նոբելյան — XXI Մարիո Վարգաս Լյոսա

 

2010 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած պերուացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, քաղաքական գործիչ Մարիո Վարգաս Լյոսայի նոբելյան բանախոսությունը գրեթե ամբողջական պատկերացում է տալիս թե՛ նրա կենսագրության, թե՛ նրա գրական ուղու և հավատամքի մասին: Ուստի մենք կբավարարվենք սոսկ հակիրճ լրացումներով:

Լյոսան ծնվել է 1936 թվականին Արեքիպա քաղաքում: Թեև նրա մորական պապը եղել է հարուստ ագարակատեր, Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում կոնսուլ, սակայն մայրը նախընտրել է ամուսնանալ ավտոբուսի վարորդի հետ, որից, սակայն, շուտով բաժանվել է: Նրանց ընտանիքի հոգսը ստանձնել է պապը, տարել իր մոտ, բայց կտրականապես արգելել է մանուկ Մարիոյին ասել իր ծագման մասին: Հետո նրա ծնողները միացել են, մայր ու որդի տեղափոխվել են Լիմա: Այստեղ Լյոսան նախնական կրթություն է ստացել, հաճախել ռազմական ուսումնարան, թողել այն, աշխատանքի անցել գավառական թերթում, ընդունվել Սան Մարկոսի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, բայց սա էլ է կիսատ թողել, մեկնել է Եվրոպա, ավարտել Մադրիդի համալսարանը և այստեղ էլ պաշտպանել գիտական թեզ Ռուբեն Դարիոյի ստեղծագործության թեմայով:

Այնուհետև Լյոսան ապրել է Փարիզում, Լոնդոնում (ուր դոկտորական թեզ է պաշտպանել Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունների թեմայով), Բարսելոնայում և այլուր, եղել է բազմաթիվ համալսարանների հրավիրյալ բանախոս:

1978 թ. վերադարձել է Լիմա, գրական գործունեությանը զուգահեռ ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, 1990 թ. «Ժողովրդական ճակատի» կողմից առաջադրվել է Պերուի պրեզիդենտի թեկնածու, առաջին փուլում հավաքել է ամենաշատ ձայները, բայց երկրորդում պարտվել է ապագա դիկտատոր ինժեներ-գյուղատնտես Ալբերտո Ֆուխիմորոյին: Այս ամենը ուղղակի կամ անուղղակիորեն արտացոլվել են նրա ստեղծագործություններում:

Լյոսան բազմաթիվ վեպերի («Քաղաքը և շները», «Կանաչ տունը» «Տաճար», «Աշխարհի վերջի պատերազմը», «Նոխազի տոնը» և այլն), թատերգությունների, ժողովածուների, գրականագիտական աշխատությունների, էսսեների և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները բեմականացվել ու էկրանավորվել են բազմիցս: Մինչ Նոբելյան մրցանակը արժանացել է նաև այլ մրցանակների և տիտղոսների (Իսպանիայի թագավորական ակդեմիայի անդամ, եվրոպական մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, Պատվո լեգեոնի ասպետ, Սերվանտեսի, Բրեվե գրադարանի, Ռոմուլո Գալեգոսայի, Աստուրիայի արքայազնի, Յասնայա Պոլյանա և այլ մրցանակների դափնեկիր):

Համարվում է լատինամերիկյան ժամանակակից գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործություններում օգտագործում է ինչպես անձնական փորձառությունը, այնպես էլ պատմական նյութերը: Ինքն անձամբ նշում է, որ աշխարհով մեկ թափառելն ու իբրև հրավիրված բանախոս տարբեր վայրերում ելույթ ունենալը մեծապես նպաստել են իրեն ստեղծագործելու:

Գրականագետներից ոմանք համարում են, որ Լյոսան շատ է ազդվել դասական (Ֆլոբեր) և իր ժամանակների (Բորխես, Մարկես) գրողներից, տարբեր մշակույթներից: Նրա ոճն ունի ինչպես «մոգական ռեալիզմի», այնպես էլ մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի երանգներ, թեև ինքը հակված է իրեն համարել ռեալիզմի ներկայացուցիչ:

Լյոսան բուռն ու անզուսպ բանավիճող է, երբեմն աչքի է ընկել անսանձ բարքով: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել ոչ միայն մեծ գրողին, այլև ցանկացած մեկի պատիվ չբերող մի փաստ. Լյոսան ժամանակին պաշտել է Մարկեսին, սակայն հետագայում քաղաքական ու գրական հարցերի շուրջ հաճախ անզիջում վեճի է բռնվել նրա հետ, իսկ մի անգամ լրագրողների ներկայությամբ նույնիսկ ապտակել է Մարկեսին…

Լյոսային Նոբելյան մրցանակը շնորհվել է «Իշխանության կառույցի նկարագրության և մարդկային դիմադրության, ըմբոստացման ու պարտության վառ պատկերների համար» գնահատականով:

 

 

Նոբելյան բանախոսություն

Գովք ընթերցանությանը և մոգոնաստեղծին

Ես կարդալ սովորել եմ հինգ տարեկոնում, Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում, իմ ուսուցիչը Դե լա Սալ վարժարանից  եղբայր Հուստնիանոսն էր: Դա իմ կյանքի ամենակարևոր իրադարձությունն է: Այսօր, գրեթե յոթանասուն տարի անց, ես շատ լավ հիշում եմ այն կախարդանքը, որով գրքերի բառերը վերածվում էին կերպարների ու պատկերների՝ հարստացնելով իմ կյանքը և խորտակելով ժամանակի ու տարածության պատնեշները: Ես նավապետ Նեմոյի հետ քսան հազար մղոն էի կտրում ջրի տակ, նենգապատիր Ռիշելյեի օրոք դը Արտանյանի, Աթոսի, Պորտոսի ու Արամիսի հետ ուս ուսի դիմակայում էի թագուհու դեմ բանսարկություններ նյութող դավադիրներին, վերամարմնավորվում էի Մարիուսի անշունչ մարմինն ուսերին փարիզյան կոյուղիներն հաղթահարող Ժան Վալժանի …

Ընթերցանությունը երազանքը վերածում էր կյանքի, իսկ կյանքը՝ երազանքի: Գրական մի ողջ տիեզերք հայտնվել էր հնգամյա մանչուկից մի թիզ հեռավորության վրա: Մայրս պատմում էր, որ իմ առաջին «գրական փորձերը»կարդացածս գրքերը շարունակելն էր, որովհետև ինձ համար ցավ էր հերոսներից բաժանվելը կամ դուր չէր գալիս գրքի ավարտը: Թերևս, ինքս էլ չնկատելով, ես դրանով զբաղվել եմ ողջ կյանքում. ժամանակների մեջ, հասակ առնելուն և ծերանալուն զուգընթաց՝ շարունակել եմ այն պատմությունները, որոնք իմ մանկությունը լցրել են ցնծությամբ և արկածներով:

Որքան կուզեի, որ այսօր այստեղ լիներ մայրս՝ կին, որին արտասվելու չափ հուզում էին Ամադո Ներվոյի  և Պաբլո Ներուդայի  բանաստեղծությունները, լիներ իմ բանաստեղծություններն այնպե՜ս գովող պլպլան ճաղատով մեծքիթ Պեդրո պապս ու Լուչո քեռիս, որը եռանդով համոզում էր ինձ ողջ հոգով ու մարմնով նվիրվել գրականությանը, թեև այդ ժամանակ գրականությունը չափազանց ժլատորեն էր վարձատրում իր մշակներին: Ողջ կյանքիս ընթացքում իմ կողքին եղել են այդպիսի մարդիկ. մարդիկ, որոնք սիրում և ոգևորում էին ինձ, թերահավատության պահերին վարակում իրենց հավատով: Նրանց և, իհարկե, իմ համառության ու բախտի որոշ բարեհաճության շնորհիվ ես կարողացա գրեթե ողջ ժամանակս նվիրել իմ այդ կրքին, մոլուցքին, գրելու հրաշքին, զուգահեռ կյանք ստեղծելուն, որտեղ կարող ենք ապաստանել դժբախտություններից, կյանք, որը անհավանականը վերածում է իրականի և բնականը՝ անհավանականի, փարատում է քաոսը, այլանդակը փոխակերպում գեղեցիկի, ակնթարթը վերածում անգամ մահը հաղթող հավիտենության:

Գրելը հեշտ գործ չէ: Երբ երևակայական պատմությունները վերածվում էին բառերի, թղթի վրա մտահղացումը աղավաղվում էր, գաղափարներն ու կերպարները խամրում էին: Ինչպե՞ս կրկին կյանք ներարկել նրանց: Բարեբախտաբար, կողքիս միշտ եղել են վարպետներ, ուսուցիչներ, որոնց օրինակին կարելի էր հետևել: Ֆլոբերն  ինձ սովորեցրել է, որ տաղանդը ծնվում է երկաթյա կարգապահությունից և համբերատարությունից: Ֆոլքները ՝ որ ձևը (ոճը և կառույցը) ի զորու է վեհացնել և հարստացնել սյուժեն: Մարտորելը , Սերվանտեսը , Դիքենսը , Բալզակը , Տոլստոյը , Քոնրադը , Թոմաս Մանը ՝ որ վեպում ընդգրկունությունն ու թափը պակաս կարևոր չեն, քան ոճի հղկվածությունն ու սյուժետային գծերի հստակ մշակումը: Սարտրը ՝ որ բառը գործ է ու արարք, որ վեպը, պիեսը կամ պատմվածքը որոշակի պահերին և նպաստավոր հանգամանքների դեպքում ի զորու են փոխելու պատմության ընթացքը: Կամյուն  և Օրուելը ՝ որ բարոյախոսությունից զուրկ գրականությունը անմարդկային է, իսկ Մալրոն ՝ որ հերոսականությունն ու վիպերգականությունը մեր օրերում նույնքան հնարավոր են, որքան արգոնավորդների, «Ոդիսականի» կամ «Իլիականի» ժամանակներում:

Եթե այս ելույթում հարկ լիներ թվելու բոլոր գրողներին, ում պարտական եմ շատ թե քիչ, նրանց ստվերները կծածկեին մեզ. նրանք անթիվ են: Նրանք ինձ հետ կիսել են ոչ միայն պատմողի վարպետության գաղտնիքները, այլև մղել են մարդուն ուսումնասիրելու ողջ անհատակ խորությամբ, հիանալու նրա սխրանքով և զարհուրելու նրա դաժանությամբ: Նրանք իմ լավագույն բարեկամներն էին, նրանց գրքերից ես հասկացա, որ վատթարագույն իրադրություններում անգամ կա հույս, իսկ ապրել արժե թեկուզ այն բանի համար, որ եթե չապրենք՝ չենք կարողանա կարդալ և պատմություններ մոգոնել: Երբեմն ես մտածում էի՝ արդյոք գրողական արհեստը սոլիպսիստական՝ ծայր եսակենտրոն շքեղություն չէ՞ այնպիսի երկրներում, ինչպիսին իմն է, որտեղ ընթերցողներն այնքան էլ շատ չեն, որտեղ այնքան աղքատ ու անգրագետ մարդիկ կան, որտեղ այնքան անարդարություն կա, իսկ մշակույթը եզակիների առանձնաշնորհն է: Սակայն այդ կասկածները չկարողացան ինձ շեղել հունից, ես շարունակեցի գրել նույնիսկ այն ընթացքում, երբ ստիպված էի ժամանակիս մեծագույն մասը ծախսել հանապազօրյա հաց վաստակելու համար: Կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել, չէ՞ որ եթե գրականության ծաղկման համար հասարակությունը նախ ստիպված լիներ հասնել մշակույթի, ազատության, բարեկեցության և արդարության բարձր մակարդակի, ապա գրականությունը պարզապես գոյություն չէր ունենա: Բայց շնորհիվ գրականության, շնորհիվ այն գիտակցության, որ նա ծնում է, ձգտումների և իղձերի, որ նա ներշնչում է, և իրականության հանդեպ հիասթափության, որ զգում ենք երևակայության չքնաղ աշխարհ կատարարած ուղևորությունից վերադառնալիս, կյանքն այսօր այնքան դաժան չէ, որքան այն ժամանակներում, երբ գրի մարդիկ նոր-նոր էին սկսել մարդեղացնել կյանքն իրենց հորինվածքներով: Առանց այն լավ գրքերի, որ կարդացել ենք, մենք ավելի վատը կլինեինք, քան ենք՝ կարկառուն կոնֆորմիստներ, ավելի քիչ մտահոգվող, ավելի հնազանդ, իսկ քննադատական ոգին՝ առաջընթացի այդ շոգեքարշը, ընդհանրապես գոյություն չէր ունենա: Ընթերցանությունը, ինչպես և գրելը, ընդվզում է կյանքի անլիարժեքության դեմ: Երբ երևակայության պտուղներում որոնում ենք այն, ինչ չի բավարարում կյանքում, մենք, նույնիսկ բարձրաձայն չասելով դա և չգիտակցելով անգամ, ասում ենք, որ կյանքը, ինչպիսին կա, չի հագեցնում մարդկային կեցության հիմքի՝ բացարձակի հանդեպ մեր ծարավը, և այն՝ այդ կյանքը, պիտի ավելի լավը լինի: Մենք ազատություն ենք տալիս երևակայությանը, որպեսզի ինչ-որ կերպ ապրենք այն բազում կյանքերը, որ կուզենայինք ունենալ, այն դեպքում, երբ մեզ տրված է միայն մեկը: Առանց երևակայության մենք թերի պատկերացում կունենայինք, թե ինչ նշանակություն ունի ազատությունը կյանքը տանելի դարձնելու համար, և թե ինչ դժոխքի է վերածվում կյանքը, երբ բռնակալները, գաղափարախոսությունը կամ կրոնը ոտնակոխ են անում ազատությունը: Նրանք, ովքեր թերահավատ են, որ գրականությունը մեզ ոչ միայն սուզում է գեղեցիկի և երջանկության մասին անուրջների գիրկը, այլև նախազգուշացնում է բռնության ցանկացած ձևի վտանգավորության մասին, թող հարց տան իրենց, թե մարդու վարքն օրորոցից մինչ մահ վերահսկել ձգտող վարչակարգերն ինչո՞ւ են այդքան վախենում հենց այդ գրականությունից, որ կյանքի են կոչում պատժիչ գրաքննություն, և այդքան վախեցած ու զգոն են հետևում անկախ գրողներին: Նրանք այդպես են վարվում, քանզի գիտակցում են, թե ինչքան վտանգավոր է երևակայությանը թույլ տալ ազատ շրջել գրքի էջերում, հասկանում են, թե ինչ ըմբոստի է վերածվում ՙմոգոնաստեղծը՚, երբ ընթերցողը նրանում արտահայտված ու այն արտահայտելու հնարավորություն ընձեռած ազատությունը համեմատում է իրական կյանքում իրեն դարանակալող խավարամոլության և սարսափների հետ: Իր պատմություններն մոգոնելիս գրողը կամա թե ակամա, ուզենալով կամ չուզենալով, գիտակցելով կամ ոչ՝ ընդվզում է սերմանում: Չէ՞ որ նա ցույց է տալիս, որ աշխարհն անկատար է, իսկ երևակայության լույս աշխարհ բերած կյանքը հարուստ է առօրեականից: Եթե այդ իրողությունն արմատներ է գցում քաղաքացիների գիտակցության և ընկալումների մեջ, դժվարացնում է քանց խամաճիկներ նրանց խաղացնելը, նրանք անհամեմատ նվազ պատրաստակամությամբ են տեղի տալիս ժանդարմների և վերակացուների ստի առջև, որոնք հավաստիացնում են, թե վանդակում ապրելն ավելի հեշտ է ու հանգիստ:

Լավ գրականությունը կամուրջներ է գցում ժողովուրդների միջև ու չնայած լեզվական պատնեշների, համոզմունքների կամ սովորությունների և նախապաշարմունքների տարբերության ստիպելով ուրախանալ, տխրել կամ զարմանալ՝ միավորում է մեզ: Երբ հսկա սպիտակ կետաձուկը ջրերի հորձանուտ է տանում նավապետ Աքաաբին , ընթերցողների սրտերում բույն է դնում նույն ցավը՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում նրանք՝ Տոկիոյում, Լիմայում թե Տոմբուկտուում : Երբ Էմմա Բովարին  մկնդեղ է խմում, Աննա Կարենինան՝  գնացքի տակ նետվում, Ժուլիեն Սորելը՝  կառափնարան բարձրանում, բորխեսյան «Հարավի» քաղաքաբնակ գրադարանավար Խուան Դալմանը  տափաստանային պանդոկից դուրս է գալիս դանակով զինված ավազակի առջև, երբ հասկանում ենք, որ Կոմալայի (Պեդրո Պարամոյի  հարազատ բնակավայրը) բոլոր բնակիչները մեռած են, ընթերցողը՝ Բուդդային հավատալիս լինի նա, Կոնֆուցիուսին, Քրիստոսին, թե Ալլահին, կամ էլ իրեն ագնոստիկ համարի, կոստյում է հագնում ու փողկապ կապում, թե բուռնուս, կիմոնո կամ պոնչո  կրում՝ ցնցվում է նույն կերպ: Գրականությունը եղբայրություն է ծնում բազմազանության մեջ, ջնջում է տգիտության, գաղափարախոսությունների, դավանանքների, լեզուների և թանձրամտության գծած սահմանը մարդկանց միջև:

Յուրաքանչյուր ժամանակ իր մղձավանջն ունի: Մեր ժամանակը մոլեռանդների, մահապարտ-ահաբեկիչների ժամանակն է: Տեսակ, որը եկել է հեռավոր անցյալից, համոզված, որ սպանելով իրենք դրախտ կընկնեն, որ անմեղ արյունը լվանում է ցեղին հասցված վիրավորանքը, վերականգնում արդարությունը և կեղծ հավատը փոխարինում ճշմարիտով: Իրենց վերջին ատյանի ճշմարտության կրողներ համարողներին ամեն օր զոհ են դառնում անթիվ անամար մարդիկ: Երբ փլուզվեցին ամբողջատիրական տերությունները, մենք հավատացինք, հավատում էինք, որ այսուհետ կյանքում կիշխեն խաղաղ համագործակցությունը, բազմակարծությունը և մարդու իրավունքները, որ անցյալում են մնացել հոլոքոստը, ցեղասպանությունը, ագրեսիան և պատերազմները: Բայց այդպես չեղավ: Բուռն ծաղկում են մոլեռանդության հրահրած բարբարոսության նոր ձևերը, իսկ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը թույլ չի տալիս մոռանալ, որ մի բուռ խելագար «հատուցողներ» կարող են մի օր միջուկային աղետ սադրել: Մենք պիտի խափանենք նրանց ծրագրերը, դեմ կանգնենք, հաղթենք: Նրանք այնքան էլ շատ չեն, սակայն նրանց ոճրագործությունների արձագանքը տարածվում է մոլորակով մեկ, իսկ ներշնչած մղձավանջները մեզ համակում են սարսափով: Մենք չպիտի թույլ տանք, որ մեզ վախեցնեն նրանք, ովքեր ուզում են խլել քաղաքակրթության երկարատև պատմությամբ մեր ձեռք բերած ազատությունը: Մենք պիտի պաշտպան կանգնենք ազատական ժողովրդավարությանը: Իր ողջ անկատարությամբ հանդերձ այն առաջվա նման իր մեջ մարմնավորում է քաղաքական բազմակարծությունը, խաղաղ գոյակցությունը, հանդուրժողականությունը, մարդու իրավունքները, հարգանքը քննադատության հանդեպ, օրինականությունը, ազատ ընտրությունները, իշխանության փոփոխելիությունը. այն ամենը, ինչ մեզ հեռացնում է վայրենությունից և մերձեցնում այն գեղեցիկ, իդեալական կյանքին, որը պատկերում է գրականությունը, կյանք, որին մեզ վիճակված չէ հասնել, և որին կարող ենք արժանանալ միայն մոգոնելով այն, պատկերելով թղթի վրա, կարդալով նրա մասին: Մարդասպան-մոլեռանդներին դիմակայելով՝ մենք պաշտպանում ենք երազելու և երազանքը իրականության վերածելու մեր իրավունքը:

Ես էլ, ինչպես իմ սերնդի շատ գրողներ, երիտասարդության տարիներին մարքսիստ էի և հավատում էի, որ սոցիալիզմը վերջ կդնի շահագործմանը և սոցիալական անարդարությանը, որ այդ շրջանում սրվել էին իմ երկրում, Լատինական Ամերիկայում և ամբողջ երրորդ աշխարհում: Էտատիզմից  և կոլեկտիվիզմից հրաժարվելն ու ազատականի և ժողովրդավարի վերածվելը, ինչպիսին եմ (ձգտում եմ լինել) ես, ինձ համար երկարատև էր ու դժվարին: Այն տեղի էր ունենում աստիճանաբար, այնպիսի իրողությունների ազդեցությամբ, ինչպիսին էին սկզբնական շրջանում իմ կողմից ոգևորությամբ ընդունված Կուբայի հեղափոխական իշխանության այլասերումը խորհրդային ուղղահայաց մոդելի կրկնօրինակով, ճամբարների փշալարերից խուսափել հաջողած այլախոհների պատմությունների տպավորությամբ, Չեխոսլովակիա Վարշավայի պայմանագրի երկրների ներխուժման, ինչպես նաև այնպիսի մտածողների գրքերի ազդեցությամբ, ինչպիսիք են Ռայմոն Արոնը , Ժան-Ֆրանսուա Ռեվելը , Իսայահ Բեռլինը  և Կարլ Փոփերը , որոնց շնորհիվ ես փոխեցի վերաբերմունքս ժողովրդավարական մշակույթի և բաց հասարակության նկատմամբ: Այս վարպետները հեռատեսության և քաղաքացիական արիության օրինակ հանդիսացան այն ժամանակներում, երբ արևմտյան մտավորականությունը թեթևամտության կամ պատեհապաշտության հետևանքով, թվում է, լիովին տրվել էր խորհրդային սոցիալիզմի հմայքներին կամ, որ ավելի վատ է, չինական «մշակութային հեղափոխության» վհուկային խրախճանքի ազդեցությանը:

Երեխա ժամանակ ես երազում էի ինչ-որ կերպ հայտնվել Փարիզում, որովհետև, ֆրանսիական գրականությամբ գերված, համոզված էի, որ եթե ապրեմ այնտեղ, շնչեմ նույն օդը, ինչ Բալզակը, Ստենդալը, Բոդլերը, Պրուստը՝ դա ինձ կօգնի դառնալ իսկական գրող, իսկ Պերուում մնալով՝ ես այդպես էլ կմնամ «հանգստյան օրերի գրող»: Եվ իրոք, Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին ես պարտական եմ անգնահատելի դասերով. օրինակ, որ գրականությունը ոչ միայն ներշնչանք է, այլև նույնչափ էլ կարգապահություն, տքնանք, համառություն է: Ես այնտեղ ապրել եմ, երբ դեռ ողջ էին ու ստեղծագործում էին Սարտրն ու Կամյուն, Իոնեսկոյի, Բեկետի, Բատայի  և Սյորանի , Բրեխտի դրամատուրգիայի և Ինգմար Բերգմանի ֆիլմերի, Ժան Վիլարի Ազգային ժողովրդական թատրոնի և Ժան-Լուի Բարրոյի «Օդեոն»,«նոր ալիքի» և «նոր վեպի», Անդրե Մալրոյի փայլուն ելույթների և, թերևս, այն օրերի Եվրոպայի ամենատպավորիչ տեսարանի՝ «շանթարձակ» գեներալ դը Գոլի ասուլիսների և ճառերի ժամանակներում:

Սակայն ես Ֆրանսիային ամենից շատ պարտական եմ թերևս նրա համար, որ նա օգնեց ինձ բացահայտելու Լատինական Ամերիկան: Այնտեղ ես հասկացա, որ Պերուն պատմությամբ, աշխարհագրությամբ, սոցիալ-քաղաքական ընդհանուր խնդիրներով միավորված որոշակի կենսակերպով և հրաշալի լեզվով խոսող ու գրող մի վիթխարի հանրության մասնիկն է: Հենց այդ թվականներին այդ հանրությունը ստեղծում էր հզոր գրականություն: Ֆրանսիայում ես կարդացի Բորխեսին, Օկտավիո Պասին, Կորտասարին, Գարսիա Մարկեսին, Ֆուենտեսին, Կաբրերա Ինֆանտեին, Ռուլֆոյին, Օնետիին, Կարպանտիերին, Էդվարդսին, Դոնոսոյին  և ուրիշ շատերին: Նրանց ստեղծագործությունները նորացրին իսպանալեզու գրականությունը և նրանց շնորհիվ Եվրոպան ու աշխարհի շատուշատ այլ տարածաշրջաններ իմացան, որ Լատինական Ամերիկան ոչ միայն հեղաշրջումները, խեղկատակային բռնապետները, մորուքավոր պարտիզանները, մարակասը, մամբոն ու չա-չա-չան են , ոչ միայն տարաշխարհիկ, այլև համամարդկային հնչողության գաղափարներ են, գեղարվեստական ձևեր, կերպարներ:

Այդ ժամանակներից ի վեր և մինչև օրս Լատինական Ամերիկան, ոչ առանց ընդհատումների և սխալների, քիչ ճանապարհ չի անցել, թեև, ինչպես ասվում է Սեսար Վալեխոյի  բանաստեղծություններից մեկում՝   «hay, hermanos, muchisimo gue hacer» («եղբայրներ, դեռ այնքան բան կա անելու»): Մեզանում քչացել են բռնապետական վարչակարգերը. Բոլիվիայի ու Նիկարագուայի նման պոպուլիստական ու կեղծժողովրդական խեղկատակային հասարակարգերը չհաշված՝ դրանք մնացել են միայն Կուբայում և Վենեսուելայում, իրենց հայտարարելով նրա ժառանգորդը: Սակայն մայրցամաքի մյուս երկրներում ժողովրդավարությունը գործունակ է, վայելում է ժողովրդի աջակցությունը, և մեր պատմության մեջ առաջին անգամ Բրազիլիայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Կոլումբիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մեքսիկայում և գործնականորեն ողջ Կենտրոնական Ամերիկայում և՛ աջերը, և՛ ձախերը հավատարիմ են օրինականությանը, քննադատության ազատությանը, իշխանության ընտրովիությանն ու փոփոխելիությանը: Դա ճիշտ ճանապարհ է, և եթե Լատինական Ամերիկան չշեղվի դրանից, պայքարի կոռուպցիայի ախտի դեմ և շարունակի ինտեգրվել՝ մերվել արտաքին աշխարի հետ, ապա կդադարի լինել «ապագայի մայրցամաք» և վերջապես կվերածվի ներկայի մայրցամաքի:

Եվրոպայում, ասենք ոչ մի տեղ էլ ես ինձ երբեք օտար չեմ զգացել: Ամեն տեղ, ուր ապրել եմ՝ Փարիզում, Լոնդոնում, Բարսելոնայում, Մադրիդում, Բեռլինում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, ես ինձ զգացել եմ ինչպես տանը: Միշտ գտել եմ «բույն», որպեսզի կարողանամ հանգիստ ապրել, աշխատել, ինչ-որ նոր բան իմանալ ու սովորել, երազել, ընկերներ, գրքեր ու սյուժեներ գտնել: Ես չեմ կարծում, թե ոչ կանխամտածված կերպով «աշխարհաղաքացու» վերածվելն ինչ-որ չափով թուլացրել է իմ «արմատները», կապը հայրենիքի հետ: Չէ՞ որ պերուական տպավորությունները առաջվա նման սնում են ինձ իբրև գրողի և միշտ ի հայտ են գալիս իմ գրքերում, անգամ եթե դրանց գործողությունները կատարվում են Պերուից շատ հեռու: Կարծում եմ, ընդհակառակը, իմ ծննդավայր երկրից տևականորեն հեռու ապրելը սոսկ ամրապնդել է այդ կապը, հնարավորություն է ընձեռում ավելի հստակ տեսնել նրան և ծնում է գլխավորը երկրորդականից զանազանող, հիշողությունները վառ պահող կարոտաբաղձություն: Հայրենիքը սիրում ես ոչ իբրև պարտականություն: Ինչպես ցանկացած այլ սեր, դա հոգու հորդաբուխ կանչ է, նման նրան, ինչը միավորում է սիրահարներին, ծնողներին ու զավակներին կամ բարեկամներին:

Պերուն ինձ հետ է միշտ, որովհետև ես այնտեղ եմ ծնվել, մեծացել, ձևավորվել, ապրել մանկության ու պատանեկության այն փորձառությունը, որը կանխորոշեց իմ անհատականությունը, կոչումը, այնտեղ ես սիրել եմ, ատել, ուրախացել, տառապել ու երազել: Այն, ինչ կատարվում է այնտեղ, ինձ հուզում, ուրախացնում կամ վրդովում է առավել, քան այն ամենը, ինչ կատարվում է աշխարհի որևէ այլ վայրում նաև: Այս հարցում իմ կամքը, ցանկությունը դեր չունի. դա պարզապես այդպես է: Իմ հայրենակիցներից ոմանք ինձ մեղադրում էին դավաճանության մեջ, և երբ վերջին բռնապետության շրջանում ես աշխարհի ժողովրդավար երկրներին կոչեցի դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ կիրառել վարչակարգի նկատմամբ (այդպիսի կոչով ես հանդես եմ եկել ցանկացած ձևի ու տեսակի բռնակալությունների՝ Պինոչետի, Կաստրոյի, թալիբների, Իրանի իմամների, ՀԱՀ ապարտեիդի՝ ռասայական խտրականության կամ ներկայումս Մյանմա կոչվող Բիրմայի համազգեստավոր սատրապների դեմ), քիչ էր մնում զրկվեի իմ երկրի քաղաքացիությունից: Բայց ես այդպես կվարվեմ նաև վաղը, եթե իմ երկիրը կրկին զոհ դառնա մեր փխրուն ժողովրդավարությանը սպառնացող հեղաշրջման (թեև նախախնամությունն ու պերուացիները դա թույլ չեն տա): Դա հիշաչար մարդու հուզախռով արարք չէր, ինչպես ենթադրում են իրենց ողորմելի չափանիշերով այլոց չափելու սովոր որոշ գրչակներ: Ես ելնում էի այն համոզմունքից, որ բռնապետությունը բացարձակ չարիք է ցանկացած երկրի համար, դաժանության և կոռուպցիայի աղբյուր, որ նա խորունկ, դժվար բուժելի վերքեր է հասցնում, թունավորում է ազգի ապագան, առաջ է բերում աղետալի սովորություններ, որոնք անցնում են սերնդեսերունդ և արգելակում ժողովրդավարության առաջընթացը: Ուստի բռնապետութական վարչակարգերի դեմ պիտի պայքարել բոլոր հասու միջոցներով՝ ներառյալ տնտեսական պատժամիջոցները: Ցավալի է, որ ժողովրդավար երկրների կառավարությունները, իրենց բռնապետությունների դեմ պայքարողների (ինչպիսիք են, օրինակ, Կուբայի «Ճերմակազգեստ տիկնայք», վենեսուելական ընդդիմությունը, Աուն Սան Սու Չժին  կամ Լյու Սյաոբան  և այլն) կողքին ուս ուսի կանգնելու և այլոց օրինակ ցույց տալու փոխարեն հաճախ մեջք են ծռում նրանց տանջողների առջև: Իրենց ազատության համար պայքարելով՝ այդ խիզախները պայքարում են նաև մեր ազատության համար:

Իմ հայրենակից Խոսե Մարիա Արգեդասը  Պերուն անվանել է «Բազում արյունների միախառնման» երկիր: Ավելի լավ բնորոշում հնարավոր չէ գտնել: Մենք հենց այդպիսին ենք, և հենց դա էլ ապրում է յուրաքանչյուր պերուացու մեջ, ուզի թե չուզի նա դա: Ավանդույթների, ռասաների և հավատալիքների համախումբ՝ ի մի եկած աշխարհի չորս ծագերից: Ես ինձ հպարտորեն զգում եմ ժառանգորդը փետուրներից գործվածքներ և հագուստներ ստեղծած Նասկայի և Պարակասի, աշխարհի լավագույն թանգարաններում պահպանվող խեցեղեն ստեղծած, Մաչու-Պիկչուն, Չիմուն, Չան-Չանը, Կուելապը, Սիփանն ու Էլ-Բրուխոյի, Էլ-Մոլի և Լա-Լուանի  բուրգերն ու դամբարանները կառուցած մոչիկաների և ինկերի նախաիսպանական մշակույթի, ինչպես նաև իսպանացիների, ովքեր թամբի, սուսերի և ձիերի հետ մեկտեղ Պերու բերեցին Հունաստանը, Հռոմը, հրեա-քրիստոնեական ավանդույթը, Վերածնունդը, Սերվանտեսին, Քևեդոյին , Գոնգորին  և Անդյան լեռներով մեղմացված կաստիլյան մետաղահունչ բարբառը: Իսկ Իսպանիայի հետ մեզ մոտ եկավ Աֆրիկան՝ իր ուժով, երաժշտությամբ և բուռն երևակայությամբ՝ առավել հարստացնելով Պերուի բազմազանությունը: Բավական է մի փոքր ավելի խորը նայել, և կհասկանանք, որ Պերուն Բորխեսի «Ալեֆի» նման է. ողջ աշխարհը՝ մանրակերտում: Ինչ ապշեցուցիչ պատիվ է երկրի համար՝ չունենալ ինքնություն, անհատականություն, որովհետև նրա մեջ միաձուլվել են բոլոր ինքնություններն ու անհատականությունները:

Իհարկե, Ամերիկայի նվաճումը, ինչպես բոլոր նվաճումները, դաժան էր ու արյունահեղ, և այդ դաժանությունը, անշուշտ, ենթակա է դատապարտման: Բայց այդուհանդերձ մենք հաճախ մոռանում ենք այն, ինչ չի կարելի մոռանալ. որ այդ կողոպուտների և ոճրագործությունների մեղավորները մեր նախահայրերն են ու նախապապերն են, Ամերիկա եկած և ամերիկյան կենսակերպ հիմնած իսպանացիները, և ոչ թե նրանց այն հայրենակիցները, ովքեր մնացել էին հայրենիքում: Որպեսզի այդ մեղադրանքը արդարացի լինի, այն պիտի լինի ինքնամեղադրանք: Չէ՞ որ երկու հարյուր տարի առաջ, երբ մենք անկախացանք Իսպանիայից, նախկին գաղութներում իշխանության եկածները չազատեցին հնդկացիներին, չուղղեցին նախկին անարդարությունը, այլ շարունակեցին շահագործել նրանց նույն ագահությամբ և դաժանությամբ, ինչ կոնկիստադորները, իսկ որոշ երկրներում մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ բնաջնջեցին բնիկներին: Ասենք ողջ անկեղծությամբ. այդ երկու հարյուր տարիների ընթացքում հնդկացիների ազատագրումը մեր և միայն ու միայն մեր պարտքն էր, և մենք չկատարեցինք դա: Այդ խնդիրը առաջվա նման լուծված չէ ողջ Լատինական Ամերիկայում՝ ամոթ և խայտառակություն բոլորիս անխտիր և առանց բացառության:

Ես Իսպանիան սիրում եմ Պերուից ոչ պակաս, և իմ պարտքը նրա առջև նույնքան վիթխարի է, որքան երախտագիտությունը: Առանց Իսպանիայի ես երբեք չէի կանգնի այս ամբիոնի առջև, երբեք չէի դառնա հայտնի գրող, և, հնարավոր է, քիչ հաջողակ իմ գործընկերներից շատերի նման կմնայի այն գրողների տրտում վիճակում, որոնք չեն արժանացել բախտի Ֆորտունա աստվածուհի ժպիտին, որոնք չեն ստանում մրցանակներ, որոնց գրքերը չեն հրատարակում ու չեն կարդում և որոնց տաղանդը (չնչին մխիթարանք) ինչ-որ ժամանակ գուցե բացահայտեն ապագա սերունդները: Իմ բոլոր գրքերը հրատարակվել են Իսպանիայում, այնտեղ ես ստացել եմ մասամբ անարժան ճանաչում, ձեռք բերել Կառլոս Բարալի, Կարմեն Բալսելսի  նման բազում բարեկամներ, որոնք հոգացել են, որ իմ պատմությունները գտնեն իրենց ընթերցողին:

Բացի այդ, Իսպանիան ինձ տվեց երկրորդ քաղաքացիություն այն պահին, երբ ես կարող էի կորցնել առաջինը: Ես երբեք անբնական չեմ համարել այն, որ ես՝ պերուացիս, ունեմ իսպանական անձնագիր, քանզի Իսպանիան և Պերուն միշտ ընկալել եմ իբրև նույն դրամի երկու երես և ոչ միայն իմ համեստ անձը նկատի ունենալով, այլև այնպիսի հիմնարար հարցերում, ինչպիսիք են պատմությունը, լեզուն և մշակույթը:

Իսպանական հողում ապրածս տարիներից իմ մեջ առավել տպավորվել են այն հինգը, որ 70-ականների սկզբին անցկացրել եմ իմ սիրելի Բարսելոնայում: Ֆրանկոյական բռնապետությունը դեռ իշխանության գլուխ էր, դեռ կրակում էր մարդկանց վրա, բայց այդ ժամանակներում նա ցնցոտիավոր խլյակ էր արդեն և այլևս չեր կարողանում առաջվա նման վերահսկել հասարակությանը, մանավանդ մշակույթի ոլորտում: Նրա կառուցած պատնեշում ի հայտ էին եկել ճաքեր և սողանցքներ, որոնք գրաքննիչներն այլևս ի զորու չէին խծուծել, և դրանց միջով ներթափանցում էին նոր գաղափարներ, գրքեր, փիլիսոփայական ուղղություններ, գեղարվեստական արժեքներ ու ձևեր, որոնք նախկինում արգելված էին իբրև խռովարարական և որոնք իսպանական հասարակությունը կլանում էր անհագորեն: Ազատականացման այդ սաղմնավորումից ոչ մի այլ քաղաք չօգտվեց ավելի լավ ու առավելագույնս, քան Բարսելոնան, և ոչ մեկը չապրեց հոգևոր ու գաղափարական, ստեղծագործական այդպիսի վերելք: Բարսելոնան դարձավ Իսպանիայի մշակութային մայրաքաղաքը: Մթնոլորտը ներծծված էր ազատության սպասումով: Բարսելոնան որոշ իմաստով դարձավ նաև Լատինական Ամերիկայի մշակութային մայրաքաղաքը: Լատինամերիկացի շատ նկարիչներ, գրողներ, հրատարակիչներ ու դերասաններ կամ հիմնավորվեցին Բարսելոնայում, կամ էլ հաճախ էին լինում այնտեղ: Մեր ժամանակներում հենց այնտեղ պիտի ապրեիր, եթե ուզում էիր լինել գրող, բանաստեղծ, նկարիչ կամ երգահան: Դրանք ընկերության, բարեկամության, նոր սյուժեների, բեղմնավոր աշխատանքի անմոռանալի տարիներ էին ինձ համար: Փարիզի նման, Բարսելոնան էլ ՙԲաբելոնյան աշտարակ էր՚, աշխարհաքաղաքացիների համամարդկային քաղաք, որտեղ կյանքն ու աշխատանքը ոգեշնչում էին և որտեղ քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ ձևավորվել էր նույն ավանդույթին պատկանելու գիտակցությամբ տոգորված, ընդհանուր գործով և վստահությամբ միավորված իսպանացի և լատինամերիկացի գրողների եղբայրություն: Նրանք գիտեին, որ բռնակալության վախճանը մոտ է և ժողովրդավար Իսպանիայում գլխավոր դերակատարություն է ունենալու մշակույթը:

Թեև ոչ բոլոր սպասելիքներն իրականացան, բայց բռնապետությունից ժողովրդավարության Իսպանիայի վերամարմնավորումը մեր ժամանակների հրաշալի օրինակներից է. երբ հաղթանակում է ողջախոհությունը և բանականությունը, իսկ երբ քաղաքական հակառակորդները հանուն ընդհանուր բարօրության մի կողմ են թողնում երկպառակությունը, արդյունքը կարող է այնպես հրաշալի լինել, ինչպես «մոգական ռեալիզմի» վեպերում է: Ամբողջատիրությունից ազատություն, հետամնացությունից բարգավաճում, երրորդ աշխարհին բնորոշ տնտեսական հակադրություններից և անհավասարությունից դեպի «միջին խավի հասարակություն» Իսպանիայի ուղին, նրա ինտեգրումը Եվրոպայի հետ և ժողովրդավարության մշակույթի արագ յուրացումը ապշեցրեց ողջ աշխարհին և արագացրեց երկրի արդիականացումը: Ինձ համար խիստ հուզիչ և ուսանելի էր այդ ամենին մոտիկից, իսկ երբեմն էլ ներսից հետևելը: Ես ջերմագին հույսեր եմ տածում, որ ազգայնամոլությունը՝ ժամանակակից աշխարհի, նաև հենց Իսպանիայի այդ վտանգավոր ախտը չի կործանի այդ չքնաղ հեքիաթը:

Ռուսերենից փոխադրեց և համադրեց Հակոբ Սողոմոնյանը

Նոբելյան բանախոսությունը ամբողջական կարդացեք՝ Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք