Երևանյան կտուրներ

* * *

Երևանյան կտուրներ,

Մոշի կիսաքաղցր գինի,

Ու պիջակդ սև…

Շուրթերն իմ գինոտ,

Ու կիթառիդ լարերի դողը…

Անունդ,

Որ համբուրում եմ

Բոլոր

Արտաբերումներում…

* * *

Նա քայլեց,

Հագին զոլավոր կոստյումն էր.

Լոգարանի չորացած տերևների

Ու սալահատակների մեջ`

Սև ռետինե խողովակները:

Հերարձակ տղամարդիկ`

Հարություն առնող,

Նվագում էին,

Ու ոսկեգույն օձեր էին պարում սրունքներին…

Պիաֆների երամում թևաթափ մարդիկ

Հավիտյան հավիտենից ճախրում էին,

Բայց անձայն,

Բայց անսանձ,

Բայց անսեր:

Նա քայլեց,

Հագին զոլավոր կոստյումն էր,

Ու երեք տարեկան եղջերուների գանգերը`

Պատերից:

 

* * *

 

Որովհետև երբ միտքս քայլում է`

Թևանցուկ, քեզ հետ,

Ես զգում եմ`ոնց ես ժպտում

Ու ոնց կժպտայիր, եթե գրպանիցս

Երկու հատ մանդարին ընկներ…

Սովորության համաձայն մեկը կլիներ իմը,

Մյուսը կտայիր ինձ…

 

* * *

Ծաղկե այն ողկույզները,

Որոնք մանկության ու երազանքի ճանապարհին էին,

Ու որոնց թփերում էի ես,

Այսօր հրաժարվում են բուրել…

Յասամաններն այսօր չեն բուրում, սիրելիս…

Բայց որքան հավերժ են…

 

* * *

Ինչպես պտղի կղզին է ծնրադրում հասուն մրգերի մեջ,

Ու ինչպես ստվերը`միայն մարմարե պատերի տակ,

Մենք կապված ենք իրար.

(Դաշտերի վրայով անցնող քամին է

Մերկությունն այդպես սիրում…)

 

Ու թեև մեռնում ենք հենց քամոտ եղանակներին

Ցորենի հինգ հատիկ բռերիս մեջ պահած,

Մենք աստղերի գաղտնիքներն ենք ցանում ի վերջո…

 

Ու թեև գաղտնիքներն օրերի են նման,

Ու մինչև ծով հազարավոր գիշերներ են բաժանում,

Մենք բարձրանալու ենք օվկիան գնացող մեր նավը…

Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք