Մի համայնքի պատմություն. Սալոնիկ. Հունաստան

Հեղինակ:

 

 

saloniki

 

Սալոնիկի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի և հայ համայնքի անդամ

Հովիկ Կասապյան.

-Իմ ընտանիքի առաջին ծիլերը Հունաստանում ընձյուղվեցին Ցեղասպանությունից անմիջապես հետո:

Մեծ մայրս` Վարդանուշը, սեբաստացի էր և այստեղ հասավ ամերիկյան որբանոցի միջոցով, մեծ հայրս Սիլիվրիից էր, որն այժմ Արևելյան Թրակիան է` Լոզանի դաշնագրով Թուրքիային անցած:

Ես Ցեղասպանությունից հետո Հունաստանում ապրող երրորդ սերունդն եմ, ծնվել և կրթություն եմ ստացել Սալոնիկում:

Ծառայել եմ հունական բանակում:

Տիրապետում եմ ոսկերչական արհեստին:

Երեսուներեք տարեկանում գնացի Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու: Ուսանեցի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ապա մագիստրոսական կրթությունս ստացա Երևանի պետական համալսարանի սփուռքագիտության ամբիոնում:

Ի՞նչ պատմություն ունի Սալոնիկի հայ համայնքը

-Հունաստանի հայկական մայր համայնքը Աթենքում է, ունի երեք ամենօրյա հայկական դպրոց, «Ազատ օր» օրաթերթը, «Արմենիկա» պարբերաթերթը, գործում են նաև համահայկական բոլոր միությունները, երկու քաղաքական կուսակցություն՝  ՀՅԴ և Ռամկավար: Վերոնշյալ բոլոր միությունները Սալոնիկում ևս ներկա են:

Սակայն Սալոնիկի հայ համայնքը մինչ օրս մանրամասն ուսումնասիրված չէ. 2005-ին Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Իոանիս Խասիոտիսի հեղինակությամբ լույս տեսավ Սալոնիկի հայ համայնքի պատմությունը ներկայացնող պատկերազարդ գիրքը, որը, չնայած իր ծավալին, բուն խնդիրների հետազոտություն չի կրում իր մեջ:

Ընդհանրապես, Սալոնիկի հայ համայնքի պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին հայ ընտանիքները այստեղ հաստատվեցին 1880-ական թվականներից, երբ Հյուսիսային Հունաստանը Օսմանյան կայսրության սահմանների ներսում էր: Այդ ընտանիքներն էին, որ 1903 թվականին կառուցեցին մեր այսօրվա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այդ ժամանակ պատկանում էր Պոլսո պատրիարքությանը:

Հայերի երկրորդ հոսքը Հունաստան տեղի ունեցավ 1915-22 թվականներից հետո: Բազմահազար հայեր որպես գաղթական հաստատվեցին Հունաստանի մի շարք քաղաքներում՝ Աթենք, Սալոնիկ, Դրամա, Սերես, Ֆլորինա: Նրանցից շատերը 1940-ականներին ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, և համայնքը կտրուկ փոփոխություն կրեց. արդեն խոսում ենք ոչ թե տասնյակ հազարների, այլ ընդամենը մի քանի հարյուր ընտանիքի մասին, նրանց, ովքեր որոշեցին չգնալ Հայաստան, որովհետև հայտնի է, որ Դաշնակցությունը դեմ էր Խորհրդային Հայաստան հայրենադարձությանը:

Այդ տարիների մասին մի գիրք կա` «Նամակներ սովետական դրախտից», հեղինակը` Մովսես Բազարյանը, գիրքն սկսում է արևմտահայերենով և ավարտում արևելահայերենով: Նա գրում է, որ Հունաստանից Հայաստան ներգաղթեց 18514 շունչ: Իհարկե, այդ ժամանակ որոշ դաշնակցականներ էլ հայրենադարձվեցին Հայաստան, բայց աքսորվեցին միանգամից Սիբիր: Իսկ որոշ ընտանիքներ ավելի խելացի վարվեցին. իրենց բարեկամներին ուղարկեցին Հայաստան և սպասեցին լուրերի: Պատմում էին, որ Հայաստան ներգաղթած հայերի նամակները գրաքննության էին ենթարկվում, և քանի որ չէին կարող գրել, թե Ստալինը մեզ հալածում է, գրում էին` ամեն ինչ լավ է, բարևներ տվեք Մարկոսին: Ո՞վ էր Մարկոսը: Մարկոսը նա էր, ով կտրուկ դեմ էր Հայաստան գնալուն, կամ բարևներ էին ուղարկում Պետրոսին, ով քսան տարի առաջ մահացել էր:

Այնուհետև համայնքի այդ փոքր մասնիկը համալրվեց 90-ականներին Հայաստանից, Վրաստանից ներգաղթյալներով: Այդ տարիներին Հունաստանը ծրագրիր որդեգրեց՝ կազմակերպել հունական հայրենադարձություն և ներգաղթյալներին վերաբնակեցնել Էվրոսի շրջանում, որը մոտ է Թուրքիայի սահմանին: Ներգաղթյալներից ոմանք 40-ականների վերջին Հայաստան հայրենադարձվածների ժառանգներն էին, որոնք, երևի թե, իրենց մեջ դեռ կրում էին  հոգեկան կապը Հունաստանի մեջ:

Genocide

Հունաստանի հայերը ճանաչվա՞ծ են որպես ազգային փոքրամասնություն:

-Հայությունը Հունաստանում ճանաչված է որպես օտար կրոն, օտար դավանանք, որովհետև, ըստ Լոզանի դաշնագրի, միակ փոքրամասնությունը, որ ճանաչված է Հունաստանում, Թրակիայի փոմակները` մահմեդական բուլղարներն են: Մինչդեռ հրեական համայնքը ճանաչված է որպես ազգային համայնք: Չեմ կարող պատճառաբանել, բայց իրականության մեջ մենք այսօր ինքնակոչված ենք համայնք, որովհետև հայկական համայնքների ներկայությունն ու գործոնը ամենուր շատ քաղաքականացված է: Եվ քանի որ առկա է Հայ Դատի հետապնդումը, ապա մեր գոյությունը և սփյուռքի մտածելակերպը միտված են Հայ Դատի արծարծմանը: Պատմաքաղաքական նման իրադրության մեջ պետք է գործել լոբբիստական ձևով, ինչն էլ ակամայից ենթադրում է քաղաքական գործելակերպի որդեգրում: Մենք ունենք հայկական եկեղեցի, բայց մեր ինքնանպատակը կիրակի օրերին եկեղեցում աղոթելը չէ, եկեղեցին այսօր անգամ ավելի շատ դեսպանության նման է, քան զուտ հոգևոր կառույցի:

Պոնտոսցի հույներն այսօր ևս ունեն ցեղասպանության ճանաչման խնդիր: Ինչպիսի՞ն է նրանց պահանջատիրության պատկերը:

 

-Պոնտոսցի հույների պայքարն այսօր չունի պահանջատիրական ձևակերպում:

Այո՛, նրանք պահանջում են, որ Թուրքիան պարզապես ճանաչի պոնտական ցեղասպանությունը: Եվ հենց այդտեղից սկսվում է սխալը, որն առնչվում է Հունական Հանրապետության դիվանագիտությանը: Գոյություն չունի պոնտական ցեղասպանություն: Գոյություն ունի Պոնտոսի հույների ցեղասպանություն: Այսինքն` պոնտոսցիները, ինքնորոշվելով որպես պոնտոսցի և իրենց զատելով հույներից, իրենց սահմանափակեցին պահանջատիրության հարցում:

1930-ականներին Վենիզելոսի և Քեմալի միջև վերջին բանակցություններում պոնտական խնդիրը չդրվեց, ինչն այսօր ստիպում է այն դիտարկել պատմաիրավաբանական տեսանկյունից: Մինչդեռ այսօր Հունաստանը Էգեյան ծովի չափորոշիչից բացի, այսինքն` վեց, թե տասներկու մղոն է Թուրքիայի սահմանագիծը դեպի Էգեյան ծով, ուրիշ խնդիր չի դնում: Հունաստանն այսօր չի խառնվում նաև Կիպրոսի խնդրին: Փաստացի, երկրի կառավարությունը խուսափում է կոնֆլիկտներից, քանի որ Հունաստանն այսօր այլևս այն հզոր երկիրը չէ, որպեսզի ինքնագլուխ քաղաքականություն վարի: Իսկ ցեղասպանության խնդրի բարձրաձայնումը կդիտարկվի կազուս բելլի  կամ սադրանք հույն-թրքական հարաբերություններում: Այդ պատճառով պոնտոսցիների հարցը մնում է զուտ ֆոլկլորային. պիտի երգեն ազգային երգերը, այցելեն պապենական հողերը. այդքանը: Վերջին ժամանակներում, անշուշտ, որոշ քայլեր արվեցին միջազգայնացնելու ցեղասպանության հարցը, բայց ես մտավախություն ունեմ, որ նրանց քայլերն անպատասխան են մնալու, քանզի չեն համընկնում Հունաստանի ընդհանուր արտաքին կեցվածքին:

Արդարացի լինելու համար ասեմ, որ Հայոց ցեղասպանության խնդիրը կարողացավ այդպիսի թափ ստանալ երկու պատճառով. առաջինն այն էր, որ սփյուռքը գոյություն ուներ և ենթակա չէր որևէ մեկ գրաքննության, ինչպես Խորհրդային Հայաստանը: Երկրորդը, որ այն, ինչ պահանջում էր Հայ Դատը, անմիջականորեն մոտ էր գտնվում Հայաստանին: Եվ եթե Հունաստանը Պոնտոսն իր մասը հռչակելու պահանջատիրություն սկսեր, տրամաբանական խնդիրների կառնչվեր, քանի որ Պոնտոսը տարածքային առումով բավական հեռու է Հունաստանից: Իսկ Հայաստանի դեպքում մերկ աչքով տեսանելի է, թե ինչ ենք պահանջում մենք: Դրա համար է, որ չենք պահանջում, օրինակ, Կիլիկիան:

Եվ, անկեղծ ասած, այսօր մեզ ոչինչ չի տա, եթե Էրդողանը կամ նրա հաջորդներից մեկը կանգնի և ներողություն խնդրի հայերից կատարվածի համար կամ արտասանի «Ցեղասպանություն» բառը: Մենք, եթե պահանջեինք այդ ներողությունը, վաղուց ստացած կլինեինք: Խնդիրն այլ է: Խնդիրն այսօր հատուցումն է:

Նորից վերադառնանք հայկական համայնք: Իսկ հայապահպանության ի՞նչ խնդիր ունի հայ համայնքը Սալոնիկում:

-Չնայած ամենուր հայապահպանության զանազան ծրագրեր են մշակում, որպեսզի երիտասարդներ գրավեն հայկական համայնքի շրջանակներում, ամենամեծ դերը միշտ պատկանել և պատկանում է ընտանիքին, և թե՛ հայախոսության խնդիրը, թե՛ նվիրումը ազգային մշակույթին այն դաստիարակությունն է, որ երեխան նախապես պիտի ստանա ծնողներից:

Այսօր հայապահապնությունը շատ մեծ դժվարություններ ունի մանավանդ արևմտյան սփյուռքի մեջ, որովհետև այստեղ, որպես այդպիսին, կրոնական տարբերություններ չկան: Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում մենք չունենք կրոնի, մշակույթի այնպիսի դժվարություններ, որ տեղացիների հետ չկարողանանք մերվել` ի տարբերություն Սիրիայի կամ Լիբանանի հայության: Այնտեղ համայնքներն ավելի ամուր են, որովհետև խառնամուսնություններ գոյություն չունեն: Այդ է խնդիրը:

Սալոնիկը, ինչպես ամբողջ Արևմուտքն ու Ռուսաստանը, խառնարան է, որտեղ շատ հայեր մոռացել են իրենց ազգային պատկանելությունը: Այդ խնդրի լուծման համար հարյուրավոր նախաձեռնություններ կարող ենք կիրառել, սակայն դրանք էլ անարդյունք կլինեն, եթե մարդը իր հոգում չհավատա, որ պետք է միաբանվի արյունակիցներին, որպեսզի պահպանի իր ազգային գոյությունը, այդ ձևով ինքն էլ սատար լինի Հայաստանի հզորացմանը և հայկական մշակույթի պահպանմանը: Ես հեռանկարային եմ համարում այն իրավիճակը, երբ հայը ոչ միայն ռոմանտիկ կամ ազգային պարծանքի միտումներով մերձենա մյուս հային, այլ այնպիսի գործնական դրություն ապահովվի հայության շրջանում, որ հայը ցանկություն ունենա հային ընկերանալ, կապ հաստատել իր գործով և պիտանի լինել ուսմամբ:

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք