Գրեթե անվերնագիր. Թիֆլիսահայ ուսանողներին հանդիպելուց հետո

DSC06278

 

 

 

Հայկական ու հայաբնակ Ջավախք երկրի առնչությամբ մարդիկ սովորաբար հակասական պատկերացումներ են ունենում: Ոմանք ջավախքցիներին գիտեն որպես կոպիտ բնավորության կամ լիրիկական հոգու տեր մարդկանց, ոմանք՝որպես կռվարարների, ուրիշները որպես մեկուսացված հանրույթ են ճանաչում, չորրորդները գնահատում են նրանց բնատուր բարձր ինտելեկտը և այլն: Բայց, թերևս, ոչ ոք էլ ջավախքցուն չի ճանաչում իր իսկական էությամբ, ավելին, չի ճանաչում որպես հասարակության մեջ ինտեգրված հանրույթի, որն իր ներդրումն է ունենում հայ և վրաց հասարակական կյանքի կազմակերպման ու առաջընթացի հարցում:

Ջավախքահայերին չճանաչելու կամ ճանաչելու ցանկության բացակայության վկայությունն է որոշ չափով Հայաստանում, շատ ավելի մեծ չափով նաև Վրաստանում նրանց մեկուսացման մղող մարդկանց վերաբերմունքը: Այս առիթով դիպուկ ձևակերպում արեց Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողներից մեկը, երբ զրուցում էինք Թբիլիսիում կրթություն ստացող ջավախքահայ ուսանողների խնդիրներից. «Հայաստանում մեզ կանչում են ջավախքցի, Վրաստանում՝սոմեխի: Հիմա մենք ի՞նչ անենք»: Թեև նա դա ասում էր ծիծաղով ու նույնիսկ որոշ հեգնանքով, բայց այդ միտքը թախիծ առաջացրեց, ու այդ պահին հաջորդ միտքը, որ եկավ գլուխս, թերևս որպես ինքնապաշտպանական բնազդ, այն էր, որ մեկուսացվածի ու չընդունվածի իմունիտետն ավելի բարձր է լինում, այն ավելի դիմացկուն է լինում, պայքարող է լինում, քանի որ դեռ ապացուցելու բան ունի, քանի որ արևի տակ իր տեղն ստանալու, հաստատվելու խնդիր ունի:

Անշուշտ, այդպիսի պայքարող տեսակ է ժամանակակից ջավախքահայը: Այդպիսին է Թբիլիսիում, Մոսկվայում ու Ռուսաստանի այլ շրջաններում, բայց ոչ Երևանում: Թե ջավախքցու ուսանելու տեսանկյունից որոնք են Երևանի ու Թբիլիսիի միջավայրերի տարբերությունները և դրանց պատճառները, այլ թեմա է, այլ զրույցի նյութ, թող ամեն ջավախքցի փորձի մտորել այդ մասին, բայց այն, ինչ տեսա Թբիլիսիում, անսպասելի էր լավ իմաստով, արևածագ էր:

Դեպքը տեղի ունեցավ այսպես. օրեր առաջ գիտական ուսումնասիրության նպատակով մեկնել էի Թբիլիսի՝հանդիպումներ ունենալու այնտեղ ուսանող ջավախքահայ երիտասարդների հետ: Իմ խնդիրն էր հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն է ունենում ջավախքահայի վրա Թբիլիսիում սովորելը, վրացական միջավայրն ու վրացերենի ուսուցումը: Պատասխանը մեկն էր՝բացառապես դրական, ինչպես և սպասում էի՝ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ջավախքահայերի՝վրացերեն սովորելու մեջ ձուլման վտանգ են տեսնում:

Թեև արձակուրդս կարճ էր, ու երկար ժամանակ չունեցա շրջելու Թբիլիսիի հին ու նոր թաղամասերով, ավելի լավ ծանոթանալու Թբիլիսիի նոր կերպարին, բայց որոշ նրբություններ կարողացա ընկալել: Ինչո՞ւ չեմ ասում վրացական կոլորիտ, որովհետև Թբիլիսին նախորդ դարերի ընթացքում ազգայինից հասցրել է բավականաչափ հեռանալ՝իր մեջ ներառելով կովկասյան ու ոչ միայն կովկասյան տարբեր ազգերի մշակույթներ, կենցաղ ու առօրյա, ինչը նրան ուրույն շուք է հաղորդել:

Թբիլիսին միշտ էլ առանձնացել է շրջապատի միապաղաղությունից: Որքան էլ տարածաշրջանն իր զարգացածությամբ հետ մնար աշխարհից, միևնույն է, Թբիլիսին ռուսական փոխարքայության մայրաքաղաք էր… ցարական ռեժիմի փոխարքայության… բայց մայրաքաղաք՝իր բոլոր բնական արտոնություններով… Այս մտքերն էին ինձ այցելում Թբիլիսիի մասին, երբ քայլում էի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Դավիթ Շինարարի պողոտայով, որը վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցվել էր՝դառնալով հին ու նոր դարերի Թբիլիսիի ճարտարապետության ու մշակույթի մի կոկիկ ու բավականին արտահայտիչ վկայություն:

Հայերս միշտ էլ զգալի թիվ ենք կազմել Թբիլիսիում ու զգալի ազդեցություն ունեցել քաղաքի մշակույթի ու կյանքի վրա: Ու այդ հիանալի շինություններից տեսնես ո՞ր մեկն է ժամանակին կառուցվել հայ վարպետների կամ ճարտարապետների մասնակցությամբ,- մտածում էի ես:

Բայց որ շատերի կառուցման աշխատանքներին մասնակցած կլինեին հայ վարպետները՝դրանում չէի կասկածում: Չէ՞ որ կային այդպես կարծելու շատ ավելի վառ հիմքեր: Ահավասիկ Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը, որը ժամանակին եղել է հայազգի պետական գործիչ, Թբիլիսիի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանի տունը: Իսկ մեկ այլ հայազգի քաղաքապետ՝Արքունին, Թբիլիսիին է նվիրել իր անձնական գրադարանը, որը ներկայումս քաղաքի հանրային գրադարանի կորիզն է:

Քայլում էի Դավիթ Շինարարի պողոտայի երկայնքով, բայց ժամանակն իր հետ փոխել ու բերել էր նոր իրողություններ: Այդ հայտնի զբոսաշրջային փողոցը ողողված էր թուրքական ու ադրբեջանական ռեստորաններով, արագ սննդի կետերով ու նարգիլեանոցներով, որոնց մասին տհաճությամբ էին խոսում տեղի բնակիչները, ում հետ առիթներ ունեցա կարճ զրույցներ ունենալու:

Ակամա սկսեցի մտածել, որ ժամանակն այս քաղաքին կարծես մի տեսակ պատժել է հայկական հետքի ու ադրբեջանա-թուրքական հետքի նժարը հօգուտ երկրորդի փոխելով, քանզի հայկական հետքը Թբիլիսիում մշակութային արժեքներն են, ադրբեջանականը՝ռեստորանները: Չէ՞ որ այս քաղաքում առաջին թատրոնն էլ ազգությամբ հայ Պետրոս Ադամյանն է ստեղծել, իսկ իր զարգացման ու ծաղկման շրջանում Թբիլիսին տասնյակ հայազգի քաղաքապետներ է ունեցել:

Այսպես էի մտածում Դավիթ Շինարարի պողոտայում զբոսնելով ու զգում, որ հին ավանդույթների վերադարձը ամենևին էլ բացառված չէ, քանի որ ինձ հանդիպած բոլոր հայ երիտասարդները առավելապես կարևորում էին կրթության ու վրացերենի իմացության դերը Ջավախքում ու ջավախքցու կյանքում: Խորհրդանշական պատահականություն էր նաև այն, որ այս բոլոր զուգահեռները պատկերվում էին Շինարար թագավորի անունը կրող փողոցում:

Խոստովանենք, որ 1990-ականների սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծանր տարիները ստեղծեցին մի իրավիճակ, երբ քիչ էին ոչ միայն ջավախքցիները, ովքեր իրապես կարևորեին կրթությունը, ստանային որակյալ կրթություն այն մասնագիտական հարթությունում կիրառելու նպատակով: Բազմաթիվ հայտնի անհատականություններ տված երկրամասը ամբողջովին կերպարանափոխվել էր: Այդ շրջանում ջավախքցիները զբաղվում էին գյուղատնտեսությամբ կամ մեկնում արտագնա աշխատանքի՝շինարարության ոլորտում աշխատելու: Մասնագիտական որակավորում չպահանջող աշխատանքներ, որոնք եղել են ջավախքցու եկամտի աղբյուրները, որոնք չեն պահանջել կրթություն, մասնագիտացում: Հետևաբար, զարմանալի չէ, որ այդ փուլում կրթություն ստանալը ջավախքցու համար ստացել էր մի տեսակ ձևական նշանակություն: Կարելի է միայն առանձնացնել Ջավախքի դպրոցների ուսուցիչներին, ովքեր այդուհանդերձ կատարելագործվելու մեծ տեղ ունեն:

Իմ տեսածը բոլորովին նման չէր ջավախքահայ իրականության՝վերը նկարագրված սցենարին: Ուսանողները տիրապետում էին լեզուների՝վրացերենի, անգլերենի, ռուսերենի, ինչու չէ, գրական հայերենի (գրական հայերենով Ջավախքում քչերն են կարողանում ազատորեն արտահայտվել, քանզի նրանք խոսում են իրենց հրաշալի հայերենով), կապված են վիրահայոց թեմի հետ, դրսևորում են հասարակական ակտիվություն, ունեն հետաքրքիր իդեաներ, ծրագրեր և այլն:

Որպես օրինակ կարող եմ բերել այն, որ ավագ կուրսերի ջավախքահայ ուսանողները «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ և իրենց նախաձեռնությամբ ցածր կուրսերի ուսանողների համար կազմակերպում են նախապատրաստական դասընթացներ կրթական գործընթացում նրանց տարբեր խնդիրներից զերծ պահելու համար: Թբիլիսահայ համայնքի երեխաներին կիրակնօրյա դասերով կրթում են հենց նույն ջավախքահայ ուսանողները: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ Ջավախքը հսկայական ներուժ ունի ոչ միայն Վրաստանում ազդեցիկ միավոր դառնալու, այլև իր հետևից թբիլիսահայ համայնքին տանելու առումով: Մի՞թե սա չի նշանակում, որ ջավախքահայ տարրը դեռ իրական ազդեցություն է ունենալու ոչ միայն թբիլիսյան միջավայրի վրա:

Այս մեկ-երկու դրվագը բավական խոսուն կերպով նկարագրում է այն իրականությունը, որն առկա է Թբիլիսիում կրթություն ստացող ջավախքահայերի միջավայրում: Եվ այդ ամենը Վրաստանում ստեղծված հնարավորությունների, վրաց հասարակությանն ինտեգրվելու, հույսը սեփական ուժերի վրա դնելու, ինչպես նաև Երևանից հնարավորից ավելին չակնկալելու շնորհիվ, այլ թիկունք կանգնելու Երևանին:

Ի վերջո, հայկական սփյուռքի որևէ համայնք դեռևս չի կայացել և հզորացել Հայաստանի օգնությամբ: Համայնքները կայանում են ինքնուրույն՝արդյունավետ ինքնակազմակերպման հետևանքով: Ցանկացած օրգանիզմ հզորանում ու ամրանում է իր ինքնակազմակերպման և սեփական դիմադրողականության հաշվին: Սա պետք է հասկանա նաև վիրահայ համայնքը:

Թբիլիսին նկարագրելով՝ես խոսեցի միայն Դավիթ Շինարարի պողոտայի մասին, իսկ ինչքան փողոցներ ու շենքեր կան հին Թիֆլիս մեծ քաղաքում, որոնց մասին ես լսեցի:

Անդին 9 2017

Կարծիքներ

կարծիք