Ցեղասպանություն և ցեղասպանվածի մշակույթ

DSC_6654

Եթե ջուրը երկրի արյունն է, ապա լույսը հոգին է երկրի:

Այսպես մտածում էի, մտածում ու տողը չէի գտնում, այնինչ ժամանակն անսանձ նժույգի նման սլանում էր առաջ՝ իր փոշին թողնելով ձեր և իմ մազերին:

Տպավորություն ունեի, թե մենք հարյուր տարի, հարյուր տարուց էլ ավելի անհուսահատ համբերությամբ սպասում էինք Ժամանակ տվողին, ով պիտի գար ու ճշտեր իր իսկ սխալը և ով գալու էր դրսից:

Այդպես մեզ թվում էր…

Այնինչ տեղի է ունեցել ցեղասպանություն, մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում: Հայրենիք, որի փոշուց, ինչպես լորդ Բայրոնն էր ասում, Աստված ստեղծեց Ադամին: Այսինքն թե՝ տեղի էր ունեցել համամարդկային աղետ: Քանդվել, ավերվել, հողին էր հավասարվել Մարդու ծննդավայրը:

Իսկ մենք շարունակում էինք սպասել դրսից եկողին, ով իբր թե պիտի ուղղեր խախտված ներդաշնակությունը:

Սպասում էինք, սպասում, փոխանակ նայելու մեր ներսը, թե ինչ եղավ փրկվածներիս, վերապրողներիս հետ:

Նայեցինք, քրքրեցինք մեզ ու գտանք զարմանալի նվաստ մի բառ՝ գոյատևել, գոյատևել մեր տանը և դրսում՝ աշխարհը դարձնելով մեզ հայրենիք:

Եվ բառն այդ մեզ տաք թվաց, ու մենք հարմար տեղավորվելով այդ բառի մեջ՝ սկսեցինք գոյատևելով հպարտանալ, որ փրկվել ենք ու դեռ կանք՝ ի հեճուկս թուրքի:

Եվ վերջին հարյուր տարում Խորենացուն, Գողթան երգիչներին, Նարեկացուն, Քուչակին ու Մեծարենցին փոխարինած մեր Երգիչները շեղվեցին փառավոր մշակույթի բնականոն հունից, հորինեցին, ստեղծեցին ողբի ու հալածվածի մշակույթ, զրկված ու զարկված հայրենիքի մշակույթ՝ առանց անդրադառնալու, որ մենք մեր իսկ ձեռքով ոչնչացնում ենք մեր մշակութային Եսը, ով իր հանճարով ժամանակին կանգնած էր աշխարհի մեծերի կողքին, և չնկատեցինք էլ, թե ինչպես հարյուր տարվա ընթացքում փոխվեց մեր հանճարների ձեռագիրը…

Այո՛, գոյատևել բառը մեզ շատ դուր եկավ:

Թուրքն իր գործն արել էր, և մեր մեծ հայրենիքի մի անկյունում մեզ մնացել էր  փոքրիկ մի Հայաստան և աշխարհով մեկ սփռված պատմական հայրենիք փնտրող հայություն:

Բայց մենք չհասկացանք, որ թուրքը չի հեռացել, թուրքն իր նախճիրով մտել է մեր հոգևոր աշխարհը և շարունակում է ցեղասպանել մեզ մեր ներսից՝ արդեն հարյուր տարի, ցեղասպանել մեր միտքն ու մշակութաստեղծ հոգին, որ լույսն էր երկրի:

Չհասկացանք նաև, որ հայ ազգը աշխարհին պարտք չէ, հայ ազգն ինքն իրեն է պարտք:

Գրեցի այս տողերն ու ինձ թվաց, թե գտա այն, ինչ փնտրում էի.

Որ որպես զգեստ հագնելով մեր կորցրած հայրենիքն ու արյունը կորցրած՝ մեր ներսում պիտի ջնջենք թուրքի արյունոտ ձեռքի հետքը:

Որ մենք ոչ թե պետք է մոռանանք համազգային ցավը, այլ մեր հոգին ու հոգևորը ազատենք ինքնացեղասպանվելուց և քայլենք աշխարհի երևելի ազգերի կողքին, ինչպես ԷԻՆՔ Թորոս Ռոսլինի և Մեծարենցի ժամանակներում:

Որ առաջին հերթին պետք է սպանենք մեր հոգևոր կյանք խուժած թուրքին, որպեսզի ճանաչենք մեզ ու մեր ուժի սահմանը, և միայն այդ դեպքում մենք կարող ենք հաղթել:

Ու ես համոզվեցի նաև, որ մենք ճշմարտություն որոնող ու չգտնող ժողովուրդ ենք, իսկ ճշմարտություն որոնողի ճանապարհը անվերջ է ու հավերժ, որը նաև մեր ճանապարհն է:

 

Հ.Գ.

Ահա գրեցի մենք ճշմարտությունը որոնող ու չգտնող ժողովուրդ ենք, ու տեսա, որ ձեզ պիտի հրավիրեմ միասին որոնելու և գտնելու այդ հավերժական ճանապարհը, անդրադառնալով ու քննարկելով մանավանդ, թե ինչ արեց ցեղասպանվածի մշակույթը մեր մշակույթին և ինչ պիտի անենք ցեղասպանվածի մշակույթից անդին վերադառնալու համար:

 

Անդին 1.2015

Կարծիքներ

կարծիք