Պոեզիա

Salvador1

Կատալոնացի բանաստեղծ, դրամատուրգ, գրող Սալվադոր Էսպրիուն (1913–1985) կատալոնալեզու գրականության կարևոր նորարարներից է: Նրա ստեղծագործության վրա խոր հետք են թողել իսպանական քաղաքացիական պատերազմը, ժողովրդի պառակտումը, ճնշումները, որոնց ենթարկվում էր իր հայրենի Կատալոնիան:

 

Իմ ժողովուրդն ու ես

Ի հիշատակ Պոմպեու Ֆաբրայի` բոլորի ուսուցչի

 

Խմում էինք կում-կում

ծաղրի թունդ գինիները

իմ ժողովուրդն ու ես:

 

Լսում էինք թրի

ուժեղ փաստարկումները

իմ ժողովուրդն ու ես:

 

Յուրօրինակ մի դաս

ստիպված եղանք սերտել մենք`

իմ ժողովուրդն ու ես:

 

Մենք նույն ճակատագրով

ընդմիշտ միավորվել ենք`

իմ ժողովուրդն ու ես:

 

Պարո՞ն, սպասավո՞ր:

Մենք անբաժանելի ենք`

իմ ժողովուրդն ու ես:

 

Մենք` միշտ օրինավոր,

գողի, ավազակի դեմ,

իմ ժողովուրդն ու ես:

 

Ստիպված էինք փրկել

մեր իսկ լեզվի բառերը

իմ ժողովուրդն ու ես:

 

Սովորեցինք իջնել

սգո սանդղաքարերը

իմ ժողովուրդն ու ես:

 

Խորխորատի տակից

նայում ենք դեպի լույսը

իմ ժողովուրդն ու ես:

 

Ելնում ենք մենք ոտքի,

վառվող սպասմամբ երկուսս`

իմ ժողովուրդն ու ես:

 

 

Լաբիրինթոսի վերջը

Երբ նուրբ մեղեդիներ հնչեն

զգայուն այս մատներից,

դանդաղ լույսերը դողդոջեն

մոմերը փոխելիս,

դո´ւրս արի խնջույքից: Նայի´ր`

որքա ՜ն գիշեր է, ի ՜նչ անծիր

միայնություն է ծիծաղի

միջով տանում քեզ մինչ ազատ,

արդարացված այն մարդը, որ

ծնվում է քո լռությունից:

 

 

Հուշերում մնացած վարդերը

Հիշո՞ւմ ես` այս ձեռքերը

ինչպես էին բերում մեզ

Սուրբ Գևորգի վարդերը,

այն ապրիլի հին լույսը:

Մաղում էր մեղմ անձրևը:

Հսկա մի անձկությամբ մենք,

պատուհանի հետևը,

նայում էինք,- միգուցե

հիվանդ,- փողոցի կյանքը:

Այդժամ գալիս էր նա`

բուրումներով օծուն միշտ,

բարի, ծաղիկներով, ու

դրսում, հեռվում փակում էր

խեղճ վիշապի տանջանքը,

ու շա ՜տ քնքուշ ասում էր

փոքրիկ մեր անունները

ու մեզ նայում, ժպտում էր:

 

Երաժշտությամբ գուցե ավելի լավ լսեիր

Ես միշտ կասեմ քեզ ճիշտը:

Ու թե այդքան հաճախ հիշատակում եմ

քեզ առտնին ու մենավոր իմ մահը,

ու քաշ տալիս դաժան հնչերանգով

իմ սուղ իմացության

միակ այդ վանկը,

պատճառը այն է լոկ, որ կուզեի

դու զգաս ներսումդ, շատ խորքում, որտեղ հասնում է ավարտին

վերջին շիրմիդ տանող ցուրտ ճանապարհը,

թե որքան հեզ ու լուռ

սիրում եմ քեզ:

Տեսնո՞ւմ ես: Մեղմ քամին խոտերի մեջ

ու ես ու դու, մի տղամարդ, մի կին

ու անունները ամենայն` այնքան փխրուն գեղեցկությամբ,

ու երեկոն այս` մեզ համար

գուցե անմահ:

Բայց չես ուզում երբեք իմ աչքերի մեջ գուշակել`

ես ով եմ, ինչպիսին եմ ես, ու այժմ ինձ լցնում ես

դատարկ, ստվար, աղմկահար

բառերի կավով,

մինչև դրանք դառնան անհույս մի պատ.

սոսկ կարճ մի քայլ,

որը արդեն ինձ լրիվ բաժանում է

քեզնից:

 

XLVI

Երբեմն անհրաժեշտ է և պարտադիր,

որ մարդը մեռնի իր ժողովրդի համար,

բայց երբեք չպետք է մեռնի մի ամբողջ ժողովուրդ

մեն մի մարդու համար.

հիշի´ր սա միշտ,

Սեֆարա´դ:

Այնպե´ս արա, որ ապահով լինեն

երկխոսության կամուրջները,

ու ջանա´ հասկանալ ու սիրել

պատճառներն ու խոսվածքները տարբեր

քո զավակների:

Թող անձրևը կամացուկ իջնի

ցանքերի վրա,

ու հովն անցնի բաց ափի նման,

փափուկ ու բարեբեր` լայն դաշտերի վրա:

Թող Սեֆարադն ապրի հավերժ

կարգով, խաղաղությամբ, աշխատանքով,

դժվար ու արժանի

ազատությամբ:

 

Կատալոներենից թարգմանեց Հասմիկ Ամիրաղյանը

Կարծիքներ

կարծիք