Չսպասված ընկերը

Հեղինակ:

DSC00134-645x1024

Վարդանը սովորականից ուշ տուն վերադարձավ, բայց առանց ընթրիքին ձեռք տալու բացեց միջանցքում դրված պահարանն ու սկսեց նյարդայնորեն ինչ-որ բան փնտրել: Ակնհայտորեն լարված էր, ձեռքն ընկած թղթերն ու զանազան տուփերն աջ ու ձախ հատակին էր թափում:

-Հասմի´կ, ո՞ւր ես դրել աֆղանական լուսանկարներիս ալբոմը: Միայն չասե´ս, թե Երևանում ենք թողել:

Կինը, նրա կտրուկ ու չոր տոնից ակնհայտորեն վիրավորված, շուրթերից դուրս պրծնող բողոքը մի կերպ կուլ տալով, հանգիստ մոտեցավ, ներքևի դարակից հանեց ու հանդիսավոր ամուսնուն մեկնեց ալբոմը:

-Շնորհակալ եմ, Հասո… Դե լավ, դու գնա քնիր, ես հիմա կգամ:

Վարդանը մի տեսակ տարօրինակ ձևով, գրեթե պոռթկումով կրծքին սեղմեց կնոջը, մի բան, որ վաղուց չէր եղել:

-Ո՞նց անցավ հանդիպումը: Պարսիկները զինվորական համազգեստո՞վ, թե՞ արևելյան տարազով էին:

Հասմիկը գնալու միտք չուներ: Հայաստանը առաջին անգամ պարսիկ բարձրաստիճան զինվորականների պատվիրակություն էր ընդունել և հենց այստեղ՝  սահմանապահ այն զորամասում, որտեղ ամուսինն էր ծառայում: Ինչ խոսք, նրան շատ էր հետաքրքրում՝  ինչն ինչպես է եղել:

-Նրանք բոլորը համազգեստով էին, իմ պես զինվորական գլխարկով, ընդ որում՝  բոլորը ինձ նման բեղավոր,- Վարդանը փորձում էր կատակել, բայց դա նրան այնքան էլ չէր հաջողվում,- ես մի բան կուտեմ ու այս ամենն ինքս կհավաքեմ, մի´ սպասիր, գնա քնելու:

Հասմիկը դժկամորեն ելավ տեղից ու Վարդանի վրա հարցական մի հայացք նետելով՝  գնաց ննջարան: Նախ գորովանքով համբուրեց քաղցր քնած որդուն ու դստերը ու մտավ անկողին: Հիշեց ամուսնու անսպասելի, տաք գգվանքը, ու հիշողությունները նրան իրենց գիրկն առան:

Որքա՜ն էր ուրախացել, երբ լսեց, որ Վարդանը վերադարձել էր Աֆղանստանից: Ինքն այն ժամանակ տասներորդ դասարանում էր, իսկ Վարդանին զորակոչել էին ինստիտուտի երկրորդ կուրսից: Բայց աղջկա հրճվանքը անձնական հիմքեր չուներ, պարզապես նրա համար էր, որ իրենց հարևանը՝  հայ երիտասարդը, ողջ ու անվնաս վերադարձել է այն դժոխքից, որտեղից շատերն այդպես էլ տուն չեկան: Վարդանը շարունակեց ուսումը, ավարտեց ինստիտուտը, բայց մեկ տարի հազիվ էր աշխատել, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, ու նա առաջիններից էր, ով միացավ այնտեղ կռվող ազատամարտիկներին:

Նույնպիսի ու էլ ավելի մեծ ուրախություն ապրեց, երբ Վարդանն անփորձանք վերադարձավ նաև Ղարաբաղից, որտեղ ևս հարյուրավոր երիտասարդներ զոհվեցին կամ հաշմանդամ դարձան: Բայց դա էլ ուրախություն էր ընդամենը իր ճանաչած մարդու համար և ո´չ ավելին: Իսկ շուտով Հասմիկին տհաճորեն զարմացրեց Վարդանի նոր պահվածքն ու շարժուձևը, ցինիկ, լկտի այն հայացքը, որով վերջինս նայում էր կանանց, անկաշկանդ, բացահայտ աչքի տակ առնում նաև իրեն: Իսկ մի օր, երբ Հասմիկը վերադառնում էր աշխատավայրից՝  հեղինակավոր մի բանկից, հենց փողոցում Վարդանը անսպասելի մոտեցավ ու ոչ այս, ոչ այն՝  հարցրեց.

-Կամուսնանա՞ս ինձ հետ:

Աղջիկը սառն ու ու կտրուկ նետեց.

-Ես քեզ չե´մ սիրում:

Այդ դեպքից հետո Հասմիկը նրան չէր բարևում, բոլորովին օտարի պես անցնում էր կողքով՝  մոտենալու, որևէ բան ասելու ոչ մի հնարավորություն չտալով: Բայց մի անգամ, երբ կրկին վերադառնում էր աշխատանքից, իսկ Վարդանը ընկերների հետ կանգնած էր մայթեզրին, նրան նկատելով՝  պարզապես կտրուկ նետվեց աղջկա կողմը.

-Հասմիկ, համբուրի´ր ինձ:

Ոչ մի հայ աղջիկ, իրենով հետաքրքրվող երիտասարդի հանդեպ ինչպիսի վերաբերունք էլ ունենա, իրեն թույլ չի տա նրան անհարմար վիճակի մեջ դնել ընկերների մոտ: Նա, առանց տատանվելու, թեթևակի մի պաչ տվեց Վարդանի այտին՝  մտածելով, թե տղան պարզապես մի քիչ խմած է: Բայց զարմանքով, հետո նաև զզվանքով ինչ-որ քաղցրավուն, տհաճ, անծանոթ հոտ առավ նրանից ու խեթ հայացքով նայեց նրա դատարկ, կարմրած աչքերի մեջ: Այնուամենայնիվ Վարդանն իրեն կառավարում էր, ոչ մի ավելորդ շարժում թույլ չտվեց իրեն, բայց դարձյալ կամացուկ հարցրեց.

-Կամուսնանա՞ս ինձ հետ:

-Ո´չ,- նույնպես ցածրաձայն, բայց կտրուկ ու վճռական պատասխանեց Հասմիկը ու գլուխը խոնարհեց՝  ճակատին թափված մազերով շուրթերի շարժումը իրենց սևեռուն հետևող հանդիսատեսից թաքցնելու համար:

Այս դեպքից հետո ողջ բակը օր ու գիշեր հանգիստ չուներ Վարդանի տանը տեղի ունեցող՝  համարյա պատերը ցնցող գինարբուքներից: Հարևանները լուռ էին՝  անկեղծորեն մտահոգված երկու պատերազմ անցած, իսկ հիմա խաղաղ երկնքի տակ ո´չ տեղ ու հանգիստ, ո´չ աշխատանք գտնող տղայի համար: Գինարբուքների վերջը Հասմիկի հայրը տվեց, պարզապես նրան առաջարկելով մինչև արժանի աշխատանք գտնելը տղամարդուն վայել որևէ գործով զբաղվել, ասենք վերանորոգել իրենց տունը: Այն հրճվանքը, որով Վարդանն ընդունեց առաջարկը, Հասմիկի հայրը միանգամայն բնական համարեց, տղամարդկային իր ինքնավստահությամբ նա ոչ մի արտառոց բան չտեսավ դրանում: Այդ հետո միայն տարաբախտ աները շատ զղջաց դրա համար ու իր դառը փորձից ելնելով՝  բոլորին համոզում էր, որ չարժե աշխարհում որևէ մեկին լավություն անել:

Հեղինակավոր աշխատանք, կարիերա, բարձրախավ իրենց միջավայրից մեկի հետ շահավետ ամուսնություն՝  այս ամենը գեղեցկուհի Հասմիկի համար հօդս ցնդեցին, երբ մի օր Վարդանին տեսավ իրենց սեփական բնակարանում մինչև գոտկատեղը մերկ՝  պաստառներ կպցնելիս: Մարմինն ամբողջովին այրվածքներից մնացած խոր սպիներով էր պատված: Պատի տակ կանգնած՝  Հասմիկը երկար ժամանակ դժվարանում էր հայացքը կտրել այդ այլանդակությունից: Եվ կանացի նախնական բնազդը, որն ուժեղ է անգամ ինքնապահպանականից, այն մղումը, որը նրան թելադրում է տանն ուտելիք հասցնող որսորդի, իրեն պաշտպանող մարտիկի վերքերի ցավն անպայման դարմանել, Հասմիկին ստիպեց առանց վարանելու «այո´» ասել, երբ Վարդանը, պաստառները մոռացած, մոտեցավ ու հերթական անգամ հարցրեց.

-Կամուսնանա՞ս ինձ հետ:

Վարդանը ջերմ ու քնքշորեն գրկեց Հասմիկին, և Հասմիկը քաղցր մի սարսուռով զգաց խորը սպիների հպումը: Վարդանի կինը, նրա երեխաների մայրը դառնալուց հետո էլ նրա համար քաղցր այդ սարսափն էր փոխարինում սիրուն:

Հասմիկը հառաչեց ու կտրվեց հիշողություններից, նայեց ժամացույցին. արդեն գիշերվա երկուսն էր, իսկ ամուսինը դեռ չկար: Դուրս եկավ հյուրասենյակ, Վարդանը դեռ նստած էր սեղանի առջև: Նա ծխում էր ու խոժոռ հայացքով աչքի անցկացնում ալբոմից առանձնացրած մի քանի լուսանկար: Մոտեցավ, տեղավորվեց կողքին, հետո զգուշորեն վերցրեց նկարներից մեկը: Խորհրդային բանակի համազգեստով երկու զինվորներ էին այնտեղ, ժպտադեմ, մտերմորեն իրար փարված: Մեկը Վարդանն էր: Մյուս երկու լուսանկարներում էլ նրանք երկուսով էին:

-Ո՞վ է հետինդ:

-Թոֆիկն է, ադրբեջանցի, Աֆղանստանում միասին էինք ծառայում,- քրթմնջաց Վարդանը:

-Ինչո՞ւ ես հանկարծ նրան հիշել:

Հավերժական պարադոքս. այն գաղտնիքը, որը տղամարդն, ասենք, հանուն փողի, անգամ խոշտանգումների ենթարկվելով որևէ մեկին չի հայտնի, կնոջ մոտ կարող է շատ հեշտ բերանից թռցնել:

-Պատկերացնո՞ւմ ես, այսօր նրան տեսա պարսիկների պատվիրակության կազմում: Ինձ նկատելով՝  գույնը գցեց: Իսկ երբ հասկացավ, որ իրեն չեմ մատնի, հարմար պահ որսաց, անցավ կողքովս ու հազիվ լսելի շշնջաց. «Շնորհակալություն, եղբա´յր»:

-«Շնորհակալություն, եղբա՞յր»: Եվ ի՞նչ, դրանով քեզ առա՞վ: Կարծում ես ինքը քեզ չէ՞ր մատնի: Եվ հետո, նա ախր մե´ր դեմ է լրտեսում, լրտեսում է հենց քո´ դեմ:

-Հիմա, երբ հասկացավ, որ բացահայտված է, պարզապես աչքից կչքվի: Իսկ ես ամեն ինչ «կհիշեմ» վաղն առավոտյան, հենց նրանց ինքնաթիռը պոկվի մեր հողից:

-Վաղն առավոտյա՞ն: Իսկ ինքդ ողջ կյանքում կմնաս այս խուլ գավառում, չէ՞:

Հասմիկը նետվեց դեպի հեռախոսը, բայց Վարդանն արագ հասավ, ձեռքից խլեց ընկալուչը:

-Չհամարձակվե´ս:

-Լավ իմացիր, քո արածը դավաճանությո´ւն է,- նետեց Հասմիկը ամուսնուն:

Նա նույնիսկ չհասցրեց տեսնել, թե Վարդանի ձեռքը ոնց բարձրացավ, իսկ այտին շառաչուն ապտակի այրոցն զգալով անգամ, մեկ է, չէր կարողանում հավատալ, որ Վարդանը խփեց իրեն: Հասմիկը հուսահատության մեջ լսում էր ամուսնու խոսքերը, պարզապես հետևում՝  ինչպես են շարժվում նրա գունատ շուրթերը.

-Դավաճանության մասին ես, երևի, քեզնից մի քիչ ավելին գիտեմ ու իմացել եմ ո´չ թե հեռուստացույցի առաջ նստած՝  մանիկյուր անելիս, այլ իմ իսկ արյունով շաղախված հողը կուլ տալո´վ:

Վարդանը զայրացած փնչացրեց, մի կերպ զսպեց լաց հիշեցնող հառաչը ու թափով ննջասենյակ գնաց: Հասմիկը, մեջքով պատին հենված, դանդաղ սահեց հատակին: Ո՞նց ապրել սրանից հետո: Չէ´, հարկավոր է հենց հիմա հավաքել ճամպրուկներն ու առավոտ շուտ երեխաների հետ հեռանալ: Ընդմի´շտ: Ժամից ավելի նա անշարժ նստած էր հատակին: Իսկ երբ իրականության զգացումը վերագտավ, առաջինը, ինչ որսաց, անձրևի ձայնն էր: Անձրև, ջուր, ծով, ծփո´ւն, ալեկո´ծ ծով. թվում է՝  ենթագիտակցությունը նման զգացողություններով ինչ-որ տեղ է մղում իրեն: Դեպի հեռու մանկություն, դեպի հեքիաթներ, հին ու բարի հեքիաթներ… «Ուզում եմ ծովի տիրուհի´ լինել»,- չգիտես ինչու հատկապես այս արտահայտությունը դուրս լողաց հիշողության խորքերից:

Մանկությո՜ւն… Որքան հեռու է այն: Հիմա ինքը ամուսնացած կին է, ով հենց նոր, հանկարծ հասկացավ, որ մինչ օրս ամուսնուն ընդհանրապես չի ճանաչել:

Ասենք, չէ´, ճանաչել է, բայց այն չափո´վ, որքան իրեն վերապահված էր ճանաչել՝  այսբերգի վերին շերտը, մակերեսը միայն: Այնտեղ, վերևում ինքը տիրուհի էր, իշխանուհի´, թագուհի: Իրեն թույլ էր տրվում կառավարել, գնումներ կատարելու, աղբը թափելու ուղարկել: Բայց դեպի ներքև՝  տղամարդկային թագավորություն, իր օրենքներով ու կանոններով, պատվի, եղբայրության ու դավաճանության մասին ուրույն ըմբռնումներով հանդերձ, իրեն չէր կարելի: Ծովային տիրուհուն այսբերգի ստորջրյա հատված թափանցել ՉԻ´ ԿԱՐԵԼԻ:

Այն հիմար կինը, ով դա չհասկացավ, ի վերջո մնաց կոտրած տաշտակի առջև: Հասմիկը ելավ տեղից, գնաց դեպի ննջասենյակ: Վարդանը մինչև գոտկատեղը մերկ կանգնած էր բաց պատուհանի դիմաց՝  արդեն անձրևից թրջված: Կարծես նոր էր տեսնում ամուսնու մարմնի ահավոր սպիները, առաջին անգամ ցնցվեց հանկարծ հայտնված այն միտքից, թե ի՜նչ ահավոր, ի՜նչ տանջալի է եղել բոցավառված տանկում ողջ-ողջ այրվելը: Ու Հասմիկը հասկացավ, թե քիչ առաջ ինչպիսի՜ ցավ պատճառեց ամուսնուն ու որքա՜ն անարդարացի…

Նա մոտեցավ սպիապատ այդ մեջքին, ձեռքերը գորովանքով դրեց Վարդանի ուսերին:

-Կներես…

Մկանների աննկատ շարժում, և նրա ձեռքերը հետ շպրտվեցին:

-Ների´ր ինձ, սիրելի´ս,- Հասմիկը ամուր-ամուր գրկեց նրան, որպեսզի Վարդանը այլևս չկարողանա պոկվել իրենից:

Վարդանը ցնցվեց: Նա կնոջից երբևէ այդ բառը չէր լսել. ո´չ այն ժամանակ, երբ ամուսնական մատանի էր հագցրել նրա մատին, ո´չ այն օրը, երբ բուժքրոջ ձեռքից վերցրել էր երեխաների բարուրը, ո´չ էլ այն պահերին, երբ ինքն էր կնոջն ինքնամոռաց ասում «սիրելիս»:

Վարդանը շրջեց անձրևից, բայց գուցե ավելի շատ տղամարդկային ժլատ արցունքներից թաց դեմքն ու, ասես շնչահեղձ, ասաց.

-Ես պարտավո´ր էի այդպես վարվել, հասկանո՞ւմ ես, պարտավո´ր էի…

-Դու ի´նձ ոչինչ պարտավոր չես բացատրել,- Հասմիկը ժպտաց ու համբուրեց նրա գունատ, թրթռացող շուրթերը:- Այդպե´ս էր պետք, և վե´րջ:

-Ես համոզված եմ, որ Թոֆիկը իր ձեռք բերած տեղեկությունները չի հայտնի, ասաց Վարդանը, ապա դանդաղ ավելացրեց,- և ծառայությունից էլ դուրս կգա…

Հասմիկը գլուխը լուռ դրեց Վարդանի մեջքին: Եվ հանկարծ նրան թվաց, թե ամուսնու սպիները փոքրացել են ու խամրել: Իսկ Վարդանը շրջվեց ու գրկեց նրան այնպես ջերմ ու քնքուշ, ինչպես առաջին անգամ:

 

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք