Չարենցը՝ պոլեմիստ — բանավիճող

charents

 

 

 

 

 

Հանճարեղ պոետ, անգերազանցելի հրատարակիչ, ինքնատիպ թարգմանիչ, լրջախոհ թատերագետ, ակտիվ գրական-քաղաքական-հասարակական գործիչ, արվեստը խորապես ըմբռնելու արարչատուր զգացողությամբ օժտված նրբաճաշակ գեղագետ, լրագրական գործի հմուտ կազմակերպիչ, գրականության տեսաբան, ուղղախոս քննադատ… համարումներից զատ Եղիշե Չարենցը մոլեռանդ բանավիճող էր՝ պոլեմիստ:

Պոլեմիստ Չարենցը լիովին տիրապետել է վիճաբանելու բարձր արվեստին: Կարող էր բանավեճի բռնվել չնչին մի կայծից ու ամենայն կրքոտությամբ պաշտպանել իր տեսակետը: Նման վեճերում շատ կտրուկ ու անզիջում էր: Սակայն Չարենցի գրական ու գաղափարական հակառակորդներն անտեսել են նրա՝ բանավիճելու պարգևատուր շնորհը:

Իսկ Չարենցն անողոք էր գրական տգիտության հանդեպ, որն անկարող էր հասկանալ երկի բուն իմաստն ու արժեքը, զգալ քերթողական արվեստի հմայքը: Չէր հանդուրժում կոպիտ, գռեհիկ քննադատությունը: Արդյունքում սուր էպիգրամներ ու խարազանող տողեր է «պարգևում» նման քննադատներին:

Գրական մի բանավեճի ժամանակ երիտասարդ ապաշնորհ քննադատն ընդդիմանում է Չարենցի բանաստեղծության առաջին տողին՝ մեջբերելով այն.

-«Օ՜, դո՛ւ, նաիրյան մարքսիզմի չստեր հագած ֆիլիստեր…»՝ Դուք ո՞ւմ նկատի ունեք:

-«Ընկե՛ր, Էդ քո՛ մասին է հենց գրված,- բացականչում է Չարենցը»:

Երբեմն, համբերությունից դուրս գալով, բանաստեղծը դիմել է դեմագոգիայի: Սակայն բանավեճից հետո ընկերական հարաբերությունները չեն խզվել: Գրաքննադատ Հարություն Մկրտչյանը, ում Չարենցը Քսպե էր կոչում, այպանել է գրողի գրական կողմնորոշումը, «Գրական դիրքերում» ամսագրի էջերում տպագրել հոդվածներ Չարենցի դեմ, անտեղի ու անհարկի արտահայտվել նրա երկերի իմաստի ու նշանակության շուրջ: Շիկացած բանավեճում Չարենցը ձաղկել է վայ քննադատին.

Աբովն ու քոսոտ Քսպեն

Ուզում են Չարենցին զսպեն:

Փրկի՛ր ինձ, աստվա՜ծ, երկու բանից –

Թե Ք.-ի նման խեղճ թշնամուց,

Թե Ա.-ի նման բարեկամից:

1928

Ա.-ն Ակսել Բակունցն է, ով գրապայքարում զուսպ էր ու ակտիվորեն չէր պաշտպանում Չարենցի տեսակետները:

Գրականության ու արվեստի վիճաբան Չարենցը բանավիճել է և՛ բանավոր, և՛ գրավոր: Դրսևորել է մարդու էության ճանաչողության ապշեցուցիչ ունակություն: Տիրապետել է խոսքով խոցելու արվեստին: Խոսքը զենքի ուժ է ունեցել: Անխնա ծաղրել է ժամանակի գրական ու հանրային կյանքի արատավոր կողմերը: Երևույթներ, որ հարուցել են երգիծական վերաբերմունք, և սատիրական մտրակումը դարձել է անհրաժեշտություն:

Գաղտնիք չէ, որ Նաիրի Զարյանը գրական ու քաղաքական հակառակորդն էր Չարենցի: Տարիներ շարունակ, գրական բանավեճերի ժամանակ Զարյանը վարկաբեկել է Չարենցին, անվայելուչ արտահայտություններ շպրտել երեսին: Վահրամ Ալազանը և համախոհները Զարյանի միջոցով ձգտել են նսեմացնել Չարենցի ֆենոմենը: Էպիգրամներում պոետը շարունակել է այն բանավեճերը, որ մղվել են գրական երկու խմբավորումների միջև:

«Օրագրային գրառումներ» տետրում Չարենցը «23.III.34» թվագրումով հետևյալ գրառումն է արել.

Ես գրել էի մի էպիգրամ Ալազանի մասին. –

Եղել է Տերյան՝

Լուսեղ ու բարդ,

Վարդի պես բուրյան,

Վարդի պես վարդ:-

Հիմա – Ալազանն է

Պոետը մեր,-

Այս խարազանը

Ինչ ծա՜նր է, Տե՛ր…

Երբ ես այս էպիգրամը կարդացի Զարյանին, նա գտավ ինձ միանգամայն իրավացի: Սակայն որոշ ժամանակ անց այս միևնույն էպիգրամը ես կարդացի Ալազանին այն փոփոխությամբ միայն, որ հինգերորդ տողը փոխեցի՝

Հիմա – Զարյանն է

Պոետը մեր…

Ալազանը ևս գոհ ժպտաց և գտավ, որ ես իրավացի եմ միանգամայն… Իսկ իմ կարծիքն այն է, որ ուզում ես «Ալազան» ասա, ուզում ես «Զարյան»- միևնույնն է. –

Այս խարազանը

Ինչ ծա՜նր է, Տե՛ր…

Պոեզիայի լեզվի շուրջ կազմակերպված բանավեճի ժամանակ Չարենցը դատապարտել է Զարյանի սխալ ու վնասակար դրույթը իր երկի լեզվի մասին: Վեր է հանել նրա չիմացությունը, անտեղյակությունը: Առաջացել են կարծիքների բախումներ, եռացել են կրքերը: Բանավեճում Զարյանն իրեն պահել է զազրելի ու ինքնահավան: Նա լկտի հանդգնությամբ ջանք չի խնայել վարկաբեկելու ու ստորացնելու առանց այն էլ ծայրաստիճան բզկտված նյարդերով Չարենցին: Բանավեճի թունոտ մթնոլորտը հոգու ցավ ու տառապանք է պատճառել բանաստեղծին: Մի կողմից բանավեճը հասել է անձնական հարաբերությունների սրման, մյուս կողմից՝ ձեռք բերել քաղաքական անսքող մեղադրանքների բնույթ:

Գրական պայքարում Ալազանը հաճախ բանավիճել է Չարենցի հետ, որը ծաղրել է նրա գրական ապաշնորհությունը, երգիծել թարգմանական անկարողությունը: Պուշկինի 100-ամյա հոբելյանի առթիվ Ալազանը թարգմանել է պոետի որոշ երկեր: Չարենցը խայթում է.

Պուշկինն՝ հայացած քո խեղճ քնարով՝

Այնքան է նման Պուշկինին իրոք,

Որքան Պուշկինի կնոջը – Մարոն…

1936

Պատահել է, որ Չարենցն ու Ազատ Վշտունին բուռն վիճաբանել են պոեզիայի շուրջ: Վշտունին մասնակցել է Չարենցի դեմ մղվող գրապայքարին, անհիմն քննադատել նրան: Չարենցն էլ իր հերթին սուր քննադատության է ենթարկել Վշտունու դիրքորոշումն ու նրա գրականությունը՝ բազմաթիվ օրինակներ բերելով նրա պրիմիտիվ երկերից.

Երգի հերոսը հնդիկ է, թե չին –

Երգը չի փոխվում՝ մնում է չնչին:-

1928

Ճարտարապետ Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Տարբեր քաղաքական հոսանքների պատկանող գործիչներ ու ուսանողներ բուռն ու հախուռն վիճաբանում էին ու քննարկում իրարամերժ ծրագրեր, եռում էին ու աղմկում: Թիֆլիսի քաղաքական դումայի առջև այդ դիսպուտները հին Աթենքի իմաստունների վեճերն էին հիշեցնում»:

Երբեմն բանավեճն ընթացել է ռեպլիկների տարափի ներքո: Բորբոքվել են կատաղի կրքեր: Մարդիկ վեր են ցատկել տեղերից, վազել դեպի ամբիոն, այնտեղից դահլիճ նետել այրող խոսքեր: Դահլիճը մերթ որոտացել է ծափահարություններից, մերթ՝ խլացուցիչ սուլել: Ընթացքում ի հայտ է եկել ժամանակի գրական մթնոլորտի իրական պատկերը:

Սրտի անամոք ցավ է ապրել Չարենցը իր ջանքերով ստեղծած «Նոյեմբեր» գրական միությունը կազմալուծող ու պառակտող ուժերի գործունեությունից: Բանաստեղծի անվան շուրջ դավեր հյուսելով՝ գրական քաղքենիները արատավոր հարաբերություններ էին ստեղծում նրա դեմ մղվող պայքարում՝ խորացնելով գաղափարական հալածանքները: Ծանր ապրումներով ու մտորումներով գրում է.

Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,

Նայելով ոմանց  «փառավոր» դնչին,

Թե ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,

Իսկ սրանք – այսքան փոքրիկ ու չնչին:-

1928

Ստոր ու փոքրոգի «գրական ընկերների» վերաբերմունքից Չարենցը հաճախ ընկել է հոգեկան անասելի ծանր կացության մեջ: Հարկադրված՝ բանավիճել է գրավոր:

Գուրգեն Մահարին գրում է. «Բանավեճերի ժամանակ Չարենցը ամբիոնի մոտ չէր կանգնում: Գնում-գալիս էր ու խոսում, երբեմն կանգնում էր մի կարևոր ֆրազ ընդգծելու համար, մի ծխախոտ էր վառում ու շարունակում խոսել, ապացուցել, համոզել, ժխտել, ձեռք առնել, հաստատել ու եզրափակել»:

Չարենցը գրախոսել է Գևորգ Աբովի «Դանակը բկին» երկը, որը բանավեճ է, բայց ո՛չ բանավոր: Գրել է բովանդակությունից, իմաստից զուրկ գրքույկի թերությունների մասին, հանգամանորեն վերլուծել ու ջախջախել այն: Վերջացնում է այսպես. «Աբովի «Դանակը բկին»-ը վիժվածք է, շուտ ծնված երեխա: Այն թեման, որ շոշափում է Աբովը, պիտի մնար ոչ միայն իր, այլև ժողովրդի «փորում» առնվազն հիսուն տարի: Հիսուն տարի առաջ է «մոր փորից»  ընկել «Դանակը բկին»-ը: Աբովը լավ կանի, եթե մեր օրերում ապրի»:

Չարենցի ավագ դուստր Արփենիկը հիշում է, որ հայրը աշխատանոցի շարժվող սեղանի կարճ ոտքի տակ դրել էր գիրք, մեջը՝ դանակ: Արփենիկը՝ 3 — 4 տարեկան, զարմացած հարցրել է, թե դա ի՞նչ գիրք է: Չարենցը պատասխանել է՝«Աբով»: Երբ երեխան չի հասկացել, թե ինչ է Աբովը, հայրն ասել է՝ «Մեծանաս՝ կիմանաս»: Ու երբ մեծացել է Արփենիկը, հասկացել է, որ Աբովը մարդ է և գիրք է գրել՝ «Դանակը բկին»:

Չարենցը գիտեր օգտվել առիթից՝ «ոչնչացնելու» առարկուին: Մահարին հիշում է. «Մի բանավեճի ժամանակ մեկը տեղի-անտեղի ռեպլիկներով շարունակ խանգարում էր Չարենցին: Երևանի քաղկոմի ներկայացուցիչը նկատողություն է անում խանգարողին.

-Վե՛րջ տվեք խուլիգանությանը…

Չարենցն ընդհատում է բանավեճն ու հասցնում.

-Է՛ս էլ Ցեկայի կարծիքը քո մասին:

Դահլիճում՝ հոմերական ծիծաղ և ծափահարություններ»:

Բազմիցս բանավիճել է Ալեքսանդր Շիրվանզադեի հետ, բայց բանավեճը երբեք չի դարձել վեճ: Երկու վեհասիրտ գրողները վիճաբանել են հանգիստ ու դանդաղ: Վիճելով՝ անհաշտ թշնամի չէին դառնում:

Ստեփան Զորյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «…Զրույցների ժամանակ և դիսպուտներում նա, բացի իրեն հատուկ անհամբերությունից և կրքոտությունից, հանդես էր բերում վիճաբանողի և տրամաբանողի ակներև շնորհք, գրական զգալի էրուդիցիա, ինչ որ հակառակորդները չունեին. խոսում էր հեգնախառն եղանակով, երբեմն սրամիտ, հաճախ էլ… ասես հետևում էր այն սկզբունքին, թե պայքարի մեջ բոլոր միջոցները ներելի են: Բայց հիշաչար չէր, հետևյալ իսկ օրը կպահպաներ կոռեկտ հարաբերություն…»:

Չարենցի ինքնության դեմ ուղղված «նաիրյան բոռ»-երի բիրտ արշավանքները շարունակվում են մինչև բանաստեղծի եղերական վախճանը: Խառնակ օրերի արձագանք է «30. IX. 1936» թվակիր էպիգրամը.

Օ, փառք քեզ, հարգանք սրբազան

Երկի՛ր լուսացայտ ճայերի-

Վշտունո՛ւ նման — ազատ,

Զարյանի նման — Նաիրի…

Վերնագրել է  «ԴԻՖԻՐԱՄԲ ԱԶԱՏ ՆԱԻՐՈՒՆ»՝ նկատի ունենալով պրոլետգրողների ասոցիացիայի կարկառուն պարագլուխներ Նաիրի Զարյանին և Ազատ Վշտունուն՝ միակցելով երկուսին:

Ստահակ շատ միջակություներ ու գորշություններ մտավորականին ոչ վայել պահվածքով են վերաբերվել Չարենց ունիկումին՝ բնավ չտիրապետելով բանավիճելու արվեստին: Կյանքի վերջում անդրադառնալով էպիգրամի ժանրին՝ բանաստեղծը դառնությամբ գրում է.

Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով

Քացի չեմ տալիս իմ ընկերներին,

—————————————

Ա՜խ, դժբախտաբար, օրերին այն մութ

Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել

Այլ,- վատ եղբայրներ,- էշի ոտներով…

1936

Տարիների մշուշից տեսլանում է «մենակ ու հալածական պոետ»-ը՝ ծանրածանր խոհերով.

«Մի՞թե կարող է գոնե խորհրդային գրական հասարակության համար գաղտնիք հանդիսանալ այն զարհուրելի, բառացի իմաստով անգամ քստմնելի հասարակական-քաղաքական հալածանքն ու օստրակիզմը, որի հետևանքով ավելի քան երեք տարի է, որ ես միանգամայն դուրս եմ շպրտված գրական-հասարակական ասպարեզից»:

Ասպետական նկարագրով գերզգայուն պոետը հար մնաց մեծահոգի ու ներողամիտ.

Ների՛ր դու, պոե՛տ, քո փոփոխական քննադատներին,

Իսկ նրանց… նրանց… էհ, ալլահը թող այդ մարդկանց ների՛:

1928

Ներում եմ ես իմ բոլոր փոքր ու մեծ թշնամիներին,

Իսկ դու, ընթերցո՛ղ, իմ բազմապիսի մեղքերը ներիր…

1929

 

 

Անդին 9.2017

 

 

 

Կարծիքներ

կարծիք