Խմբագրական/Երբ երկիրը սպասման հիվանդ է…

 

 

IMG_4929

Ես կարող էի ասել, որ  սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք:

Ես կարող էի ասել, թե կյանքս կտամ քո անկախության ու փառքի համար:

Ես կարող էի ասել, թե չկա ավելի բարձր էություն , քան դու ես, ի՛մ հրաշալի երկիր:

Ես կարող էի ասել, որ ոչ մի տեղ այնքան ապահով ու երջանիկ չեմ, ինչքան քո կարկտաբեր ամպերի տակ:

Ես կարող էի ասել, որ սիրում եմ իմ երկրի  անպարտ բանակը, ինչպես իմ միակ որդուն:

Ես կարող էի ասել` դու իմ երկիր, իմ ցեղ, իմ ազգ. հնագույնն ես այս աշխարհում, և հնագույն է քո բարբարոս ու ճկուն լեզուն, ինչպես Չարենցը կասեր:

Ես կարող էի ասել, որ մենք  քսանհինգ հազար տարի առաջ, նախքան Արարատի ժայթքումը, ժողովուրդներ ենք ղեկավարել, ուստի այսօր չենք կարող ենթարկվել, չնայած օտարության մեջ, թվում է , թե ենթարկվում ենք:

Ես կարող էի ասել, որ մենք եղել ենք հզոր, բայց ոչ մի ազգի չենք ստրկացրել, քանի որ Հայաստանը պատմության մեջ միակ երկիրն է, որ լինելով տիրապետող` չի ունեցել ստրկատիրություն:

Ես կարող էի ասել, որ բոլոր պատերազմներում և ճակատամարտերում մեր ցեղը երբեք չի պարտվել, պարտվել է ընդամենը  մեկ անգամ, պարտվել է իր ներսից, այն էլ իր երկրի մեջ, իր երկրի սրտում:

Դա հազար իննհարյուր տասնհինգ թվականն էր, երբ փորձեցին մարմինը սրտից անջատելª սպանելով մարմինը, բայց սիրտը մնաց, սիրտը ապրելու է ու հաղթելու:

Ես կարող էի ասել, որ տունը մեծանում է ներսից և ասում  եմ. երկիրը ուժեղանում է ներսից: Եվ այսօրվա սերունդնն է, որ պիտի  հզորացնի Մերը, որ աշխարհին հավասար Մերն է:

Ես կարող էի ասել, որ մեր Մտքի Մեծերը բոլորովին պակաս  չեն ուրիշների Մեծերից. վկանª Խորենացին, Նարեկացին, և, և, և…

Ես կարող էի ասել, որ կյանքիս մեծագույն նպատակը Հայաստանի անկախությունն էր և է, ինչի համար ես նաև պայքարել եմ, ինչքանով կարողացել եմ:

Հայաստանի անկախությունն ու բարեկեցությունը հիմա էլ է կյանքիս նպատակը:

Ես կարող էի ասել և ասում եմ, որ հավատում եմ իմ ժողովրդի իմաստնությանը, և որը, վստահ եմ, կարող է տեր կանգնել երկրի ցավին և հաղթանակներին. երբ երկիրը սպասման հիվանդ է, ու Տերը Հայրենիքն է մեր:

Ես կարող էի ասել, իմ սիրելի ժողովուրդ, շնորհավոր Հայաստանի երրորդ հանրապետության քսանհինգամյակը, ուզում էի շնորհավորել ժամանակից շուտ, բայց մի տեսակ տխուր եմ՝ հիշելով Սասունցի Դավթի և արտատեր պառավի զրույցը, ում բոստանի շաղգամները Դավիթը թրատում էր, և այդ իմաստուն մայրն ասել էր.

-Դավիթ ջան, քո ուժը բանեցրու թշնամու դեմ և ոչ թե ավերիր քո հայրենական արտը…

Ես կարող էի ավելին ասել, բայց հիմնական  ասելիքս արդեն վերնագրում հնչեցրի, ինչը ոչ մի կապ չունի կենաց բաժակի հետ:

 

Անդին 7.2016

 

 

Կարծիքներ

կարծիք