Ի տեղի խմբագրականի.«…Ես անուրջ չեմ, ես կամ, ես կգամ»

DSC09843-(1)

«…Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը: Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգում, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք…»:  Թումանյանի հուշերից առնված այս պատառիկը ստիպում է մեզ կրկին նայել մեր շուրջը և համոզվել, որ, իսկապես, երկնքին մոտիկ լեռնադաշտում ենք: Բայց եկել ենք ոչ մշուշային թախիծով, այլ պայծառ ու մաքուր երազներով, որովհետև վաղուց ի վեր լվացվել ու լվացվում ենք տերյանական պոեզիայի մաքրամաքուր ջրերով:

Կարճնկոս գյուղի քահանա Ղազարոսը 1830 թվականին 35 հազար գաղթականների հետ եկել է Ջավախք, հիմնավորվել Գանձա գյուղում: Տեր Ղազարի որդի Գրիգորը, որ Վահանի պապն էր, 60 տարեկանում սրբատաշ քարերով եկեղեցու հիմքն է գցում, ուր Վահանի հայրն արդեն ձեռնադրվում է Գանձա գյուղի քահանա՝  պահելով հոգևոր հայրենիքի գաղափարը Ջավախքի հողի վրա: Քնքուշ երազներով պատանին հոգևոր հայրենիք էր երգում եկեղեցու պատերից դուրս, ծննդավայրի զմրուխտ հանդերում ու դաշտերում, Թիֆլիսում, Մոսկվայում ու Պետերբուրգում: Հայրենի տան, մանկության հարազատ վայրերի և ընդհանրապես հայրենի երկրի պատկերների վրա վերընձյուղվող հոգևոր հայրենիք ունեցող կրծքում տրոփում էր մի գերզգայուն սիրտ ու հոգի, որ Տերյանինն էր: Ինքը՝  գերզգայուն և մխիթարանքի կարոտ, շատերի համար էր թալիսմանի նշանակության տողեր գրում, որ գիշերները բարձի տակ, ցերեկը ծնկներին էին դրվում: Ինքը հոգնած էր գրքերից և «աշխարհից անգութ», սակայն չենք հոգնել մենք նրա գրքերից և նրանցով այսօր էլ աշխարհից հայցում ենք գութ:

Ինքնատիպ  ու հայտնություն էր Տերյանը: Հայ գրականության մեջ վառած աստեղային այնպիսի լույսով, որ, ասուպի պես առաջնորդելով, բերում է մեզ Գանձա ու կրկին ետ տանում այս էլ քանի տարի, ու հավերժական է լինելու այս ընթացքը, քանի դեռ զգալու ենք ամենամտերիմ մարդու կարիքը, երբ հոգնած ենք գրքերից, խոսքերից, մտքերից, երբ անհույս ենք և կամ՝  սիրահարված:

Հիմա մենք այստեղ ենք նրա հետ: Եկել ենք «խելոք խոսքերից», «անծայր մտքերից» ուղղակի խուսանաված: Եկել ենք մեզ թողած թալիսմանիդ վրա երկնքին այնքան մոտ քո ծննդավայրից արևի նոր շող խնդրելու, որպեսզի արևաշող լինի մեր հայրենյաց օրը, երբ՝

Ունկնդիր լինեմ քո հին երգին…

Հավերժական է Տերյանի բանաստեղծական ընթացքը, և մենք, որ երջանիկ ենք՝  նրա անմահության վկաները լինելով, հավաքված այստեղ՝  յուրաքանչյուրս մեր ներսում լսում ենք նրա շշնջյունը.

Հիշո՞ւմ են արդյոք քեզ այնտեղ,

Անունդ տալի՞ս են արդյոք…

Հիշում ենք և գլուխ խոնարհում: Հիշում ենք և խոստովանում, որ հայոց պոեզիայի մեջ չկա խոստովանանքի առավել խոշոր ադամանդ, ինչպիսին քո պոեզիայում է, և մենք վաղուց ենք կրում այն իբրև թալիսման մարդ ու քաղաքացի լինելու մեր ճանապարհին:

Այսօր՝  այսքան տարիների հեռվից էլ սրտի թաքուն թրթիռով այսպես ենք խոստովանում ինքներս մեզ. «Տերյանը մեր թանկագին սերն է, ոչ միայն սիրո վկան ու խոստովանահայրը: Տերյանը կարոտում է մեզ»: Անդավաճան սեր, անդավաճան կարոտ, որ ետևում թողած անցնող դարը՝  եկել ու շշնջում է կրկին.

Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Բանաստեղծի այս երազային կարոտն այսօր համընդհանուր սիրո իրողություն տանող ճանապարհ է դառնում մեզ համար, և մենք գնում ենք՝  երջանիկ ապրումի մեջ լիանալու նրա սիրով, մանավանդ որ նա ինքն է վաղուց խոստացել.

…Ես անուրջ չեմ, ես կամ, ես կգամ,

Կոչիր ինձ միայն, և ես կդառնամ:

Նա ինքն է խոստացել թե՝

Իմ դուռը բաց է՝  եկեք բոլոր

Անուղիներդ՝  բաց է հոգիս…

Ում հոգին խոց է, ում օրը՝  մութ,

Ում տխրությունը դառն է ու խոր,

Վառ է իմ բոցը՝  կանչս անսուտ,

Եկեք բոլորդ, որբ ու անզոր…

———————————

Հոգիս բացված է ծաղկի նման,

Իմ սերը խորն է ու անսպառ,

Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,

Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար:

Անդավաճան սեր, անդավաճան կարոտ: Տերյանն այսօր էլ սիրում ու կարոտում է մեզ: Ուրիշ ո՞րն է առավել երջանիկ ապրումը, երբ փնտրված մեկն ես, այն էլ՝  կարոտով: Բացենք մեր հոգիներն էլ ծաղկի նման, փնջվենք տերյանական անմահ սիրո շուրջն ու նրա հետ դառնանք Հայաստան աշխարհի հոգևոր միջուկը: Միայն այնտեղ է օրհնված «սեր, ցնորք ու ցավ», «երկիր, երգ ու կյանք»:

Հավաքվենք կատարյալի կարոտով այրվող տերյանական սրտի շուրջը, ջարդենք մեր սրտերի բոցը պահող կաղապարները: Թող միասնաբար ցոլցլան մեր սիրո կրակներն այստեղ՝ «երկնքին մոտիկ այս լեռնադաշտում» և ընդհանրապես, ուր մեղվափեթակի նման բզզում է մարդկության տունը:

Սիրով, սպառազեն տխրության ասպետ Վահա՛ն Տերյան, եկել ենք շնորհավորանքի խոսքեր ասելու տարեդարձիդ առթիվ, բայց ահա քեզ ենք պարզում սիրո, մխիթարանքի և հոգևորի պակասից կիզվող մեր հոգիները: Փարատի՛ր տրտմությունը մեր, պարգևի՛ր քո սիրո թալիսմանը մեզ, որով ճանաչենք իրար՝  իբրև ճշմարիտ մարդ ու քաղաքացի:

Անդին 7.2017

Կարծիքներ

կարծիք