Խմբագրական/Անհորիզոն պատգամ

IMG_6498Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիդու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ Անմահության ծաղիկը որոնելու:

Եվ երկար թափառումներից հետո հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե` Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես:

Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին:

Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, ով միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել:

Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի, ինչպես նաև Արևմուտքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը, մեզ թողնելով մեն-մենակ Արարատի խորհրդի ու պատկերի առջեւ, երբ որ Արարատը իրենցն է նաեւ: Եվ ստացվում է այնպես, որ մաքրագործված մարդ-աշխարհ ստեղծելով, Աստծո ընտրած լեռը հիմա միայն մերն է, չլինելով մերը:

Պատկերն ու խորհուրդը մերն է, լեռը՝ առայժմ  օտարինը:

Ու մենք խոնարհաբար, անապստամբ մեր տեսակով, ընդունել ենք, սեփականաշնորհել այդ համամարդկային ահռելի ցավը: Եվ տառապում ենք ԱՆԱՐԱՐԱՏ, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, որ օվկիանոսի ափին, որովհետեւ ոչ մի օվկիանոս ու ծով անսահմանության-անվախճանականության այնպիսի խորհուրդ չունի, ինչպես Արարատը: Քանի որ ծովն ու օվկիանոսը ունեն հորիզոն-սահման, Արարատը անհորիզոն է…

Եվ ոչ ոք մեր մեծ ցավը մեզ հետ չի կիսում:

Ու հիմա նայելով անհորիզոն Արարատին, ես ուզում եմ կոչ անել բոլորին, եկեք Բագարան եւ մտածեք մեզ հետ միասին. ահա մի վայր, որտեղ կարելի է կառուցել բոլոր կրոնների տաճարները, ուր մենք կտեղավորվենք Աստծո անխտրական սիրո մեջ, քանի որ կլինենք իրար կողքի եւ ամենակարեւորը. դավանելով տարբեր հավատքներ՝ կլինենք միասին: Քանզի Արարատը բոլոր կրոնների Մայրն է: Եվ որովհետեւ Նա է Մայրը՝ սրբազան նախահիմքը բոլորիս, Նա պիտի լինի ազատ եւ անկախ: Նա պիտի լինի ԱՐԱՐԱՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ինչպես այսօր Վատիկանն է, եւ լինի հասու սրբություն ցանկացած մարդու, անկախ նրա դավանանքից:

Դարձյալ վերադառնանք Արարատին և նրա աստվածընտիր էությանը, որ լինի համայն մարդկության ուխտատեղի, ինչը Աստծո պատգամն է, և մարդկության քաղաքակրթության  ծանրության կենտրոնն է:

Այսինքն թե ՝ Արարատն ինքն Աստված է…

Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք