Հատման կետ

Հեղինակ:

28124356Տնեցիները հաճախ են ասում, որ եթե մեր տան բոլոր գաջեթները, հեռախոսները, համակարգիչներն ու մյուս էլեկտրոնիկան հավաքենք, դրանց փողով վաղուց մի կարգին մեքենա առած կլինեինք: Ես չեմ առարկում, բայց հո գիտեմ՝ տան որ անկյունում ու քառակուսի սանտիմետրում որն ինչի է ծառայում ու ինչքան է կարևոր իմ ու նաև իրենց կյանքում: Կարևորը՝ կարևոր, բայց այդպես էլ չեմ հասկանում, թե հայրս ինչպես է նախընտրում խելացի հեռուստացույցով մնալ նախորդ դարի 60-ականների մատույցներում ու անհագ դիտել ՙՇտիրլիցն՚ ու մյուս սև-սպիտակ ֆիլմերը: Չնայած, ինչ խոսք, արդեն երկու տասնյակ տարի նույնը լսելով՝ կարևոր մի բան սովորել եմ․ վայրկյանների մասին վերևներից մտածել չի կարելի:

Խոհանոցում էլ կարգին տեխնիկա ունենք, բայց նոր հովերով տարված մայր ծնողս հենց փորձում է իմպրովիզով «թիթիզ» մի բան սարքել, ասենք, բլենդերը գործի դնելով, հայրս կրկին տագնապում է՝ միսը պիտի կարգին կտորով լինի ու հա, ավանդական կերակրացանկով, թե չէ շնորհքից գցում, սարքում եք անճոռնի մի բան…

Երբ 2000-ին առաջին համակարգիչը հայտնվեց մեր տանը, հայրս շաբաթներ անց հաջողությամբ նվաճեց ՙշարիկ գլորելու՚ մարտարվեստը ու երկար մնաց դրա հետ: Մինչև որ մեր օրերում համաձայնեց բառի բուն իմաստով ծանրակշիռ բջջայինը փոխարինել սմարթֆոնով, որը նրան խեղդեց նոր խաղերով ու ի վերջո գրավեց: Ու հայրս սկսեց սև-սպիտակ ՙՇտիրլիցին՚ զուգահեռ գունավոր խաղեր խաղալ: Ֆիլմը փոքր-ինչ վիրավորվեց, բայց առանձնապես չբողոքեց:

Պորտալարը կտրվելուց հետո է սկսվում մարդու ինքնուրույն կյանքը, ու պորտալարին սկսում են հազարավոր թելեր փոխարինել, որոնցով մարդը կամավոր կամ ակամա նոր կապեր է ստեղծում իր համար: Սակայն պորտալարի հատման կետը դառնում է սերունդների ճամփաբաժան, գիծ է քաշվում, նոր սերնդի ժամանակն է գալիս: Հենց այդ հատման կետում է որոշվում, թե նոր մարդուն անցած ժառանգությունն ինչին ու ինչքան կհերիքի:

Այսօր թվում է, թե պորտալարին փոխարինում է վայֆայի լարը. նույնքան պինդ է, ինֆորմացիայով սնուցող, մեզ կյանքի հետ կապող: Ու երբեմն թվում է, թե «ինտերնետի պորտալարով» մենք արդեն կապ չունենք նրանց՝ ավագ սերնդի հետ: Բայց՝ առաջին հայացքից: Վայֆայն էլ թվացյալ անլար է, որովհետև ամենուրեք է, Ճիշտ-ճիշտ՝ սերունդների կապի պես:

Մեր տան հատման կետն ընդարձակ պատշգամբն է, որը ոչ պաշտոնապես հորս նստավայրն է, պետություն պետության մեջ: Մենք նրան սովորաբար ուտելու ժամերին ենք միանում, իսկ հետո արդեն մտքեր փոխանակելուց առաջանում են սերնդաբախության առաջին կայծերը: Ես, օրինակ, չեմ կարող բարձրաձայն չզարմանալ, երբ հայրս լուռ զարմանում է՝ սմարթֆոնն աչքերիս ու ականջակալն ունկերիս հաց ուտելու, քայլելու և երիտասարդ կյանքս ապրելու մյուս սմարթ-տարբերակների վրա (Շիրազին հիշեցի):

Ծնողական առաջին իսկ բարձրաձայն գնահատականը մտքիս մեջ ընդհատում եմ, ու ինքզինքը շարունակվում է ծանոթ տեքստը. այ բալես, հերիք է, կվնասես քեզ, ամբողջ օրը չի կարելի համակարգչի դեմը նստել, ականջակալներդ հանիր, վիրտուալ կյանքից վերադարձիր իրականություն:

Երբ մեր ընտանեկան դեբատներին տատիկն էլ է միանում, եռաձայն ասքի ստորին օկտավայում զարմանքն անսահմանության է ձգտում. բա մեր ժամանակ աղջիկը տեղաշորին նստեր, շալվար հագներ, մազ գզեր ու աչք ներկեր… Բարեբախտաբար հայրումայր տանդեմն արդեն մարսած ունի այս դրույթները և վաղուց մտմտում է տեխնոլոգիական ճակատամարտում մինուճարին չպարտվելու ռազմավարությունը:

Երբ բառի ուղիղ իմաստով դեռ մորս ներաշխարհում էի, իսկ դա 1994 թվականի վերջերն էր, մայրիկիս ամենասիրելի տաք կերակուրը… սպիրտայրոցի վրա պատրաստված ձվածեղն էր. անլույս ու սառը բնակարանում արագ ու տաք սնվելու միակ տարբերակը:

Երբ աշխատավարձիս կլորիկ հատվածն ամսվա ընթացքում թողնում եմ սննդառաք կազմակերպությանը և տանը կամ դրսում համեղ մի բան վայելում, մայրս ամեն անգամ համոզում է, որ այն ձվածեղն անգամ ավելի օգտակար ու ճիշտ էր, քան այս օտարական ֆասթֆուդները: Ներողամիտ ժպտում եմ, ներքուստ զգում՝ ճիշտ են:

Իրականում այս ամենը պտտվում է մի կետի շուրջ. ընտրության հնարավորություն: Այն չեն ունեցել մեր ծնողները. չեն ունեցել կենցաղից մինչև մասնագիտություն, ու թվում է՝ նաև անձնական կյանք ու կենսակերպ ընտրելիս: Նկատի ունեմ՝ որոշակի շրջանակից այնկողմ չունեցածը: Մենք էլ կարծես թե կրակն ենք ընկել ընտրության բազմազանության ձեռքին: Դրանից էլ՝ շատ ուղիղ չենք քայլում, այլ անընդհատ նոր կածան ու արահետ բացահայտում, որ հաճախ չգիտենք ուր է տանում: Բայց քայլում ենք ու գտնում մեզ՝ լավ, վատ, ճիշտ, սխալ, գտնում ենք:

Զարմիկս ինձնից փոքր է ուղիղ քսաներկու տարով և ընդամենը վեց ամսական է: Փոքրիկ սրիկան արդեն սեթևեթում է տեսախցիկի առաջ և հեռավոր նախնիների հետ կապ հաստատելու համար բջջային պահանջում: «Վայբերով» լսում-տեսնում է մեր հաճոյախոսությունները, մեծահոգաբար ընդունում դրանք ու մեր սրտառուչ ձայնարկություններին պատասխան առաքում: Բա ոնց չասեմ՝ քո տարիքում ես սկի չգիտեի՝ պամպերսն ինչ է: Թվում է՝ մենք նոր սերնդի հետ ավելի ընդհանուր գծեր ունենք, քան մեր ծնողները՝ մեզ հետ: Շատ հարցերում թվում է, թե տարբեր ենք, ծայրահեղ տարբեր, և հիմնականում իրավացի ենք: Բայց մի կարևոր կետում հատվում ենք բոլորս. բոլոր սերունդներին միշտ էլ թվալու է, թե ավագներից տարբեր են, ծայրահեղ տարբեր: Ու հիմնականում սխալվելու են:«Շտիրլիցը» հաստատ համակարծիք է:

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք