Ինչից սկսել, ասաց նա, և սկսեց

 

DSC07951Հայտնության անսպասելի պարզությամբ է օծված Գագո Չթչյան նկարչի արվեստն ու արվեստագետի իր կերպարն անգամ: Հակասությունների հավերժական սարդոստայնը հանգեցրել է մի ճշմարտության`երբ կա Սեր, ամեն բան հեշտ է և հանճարեղ: Ինքնատիպ վրձին ունեցող այս նկարչի կտավները դիտելիս թվում է, թե ինքդ էլ կարող ես վրձին վերցնել, և գուցե հենց այդ ազատությունն է, որ հատկապես գերում է, բայց և հաջորդ վարկյանին հասկանում ես, թե վարպետության ինչ բյուրեղացման է հասել արվեստագետը: Մանկություն հիշեցնող կամակոր և քմահաճ մաքրություն կա կտավներում, որ ասես թափանց վարագույրի պես շղարշված է ինքն իրեն վերադարձողի հայտնատեսությամբ: Ինչպես կասեր նկարիչն ինքը` նկարչությունը պիտի նայես, որ տեսնես, պիտի լսես, որ լսես, իսկ ես կասեի` նկարչություն կա, որ հատկապես պիտի նայես, որ տեսնես… և դա Գագո Չթչյանի արվեստն է:

27835883_919605384873909_1934549489_oԻնչից սկսվեց

Նկարչությունը իմ կյանքում միշտ է եղել: Չթչյաների ընտանիքում արվեստը անընդհատական է. հորեղբայրներս, քեռիներս, իմ տատը նկարիչներ էին: Ես գյումրեցի եմ, պապս`Գյումրիում հայտնի Թարզունց Մուկուչը, հայրենական պատերազմից վերադարձել էր մի ձեռքը կտրված ու մի ձեռքով մադոննաներ էր նկարում առաստաղներին. ներկարար էր, իրեն հատուկ հրավիրում էին, որ վերանորոգված տան առաստաղներին նկարի: Տասնհինգ տարեկանից ես ելա Գյումրիից, եկա Երևան, Գեղարվեստի ակադեմիայում սովորեցի, հետո տեղափոխվել եմ Մոսկվա, իսկ հետո Եվրոպա`Գերմանիա, այնուհետև Չեխիա, 2009-ից վերադարձել եմ Հայաստան`ընտանիքով: Միջազգային, անհատական ցուցահանդեսներ շատ են եղել, անցած տարի եղավ Շվեյցարիայում, Բադեն քաղաքում, Անիքսիս կոչվող հրաշալի մի պատկերասրահում:

Նկարչության մասին27845751_919605371540577_356571552_o

Ես կողմ եմ ավելի պարզ նկարչության, պարզ ասելով նկատի չունեմ պարզունակ: Ինքդ քեզ որոնելու ճանապարհին, մեծանալով ավելի պարզանում ես`վերջում դառնում ես էն նույն երեխան, որտեղից սկսել էիր: Իմ կտավներում պարզի ու մոնոխրոմի համադրությունը հնարավորություն է տալիս, որ դիտողը ինքը տեսնի իմ նկարչության մեջ իրեն: Ես կտավները չեմ վերնագրում, իրենք անուն չունեն, թող դիտողը ինքը անուն տա տեսածին: Այն էներգիան ու տրամադրությունը, որ դիտողը վերցնում է կտավից, ազատ է, որովհետև ոչ մեկս նույն կյանքը չենք ապրում և նույն կերպ չենք կարող ընկալել: Կան, իհարկե, ընդհանրական ընկալումներ, բայց այդ ընդհանրականի մեջ միևնույն երևույթի հանդեպ չկա բացարձակ նույնական վերաբերմունք, և ես չեմ ուզում խանգարել այդ ընթացքին`անուններ տալով… որովհետև ինքը դու չես: Բոլոր նկարները նկարողին են նման, նույնիսկ երբ պատվեր ես իրականացնում, վերջին հաշվով ինքդ քեզ ես նկարում, ամեն ինչի մեջ դու ես, որովհետև ստեղծողը դու ես… դրա համար էլ մեր ձագերը մեզ են նման:

27846096_919605378207243_1200315851_oՀայրենիքի և ազատության մասին

Նկարչի, արվեստագետի համար ամենակարևորը ազատությունն է: Ես ուրախ կլինեի, որ մեր պետությունը ավելի գնահատեր և կարևորեր արվեստը և արվեստագետին, խոսքս իրական արվեստի մասին է: Ինչո՞ւ պիտի սերունդը մեծանա տաշի-տուշի լսելով, փոխանակ Կոմիտաս, Մանսուրյան, Բաբաջանյան լսելու: Ու էս ջահել էրեխեքը, որ ունեն հզոր դաստիարակություն — առանց դաստիարակության, այո պապական արյամբ եկած — կարգին երիտասարդներ են, ապրիլյան պատերազմի օրերին հատկապես երևաց, սա մեծ ուժ է, և ես հավատում եմ, որ դառնալու ենք հրաշալի երկիր:

 

 

27902170_919605468207234_73760951_o

 

Ծրագրեր մասին

Ի՞նչ ծրագրեր ունեմ: Իմ ծրագրերը նկարչությունն է, նկարելու եմ: Ես հաճախ ասում եմ`հերիք չէ ինձ համար նկարում եմ, ու դեռ էդքանից հետո էլ ինձ վճարում են դրա համար: Արվեստագետներս, այդ իմաստով, մի քիչ երես առած ենք, որովհետև զբաղվում ենք մեր սիրած գործով, հաճույք ստանում, և սա մեր աշխատանքն է հանապազօրյա: Ես չեմ հիշում, որ առանց երաժշտության նկարեմ, եթե հնարավորություն չի եղել, ուրեմն երգել եմ… իմ նկարներում իմ սիրած երաժշտությունը կա… ես երաժշտությունն եմ նկարում:

 

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք