Բանաստեղծություններ

asdasև այո պինդ բռնիր ձեռքս

որովհետև ծանր ժամանակներ են սիրելիս

որովհետև կարոտը այլևս սուրճ չէ

որ թարմացնում է

կարոտն արդեն դառը սուրճի

թանձր մրուր է

որ բկիդ է մնում

ինձ հիմա առավել քան երբեք պինդ գրկիր

որովհետև սերն այլևս խոնարհությունից չէ

որ քող ունի երեսին

այո սերն էլի քող ունի երեսին

բայց անօգնականությունից է

մի տար նրան փորձության

փրկիր նրան

խնդրում եմ

…մեզանից

***

քո ափերից

նավակներ են գալիս

թղթե՝ անձեռագիր

ճերմակ

եթե ոչինչ չես ասում ինձ

ինչպես եմ լսում քեզ

համր ճայեր են գալիս քո ափից

ուրեմն ինչպես են ամեն գիշեր

ճչում այդպես

իմ բարձին թառած,

եթե քեզ մոտ ես դու

ու քոնն ես միայն

ինչու ես այսքան իմը

 

 

Բանաստեղծական շարք.

 Երբ սերն յաշխարհս եկավ

 

Քո օրվա աստղագուշակն

ամեն օր

կարդում եմ,

որ տեսնեմ՝

աստղերը

քեզ համար

նոր սեր

հո չե՞ն հուշում

***

ամենապայծառ

լուսաբացը

քո գրկի մեջ մայր մտնելուց

հետո է

կգրկե՞ս ինձ հիմա

և մի՛շտ

գուցե մոլորակներն

այլ ուղեծրով

սկսեն շարժվել

ու լուսինն ավելի

մոտենա մեր պատուհանին

գրկիր ինձ խնդրում եմ

հիմա և մի՛շտ

 

****

իմ մեծ իրադարձություն

որ ամեն օր տոնում եմ քեզ

իմ ունեցած ամենաշքեղ զարդը՝ քո մատներն

իմ պարանոցին.

տոն իմ,

որ ինձ հետ ես ամենուր

և միշտ

զգո՞ւմ ես՝ ինչ խեղճ են բառերը

***

Սիրած աղջիկ է

բանաստեղծությունը

սպասեցնում է

քեզ երկար

հետո

գեղեցկացած գալիս է

հանձնվում մատներին քո ու

սիրիր ինձ

ասում է

ու դու սիրում ես նրան

ամենաուժգին սիրով

որովհետև գիտես,

որ առաջինն ես նրա

ու վերջինն ես նաև

***

ընծաներ չեն եղել

և մոգեր նույնպես

ու աստղ չի վառվել վերևում

երբ ծնվել է նա

բայց ես սաղմոսներ պիտի երգեմ նրա համար

և ներիր ինձ, Տեր

զի կուռք շինեցի երկրի վրա

և թողություն տուր

այն քաղցր մեղքին իմ

որ անունն ունի նրա

***

ես գանձեր չդիզեցի երկրի վրա

ուր ժանգն ու ցեցը

կլիզեին այն.

սեր իմ

ի՛մ գանձ

քեզ տարա ու պահեցի այնտեղ

ուր սիրտս է

և ուր չի հասնում ոչ մի գողի ձեռք

***

երկար

չգրված մնացած

բանաստեղծության

նման կաս դու

ու չգիտեմ

գրեմ քեզ

թե թողնեմ

քեզ զգալը իմ մենաշնորհը մնա

 

Անդին 9.2017

 

Կարծիքներ

կարծիք