Ստվերներ

IMG_0485

Բնակավայրի սահմանագծին հասավ հուլիսյան տապ միջօրեին: Վարորդն առաջարկեց շրջանցիկ ճանապարհ փնտրել տներին մոտենալու համար, բայց գերադասեց իջնել մեքենայից: Տեղանքը գիտեր հինգ մատի պես և կարող էր ճանապարհ ցույց տալ, սակայն ցանկացավ ոտքով կտրել ծառուղու վերածված նախկին անտառաշերտը, ապա տնամերձ այգիների միջև ձգվող նեղուղիներով հասնել եղբոր տուն: Այս դեպքում հավանական էր ճանաչվելը ոչ մեծ բակ-տնամերձերում ինչ-որ բանով զբաղված կամ պատշգամբներում սուրճ խմող կանանց կողմից, ովքեր, սակայն, նախաձեռնող չէին լինի հետն առնչվելու հարցում, ինչպես և դեմ-դիմաց դուրս կգար փողոցներում խաղացող երեխաների հետ, որոնք իրեն դժվար թե ճանաչեին:

Իհարկե, մեքենայով մի քանի րոպեից կհասներ եկեղեցու հրապարակին հարող եղբոր տանը, եթե այնտեղից, ուր իջավ, փողոցը ակոսված չլիներ, և լայնահուն փոսից դուրս բերված հողը չտարածվեր մինչև մայթեզրեր: Դատելով փոսի միջով օձի պես գալարուն ձգվող խողովակից՝ հին թաղեր նոր ջրագիծ էր անցկացվում: Այնպիսի տպավորություն էր, ասես ճեղքվել էր բնակավայրի կուրծքը, այնտեղից դուրս էր բերվել արյունատար անոթը և փոխարենը նորն էր տեղադրվում: Այս բնակավայրի հպարտության առարկան էր դեպի հարավ ձգվող նախալեռներից հասցված պաղ ու քաղցրահամ ջուրը: Երկու հազարամյակ առաջ շենը ձևավորվել էր ափեզրին, սակայն խորհրդային տարիներին հորդառատ գետը վերածվեց բարալիկ առվի, որն էլ անկախությունից հետո խցկեցին խողովակի մեջ ու թաքցրին ընդլայնվող մայրուղու տակ: Իսկ բնակավայրն ընդարձակվում էր ամեն բանից անկախ, և սառնորակ աղբյուրներից հոսող ջուրն այլևս բավարար չէր: Ժամանակ առ ժամանակ աճող պահանջը լրացվում էր գետնի տակից դուրս բերվող արտեզյան անհամ ու գոլ հեղուկով: Տեղացի հնաբնակները մեկ առիթ ևս ունեին դժգոհելու բնակավայրի ընդարձակվելու իրողությունից, բայց այդ դժգոհությունը ավելի շուտ պարապությունը լցնող անկիրք քրթմնջոց էր, քանի որ տեղի ունեցածը նույնքան օրինաչափ էր թվում, որքան անխուսափելի էր եղանակների փոփոխությունը:

Այնտեղ, ուր ուղևորը իջավ մեքենայից, ոչ թե վարչական տարածքի սահմանագիծն էր, այլ երբեմնի գյուղի, որի շուրջ բնակավայրն ընդարձակել էին առանց վերջինիս կարծիքը հարցնելու: Հին գյուղը փաստաթղթերով քաղաքին մաս էր կազմել 1958 թվականից, սակայն հարյուր երեսուն տարվա անդորրին վարժված շենը այդպես էլ չէր շտապել քաղաքի շապիկ հագնել: Երկրորդ աշխարհամարտից հետո բնակավայրի բնակչության միագունությունը խախտեցին այստեղ տեղափոխված եզդի ընտանիքները: Նույն դարի վաթսունականներին բնակավայրն իր մեջ կլանեց օտարահպատակ Դաշտային ու Լեռնային Ղարաբաղներից հարկադրյալ արտագաղթողներին, ինչպես և Վրաստանի Ջավախքի շրջանի բնակիչների: Թվում էր, թե մայր մեղվի պես ծանր փռված բնակավայրը ունակ է փեթակում տեղավորել և սեփական ընտանիքի մասը դարձնել նորեկներին՝ հաղթահարելով ինքնության կորստի փորձությունը: Եվս մեկ տասնամյակ տիրապետած այս մտայնությունը հօդս ցնդեց, երբ քաղաքն ինքը սողալով հասավ այստեղ և հզոր երախի մեջ առավ սեփական պատյանի մեջ կծկված ծայրամասը: Քաղաքն այստեղ եկավ մեքենաների ու ամբարձիչների հռնդյունով, շինանյութով ծանրաբեռնված բեռնատարներով և խայտաբղետ զանգվածների աղմկոտ ու բազմակենցաղ վարք ու բարքով:

Հին բնակավայրը թվացյալ անվրդովությամբ դեռ հավատում էր, թե կկարողանա անհաղորդ մնալ իրեն շրջափակման մեջ առած բարձրահարկերի և սրանց շնչառությունն ապահովող ենթակառույցների նոր ռիթմին, բայց տարածքի յուրացումը ուներ տրամաբանական հետևանքներ: Նոր կառույցների հիմքում կորան առուների հուները, որոնցով կենսատու ավիշ էր ներարկվում խնձորի, տանձի ու ծիրանի այգիներին, ելակի ու լոբու մարգերին: Քաղաքը հոնքերը խոժոռեց անասնապահ եզդիների վրա՝ սահմանափակելով շրջապատող բուսականության դեմ ոտնձգությունը, բայց ավելի ուշ դրանք ծածկեց ամրոցանման ու պարսպապատ առանձնատներով: Քաղաքը քաղաքային նոր մտայնությամբ ծաղկի ջերմատները փշուր-փշուր արեց տրակտորների երկաթե ատամների տակ՝ նախկին գյուղացուն պարտադրելով անցնելու պրոլետարիատի դաս և վարքով վերածվելու քաղաքացու:

Քաղաքը մի կողմից շարժում ու արագություն հաղորդեց բնակավայրին, մյուս կողմից վարժեցրեց պարապությանը, որը ծվարում էր գարեջրի, թերթի կրպակների, մանրավաճառության անծածկ ու ծածկով սեղանիկների, նարդու ու շախմատի տաղավարների շուրջ, ծառուղիների նստարաններին ու պարզապես շենքերի ստվերոտ անկյուններում: Քաղաքն առաջարկեց ընկերական, առևտրային, ամուսնական և այլ կապերի լայն ընտրություն, ինչպես և հաստատեց գիշերային անդադրում եռուզեռ:

Շրջափակած քաղաքը ինքնահաստատվելով թափանցեց հին բնակավայր և պարտադրեց իր նիստուկացը:

Հյուրը քայլում էր՝ լայն հայացքը պտտելով տարածքի պատմության վրա, և զգում էր, թե ինչպես է կոշիկներին, վերնաշապիկին ու գլխին նստող փոշին շնչուղիներով հասնում թոքերին: Կարծես ոչ թե կիզիչ տապն էր իշխում ճապաղված օդում, այլ արևի շանթահարումից ծառացած փոշին: Փոշին արյան ցայտուքն էր մաշկազերծ գետնի, որն ասֆալտի տակ երկար պարփակել էր ժամանակների հիշողությունը, երբ երակների պես տարածվող փողոցները քարքարոտ ու դեղնավուն էին, իսկ գարնան ու աշնան անձրևներին վերածվում էին կավանման ցեխի: Օդում հոսող փոշին ավելի էր ընդգծում շրջապատի դատարկությունը, ասես ժամանակը ետ էր թևածել՝ իջևանելով տարածքի առաջին և երկրորդ բնակությունների միջև ընկած հազարհարյուրամյա անգոյության վրա:

Հասնելով ժանգոտած կարուսելներով նախկին խաղահրապարակին՝ նա բլրանման բարձունքից հայացքը պտտեց հին բնակավայրի համայնապատկերով: Հայտնաբերեց սեփական տների և նախկին հանրակացարանների միջև խռնված բազմությանը և հասկացավ, որ փողոցներից, կրպակամերձ հրապարակներից ու բակերից մարդկանց բացակայությունը պայմանավորված է ոչ միայն արևի հալածանքով, այլև թաղման արարողությամբ: Հուղարկավարությունը առօրյայի այն օրակարգային հանձնառությունն էր, որը բարեկամախնամիական կապերով շաղկապված յուրաքանչյուր հնաբնակի ներկայություն էր պարտադրում:

Եկվորը պատահական հանդիպումներից խուսափելով՝ ճանապարհը կարճեց յոթերրորդ դարից խոնարհված եկեղեցու միջով անցնելով: Ավերակված պատերի շրջափակման մեջ կանգ առավ՝ հիշելով մանկական խաղերը թաքստարան ծառայող կիսակլոր խորաններում, կիսաքանդ պատերով վեր սողացող մոմերի ծուխը, մատաղացու գառների աղերսող մայունը՝ արյունները հատակի մաշված սալաքարերին հեղելուց առաջ, եկեղեցու շուրջ խռնվող մարդկանց հավկիթակռիվը զատկի տոնին և մրոտ խորհրդավոր պատերի ու ձագարաձև խորանների վրա կախված, մգակապույտ երկնքից գիշերային անցուդարձին հետևող պաղ լուսինը:

Եկեղեցին ավելի էր մաշվել ու կծկվել ծերունու պես: Նա հասկացավ, որ շրջապատող ամեն բան բաղդատվում էր մանկության հիշողություններում դաջված պատկերների հետ:

Եղբայրը մրոտ արտահագուստով ու ձեռքերով կանգնած էր ավտոտնակում, իսկ փոսի մեջ գտնվող ինչ-որ մեկը քչփորում էր դարն ապրած մեքենան: Բակում խաղացող երեխաների մեջ չճանաչեց զարմիկներին և չնկատելու տալով թողեց, որ եղբայրը կողմնորոշի: Եղբայրը սևացած ձեռքերը թաքցրեց մեջքի ետևում և, կիսաժպիտը դեմքին, այտը քսեց եղբոր այտին: Մազմզոտ այտից ու սև արտահագուստից վառված յուղի հոտ կպավ մաշկին՝ հիշեցնելով, որ եղբայրը սիրում է էժան մեքենաներ ձեռք բերել և հետո տքնել դրանք նորոգելու վրա: Հարազատի ծանոթ կիսաժպիտը բացահայտեց մի քանի ատաների բացակայությունը: Դեռ պահպանվում էր գիրությունը, բայց դեմքն անբնական մաշված էր: Չհետաքրքրվեց եղբոր առողջությամբ, ավելի շուտ՝ վկայի մոտ հարցեր չառաջացնելու համար: Եղբայրը հիշեցրեց, որ տղան արդեն մեկ տարի ծառայում է բանակում, իսկ դուստրը ուսանողական միջազգային ինչ-որ սեմինարի է մասնակցում Թբիլիսիում: Նաև հիշեցրեց, որ մեքենա վերանորոգողը քենակալն է, ասաց, որ բակում խաղում են նրա երեք զավակները, իսկ ծծկեր չորրորդին մայրը ներսում քնեցնում է:

Եղբայրն այնպես սովորական դիմավորեց, կարծես ոչ մի անակնկալ էլ չկար, և վաղուց ծրագրված էր այս հանդիպումը: Մշտական կիսաժպիտը այդպես էլ կիսաժպիտ մնաց օտարությունից հայտնված հարազատին տեսնելու պահին և հետո: Եղբոր զբաղվածությունը թույլ էր տալիս միանգամից խոսելու գործի մասին, որի համար վերադարձել էր: Հարսի հետ հպանցիկ ողջագուրումից հետո ավտոտնակում ոտքի վրա սուրճ խմեց և տան սեփականության վկայականը ձեռքի կիսաճամպրուկում տեղավորելով՝ ճանապարհ ընկավ:

Հիշողության մեջ դեռ կենդանի էր սովետական բութ ու ծույլ բյուրոկրատիայի մասին հիշողությունը, որի հետ, հոր կամքով, առնչություններ էր ունեցել երիտասարդ տարիքից: Այդպես հայրը որդուն կոփում էր ապագա ինքնուրույն կյանքի համար՝ չպատկերացնելով, թե ինչ չկամությամբ էր նա այցելում այս կամ այն հիմնարկ: Բացառիկ բարեբախտություն էր, թե իսկապես երկրում բան էր փոխվել, սպասարկման պատուհանների առջև հերթ չկար: Առանց երկար-բարակ հարցերի ու զանազան տեղեկանքներ պահանջելու ձևակերպեցին բնակության հասցեից դուրս գրվելը: Կարճ տևեց նաև հայրական տան նկատմամբ համասեփականատիրոջ ժառանգական իրավունքներից հրաժարումը նոտարական հաստատմամբ ձևակերպելու ընթացքը: Նախապես ենթադրում էր կիսամութ ու նեղլիկ գրասենյակի միջանցքում, ուր օդը մշտապես ծանրացած է խոնավ նեխահոտով, մեկ-երկու օր ժամանակ մեռցնել, մինչ անհրաժեշտ թղթատարությունը կավարտվեր: Այնինչ ոստիկանության անձնագրային ծառայության սպասարկման բաժինը տեղափոխվել էր լուսավոր ու ընդարձակ սրահ, ուր իր հրաժարականներն ընդունեցին, կարելի է ասել, առանց դեմքին նայելու: Արդյոք միևնո՞ւյնն էր, թե ով է հրաժարվողը, թե՞ ուշադրության արժանի չէր բնակության երկրից այդ երկրի ոմն բնակչի դուրս գրվելու փաստը:

Թեթևացած շունչ քաշեց՝ լքելով պետական հաստատությունը, բայց երբ փողոցում էր, տարօրինակ դատարկություն զգաց ներսում: Մի՞թե իսկապես վերջ: Փաստաթղթային ձևակերպումները կտրեցին կապը երկրի հետ, այս երկրում եղած ամեն ինչի հետ:

Իհարկե, հեռանալը եղել էր իր կամքով, և գնալ-գալու երկարատև վազվզոցի մեջ չէր էլ զգացել, թե ինչպես տեղի ունեցավ հոգեբանական բեկումը, և այնուամենայնիվ վերջնական բաժանումից առաջ գուցե անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը բռնի ձեռքդ ու հետդ խոսի:

Երբ նաև ընտանիքը տարավ Ռուսաստան, ակնհայտ էր, որ ընդմիշտ է հեռանում, բայց այն ժամանակ տան գրանցումից դուրս չեկավ: Հազարավոր ուրիշ հեռացողներ նույնն էին անում, և մտածեց, թե դրա անհրաժեշտությունը չկա, կարելի է ժամանակ չմսխել ձևական գործողությունների վրա: Կինը նախատեց, իսկ վերջին ժամանակները փչացած սկավառակի պես առավոտից-գիշեր կրկնում էր, թե ամեն գործ կիսատ-պռատ է անում: Այնինչ մտքի բնազդական խորքերում երևի հենց այն հոգեբանական զգացողությունն էր եղել, թե այսպես պահպանվում է բարակ թելի պես մի կապ: Տարիների ջանքից հետո նոր վայրում նետված խարիսխն ամրապնդվում էր արդեն, երբ կնոջ եղբայրը հորդորեց օրինականացված գրանցմամբ բնակության տեղափոխել Վլադիվոստոկ: Աներորդին մնալու էր Մոսկվայում ու շարունակելու էր մեքենաների վաճառքի կազմակերպումը տեղում, ինչպես և տեղափոխումը Ռուսթավի, բայց ճապոնական կողմի հետ մեքենաների գնումների երկարաժամկետ պայմանագրի կնքումից հետո անհրաժեշտ էր, որ վստահելի մեկը գտնվեր ապրանքի դիմավորման և տեղում մաքսազերծման կետում, իսկ երբեմն-երբեմն էլ, նույն գործի հետ կապված, այցելեր արտադրող գործարան: Ժամանակին նա Ռուսաստան էր տեղափոխվել հենց կնոջ եղբոր մոտ աշխատելու, և ակնկալիքն այդ երկրից շատ կոնկրետ էր: Ի վերջո Հայաստանում էր, որ յուրաքանչյուր բնակավայրի անվան անդրադարձի ժամանակ յուրատեսակ տրամադրություն ու գույն էին լուսարձակում մտապատկերում: Նոր երկիրը մեկ անուն ուներ, մնացած տեղանունները պայմանական բառեր էին, և շատ տարբեր չէր, թե հսկա տարածքի որ անկյունում կբնակվեր: Ռուսաստանն իր համար վայր էր, ուր նյութական բարեկեցություն էր ձեռք բերելու և հիմքեր էր ապահովելու երեխաների ապագայի համար: Այդ երկրի ներսի ու դրսի հարցերը այնքանով էին իր համար կարևոր, որքանով կարող էին պայմանավորել ռուբլու անկում-վերելքը, ինչպես և վերաբերմունքը ներգաղթյալների հանդեպ: Միակ բանը, ինչի հետ երևի չէր համակերպվի երբեք, գարշելի ցուրտն էր: Վախենում էր, թե ցուրտը, խորթության անջրպետով, մշտապես ընդգծելու է իր և երկրի միջև եղած օտարությունը:

Գործն արագ ավարտելուց հետո կարելի էր այցելել գերեզմանատուն: Եղբորը չէր հայտնել այս մտադրության մասին, որովհետև ցանկանում էր միայնակ լինել ծնողների շիրիմների հետ:

Ճանաչեց մոր հուշաքարին դաջված նկարը: Ինքն էր տարել նրան լուսանկարչատուն, երբ վիրահատությունից հետո հաշմանդամության կարգը հաստատելու համար հին անձնագիրը պիտի փոխվեր: Ինքն ու մայրը ողջ օրը միասին էին: Այդպես միասին ու միայն երկուսով չէին եղել շատ վաղուց: Երբեմն թվում էր, թե դեռ այն մանուկն է, ում ձեռքից բռնած մայրն ինչ-որ տեղ էր տանում:

Մայրը աջ ոտքը չցավեցնելու համար յուրաքանչյուր քայլից հետո պինդ սեղմում էր որդու ձեռքը և հենվում էր թևին: Նա տաք ափի մեջ սեղմում էր որդու մատները, կարծես զավակը հենց այդ պահին պատրաստվում էր հեռանալ: Այդ օրը մայրը քչախոս էր, բայց շուրթերի փոխարեն խոսում էին աջ ձեռքն ու թևը: Որպեսզի մայրը նայեր լուսանկարչական խցիկի ուղղությամբ, նա կանգնեց լուսանկարչի կողքին: Ահա քարի վրա արձանացած այս հայացքով էր մայրը նայում իրեն՝ կարծես հարցնելով. «ճի՞շտ է, որ ամեն ինչ հենց այդպես լինի»: Երևի մտահոգվելով, թե հարցը վախեցած թռչնի պես դուրս կթռչի լեզվի վրայից, նա շուրթերը սեղմել էր իրար, և պրկվելով՝ դրանք որոշ լարվածություն էին հաղորդել դեմքին: Աչքերը լայնացել էին ու զարմանքի ետևում թաքնված տագնապ էին պարունակում: Մայրն այնպիսի անկեղծությամբ էր նայում, որպիսին կարող էր իրեն թույլ տալ հետը առանձին եղած ժամանակ:

Նրան թվաց, թե այն պահի հիշողությունը տաք մանրամասնությամբ արթնացավ գիտակցության մեջ և ոչ թե փոխանցվում էր սառը բազալտից: Համենայն դեպս, եթե քարին կամ գիտակցության մեջ կենդանի էր իրեն հառված հայացքը, նշանակում է՝ շարունակում էր ապրել բացատրություն ակնկալող հարցը: Ինչպես որ կյանքից հեռացողից հետո շարունակում են ապրել նրա վերջին բառերը, կարծես դրանք կենսագրության ամփոփումն են և պահպանվում են որպես կամուրջ մահվան ու կյանքի միջև: Կարելի է ասել, որ մայրը ողջ կյանքն ապրել էր մշտական այդ հարցով՝ մտահոգվելով, թե արդյոք արտաքին աշխարհի հետ որևէ առնչություն վնաս չի՞ բերի իր գուրգուրած օջախին:

Խնկի ծուխը, ոլորապտույտ ձգվելով վեր, խառնվում էր խոնարհվող արևի լերդացող լույսերի մեջ խայտող փոշեհատիկներին: Տպավորություն էր, թե ողջ բնակավայրը վերածվել է փորված լաբիրինթոսի: Ինչ-որ տեղից լսվող երգի ակունքը փնտրելիս նկատեց օդի մեջ խտացած փոշու զանգվածը: Ձգվելով կռացած տեղից՝ երգի ձայնը բացահայտեց պարսպի պես շրջանաձև շարված թարմ ծաղկեպսակների կողմից: Մի՞թե ուրախ երգ էին երգում թարմ շիրմաթմբի մոտ: Արևի գունատվող ճառագայթների մեջ նոր գերեզմանատեղից բարձրացած հողի խյուսը խառնվում էր բնակատեղին ակոսած ջրագծի լաբիրինթոսից տարածվող փոշու հետ, և մժեղների պարս հիշեցնող գորշավուն զանգվածը թևածում էր տարածքի վրա:

Նա կոկորդում կրկին զգաց փոշեհամը ու կոշտացած մազերի մեջ շոշափեց սորուն ավազը:

Հոր հայացքը քիչ հոգնած էր, բայց ինքնավստահ՝ հեգնախառն երանգով: Հեգնախառն երանգը արտահայտված էր քիչ վեր բարձրացած ու կնճիռի աննշան գծիկով ուրվագծված աջ այտի վրա: Հայրը համոզված էր, որ ամեն արարք արտացոլվում է մարդկության ծննդից գոյություն ունեցող ճշմարտությունների հայելու վրա, և անհեթեթ է, երբ աշխարհի մեծավորներից սկսած մինչև աննշան մեկը փորձում է հիմարացնել մյուսներին: Հայրը մարդկության կողմից վիրավորված էր բոլոր անմիտ ու անբարո արարքների համար, և այդ տրամադրությունը հասուն տարիքում նրան դարձրել էր քչախոս, բայց և ասելիքի մեջ կտրուկ: Թեև տապանաքարին դաջված այս հայացքը կարծես նույնպես իրեն էր ուղղված և հետևում էր անելիքին: Հայրը դեռ ավագ որդու մանուկ տարիներից որոշել էր, որ նա առանձնահատուկ ընդունակություններով է օժտված ու ներկայանալի մարդ է դառնալու, իսկ հետո պատրանքաթափության չափ հիասթափվել էր, որ զավակը կյանքը մսխում է մանր ու անկարևոր բաների վրա: Հիասթափության հարցում պակաս մեղավոր չէր համարում հարսին, որն ամուսնուն դրդել էր, սեփական առաքելությունը մոռացած, հետապնդել անորսալին, մեծ երազանքները ոտնատակ տալ փող կուտակելու ընչաքաղց վազքի մեջ:

Իրիկնամուտի մեղմ քամուց խնկաբույր ծուխը պար եկավ գետնատարած, ապա հպվեց շիրմաքարերին արձանացած հայացքներին և այդ հայացքներում գծագրված ասելիքն իր մեջ առած՝ ուղերձի պես տարավ դեպի կաթնակապույտ տիեզերքի խորքը:

Գուցե և սա իր ու ծնողների վերջին հանդիպումն էր: Երկրի վրա իջնող իրիկնամուտի պես ծանրացող մտքերը վանելու համար վեր կացավ և քայլերն ուղղեց դեպի եղբոր տուն: Երբ անցնում էր նոր գոյացած շիրմաթմբի մոտով, նկատեց հողոտ հագուստով զույգ տղամարդկանց, որոնք խմում ու երգում էին ծաղկով ու ծաղկեպսակներով պատված շիրմաթմբի կողքի տապանաքարին բացված հացի սեղանի մոտ:

Տղամարդիկ բարևեցին անցորդին, հրավիրեցին ողորմաթաս խմելու: Կասկած չկար, որ գերեզմանափորներ էին, որոնց սովորաբար բաժին էր հասնում գերեզմանատեղ բերված գրեթե ողջ հոգեհացը:

-Ուրախանո՞ւմ եք,- անթաքույց հեգնանքով հարցրեց նա՝ բռնելով իրեն այն մտքի վրա, որ հատու խոսքը հորից անցած ժառանգություն էր: Տղամարդկանցից ավագը, որն իր տարիքին կլիներ, որսաց ձայնի երանգը և պատասխանեց.

-Մեռնելու համար չէ ուրախություններս, ապրածի համար ենք ուրախանում:

-Սանամ տատը կլոր հարյուր յոթ տարի է ապրել, ավելացրեց երկրորդ գերեզմանափորը, որը հազիվ լիներ ընկերոջ կես տարիքին:

-Սանա՞մ էր անունը,- հարցրեց՝ լսածը ստուգելու համար, հիշելով, որ այդ անունով ճանաչում էր պապի հորաքրոջ, թե մորաքրոջ աղջկան: Ծեր այդ կնոջը հաճախ տեսել էր տան ուռիքին ձուլված՝ կռու բազալտից հին սանդի քարին նստած:

-Տասներեք երեխա է մեծացրել Սանամ տատը,- ասաց գերեզմանափորներից ավագը,- սկզբում Քանաքեռ էր հարս գնացել ու երեք երեխա ունեցել: Պատերազմում մարդու զոհվելուց հետո մերոնք գնացել, քեռի Խաչոյի համար կին էին բերել որբևայրի համագյուղացուն: Խաչոյին էլ առաջին կինն էր չորս երեխա թողել, գումարել էին իրար ու միասին վեցն էլ ավելացրել: Քեռի Խաչոն վաթսունքանի թվին է մեռել, ու Սանամ տատը նամուսը գլխին քաշած մեծացրել է երեխեքին:

-Ո՞նց է կարողացել,- ոչ թե հարցրեց, այլ ուզեց խոսեցնել ավագ խոսակցին, թեև պատասխանը կարծես թե գիտեր ոչ պակաս չափով, որ չափով որ կներկայացներ դիմացինը:

-Բա ի՞նչ աներ,- զարմացավ տղամարդը,- իր ճակատագիրն էր, ո՞վ կարող է փախչել ճակատագրից:

Ամբողջ ժամանակ նրա ականջին ծանոթ էր թվում ավագ գերեզմանափորի խզխզ ձայնը և ի վերջո հիշեց դիմացինին: Հենզելի հետ իրենք նույն դասարանում սովորել էին հինգ տարի, որից հետո դասընկերը թողել էր դպրոցը ու միացել էր քարհանքում աշխատող հորը:

Նա անբացատրելի ցանկություն զգաց, որ Հենզելը հիշի իրեն և մոտեցավ նոր գոյացած շիրմաթմբին: Իր մոտենալը Հենզելը մեկնաբանեց յուրովի ու մեկնեց օղով լի բաժակը.

-Ողորմի տուր, բարի կին էր տատը, ամեն Աստծո օր տնից դուրս գալիս ոտքս կախ էի գցում, մինչև մինդարն առած կգար-կնստեր իր քարին…, Սանամ տատը,- նորից մեջ ընկավ երիտասարդը,- մեր միակ մեծն էր, որ տեսել էր պապերի երկրից եկած վերջին ապրողին:

-Այս կողմերից եմ,- դեռ երիտասարդի միտքը չմարսած՝ նա անորոշ պատասխանեց համադասարանցու հարցին և պատասխանը չմանրամասնելու համար մեկնված բաժակը տարավ շուրթերին:

Մանկության ընկերը այդպես էլ չհիշեց իրեն:

Շփոթության անորոշ զգացումով նա քայլեց տների կողմը, որոնք գերեզմանատնից բաժանվում էին երթևեկելի փողոցով:

Նա հաճախ էր մտածել, թե ինչո՞ւ էր գերեզմանատունը կից տներին: Ճիշտ է, որ յոթերորդ դարում պատմության մշուշում անէացած բնակավայրի նախկին բնակիչներն էին հիմնել գերեզմանատունը: 1828 թվականին ներգաղթած ապուպապի սերունդը բնական էր համարել հին մեռելների կողքին թաղվելը, ինչպես որ հարազատ սրբատեղի էր ընդունել Սուրբ Խաչ եկեղեցին և որպես սեփականության վկայական կպցրել էր նրան «Ծիրանավոր» անվանումը: Վերաբնակները օտար նվաճող չէին, որ սրբությանը ուրիշ հավատալիք հակադրեին, գերեզմանոցին հակադրեին նոր գերեզմանոց, ուր կշարունակվեր մեռելների հարատև կռիվը մեռելների հետ: Ներողամիտ հարգանքով նրանք շենացրին արաբական արշավանքներից, երկրաշարժից ու ժամանակից ավերակված արյունակից նախորդների բնատեղին և իրենց կյանքի հետ կարծես շարունակեցին ապրել նաև նրանց ընդհատված գոյությունը:

Այնուամենայնիվ չէր դադարում արտառոց լինել փաստը, որ բնակավայրի բնիկները ապրել էին մեռածների կողքին, իսկ վերաբնակիչները շարունակել էին նույն կերպ:

Ապրողների ու մեռածների մերձությունը գուցե նրա համար էր, որ փոքրանար կյանքի ու մահվան սահմանագիծը, և կյանքն ու մահը դառնային նույն առօրյայի մասը, որպես մեկ իրականության տարբեր երեսներ: Ապրողների աչքի առջև լիներ իրենց վաղվա օրը, իսկ մեռածների աչքի առաջ՝ անցյալը:

Ապրողները տնից դուրս գալով ամեն օր նայում էին գերեզմանատան կողմը, խմելու, շաշկի կամ դամա խաղալու համար ընտրում էին մաշված ու հարթ տապանաքարերը, որևէ տեղ շտապելիս գերադասում էին գերեզմանամիջով կարճել ճանապարհը:

Նայելով մարգածաղիկ հավաքող կնոջը՝ ամուսինը հարցնում էր.

-Մարուս, խանո՞ւթ չես գնում:

-Բա ո՞ւր պիտի գնամ,- պատասխանում էր Մարուսը առանց ամուսնու կողմը շրջվելու:

— Բա ինչո՞ւ ես ծաղիկ հավաքում,- ասում էր ամուսինը երկու աստիճան վար իջնելով աստիճանահարթակից:

-Համո,- մեջքը դանդաղ ուղղելով պատասխանում էր կարմրատակած կինը,- գիշերը երեխան եկել էր երազիս, հանդիպեմ՝ նոր խանութ կմտնեմ:

Երեխան մեծ տղայից հետո ծնված դուստրն էր, որ երեք տարեկանում մահացել էր 24 տարի առաջ:

-Մայի՛ս,- ընդհանուր բակից կանչում էր եղբայրը,- Մայի՛ս, մերոնց վրա մի մետր ձյուն է դրել, ամոթ է, մի թիակ էլ դու առ, գնանք մաքրենք:

Մարդիկ հարազատներին ամփոփում էին հողում և երբ տուն էին վերադառնում, մահացածները գալիս, հոգեհացի սեղանների շուրջ բազմում էին նրանց կողքին: Քակվում էր պատմությունների կծիկը, ուր կենդանի էին բոլոր ողջերն ու մեռյալները:

Մահվան առօրեականությունը թեթևացնում էր կորստյան կսկիծը, և մերձության գիտակցությունը հեշտացնում էր ապրելը, ինչպես որ ոմանց համար անիմաստ էր դարձնում շատ գայթակղություններ և հանդարտեցնում էր դրանց ետևից վազելու կիրքը: Անմահանում էին մահացածները, որոնց ողջերը շարունակում էին ապրեցնել իրենց զրույցներում ու սեղանների շուրջ: Ով հոգնում էր կյանքից, գնում էր կարոտների ետևից և այս աշխարհը դեռ չլքած՝ շարունակում էր գոյությունը ավելի շատ մեռածների հետ, քան ողջերի:

Եղբոր տունը հեռու չէր: Եղբոր և քենու ընտանիքները հացի նստելու համար իրեն չէին սպասել՝ վերադարձի ժամի անորոշությունից և քաղցած երեխաների պահանջատիրությունից դրդված: Երեխաները տան մեջ շարունակում էին աղմկոտ խաղը, իսկ մեծերը սուրճ էին խմում: Փութկոտությամբ ափսե ու բաժակներ դրվեցին իր առջև, սաստեցին երեխաներին, և նրանց հայրը բարի գալուստի կենաց ասաց: Խմած օղին բացել էր եղբոր քենակալի լեզուն, և նա խոսում էր անդադար ու ամեն ինչի մասին: Ջահի լամպերից միայն մեկն էր լուսավորում՝ ստվերներ գոյացնելով իրերի մեջ ճնշված սենյակում: Հարսը տարբեր ուտեստներ էր մոտեցնում տագրոջ ափսեին, և նա ոչ միայն չէր հրաժարվում դրանցից, այլև լուռ չրխկացնում էր շատախոս կենացասածի բաժակին: Եղբայրը ցածրաձայն հարցեր էր տալիս գործերի և ընտանիքի մասին:

Ստվերները սկսեցին կենդանանալ, գրավել իրենց տեղը և շարժվել տան մեջ:

Դիմացի պատի տակ բազմոց էր դրված, որի վրա, մութաքան թևի տակ, հայրն էր թիկնել: Հեռուստացույցին մոտ, բազկաթոռին մայրը նստած դանթում էր, նա այդպես էլ որևէ հաղորդում կամ ֆիլմ մինչև վերջ չէր դիտելու: Հանկարծ դիմացի մութ սենյակից երեխայի լացի ձայն լսվեց: Այնտեղ սկզբում դրվել էր իր օրորոցը, իսկ հետո՝ դստեր և որդու: Բայց այս լացը հիշողության վերակենդանացում չէր: Եղբոր քենին գնաց մյուս սենյակ, վերադարձավ բարուրի մեջ փաթաթած երեխայի հետ և հեռուստացույցից քիչ հեռու, ներկաներին թիկունքով նստելով, կրծքով կերակրում էր նորածնին: Ճիշտ այդ դիրքով էր նստում իր կինը երեխաներին կերակրելիս: Երբ եղբայրն ամուսնացավ, նրա ընտանիքի համար սենյակներ առանձնացվեցին տան այգուն նայող հատվածում: Եղբոր տունը հիմա կրկին ձեբազատված էր արհեստական միջնորմից (ինքն իր մեջ շարունակում էր տունը ՙհայրական տուն՚ չկոչել, որպեսզի ստվերները չխռնվեին սենյակում ու չաղմկեին): Ընդառաջեց հերթական բաժակաճառերին, մինչև հասկացավ, որ հարբում է: Բաց դռնից ծառերի սաղարթների մեջ սվսվացնող քամու ձայնը լսվեց, եւ նա հիշեց ամառային տաք ու երկար գիշերները, երբ պատերի միջև խտացող հեղձուկը ընտանիքին մղում էր դեպի լայնասաղարթ թթենու տակ դրված թախտն ու անվերջ հոսող ժանգոտ գուռի սառցահամ ջուրը: Միմյանց ձայնել սկսեցին ծղրիդները: Պատուհանի այն կողմում մանուկ լուսինը բազմեց եկեղեցու ետին խորանին: Կաթ ուտող երեխան լաց եղավ ծանոթ ձայնով:

Միանգամից վեր կացավ, ասաց, որ չավարտած գործեր ունի, պետք է գնա: Լեզվի ծայրին ծնվեց պատճառաբանությունը, թե վերադարձի թռիչքը հաջորդ առավոտյան է նախատեսված:

Եղբայրը կարկամած իրեն էր նայում, հետո ետևից դուրս եկավ: Նա չհամաձայնեց, որ փոքր եղբայրը ճանապարհեր: Բակի դարպասի մոտ գրկախառնվեցին, քսան հազար ռուսական ռուբլիանոցը խցկեց եղբոր ափի մեջ՝ հորդորելով, որ երեխաների համար ինչ-որ բան գնի: Եղբայրը ոչ մի կերպ չէր ցանկանում վերցնել գումարը, և դա վիրավորում էր: Եթե հարազատի մերժումներին տեղի տար, կնշանակեր, որ իր ցանկությունն էլ անկեղծ չէր: Ոլորած փողը մտցրեց դիմացինի սևացած արտահագուստի գրպանը և ուղղակիորեն փախավ նրանից: Ետ պտտելով օրվա տպավորությունները՝ նույն ճանապարհով հասավ այն վայրը, ուր կեսօրին իջել էր մեքենայից:

Այստեղ կրկին ետ շրջվեց: Գիշերային այգիները նմանվում էին մթության կղզյակների, որոնց մեջ տները լույսի օազիսներ էին: Այդ օազիսները տաք էին ու խաղաղ, և նրանցում տրոփում էր կյանքը: Դրանք ասես լողում էին պատմության օվկիանոսում, և յուրաքանչյուր օազիսում հոսում էր կենդանի իրականությունը, ստեղծագործվում էին կենսագրություններ: Այդ տարբեր կենսագրությունները դառնում էին հավաքականություն, երբ մեկ հայացքով ընդգրկում էիր օազիսների ամբողջությունը: Հանկարծ առկայծող ճրագները մարեցին, և ամեն ինչ սուզվեց անէության անդունդը: Նա փակեց աչքերը և երբ կրկին բացեց, պատրանքը չէր անցել՝ շուրջբոլորը մթության անդունդն էր: Թվաց, թե քիչ առաջվա տեսածը նույնպես հիշողության բեկոր էր, որ օրվա այլ պատկերների պես հանկարծ լուսավորվել էր գլխում ու մարել: Հնացած ենթակայաններից հոսանքի ընդհատումները ինչպես եղել էին, այնպես էլ շարունակվում էին այստեղ: Միևնույն է, ներսից ինչ-որ զսպանակ հրեց առաջ: Մութ փողոցն անցնելով, առանց ճշտելու երթուղին, բարձրացավ ձեռքի շարժումին արձագանքած ավտոբուսը:

Դրսի կողմից ապակուն փակցված ցուցանակը շրջված կարդալով պարզեց, որ երթուղին անցնում է քաղաքի կենտրոնով: Քաղաքի կենտրոնում, առանց նախընտրության, կտեղավորվեր հանդիպած առաջին հյուրանոցում, իսկ առավոտյան ամենամոտ ժամի չվերթի տոմս կառներ և կհեռանար:

Ավտոբուսը կիսադատարկ էր, ուղևորները տեղավորվել էին առջևի նստարաններին, և ինքը միայնակ նստեց վերջում: Զգում էր՝ ինչպես է արյունը անհանգիստ հոսում երակներով: Հավանաբար խմած օղին էր դրդում: Այնուամենայնիվ ո՞ր պահից նյարդերն սկսեցին թրթռալ բարակ լարերի պես: Ավելի շուտ, այդ անանուն անհանգստությունը սողոսկեց արյան մեջ, երբ դեռ երկնքում էր և պատրաստվում էր վայրէջքի: Ավտոբուսը կիսամութ ճանապարհն անցնում էր ցնցվելով ու ուղևորներին վեր թռցնելով: Կամ ճանապարհն էր վատը, կամ ավտոբուսը սարքին վիճակում չէր և կամ երկուսն իրար հետ: Վարորդը, վարորդների սովորության համաձայն, մեքենան վարում էր ռադիոյից տարածվող բարձր երաժտության ուղեկցությամբ: Ըստ հնչող երաժտությունների՝ դժվար է կռահել տվյալ վարորդի նախասիրությունը, որովհետև նույն անձը կարող է մեքենան վարել և՛ ծանր ռոքի, և՛ դասական երաժշտության, և՛ անճաշակ ռաբիսի հնչյունների ներքո: Երաժշտությունը ուղևորափոխադրող մեքենաների վարորդների համար ավելի շուտ շեղող ձայներից մեկուսանալու և անելիքի վրա կենտրոնանալու նշանակություն ունի, և դժվար է գուշակել՝ նրանց լսածը երաժշտությո՞ւն է, թե՞ անորոշ ու պայմանական հնչյուններ: Գուցե այս դեպքում մեքենան ջղաձգվում էր վարորդի ջղաձգությունից, որն էլ փոխանցվում էր Ժակ Բրելի ջղաձիգ ու բոցաշունչ երգից: Մտքում հայտնվեցին երգող գերեզմանափորները: Այն, ինչ ուրիշներին արտառոց կարող է թվալ, սովորական երևույթ է ամեն օր հեռացողների առջև հանդերձյալ աշխարհի ճանապարհը բացող մարդկանց համար:

Ինչո՞ւ երիտասարդ գերեզմանափորն ասաց, թե Սանամ տատը միակ մեծն էր, ով տեսել էր պապերի երկրից եկած վերջին ապրողին: Երկու կենսագրությունների ժամանակային աղերսումի միջոցով նա բնակավայրի ներկան կապեց այն ակունքի հետ, որտեղից սկիզբ է առել արտագաղթողների նոր կենսագրությունը: Գուցե ընդգծեց իրենց և նախաստեղծ ակունքի միջև եղած կապը: Գետը որքան էլ երկար ձգվի և յուրատեսակ լինի տարբեր հատվածներում, մեկ ամբողջություն է սկզբից մինչև վերջնակետը: Եվ ի՞նչ: Իսկ իր կենսագրությունը շարունակական չէ, այն մի տեղ ընդհատվում է և նորից սկսվում է զրոյից: Այն, ինչ ապրել է մինչև Ռուսաստան գնալը, մի կյանք է՝ իր պատմությամբ և նախապատմությամբ, ուրախություններով ու տխրություններով, աշխարհով ու աշխարհայացքով, սերերով ու ատելություններով, արժեքներով ու ավանդույթներով, ճշմարտություններով, հետևություններով, արդյունքներով ու հետևաքներով: Երկրորդ կյանքի սկզբնավորման հետ կտրվել է կապը, և ոչ միայն երազանքներն էին փոխվել, այլև ուրիշ կերպ էր ուրվագծվում նոր կյանքի ապագան:

Հավանաբար մեծ վթար էր տեղի ունեցել, քանի որ հոսանքազրկված տարածքի շառավիղը շատ ընդգրկուն էր: Ավտոբուսի լուսարձակները ճեղքում էին մթությունը և խաչվում էին դիմացից հայտնվող լույսի շեղջերի հետ: Մեքենայի ետևի լույսերը ետնամասի ապակիները վերածել էին արծաթագույն խավար հայելիների: Նա դուրս նայելով փորձում էր հասկանալ, թե ուր են հասել: Ճանապարհի փոխարեն ետնապակու հայելու մեջ գծագրվեց մոր դիմաստվերը: Այն նույն պատկերը, որ դաջված էր տապանաքարի վրա: Մոր աղոտ դեմքին տեսանելի էին պրկված շրթունքներն ու հարցական հայացքը: Նա շփեց աչքերը՝ մտածելով, որ անմտություն էր եղբոր քենակալի հետ խմելու մրցության մեջ մտնելը: Հայացքը թեքեց աջ և հանդիպեց հոր հայացքին: Ոչ այն դիմապատկերին, որ տեսել էր այդ օրը, այլ կենդանի ժպիտը, երբ ասելիքը ունկահաճո էր, և հայրը համբերատարությամբ ունկնդրում էր դիմացինին՝ հակված լինելով թեմայի շուրջ խոսքի բռնվելու նրա հետ: Շրջանցող մեքենայի թրատող լույսի սյան մեջ հայտնվեց տատի և պապի ամուսնական լուսանկարը: Այն միակ նկարը, որում նրանք երիտասարդ էին և, լուսանկարչի ձեռքով, կողք կողքի էին հայտնվել: Այդ նկարը փակցված էր իր և եղբոր ննջարանում, երկու պատուհանների միջև եղած նեղ պատի վրա: Զեփյուռից տատանվող վարագույրը շղարշ էր նետում նկարին՝ հեռացնելով այն, և ապա ետ էր բերում նկարը՝ ինքը հեռանալով: Այս նկարում տատը մտազբաղ էր, բայց խոհականորեն խաղաղ: Կարծես նա և՛ կանխագուշակում էր գալիքը, և՛ ընդունում էր ճակատագիրը համակերպումի ու ակնկալիքի հանդարտ սպասմամբ: Երբ հասունացավ, այդ դեմքին նայելիս նրան թվում էր, թե նկարվելիս տատը հղի է եղել: Պապի մազերը կարճ կտրած էին և կեռ բեղի հետ նրան եռանդուն ու համարձակ տեսք էին տալիս: Նա այդ տարիքում սեփական տունն էր կառուցում, և միակ մարդն էր գյուղում, որ կարող էր տրակտոր վարել:

Ռադիոյից հնչող երաժշտությունը խլացավ ինչ-որ մեկի հեռախոսից հնչած բարձր ձայնից: Հնչում էր մի սիրային մեղեդի, որն իր մանկության ու պատանության տարիների քեֆերում մշտապես նվագում էին: Այս երաժշտությունը ջրի հոսանքի պես գիտակցության հատակից վեր էր բարձրացնում լողացող պատկերներ դպրոցական հանդեսներից, պսակադրության արարողությունից: Կենդանացրեց հարևանի տղայի բանակ ճանապարհելու քեֆը, որի ժամանակ հավասարի իրավունքով կողք կողքի էին նստել թաղի բոլոր մեծերն ու երիտասարդները, և բոլորով պարեցին մինչև առավոտ: Հետո ինքը ուսանողական ընկերուհու հետ քայլում էր համալսարանական պանսիոնատին հարող անտառի թավուտով: Ետդարձի արահետի վրա աղջիկը քայլում էր առջևից, իսկ ինքը գնում էր ետևից:

Ձեռքը տարավ դեմքին ու կրկին փակեց աչքերը: Կարծես ուրիշ դեմք շոշափեց: Օրվա փոշուց դեմքը կոշտացել էր և դարձել փշոտ: Նա շոշափեց դիմագծերը, որոնք ուրիշ էին, մանկության տարիների իր դեմքն էր, արևից ու փոշուց կոշտացած, երկար թարթիչներով ու ցցված այտոսկրերով: Ճակատը յուղոտ էր ու թաց, ինչպես լինում էր, երբ խաղերից հետո քրտինքը սառչում էր մաշկին: Նա մատները խրեց կոշտացած մազերի մեջ՝ շոշափելով մանր ավազահատիկները և սորուն փոշին: Դա խրամուղիներից դուրս հորդացած փոշին էր՝ շաղախված Սանամի գերեզմանատեղից բարձրացած հողի հետ: Երբ գերեզմանատան տարածքն այլևս ընդարձակվելու տեղ չուներ, մարդիկ տեղահանեցին գետնի մեջ խրված, մաշված ու անընթեռնելի գրություններով հին տապանաքարերը և նոր մեռելներին տեղավորեցին հին շիրմատեղերում: Եթե այնքան էին խորանում, որ մաշված ոսկորներ էին լույս աշխարհ ելնում, դրանք խնամքով պահ էին տալիս հողին և վրան պառկեցնում էին նոր հանգուցյալին: Սանամ տատին հուղարկավորել էին գերեզմանատան փողոցին հարող հատվածում, որտեղ դեռևս պահպանված հատուկենտ հին տապանաքարերն էին, իսկ հիմնականում անցյալի վկայությունները կորել էին խոտի տակ: Տատի գերեզմանատեղի փոշին կարող էր երկինք բարձրանալ հազար վեց հարյուր տարվա շիրմատեղից: Նա փորձեց ինչ-որ խորհուրդ զգալ մազերին պատած սորուն ավազը մատներով շոշափելով:

Միաժամանակ չէր ցանկանում բացել աչքերը ու նայել շրջապատող հայելիների մեջ հայտնվող ստվերներին: Նա կտրուկ ելավ տեղից, առաջացավ  ու նստեց վարորդի ետևի նստարանին՝  զինվորական համազգեստով երիտասարդի կողքին:

Անհեթեթություն չէ՞ր միթե Հենզելի փիլիսոփայությունը, թե ճակատագրից չես փախչի: Ի՞նչ է ճակատագիրը. նախախնամությո՞ւն, որի կամավոր գերին է մարդը, թե՞ հլու ստրուկ, որին ենթարկում ես կամքիդ և ուղղորդում ես: Ի վերջո, այն, ինչ պատահում է, և այն, ինչ անում ես, միևնույն է, մեկնաբանվում է որպես նախախնամության վճիռ: Այսինքն՝  ճակատագիր կոչված խամաճիկը կարող ես խաղացնել ձեռքիդ վրա, ինչպես ցանկանաս: Նա նայեց շուրջը նստած դանթող մարդկանց և մտածեց, որ նրանցից յուրաքանչյուրը որպես ավանակի քշում է սեփական ճակատագիրը, իսկ եթե սխալ տեղ է հասնում, մեղքը գցում է հենց ճակատագրի վրա: Ակամայից հայացքը սահեց ետ, բայց անմիջապես էլ գլուխը առաջ թեքեց: Երեսն ու գլուխն էր շոշափելու, բայց կես ճանապարհից ձեռքը վայր իջեցրեց: Հարկավոր է առաջ նայել, ապագա տանում են ոչ թե անցյալի բեռը, այլ վաղվա տեսլականը: Պետք է նայել առաջ, միշտ առաջ:

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք