Հունական պոեզիա. Օդիսսեաս Էլիտիս

odiseas-elitis-400x300«Ուղենիշներ» ժողովածուն Օդիսսեաս Էլիտիսի առաջին բանաստեղծական ժողովածուն է՝ տպագրված 1940 թ.: Սրանում բանաստեղծը մեկտեղում է սյուրռեալիզմի ազդեցությունները և հունական պոեզիայի ավանդույթը՝ձևավորելով իր բանաստեղծական ուրույն լեզուն:

Ժողովածուի բանաստեղծություններում գերակշռում են ծովի և Էգեյան կղզիների լուսավոր պատկերները, սիրո ապրումների նրբությունը, բնապաշտությունը, հույսը և հավատն առ կյանքի գեղեցկության հաստատուն գոյությունը:

 

 

 

Շողեր

 

Անուշաբույր շուրթերը

Օրվա սիրում են

Հանգստացած ճակատը

Տիեզերքի

Անդրեաս Կալվոս

Ι

Անուն մի

զովաշունչ այնքան, ասես մեծացած լինի

ծովում,

Կամ ապրած մի լուրթ գարնան հետ՝

կրծքում,

մերձեցնում է հետն աշխարհի: Եվ օրն է ահա,

որ սկիզբ է առել ներսից նրա նվիրական

արևածագը, որ մոռացել է արցունքները՝

ցույց տալով տարածության մեջ աչքերի

հողեղեն փշրանքները երջանկության:

II

Երկիքն ազնվարյուն,

Մատներ, որ տարրալուծեց տարավ առվակը՝

քնի միջով անցնելիս:

Կանաչավուն դափնետերևներին

մորեմերկ մեկնվել է օրը:

III

Շողակաթ հույզը պարունակության մեջ աչքերի,

Հարց՝վեր հանված հողից մինչև

մակերևույթն ամենավերին քամիների:

Օ՜, ճափորդություն ցնծալի,

Ամեն վայրկյան կտավ մի, որ գույնն է փոխում,

Եվ ոչ ոք,

չկա

ոչ ոք առանձնահատուկ

Նույնանման տարածության մեջ:

IV

Ոսկեզօծվում է հոգնությունն ամառվա՝

Ազնիվ գոյությունն Արևի: Ահա՛, հասկերը՝

Դեմքեր մերկաբաց

զգացմունքներից այրված:

Եվ դաշտն ալիքում է Սերը,

Ալիքում է աշխարհը ծածուկ՝

մաքուր օրհներգ կյանքի:

V

Աղջիկները, որ տրորեցին հատուկենտ

բառերը՝մեծացած արևաշողից,

ծիծաղեցին: Եվ շարժումը

Սպիտակ յասամանների մեջ,

Սաղարթների մեջ, որ բանից անտեղյակ

սքողեցին վատ արարքները ստվերների,

կաթիլների հարսանիքները գաղտագողի:

Երազներ նորահարս: Մենակ չի թողնում նրանց

Ժամանակը,

Եվ փետուրին նրա երազները գտնում են

արտացոլանքն իրենց:

VI

Փոքրանում են տանիքները աչքերում թռչունների.

Լույս, դարձյալ լույս,

հոգի, որ պայքարում է,

Հպարտ շաչյուն հեռվում աշխարհի,

Զենք և զորություն,

Եվ ճշմարտությունը մի բուռ ջրի

մաքուր,

ծարավից առաջ,

Մեջն անսահմանության:

VII

Խաղողն այն, որին ծարավի էր հոգին՝

Լիուլի քամիով խիզախ,

Սպասավորությունն է ամռան:

Սոճիներին և ալիքներին

Մի սեր կա՝

ճերմակ և գունատ,

ժամերով մերկաբաց,

որ պահում են մատների մեջ իրենց

Գոյությունը՝

Ալեծուփ

Նվաստացած

Ազատ

Ինչպես լույսը

Լայնածիրության մեջ ծածուկ գավիթների:

VIII

Մի ձիավարություն ամպերի վրա,

Մի սենյակ, ուր զգեստներն է հանում աղջնակը սիրելի,

Մի փունջ օրեր ետևից անձրևի,

Արևը

Ես

Որ փորում բացում էի այդքան գիշերներ՝

նրան անակնկալի բերելու՝

տալով մի խթան աներկբայելի

Երջանկությանը:

Այո, գարնանային տարածությունը

Ինձ սիրտ է թողնում,

Ինձ թողնում է թովչանք՝

Զգալու ամեն անգամ, ամենուր, միշտ,

թե շրջում եմ այս կողմերում:

Օ՜, բեկված բուրմունք,

Ճյուղ սառած՝մանկիկ ջրի,

Արահետ նպաստավոր:

IX

Կարապներն ալիքում են ինքնաբուխ անունները ժամերի,

Ժամերն ասեղնագործում ձուլում են ձեռքերն իմ

Լուսաբացին,

Ինչպես աղեղներ, որ նետվում են ամեն մի արահետին

Ցնորքի

Եվ խաղում են,

Ինչպես խաղում եմ,

Եվ սահում են.

Հույսերը ծնվում են:

Χ

Բաց կրծքով հոսանքի դեմ

Ձուկ, որ փնտրում է վճիտություն ուրիշ ջրերում,

Ձեռք, որ չի հավատում ոչ մի բանի:

Այսօր այնպես չէ, ինչպես երեկ էր,

Հողմացույցերն ինձ սովորեցրել են զգալ,

Ուժասպառ եմ անում գիշերներին,

Բերկրանքները թեքում եմ գլխիվայր,

Մաքրում եմ մոռացումը՝բաց անելով մի աղավնաբույն,

Հեռանալով ետնադռնից երկնքի

Առանց խոսքեր հայացքի մեջ,

Ինչպես մանուկ, որ թաքցնում է մի մեխակ

Մեջն իր մազերի:

XI

Առանց փշրանքի ցողին այն, որ լալիս է

երջանկությունից, առանց ակացիաների գարունը՝

Քնքուշ խանդաղատանքով լեցուն,

վստահում է սաղարթներն իր

անվերապահ

ստվերին իմ շնչառության

այսօր

վաղը.

Ժպիտ՝ձգված

մի թաշկինակի վրա, որ կորցրել է չորս եզրերն իր.

սփռված միայնություն:

XII

Առվակի մեջ, որ տաքանում է

Ինչպես կեսօրվա ածական,

Խոսում է արտույտը՝

Չիմանալով ինչպես է հայտնվել

Ապրելու թափառումի մեջ այդ

անվերջանալի,

Ինչպես խմելով այդքան վաղոդյան վայրկյաններ

ճեղքում է ճառագումով իր

Հավերժությունը:

XIII

Անկառավարելի կյանք.

Լաստանավ՝ձեռքեր ունեցող, որ գիշերն անցկացնում են՝

Դիպչելով ամպերին՝

Ինչպես առագաստներ,

Ինչպես հրաշքներ

Ճայերի, որ վեր հանեցին մինչ այնտեղ

անարատությունն իրենց՝

Լուսավորելով հույսերը փոքրիկ սրտերով մարդկանց

Օ՛, երիտասարդություն,

Հատուցումն արևի,

Արյունալի պահ,

Որ անիմաստ է դարձնում մահը:

XIV

Թռչուններ բյուրերանգ

Խանդավառությունների

Թեթև ամառներ,

Տանիքներ՝մոտիկ երկնքին, հենց

դիպչեն,

Կդատարկեն կուժերը,

և կդառնանք ծովագույն

Նվիրյալներ ծովի:

XV

Հեբեն օրվա մեջ առաջին աղբյուր ուրախության,

Հնամենի մրտենին օրորում է իմաստը յուր,

Բաց կանի գիրկն արտույտների՝ի տես լույսին,

Եվ մի երգ կմնա օդում կանգնած՝

Ցանելով ոսկե գարու հատիկները հուր կրակի

Կրծքին հինգ քամիների,

Ազատագրելով հողեղեն գեղեցկությունը:

Հունարենից թարգմանեց  Շուշան Կարապետյանը

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք