Արշալույս Մարդիգանյանը արժանի է կոչվելու հայ հերոսուհի

 

arshaluys-avrora-mar-na83398.1

«Նարեկացի»  արվեստի միությունում հուզումնառատ երեկո էր. սփյուռքահայ գրող, թարգմանիչ, բարերար Սօսի Գևոնյանը ներկայացրեց իր «Մինչ հոգիներու աճուրդը» պատկերազարդ հուշագրություն գիրքը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը բացահայտեց Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:

-Ասում են՝  «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում,- ասում է Սօսի Տ. Գևոնյանը:

Ինքը լինելով Ցեղասպանությունից փրկված նախնիների հետնորդը՝  շատ անգամ է գաղթականության ցուպը ձեռքն առել ու երկրե երկիր գաղթել: Ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետագայում ընտանիքով գաղթել Լիբանանի Բեյրութ քաղաք, որտեղ էլ շարունակել է ուսումը՝  ստանալով ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ, և դասավանդել է ֆրանսերեն լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում սկսվում է պատերազմը, Գևոնյանների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա, այնուհետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվում է նրանց երրորդ դուստրը: Սօսի Գևոնյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրատարակիչ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, օգնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Շուրջ երեսուն տարի բնակվելով ԱՄՆ ում՝  տիկին Սօսին մի օր պատահաբար տեղեկանում է, որ հարևանությամբ գործող Կալիֆոռնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում կյանքի վերջին տարիներն ապրել և, բոլորի կողմից մոռացված, 93 տարեկանում մահացել է Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը:

Ո՞վ էր նա: 1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 14 տարեկան էր: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Ուներ չորս եղբայր և երեք քույր: Հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը: Իսկ ջութակի դասերի հաճախելու նրա երազանքը մնաց անկատար:

Նա ականատեսը դարձավ դարասկզբին հայ ազգի հանդեպ իրագործված անմարդկային բարբարոսությունների: Նրա ընտանիքը գազանաբար սպանվում է իր աչքի առաջ:

Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվում են գաղթի ճանապարհին: 14-ամյա Արշալույսը դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում: Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում նա վաճառվում է 85 ցենտով, երկու անգամ ձերբակալվում է, փախուստի դիմում: Կրելով բազմաթիվ զրկանքներ՝  նա այնուամենայնիվ հավատափոխ չի լինում: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում, սնվելով բույսերով և արմատներով՝  հյուծված, բոբիկ ու կիսամերկ նա հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ ի վերջո Արշալույսին իրենց հոգածության տակ են վերցնում ամերիկյան միսիոներները:

1917 թվականի գարնանը ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Արշալույսը կարողանում է հատել ռուս-թուրքական ճակատային գիծը, նրան տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ ուղևորվում է դեպի Սանկտ Պետերբուրգ, ապա՝  ԱՄՆ, Նյու Յորք:

«ՕБез названияրօրա Մարտիկանյանը, ով մազապուրծ հասավ Ամերիկա, պատմեց Ցեղասպանության եղելությունը՝  արթնացնելով Ամերիկայի ժողովուրդի խիղճը: Խնամակալներին հայերեն պատմում է իր հետ կատարվածի մասին, նրանք գրի են առնում անգլերեն, և Ավրորայի իրական պատմության հիման վրա 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան»  («Ravished Armenia ») գիրքը, որը միանգամից վաճառվում է մեծ քանակով: Հայ ժողովրդի ողբերգության մասին պատմող այս գիրքն առաջացնում է Նյու Յորքի հասարակության բարձր խավի կարեկցանքը: «Համախմբվելով՝  Նյու Յորքի նշանավոր անձինք միություն են կազմում և կոչում «Հայ և սիրիացիների նպաստամատույց կոմիտե»: Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար»,- պատմում է Սոսի Գևոնյանը: 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝  Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը: Այն ցուցադրվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցավոք, այսօր պահպանվել է ֆիլմի մեկ տասներորդ մասը, մնացածն անհետացել է: Սոսի Գևոնյանի հավաստմամբ՝  այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: Ավրորային վիճակված էր այդ ֆիլմում մարմնավորելու իր իսկ կերպարը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցում է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: «Եվ ցեղասպանության ականատեսի՝  Արշալույս Մարդիգանյանի հուշերի հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմի ցուցադրությունից ստացվեց 117 միլիոն դոլար, որի մի մասն օգտագործվեց 114 հազար հայ երեխաների փրկության համար՝  յուրաքանչյուրի համար վճարելով մեկ դոլար և ազատելով թուրքի ստրկությունից»,-պատմեց Սօսի Գևոնյանը:

Նա իր կյանքի առաքելություններից մեկն է համարում Ավրորայի կերպարը աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելը: Դեռևս 2006 թ. նախաձեռնում է  «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի ստեղծման աշխատանքները: Այն պատկերապատում ժանրով է գրված, հրատարակվել է հայերեն ու անգլերեն և ներկայացվել է Ժնևում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Կարիբյան կղզիներում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի բազմաթիվ գիտակրթական հաստատություններում: «Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պետք էր մոռացումից փրկել, որովհետեւ այս աղջիկը ողջ Ամերիկայի զարմանքն էր առաջացրել: Ազգերն ու ողջ ժողովուրդը Հայոց ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով»- ասում է Սոսի Գևոնյանը:

Տիկին Սօսիին, սակայն, բախտ չվիճակվեց կենդանության օրոք հանդիպել Ավրորա Մարդիգանյանի հետ:

Arm.-27-March-Aurora«Ես ցավում եմ, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել այս մեծ հայուհուն, ով իր կատարած գործերով հիրավի արժանի է կոչվելու հայ հերոսուհի: Մինչդեռ նա, կյանքի վերջին տարիներն ապրելով ծերերի խնամքի կենտրոնում, մահացել է կատարյալ անուշադրության մատնված:

Ցեղասպանության սարսափները վերապրելով, թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում պատվազրկվելով՝  Ավրորա Մարդիգանյանը երկար տարիներ չէր կարողանում ամուսնանալ, նա վախենում էր, որ ինչ-որ մեկը հպվի իրեն: 29 տարեկանում ամուսնանում է, ունենում մեկ որդի: Որդին, սակայն, մորը հանձնում է ծերանոց, այլազգի հարսն արգելում է թոռանն այցելել տատիկին: Ավրորան հիվանդանում է ու մահանում անտերության մեջ: Որդին անգամ չի գալիս մոր դին տանելու: Ավրորայի մարմինը վառում են ու մոխիրը պահում: Երեք տարի ոչ ոք չի հայտնվում մոխիրը տանելու, և տասնյակ անտեր մոխիրների հետ միասին մեծ հայուհու մոխիրը ևս թաղում են մեկ ընդհանուր փոսում»,- ցավով պատմում է Սօսի Գևոնյանը: «Այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է հիշել այսպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար»:

Ավրորա Մարդիգանյանի բարեհոգությունը՝  հարյուրավոր հայ որբերի փրկության ու խնամքի, հիրավի արժանի է գնահատանքի՝  «100 lives»  նախաձեռնության մաս կազմող մրցանակի Ավրորա անվանակոչմամբ:

2016 թվականից սկսած՝  Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը՝  խրախուսելու և աջակցելու այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝  հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:

Արշալույս Մարդիգանյանը (1901-1994 թթ. ), ով իր կյանքն ապրել է՝  հաղթահարելով ողբերգական հիշողությունները և ուժ գտնելով իր մեջ հարյուրավոր հայ որբերին օգնելու համար, արժանի է կոչվելու հայ հերոսուհի:

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք