Դավիթ Տոնոյան. Պետք է մեկ թիմի պես աշխատենք

Հեղինակ:

DSC09856

 

Արդեն բավական ժամանակ է Դուք ղեկավարում եք արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երկրի պաշտպանության գերատեսչությունից տեղափոխվեցիք մեկ այլ ուժային կառույց, որը գերազանցապես զբաղվում է քաղաքացիական պաշտպանությամբ: Անսովոր չէ՞ր կտրուկ անցումըՈրո՞նք են այդ համակարգերի նմանություններն ու տարբերությունները: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Արտակարգ իրավիճակների համակարգին ծանոթանալու համար բավարար ժամանակ ունեցել եմ ու դեռևս պաշտպանության նախարարի տեղակալ եղած ժամանակ հաճախ առնչվել եմ ԱԻՆ համակարգի գործառույթներին՝ համակարգելով ՊՆ-ԱԻՆ փոխգործակցության տարբեր ոլորտներ:

Ի դեպ, Ձեր սկսած կառուցվածքային բարեփոխումների դրդապատճառներից է նաև այն, որ որոշ ստորաբաժանումներ ոչ միայն կրկնում են միմյանց գործառույթները, այլև գործունեություն ծավալում չհամաձայնեցված ձեւով: Բնականաբար, նշված և այլ ստորաբաժանումները ենթակա են հրատապ բարեփոխումների, ի՞նչն ընդհանուր բարեփոխումների մեկնարկ կարելի է համարել:

-Մեր աշխատանքի նպատակային ուղին համակարգի առաջանցիկ բարեփոխումներն են, ինչը և° ժամանակի մարտահրավերներով է պայմանավորված, և° ՀՀ կառավարության հրատապ խնդիրների մաս է:

Կարծում եմ՝ մեր ուժեղ կողմերից է ժողովրդի շրջանում ձևավորված բարձր վստահությունը: Մարդիկ այլևս հավատում են մեզ, հավատում օգնության 911 հեռախոսահամարին, որը հավաքում են ամենատարբեր արտակարգ իրավիճակների ու խնդիրների դեպքում: Ընդ որում՝ այդ զանգերից և ոչ մեկն անպատասխան չի մնում և չի մնալու: Ճիշտ հակառակը՝ 911 արտակարգ համարին զուգահեռ կներդրվի Եվրասիական ողջ մայրցամաքում առավել հայտնի 112 փրկության հեռախոսահամարը, որը միջազգային ճանաչելիությունից բացի տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերն օպերատիվ սպասարկելու համար:

Տարին աչքի ընկավ մի քանի խոշոր անտառային հրդեհներով: Նախարարությունը երբևէ այսքան լարված շրջափուլ չէր ունեցել: Ինչպե՞ս կգնահատեք փրկարարների աշխատանքը: Փորձառու հրշեջներից մեկի խոսքով՝ «Խոսրովի» հրդեհն առանձնահատուկ էր, նա նշեց նաև, որ այդ հրդեհից սովորելու շատ բան կար: Որպես արտակարգ իրավիճակների նախարար ի՞նչ եզրակացության եկաք Դուք, և ո՞րն էր գլխավոր հետևությունը:1 (8)

-Բացահայտված որոշ խնդիրներին հրատապ լուծում արդեն տրվել է. մասնավորապես, արգելոցի տարածքում ապահովվել է կապի խնդիրը: Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էին տևական ժամանակ հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը, հրդեհի ընթացքում առկա ուժեղ քամին, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆը և ցամաքային ճանապարհների բացակայությունը:

Կրակի շատ օջախներին դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չեմ խոսում հրշեջ մեքենայի մասին: Միաժամանակ պետք է նշեմ, որ արգելոցը զգայուն էկոհամակարգ է, որտեղ չի կարելի կոշտ միջամտության դիմել հիդրոտեխնիկական կամ ճանապարհային ենթակառուցվածքների եղանակով: Մեր հրշեջ-փրկարարները գրեթե 2 շաբաթ անհավասար կռիվ են մղել կրակի դեմ՝ անձնազոհաբար պայքարելով ամեն ծառի համար: Նշեմ, որ նրանցից շատերն արժանացել են պետական բարձր պարգևների:

Քաղած դասերից ելնելով՝ պետք է գտնել նման իրավիճակները բացառելու այնպիսի տարբերակներ, որոնք կապահովեն բարձր արդյունավետություն: Այս պարագայում ամենաարդյունավետն իր տեսակի մեջ եզակի հրդեհաշիջող ինքնաթիռի ներգրավում էր, ինչը և մենք արեցինք:

Ոչ մի պետություն, անկախ տարածքից ու հզորությունից, ապահովված չէ հրդեհներից ու նման աղետներից: Այլ խնդիր է, թե ինչպես ես դիմակայում:

Շատ երկրներում իրականացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի որոշակի միջոցառումներ. ի՞նչ ենք նախատեսում մենք:

-Այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ վարչապետի հետ: Վերջինս կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ:

Մենք առաջնահերթ առաջարկել ենք անտառային տարածքների մուտքի և ելքի ճանապարհներն ու արահետները կահավորել տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով:

Կառավարության հաստատած «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» ծրագրով Փրկարար ծառայությունը պետք է մշակի բնակչության պաշտպանության միջոցառումներ: Մասնավորապես, ամեն համայնք պետք է ունենա աղետների ռիսկի կառավարման իր ծրագիրը: Արդյունքը ո՞րն է լինելու:

-Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու ծրագրերը կնպաստեն համայնքներում սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև խոշոր աղետների պայմաններում համայնքի բնակչությանը վարքականոնների և ինքնապաշտպանության ունակությունների պատրաստմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը:

Անդրադառնանք եղանակային անցանկալի մի երևույթի՝ կարկտին: Մեր երկրում հակակարկտային պատերազմը կարծես թե ոչ միշտ է ավարտվում ԱԻՆի հաղթանակով: Կարկտաբեր ամպերի ուղղությամբ արձակվում են հազարավոր կրակոցներ, որոնք կարծես չեն օգնում: Ո՞րն է խնդիրը:

-ՀՀ տարածքում հակակարտային ներգործությունն իրականացվում է գազագեներատորային մեթոդով: Պետական ծրագրերով տեղադրված գազագեներատորային կայանները հիմնականում տեղակայված են հանրապետության հարավ-արևմտյան սահմանին ու ապահովում են նախատեսված արդյունավետությունը, իսկ առանց ԱԻՆ համաձայնության՝ տարերայնորեն տեղադրված կայանները չեն կարող ապահովել արդյունավետ աշխատանք: Այդ իսկ պատճառով վերջիններիս կողմից պաշտպանվող տարածքներում դիտվում են կարկտահարության դեպքեր:

Ներկայումս ԱԻ նախարարությունը, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացնում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում մեր երկրում ներդրվում են նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող հակակարկտային հրթիռային կայաններ, որոնք շուտով պատրաստ կլինեն գործարկման: ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:

ՀՀ ԱԻ նախարարությունն այլ երկրների հետ տարբեր ծրագրեր է իրականացնում: Այդ համագործակցությամբ ԱԻՆ համակարգը տեխնիկական վերազինման քայլեր է անում: Արդյունքն ինչպիսի՞ն է, փրկարարական մեր կառույցը համեմատելի՞ է տարածաշրջանի երկրների նման ծառայությունների հետ:

-ԱԻ նախարարությունն ունի համագործակցության շատ լայն շրջանակ՝ թե տարբեր միջազգային մարդասիրական կառույցների, թե առանձին երկրների հետ: Մեր ամենահավատարիմ աջակիցներից մեկը ՄԱԿ-ն է՝ իր տարբեր գործակալություններով, որոնց հետ աղետներին արձագանքման կարողությունների զարգացման բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել ու շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ:

Եվրամիության հետ համագործակցության ներկայիս եզրերն ընդգրկում են, ի թիվս այլոց, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (EU PPRD East) և Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (DIPECHO) կողմից իրականացվող տարածաշրջանային ԱՌՆ ծրագրերը։ Ներկայումս առաջնային կարևորություն ունի Եվրամիության և Հայաստանի միջև արդեն իսկ նախաստորագրված համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում ոլորտային համագործակցություն է նախատեսվում նաեւ ՀՀ ԱԻ նախարարության հետ։

ՀՀ ԱԻՆ-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ նշեմ, որ այն իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (ԱԳԳԾ) շրջանակներում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ձևաչափով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքացիական պատրաստվածության ոլորտին:

Շատ կարևորում եմ նաև կրթության և պատրաստության ոլորտում համագործակցության ուղիների ստեղծումը: Այդ գործընթացի կայուն զարգացումն ապահովելու նպատակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել Շվեդիայի SRTC կրթական կենտրոնում, ինչպես նաև Չեխիայի և Ֆրանսիայի նմանատիպ կենտրոններում փրկարարական, հրշեջ, աղետների կառավարման եւ այլ ոլորտային դասընթացների հնարավորություններ ապահովելու ուղղությամբ: Վերապատրաստման գործընթացում արդյունավետ համագործակցություն է ծավալվում նաև Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի անդամ մի շարք ազգային ընկերությունների հետ:

Հրշեջ-փրկարարական գույքի արդիականացման ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի Դաշնության հետ՝ հիմնականում ուղղված լինելով մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների հագեցվածությանը: Մեր երկրի հումանիտար արձագանքման կարողությունները շարունակաբար կատարելագործվում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համագործակցության շրջանակներում:

Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ անդրսահմանային համագործակցության խթանմանը՝ գործընկեր պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ, և այս ենթատեքստում ներկայումս քննարկվում են մեր երկրում Գերազանցության կենտրոն ստեղծելու հնարավորությունները:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի նմանատիպ կառույցներին, ապա ասեմ, որ ԱԻ նախարարությունն իր կառուցվածքով յուրահատուկ է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի մակարդակով: Հարկ է նշել, որ Հայաստանը տարածաշրջանում դեռևս միակ երկիրն է, որն ունի Աղետների ռիկսի նվազեցման ազգային պլատֆորմ, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներգրավված մարմինների գործունեության և համագործակցության ապահովման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար՝ զգալիորեն բարձրացնելով կառավարման արդյունավետությունը:

Կուզենայի փոքրինչ խոսել նաև Դավիթ Տոնոյան մարդու մասին: Գիտեմ, Ձեր օրակարգը գերծանրաբեռնված է: Ինպե՞ս եք տնօրինում ազատ ժամանակը՝ աշխատանքից ու պարտականություններից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Վերջին մեկ տարում, ծանրաբեռնված աշխատանքի պատճառով, ժամանակ չեմ ունեցել գեղարվեստական գրականությանը, արվեստին, առհասարակ մշակույթին առնչվելու:

Ինձ շատ է հետաքրքրում մեր առաջին հանրապետության ժամանակաշրջանը: Մեր առաջին անկախության ձախողման պատճառները, և առհասարակ անկախացման պատճառները: Ինչ միջավայրում են գործել, ռազմաքաղաքական ինչպիսի պայմաններում, պատճառահետևանքային կապն եմ տեսնում այսօրվա հետ: Այդպիսի գրականություն եմ նախընտրում: Երբեմն, երբ կինս կամ երեխաներս են ընթերցում գեղարվեստական գրականություն, փորձում եմ իրենց հետ թերթել, վերհիշել: Ժամանակի սղության պատճառով գերադասում եմ ոչ ծավալուն գործեր ընթերցել՝ պատմվածքներ, նովելներ: Իսկ եթե այնուամենայնիվ ազատ ժամանակ գտնում եմ, զբաղվում եմ սպորտով: Չեմ ծխում, երբեք էլ չեմ ծխել: Պարբերաբար մարզվելով՝ փորձում եմ ինձ ակտիվ վիճակում պահել:

Հայտնի է, որ Դուք ականավոր գրող և թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի զարմիկն եք: Դաշտենցի հերոսներից ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Իմ ներաշխարհը ձևավորվել է Դաշտենցի գրականությամբ: Որքան էլ զարմանալի լինի, առաջին անգամ «Խոդեդանը» կարդացել եմ ռուսերեն: Մայրական կողմս Թբիլիսիում է ապրում, Ախլցխայից են, և Դաշտենցը վեպի ռուսերեն թարգմանությունը նվիրել էր պապիկիս: Թբիլիսի՝ պապիս այցելած ժամանակ, հավանաբար 8-9-րդ դասարանում էի, սկսեցի կարդալ: Ինքս ինձ հարց տվեցի, բայց ինչու հայերեն չեմ կարդում: Հասկացա, որ կրթությունս է պատճառը, ռուսական դպրոցում էի սովորում և արագ ու հեշտորեն անցում կատարեցի հայերենին: Հետո հայրիկս «Ռանչպարների կանչը» նվիրեց ինձ ծննդյանս օրվա առիթով, շատ հետաքրքիր մակագրությամբ, որն ավելի շուտ պատգամ է.

«Իմ սիրելի Դավիթին՝ իր ծննդյան օրվանը: Որդյակս, եղիր Սև սարի հովիվների արժանի հետնորդը՝ քաջ, ազնիվ և Մայր Հայաստանի անկաշառ պաշտպանը: Վառ պահիր Տոնեի տան ճրագը, դու նրա միակ ժառանգորդն ես: 27.12.79 թ.: Քո ՀԱՅՐ»:

Այդ ժամանակ Դաշտենցի որդին՝ Տավրոսը, դեռ արու զավակ չուներ, ես Տոնոյանների տոհմը շարունակող ժառանգորդն էի, Տոնեի միակ տղա թոռը: Իհարկե, մեծ դերակատարում է ունեցել դուստրը՝ Անահիտ Դաշտենցը, ՙՌանչպարների կանչի՚ հրապարակման առումով, դա Մուշեղ Գալշոյանի հետ միասնական աշխատանքի արդյունք էր: Երբ տոհմում հնչեղ անուն է լինում, սկսում ես ծանոթանալ, ընկալել, ինչը և մեծ ազգեցություն է ունենում, կրթության ու դաստիարակության վրա: Ես ՙՌանչպարների կանչը՚ պարզապես չէի կարդում, ուսումնասիրում էի: Այդպես եմ դաստիարակվել, մտավորականների միջավայրում, և այդ ամենը ներծծվել է իմ մեջ, ձևավորել իմ ներաշխարհն ու հայացքը: Միայն գրականությունը չէ, որ դաստիարակում է, նաև շրջապատը, մարդկանց վարքականոնը, գեները, ՙԽոդեդանը՚ իմ տոհմի պատմությունն է: Հայրս երկրաբան էր, և ես, հինգ տարեկանից սկսած, ամեն տարի ամռան մեկ-երկու ամիսը երկրաբանական արշավախմբի հետ անցկացրել եմ Վարդենիսի շրջանի Վերին Շորժա գյուղում, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում, չնայած իրենք իրենց թուրք էին անվանում: Այդ երեխաների մեջ եմ ապրել, դա էլ էր դաստիարակման ձև, ճանաչել, հասկանալ, նաև չթշնամանալ: Ցավոք, հայրս՝ Էդգար Տոնոյանը, շուտ մահացավ, երբ ես երիտասարդ էի: Մեծացել եմ Շրջանայինում, Երևանում 1925 թ. Թամանյանի կառուցած առաջին երկհարկանի շենքում, դասախոսների հանրակացարան էր, այսօր, ցավոք, այն չկա, քանդեցին: Իմ բնույթով ավելի շատ բնագիտական առարկաների, ճշգրիտ գիտության կողմնակից եմ:

Կուզենայի իբրև ավարտ բոլորիս մաղթել խաղաղ երկինք կյանքի բոլոր ոլորտներում: Բայց դա ինքն իրեն չի տրվում: Այն ստեղծելու և ձեռք բերելու համար պետք է բոլորս մեկ թիմի պես աշխատենք:

Անդին  9.2017

Կարծիքներ

կարծիք