Հիշողությունների աշուն

IMG_0010---Copy(փոքր գյուղի հնավանդ  պատմությունները)

Նա չէր էլ ենթադրում, որ այսքան տարիներ անց իրենց գյուղի պատկերներն ու մարդիկ այսչափ թանկ են դառնալու իր համար:

Հիմա Արփին չորս երեխա ունի: Վերջին անգամ գյուղ գնալիս նա փոքրիկ թոռնիկին էլ տարավ հետը՝ ծանոթացնելու գյուղին ու իր արմատներին:

Գյուղում սովորույթ կար՝ հավաքվում են գյուղամիջում ու խոսում Էրզրումից, որ թողել էին, քաղաքականությունից, երկրներից, պետություններից, Աստծուց: Իսկ ձմռան երեկոներն էլ հավաքվում էին գյուղի հեքիաթասացի տանը, որովհետև չկար հեռուստացույց, չկար ռադիո, և մինչև ուշ գիշեր լսում հեքիաթ-պատմություններ, հեքիաթ-էպոսներ: Հեքիաթասացը՝ Մուշեղ հոպարը շատ դանդաղ էր պատմում, ընդհատումներով, ջուր խմելով, ծխախոտը հանգիստ ծխելով: Մենք սպասում էինք, անհանգստանում, որ հեքիաթը շարունակի, իսկ նա զայրացած ասում էր.

-Թողեք մարդը տեղ հասնի:

Խոսքը հեքիաթի հերոսի մասին էր: Մենք ամեն ինչ հասկանում էինք, բայց համաձայնում էինք, ընդունում ասածը, որովհետև կարող էր հետո չշարունակել հեքիաթը:

Մուշեղ հոպարի հերթական հեքիաթում հերոսին պատժելով ուղարկել էին Հնդկաստանի ամենացուրտ վայրը: Լսողներից մեկը ընդհատեց՝ ասելով.

-Հնդկաստանը շատ տաք երկիր է, էնտեղ ցուրտ տեղ չկա:

Մուշեղ հոպարը իմաստունի դեմք ընդունած պատասխանեց.

-Դու Հնդկաստանի ներսերը չես եղել, կա՛…

Ու շարունակեց պատմությունը:

Ամեն օր նա նոր հեքիաթ էր պատմում, հետաքրքիր է՝ որտեղի՞ց գիտեր այդքան հեքիաթ, ու այնպես էր մատուցում, որ մենք ըմբոշխնում էինք, մտածում էր Արփին:

Արփին տխրեց, որ գյուղում այլևս չկա հեքիաթ պատմելու այդ սովորույթը և գյուղամիջում էլ այնքան քիչ էին հավաքվածները, որովհետև այն ժամանակներում, երբ դեռ օրիորդ էր, այնքան շատ էին հավաքվում և գյուղն այնքան լեցուն էր: Ո՞ւր գնացին այդ մարդիկ, ինչո՞ւ գնացին, ի՞նչ եղան:

Նա նստած էր տան պատշգամբում, պատուհանի գոգին դրված թաղարի մոտ, որի մեջ տարբեր ծաղիկներ կային և հալվեի, քրիզանթեմի ու արևածաղկի ներկայությունը ակնհաճո էր և տրամադրություն բարձրացնող, բայց նա մտախոհ էր և, թերևս, այդ ամենը չէր տեսնում: Ու իր այդքան ցանկալի հիշողությունները, թվում է, տարրալուծված են մշուշի մեջ, սակայն չգիտես ինչու հստակ հիշում էր իրենց գյուղի Թորոնուն Սաթենիկին, երեխաներին՝ Սոնիկին ու Սաքոյին:

Միստիկական մի ընտանիք, ովքե՞ր էին, որտեղի՞ց էին եկել, ինչո՞ւ էին եկել մեր գյուղ և ո՞ւր գնացին՝ այդպես էլ չիմացանք, մտածում էր Արփին:

Նրանք ապրում էին ձորում, գետաբերանի՝ գետնափոր անձավ հիշեցնող մի տան մեջ: Եվ անձրևների ժամանակ, երբ գետը հորդանում ու վարարում էր, իսկ դա հաճախակի էր լինում գարնանը, քշում էր գետի փայտյա միակ կամուրջը, ոչխարները հովիվների հետ մնում էին գետի այն ափին: Գետի այն ափին էր մնում նաև Սաթենիկի անձավատունը: Ու սկսվում էին տանջալից ժամեր, որովհետև հորդացած գետի ջուրը լցվում էր նաև Թորոնուն Սաթենիկի գետնափոր տունը: Ու պիտի սպասեին, որ գետը խաղաղվեր, կարողանային գետն անցնել ու գյուղ մտնել:

Որտեղի՞ց էին նրանք եկել ու ծվարել այս փոքրիկ գյուղում, հետաքրքիր բարբառով էին խոսում, օտար էին նրանք գյուղին, բնակիչների հետ շատ քիչ էին շփվում, թեպետ գյուղացիները ամեն ինչով օգնում էին նրանց:

Պատմությունը վկայում է, որ Էրզրումի և մասամբ Արդահանի գավառների հայերը 1830 թ. գաղթում և բնակվում են Ջավախքի գյուղերում: Թորոնուն Սաթենիկի ընտանիքը այս գաղթականներից չէր և ոչ էլ, բնականաբար, եռլական (բնիկ): Մեր գյուղում նրանց հայտնվելը անհայտ ու առեղծվածային էր: Զարմանալի ու տարաշխարհիկ կենցաղով ապրող ընտանիք էր:

Հետո, ավելի ուշ Արփին նրանց մասին լսեց, որ աղջիկն ամուսնացել է և գյուղից տեղափոխվել ու մորն էլ իր հետ տարել: Բայց այդպես էլ գյուղացիները չիմացան, թե ում հետ էր ամուսնացել, ուր գնացել… Եվ ինչ եղավ եղբայրը:

Այդ տարիներին Ջավախքում դեռևս ընդունված էր, որ գաղթականներն ու եռլականներն իրար տղա-աղջիկ չտային և ոչ էլ ֆրանկները (կաթոլիկները)՝ առաքելականներին: Իսկ Ջավախքում յոթ գյուղ կաթոլիկներ են: Ստալինյան ռեպրեսիայի տարիներին, երբ բոլոր առաքելական եկեղեցիները պահեստ էին դարձել, կաթոլիկ եկեղեցիները լիարժեք գործում էին:

Աշնանամուտի քամուց սթափվեց Արփին: Արդեն աշուն է: Սառը օդը դանդաղորեն տարածվում էր քաղաքի վրա: Պատշգամբից երևում էին սոսու և բարդու ծառերը: Չնայած տերևաթափը չէր սկսվել, բայց թվում էր, թե ցրտից կուչ էին եկել ծառերն ու քամուց խշշացող գունատ տերևները:

Նա հիշեց նաև իրենց գյուղի Համբարյաններին: Այս ազգանունը ներդաշնակվում է համբար բուրավետ բույսի հետ ու նաև համբարձման հետ. համբարձումը համբարի բո՞ւյր ունի… Նրանք գերդաստանով ուսուցիչներ էին, ու թվում էր, թե երկրային առաքելություն ունեին: Հիշեց Համբարյան Վանյային, ով, չնայած իր անվանը, դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչն էր, խելամիտ ու խոհեմ մարդ էր և խոսում էր հրաշալի հայերենով, Տերյանի լեզվով էր խոսում: Երբ նա խոսում էր, գյուղացիները կլորացած աչքերով էին նայում նրան, թեև չափազանց նիհար էր:

Գյուղացիները նկատել էին, որ Համբարյանի կինը, որ ռուսաց լեզվի ուսուցչուհին էր, օրվա երկրորդ կեսից սկսած գյուղի միակ աղբյուրից, որ գտնվում էր գյուղի կենտրոնում, դույլերով ջուր է տանում և դատարկում իրենց բակում, և դա կրկնում էր ժամերով: Հարցնում էին նրան, թե ինչու է այդպես անում: Պատասխանում էր.

-Հողը ջրի կարիք ունի, հողը ծարավ է:

Իսկ գյուղացիները մի օր ենթադրեցին, որ նա հիվանդ է: Ու նրան տարան հոգեբուժարան:

Արփին հիշում էր նաև պատմության ուսուցչին, ով պատմում էր, թե վրաց Վախթանգ հինգերորդ թագավոր մատենագիրը Քարթլիս ցխովրեբա իր պատմության մեջ ասում է, որ այս երկիրը, այսինքն այն տարածքը, որ հիմա Ջավախքն է, ժառանգություն է ընկել վրաց նախահայր Քարթլոսի որդի Մցխեթոսի Ջավախոս որդուն, որի անվամբ և այդ բնակավայրը Ջավախք է կոչվել: Իհարկե, դա այնքան էլ ճշմարիտ չէր: Հիշեց նաև, թե ինչպես նա դասաժամը խանգարող երեխաների վրա զայրանում էր՝ ասելով.

-Հանգի՛ստ նստեք, ամերիկյան ոջիլներ:

Մինչև հիմա էլ նա չի հասկանում, թե ինչու էր այդպես ասում երեխաներին:

Նա հիշում էր նաև, թե ինչպես Գիլոյաններից մի բարի մարդ, որ կոլտնտեսության տրակտորիստն էր, հին գյուղի խարաբաները (ավերակները) հերկել էր, որ վարելահող դարձնի, և ի զարմանս գյուղացիների՝ հողի տակից քարե մեծ սարկոֆագ էր հանել՝ քարե մեծ կափարիչով, որի մեջ ահռելի չափերի մարդու կմախք կար: Սարկոֆագը կապել էին տրակտորին և քաշելով բերել-հասցրել էին գյուղ… Հետո ի՞նչ եղավ այդ սարկոֆագը: Չէր հիշում:

Այնինչ այդ ավերակներում մեր հին գյուղն է եղել, և հնագույն գյուղի բնակիչները, հողի տերերը կարծես թե կանչում էին, և գյուղացիներից մեկը երազ տեսավ ու այդտեղ մատուռ կառուցեց, որտեղ հիմա մոմ են վառում նաև հին գյուղի բնակիչների հիշատակի համար:

Ջավախքը հնագույն, յոթ հազար տարվա, գուցե ավելի վաղեմություն ունեցող բնակավայր է: Քանի որ պարզ ու կարկաչուն ջրերով հարուստ վայր է, հարուստ է նաև բուսականությամբ, և մարդկության առաջին զբաղմունքը և կերակրող միջոցը խաշնարածությունն է եղել, ինչը հարմար էր այս տարածքին, և, բնականաբար, բնակելի էր դարձել վաղնջական ժամանակներից: Իսկ գյուղի հյուսիսային մասում մի բրգաձև սար կա, որ Բալխոյի խաչ է կոչվում: Արփին բարձրացել էր այդ սարը և հիշում էր, որ սարի գագաթը գոգավոր էր: Եվ այնտեղ՝ հարթ մասում, գերեզմաններ կային՝ տապանաքարերի վրա մարդկային մարմինների ու գլուխների պատկերներով, այսինքն՝ նախաքրիստոնեական շրջանի էր, իսկ հիմա արդեն գյուղացիները բարձրանում ու մոմ են վառում հանուն Սուրբ Երրորդության:

Բրգաձև սարի դիմաց ելուստաձև տարածք կա, որ կոչվում է Բաթուի խարաբա (ավերակ): Ուրեմն Բաթու խանն է այդ վայրը ավերակ դարձրել: Գյուղացիները պատմում էին, որ անձրևից հետո այդ ելուստաձև տարածքը շուտ է չորանում, և տրամաբանում էին, որ դրա տակ դատարկ է: Այդ ավերակը մինչև հիմա էլ կա, և ոչ ոք չհամարձակվեց պեղել:

Իսկ այդ ավերակի ստորոտում գյուղացիներից մեկը իր համար առանձնատուն կառուցեց: Եվ որպեսզի նկուղը տարողունակ լիներ, խորն էր փորել ու այնտեղից հանել էր բազմաթիվ կավե ամաններ՝ կճուճներ, թաղարներ և էլի շատ մանր-մունր կավե իրեր: Ու այդ ամենը հավաքել, տարել-հանձնել էր թանգարան:

Հետաքրքիր է, մտածում էր Արփին, թերևս մեր այս փոքրիկ գյուղը ներկայացնում է հնագույն աշխարհը, հնագույն աշխարհի պատմությունը, ինչի մասին վկայում են նաև այս փոքրիկ հողի վրա գտնվող նախաքրիստոնեական շրջանի նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները, ֆալոսների բազմաթիվ կանգուն արձանները…

-Տատա տատա ձու-ձու ուզում:

Արփին հանկարծակիի եկավ փոքրիկ թոռնիկի ձայնից:

-Այո, բալես, կտամ:

Հետո, երբ թոռնիկը ուրախ-ուրախ սկսեց թռվռալ, աշնան երեկոն նորից կանչեց Արփիին, և նա հիշեց Ֆիդանյանների տան պատմությունը, որ ֆիդայի էին, քաջ Աղբյուր Սերոբի և Գևորգ Չաուշի նման, ունեին գյուղի միակ պատեֆոնը, և ջահել աղջիկ-տղա հավաքվել էին նրանց տանը և առաջին անգամ գյուղում պարել էին կիպ պար (տանգո): Գյուղում այդ պատմությունը բերնեբերան էր անցել: Եվ կանայք, երբ պատմում էին այդ մասին, ձեռքերը բերաններին դրած էին պատմում:

Արփին չէր մասնակցել գյուղի համար օտարոտի այդ երեկոյին, որովհետև նա յոթերորդ դասարանից տեղափոխվել էր Ախալքալաք և սովորում էր Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Գյուղ էր գալիս միայն շաբաթ ու կիրակի օրերին և այդ օրերին էր առնչվում գյուղի կյանքին:

Հիմա հստակ հիշում է, թե ինչպես արիշտա պատրաստելու համար հավաքում էին գյուղի աղջիկներին: Տանտիկինը խմորի վրա սպիտակ սավան էր փռում, իսկ աղջիկները, որ արդեն լվացել էին ոտքերը, սավանի վրա պարում էին ու երգում, մինչև որ խմորը հունցվի: Այլ էր տղաների գործը: Նրանք նստած նայում էին աղջիկներին ու Ալժիրսկի գինի խմում և որոշում էին, թե ով որ աղջկան պիտի ճանապարհի տուն: Եվ դա հերոսություն էր, որովհետև պիտի հաղթահարեին նաև գյուղի կատաղած շներին:

Գյուղում Էգնատոսյան ազգանվամբ տղաները տարբերվում էին մյուսներից, որովհետև տասնութ-քսան տարեկանում նրանց գլխի մազերը ամբողջությամբ սպիտակում էին:

Արփին մտածում էր, թե Էգնատոսյան ազգանունը որտեղից էր եկել ու հասել գյուղ, գուցե եգիպտական Էխնաթոն փարավոնի շառավիղն էր, ով միասնական կրոն ստեղծելու համար ցնցեց եգիպտական ավանդական հասարակության հիմքերը:

Գյուղում ապրում էին նաև Բուռնուսուզյանները, այսինքն՝ սավան չունեցող մարդիկ. բառը արաբերեն է, վերջածանցը՝ թուրքերեն:

Բուռնուսուզյաններից մի կապուտաչյա տղա սիրահարված էր Արփիին: Եվ երբ Արփին հերթական անգամ շաբաթ օրը ընկերուհու հետ գյուղ էր գալիս, այդ տղան կտրեց նրա ճանապարհը և ծնկաչոք, լաց լինելով ասաց.

-Ես յոթ տարի է քեզ եմ սիրում, գոնե մեկ անգամ երեսիս նայիր:

Արփին ոչ միայն չէր սիրում այդ տղային, այլև չէր կարողանում տանել նրա ներկայությունը, իսկ տղան շարունակում էր խոսել՝ ցույց տալով ձեռքը.

-Տես, քո անունը դաջել եմ իմ ձեռքին, քո անունը այլևս հավիտյան իմ հետ է լինելու, հասկացա՞ր, իմ հետ …

Այնինչ Արփին հիշում է, թե ինչպես առաջին անգամ սիրահարվեց: Նրանք երկուսով հարսանիքի էին: Տղան սեր խոստովանեց և մի քառածալ թուղթ տվեց աղջկան: Արփին թաքուն կարդաց.

Օրվա հոգնած աչքերին

Երազ ու նինջ է մաղում,

Մի խենթ աղջիկ սրտիս հետ

Ձնագնդի է խաղում:

Արփին երջանիկ էր: Նրա ամենաերջանիկ օրն էր այդ օրը:

Հետո դպրոցական արձակուրդին գյուղի գրադարանում իր սիրած տղայի պիեսի բեմադրության փորձեր էին անում: Ժամերով գրադարանում Տերյան ու Եսենին էին կարդում, Պետեֆի ու Չարենց:

Այդ տարի ցրտաշունչ ձմեռ էր: Առատ ձյունը ծածկել էր գյուղը և ցերեկը արևի տակ ադամանդի նման ասղնտում էր: Ծածկել էր նաև գյուղից երևացող Ջավախք բարձրաշխարհի ամենաբարձր լեռը՝ Աբուլը, չնայած տարվա բոլոր եղանակներին լեռան գագաթը ձյունածածկ է, իսկ գարնանը լանջերը ծածկվում են ալպյան մարգագետիններով: Գյուղի միջով հոսող փոքրիկ գետակի վրա սառույցը հաստ շերտ էր կապում: Երեխաները այդ սառույցի վրա սահնակ էին քշում, և տեղ-տեղ էլ անցք էին բացել, որտեղից անասունների համար գյուղացիները ջուր էին տանում դույլերով:

Իսկ երեկոները գյուղի միակ աղբյուրի մոտ հերթ էր գոյանում: Կանայք ու աղջիկները գալիս էին աղբյուրից ջուր տանելու: Նրանց ոտքերի տակ ձյունը ճքճքում էր: Հիմնականում աղջիկներն էին գալիս, իսկ տղաները կանգնած սպասում էին, մինչև որ իրենց ընտրյալ աղջիկը դույլերը ջուրը լցնի և զույգերով զրուցելով հասնեն տուն: Գյուղում այդպես էին նաև հանդիպում սիրահարները:

Իսկ սիրած տղան այնքան էր սպասում Արփիենց պատուհանի մոտ, որ նրա շնչից պատուհանի սառույցը հալվում էր: Հարմար պահ էր գտնում, ու աղջիկը դուրս էր գալիս: Նրանք այնքան շատ բան ունեին խոսելու, և միշտ կիսատ էր մնում: Հետո արդեն ամբողջ գյուղը իրենց սիրո մասին էր խոսում: Իսկ գյուղի կանանցից շատերը նախատում էին Արփիին՝ ասելով.

-Գյուղում այնքան լավ տղա կա, աղջիկս, ինչու այդ տղային ընտրեցիր, նա հիվանդ է, տարօրինակ է, պտպտալով է ծառերի տակ ու ջրերի ափին ման գալիս…

Իսկ Արփին մտածում էր՝ գուցե այդպես է ման գալիս, որպեսզի իմանա ծառերի գաղտնիքը, որովհետև յուրքանչյուր ծառի և հոսող ջրի մեջ գաղտնիք կա, մեծագույն գաղտնիք: Եվ նրանք չգիտեին, որ հենց դրա համար է սիրում այդ տղային:

Հետո նրանք ամուսնացան ու տեղափոխվեցին մեծ քաղաք, որտեղ ամուսինը բնակարան էր վարձել՝ երկու փոքրիկ սենյակ: Մեկը ննջարան էր, իսկ մյուսը՝ և՛ հյուրասենյակ, և՛ խոհանոց: Այդ սենյակի պատուհանից երևում էր տանտիրոջ փոքրիկ այգին, խաղողի որթատունկերը, որոնք ձգվում-հասնում էին մինչև արտաքնոց:

Նրանք երկար ապրեցին այդ բնակարանում: Սկզբնական շրջանում նրանց հետ էր մնում նաև ամուսնու ընկերուհին: Նրանց տանն էին մնում նաև իրենց հարազատները, ովքեր Երևանում էին ուսանում կամ գործերով գալիս էին մեծ քաղաք և օրերով ու շաբաթներով մնում էին նրանց մոտ: Եղավ այնպես, որ տարիներով մնացին: Եվ քանի որ այդքան մահճակալ չունեին և բնակարանն էլ փոքր էր, հատակին էին անկողին գցում ու այդպես էին քնում. և ուրախ էին:

Սակայն Արփին հիշում էր, որ երջանիկ կյանքը դժվար էր տրվում իրենց, շատ անհանգիստ ու ծանր կյանք է ապրել: Հիշեց նաև, որ մի անգամ կլինիկական մահ տարավ, տեսավ, թե ինչպես կաթնագույն շամանդաղի միջից երևում էին կանաչ մարգագետինը և արածող կենդանիները, ու ինքը տենչում էր գնալ այդտեղ, և ինչ-որ մեկը խանգարում էր: Ամուսինն էր: Արթնացրեց նրան:

-Զարմանալի է, ինչ ցանկալի է մահը,- մտածում է Արփին:

Հիմա Արփին գյուղ հաճախ չի գնում: Գնում է միայն ծնողների ու սկեսուր մայրիկի հիշատակի օրերին՝ հունվարին, հոկտեմբերին ու օգոստոսին:

-Տատա տատա ինքնուրույն…

Կանչեց թոռնիկը, ու վերահաս աշունն ավարտվեց Արփիի համար…

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք