Մեծ կտավի ուրվագծեր. Վարդգես Պետրոսյանի 85-ամյակին

0809vartkesbedrosian1«Հայկական էսքիզներ» ՝  գիրք, որը Վարդգես Պետրոսյանը գրել է երկար տարիների ընթացքում: Գուցե դա ամենակարևոր ստեղծագործությունն է, նրա կյանքի ամենահիմնական երկը:

Գիրքը բարձր աստիճանի բանաստեղծական է և միաժամանակ խիստ հեգնական: Այն ոճերի, պաթետիկայի, խորության, պատմության և արդիականության, մտորումների և ճշգրիտ պատկերների յուրատեսակ համաձուլվածք է:

«Հայկական էսքիզներ»-ի ընթերցողն այնտեղ կգտնի բարդ, խորը մտածված և ճկուն կառուցվածք, որին վիճակված է հետագա զարգացում: Այն անավարտ նատյուրմորտ չէ, այլ իրականությանը մոտեցող, հայրենի հողի ճանաչման աստիճանաբար զարգացող ընթացք:

Հայաստանի մասին շատ է գրվել: Գրել են տարբեր ձևերով, երբեմն չափազանց գունագեղ ու հավաստի (հիշում եմ Գ. Էմինի հոյակապ գիրքը), սակայն այնպես, ինչպես Վարդգես Պետրոսյանն է գրել, ոչ ոք դեռ չի գրել: Գրողը զարմանալի սրատեսությամբ շրջապատող իրականության մեջ նկատում է բարդ շերտավորումներ, մեր փոթորկալից արդիականության շրջանակներում տարբեր դարաշրջաններից մնացած ժառանգությունների խաչաձևումներ: Ինձ, օրինակ, բազմիցս բախտ է վիճակվել լինել Հայաստանում, և ես այնտեղ շատ բան եմ տեսել: Բայց ահա ինչ-որ բան չեմ նկատել, իսկ Վարդգես Պետրոսյանի հայացքից դա չի վրիպել. «Անցյալ տարի ես որոշեցի ստուգել, թե ինչ կա, ասենք, հինգ քառակուսի կիլոմետր տարածության վրա, Երևանին մոտիկ մի շրջանում: Մի գյուղ կար, որտեղ ամուսինները երբեք կողք կողքի փողոցում չեն քայլում, ամոթ է, և որտեղ հանգուցյալներին առաջին գիշերը դնում են կիսաքանդ եկեղեցում, իսկ հարսները չեն խոսում տղամարդ տնեցիների հետ: Այդ նույն հինգ քառակուսի կիլոմետրի վրա ստորգետնյա հիդրոկայան կա, իսկ շատ աղջիկներ համբուրվում են արհեստական լճի ափին, ավազների մեջ, չամաչելով իրենց մերկությունից և աշխարհից»:

Անկեղծ խոստովանում եմ, ես նման հակապատկեր չեմ նկատել: Դեռ ավելին՝ մինչև այժմ ես ոչ մեկի մոտ նման բան չեմ կարդացել: Իսկ չէ՞ որ այս ամենը՝ Երևանին շատ մոտ վայրերում: Իզուր չէր տրտնջում դեռևս Պուշկինը. «Մենք չափազանց ծույլ ենք և անհետաքրքրասեր»:

Վարդգես Պետրոսյանը ոչ միայն լավ գիտի իր հանրապետությունը, այլև անսահման սիրում է այն, սիրում է ոչ կույր, խորունկ սիրով: Գրողին թանկ է Հայաստանի անցյալը, նրա պատմությանը «Հայկական էսքիզներ»-ում նվիրված են շատ և շատ հուզիչ, կրքոտ էջեր: Բայց արվեստագետը համաձայն չէ անցյալի գովաբանմանը զոհել այն կարևորը, ինչ առաջ է մղում պատմությունը: Մեկ անգամ չէ, որ նա հայտարարել է անցյալին կրքոտաբար սիրահարվածներին, նրանց, ում համար այդ անցյալը փառ է քաշել այսօրվա լույսի վրա և խանգարում է ընկալելու ներկան և նրա այժմեական պահանջները. «Մենք թոշակառու ժողովուրդ չենք»:

Անցյալը և ներկան չպետք է խանգարեն իրար: Եվ Հայաստանի անցյալում Վարդգես Պետրոսյանը, աչք չփակելով ամենասև և ծանր էջերին, համենայն դեպս առաջին հերթին նկատում է ոչ թե կրած տանջանքների տարեգրությունը, մարտիրոսությունը, այլ հերոսության փառավոր պատմությունը, ժողովրդի հոգու անկոտրում ուժը, բանականության և տաղանդի վերջնական հաղթանակը: Նա ասում է. «Մեզ կհասկանար միայն Անթեոսը»: Նման ձևով է արտահայտվում տաղանդավոր գրողի գիտակցության մեջ ժողովրդի կապը հայրենի հողի հետ: Եվ սա հույժ ուշագրավ է, քանզի շատ և շատ հայեր այսօր ապրում են իրենց հայրենիքից հեռու: Բազում դեպքերում մեղքը նրանցը չէր, սակայն փաստը մնում է փաստ:

Վարդգես Պետրոսյանը ուշադիր հայացք է նետում Սփյուռք կոչվող երևույթին: Նա հստակ պատկերացնում է ողջ բարդությունը, համանիշ չունեցող այն կապը, որ մշտապես ձգում է արտասահմանում ապրող հայերին դեպի Հայաստան: Այնտեղ, Հայաստան աշխարհ կոչվող երկրի սահմաններից շատ հեռու, շարունակվում է դեռևս 1920 թվականին առաջացած վեճը՝ կողմ կամ դեմ Սովետական Հայաստանին: Նրանք, ում աչքերը բաց են, ովքեր անկանխակալ են կատարվող իրադարձությունների հանդեպ, ում համար իսկապես թանկ է հայրենի հողը, որը ժամանակի ընթացքում բուժել և բուժում է Ցեղասպանության հասցրած վերքերը և որը այսօր կառուցում է նոր երջանիկ կյանք, նրանք հստակ և միաբերան արտահայտվել են ՙկողմ՚:

Ինչո՞ւմն է տեսնում Վարդգես Պետրոսյանը մարդու վեհության և անմահության երաշխիքը: Այն բանում, որ նա լույս տա մարդկանց: Այնժամ լույս կտա նրանց նաև մահվանից հետո: Այդ բոլոր հերոսական պատմություններից (իսկ Հայաստանի անցյալը շատ է հարուստ դրանցով), որոնք ներկայացված են «Հայկական էսքիզներ»-ում, ինձ առավել ցնցեց գյուղական բժիշկ Նիկոլայ Նասիբյանի պատմությունը, որը «անձրևոտ գիշերով, երբ ինքն էր հիվանդ ու անօգնական, գնացել էր հարևան գյուղ, որտեղ մեռնում էր տասներկու տարեկան մի տղա», փրկեց նրան, բայց ի վիճակի չեղավ հաղթահարելու սեփական հիվանդությունը: Համագյուղացիները՝ միամիտ և իմաստուն մարդիկ, «մետաղալարերի միջնորդությամբ» ասիբյանի շիրմաքարին լույս էին վառել, որն անսասան փարոսի պես լույս ու ճանապարհ է տալիս մոլորվածներին: Նման փարոսները տագնապով են լցնում հոգիդ, չեն թողնում, որ խիղճդ ննջի և կամ էլ սիրտդ պարարտանա:

Տարիների փորձով հմտացած գրողի պատկերացմամբ հարազատ ժողովուրդը միաժամանակ և բարդ է, ներքուստ հակասական (էլ ինչ կյանք առանց դրա, էլ ինչ զարգացում), բայց և միասնական և ամբողջական: Միասնական է հնամենի մշակույթով և այն համառությամբ, որը դարեր ի վեր անվերջանալի մշուշից հետո իր համար կառուցում է նոր, լուսավոր հանգրվան: «Հայկական էսքիզներ» -ում իսկապես մեծ ներշնչանքով են պատկերված էջեր՝ նվիրված մեր աչքի առջև մարդկանց կատարած հերոսությանը, մարդկանց, որոնք ծակում են անանց թվացող ժայռաքարերը, որպեսզի ցամաքելուց փրկեն Սևանը՝ հայերի անգնահատելի լեռնային գոհարը, որին երբեք չես մոռանում, եթե գեթ մեկ անգամ նայել ես նրա կապույտ ջրերին: Իր անսասանության մեջ զարհուրելի է քարը, կարծր, ինչպես պողպատը: Սակայն մարդկային կամքը և մարդու ձեռքերը դրանից ավելի հզոր են դուրս գալիս, և քարը մետր առ մետր տեղի է տալիս:

Վարդգես Պետրոսյանը հետզհետե, գլուխ առ գլուխ շարադրվածի հետ միասին ինքն իրեն հարց է տալիս՝ ի՞նչ է հայրենիքը: Եվ, ինչպես հաճախ է պատահում, միայն օտարության մեջ, զրուցելով որևէ վտարանդու հետ, որը մինչև ցավի աստիճան կարոտել է իր հայրենի օդը, ջուրը, բնությունը, կատարվում է անսպասելի և պարզ մի հայտնագործում. «Հայրենիքը այն է, ինչ չի կարելի պատմել ուրիշին»:

Այստեղ պարփակված է չափազանց խորը մի պարադոքս: Ահա այս ձևով պարսիկ լումայափոխը կարճ և հստակ պատասխանել էր Եսենինին. «Սիրո մասին բառերով չեն խոսում»:

Այո, չեն խոսում: Բայց գրողը, բանաստեղծը խոսում է և չի կարող չխոսել: Նրա գործն է խոսքի մեջ քանդակել այն, ինչ բառերով ենթակա չէ արտահայտման: Եվ ամեն անգամ դա հրաշագործություն է, բացառություն: Գրողն ամեն անգամ մարտի է բռնվում իր սեփական ծանրալեզվության, համրության, չենթարկվող նյութի մեծության հետ: Այստեղ կամ հաղթում է և կամ էլ հաղթվում: Այդօրինակ պարտությունից առավել դառը պարտություն չկա: Իզուր չէ ասված. «Ավելի մեծ տանջանք չկա, քան բառերից ստացված վերքը»:

Երբ գրողի առաջ ծառանում է այնպիսի վիթխարի զանգված, ինչպիսին է հայրենի ժողովրդի թեման՝ պատմության, մշակույթի, բնավորության իր ողջ անընդգրկելիությամբ հանդերձ, ապա դժվարությունները հազարապատկվում են: Հայրենիքի թեման  «Հայկական էսքիզներ»-ում հնչում է ձայնային բազմաթիվ և տարբեր ելևէջներում, ընդարձակ և հզոր:

Վարդգես Պետրոսյանը որպես անքակտելի միասնություն է ընդունում մարդկային հանճարի և գործի ստեղծագործությունը մի կողմից, բնության ոչ բնական արարման հանճարը՝ մյուս կողմից: Դրանք արվեստագետի համար կանգնած են նույն շարքում: Հայ ճարտարապետները աշխարհի շատ և շատ քաղաքներ զարդարել են աննկարագրելի գեղեցկության տաճարներով: Բավական է նշել Տրդատի կառուցած Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի վիթխարի գմբեթը, աշխարհի հրաշալիքներից մեկը, որը խոյանում է հարյուր մետր բարձրությամբ և որի մասին այնքան ճշմարտացի գրել է Օսիպ Մանդելշտամը.

Սուրբ Սոֆիա — այստեղ կանգնել է պատվիրում

Աստված ազգերին և թագավորաց,

Այստեղ գմբեթներդ տեսնողի աչքերում

Ասես շղթայով են երկինքներից կախված:

Սակայն ի՞նչ էր խորհում որմնադիրդ վսեմ,

Երբ իր արարչական ճախրի մեջ հեթանոս

Սրբատաշ ատաղձն էր ջանում իրար հյուսել՝

Զույգ ծագերին պարզած հմայքն իր պերճախոս:

 

Ինչո՞ւ հանկարծ հիշեցի այս տողերը: Ոչ այն պատճառով, որ նշված բանաստեղծությունը բացառիկ պլաստիկությամբ արտահայտում է այն տպավորությունը, որ մարդկանց վրա թողնում է Սուրբ Սոֆիայի գմբեթը (ի դեպ, Վարդգես Պետրոսյանը պատմում է, որ Ստամբուլում զբոսավարը այդպես էլ չկարողացավ մտաբերել կառուցողի անունը): Օսիպ Մանդելշտամը սիրում և հասկանում էր Հայաստանը, շատ հաճախ գրել է նրա մասին: Նա այդ հիանալի դերում ըմբռնել է հայ հանճարին հատուկ երկու հատկանիշ՝ առատաձեռնությունը և ձգտումը՝ իրար կապելու Արևելքն ու Արևմուտքը:

Պետրոսյանի գիրքը կրքոտ է: Այն իմ սրտին մոտիկ է նաև մեկ ուրիշ, կարևոր հանգամանքով՝ օրգանապես և դրա հետ մեկտեղ մտածված ինտերնացիոնալիզմով: Հայկական կեղծ բարեպաշտ մտավորականության որոշ շրջաններում (դա ի հայտ է գալիս ոչ միայն Հայաստանում) վերջին տարիներին նկատվում է նահապետական հայացքներով պարծենալու, ազգային նեղ շրջանակներում պարփակվելու միտում:

Չնչին է այն մարդը, որը չի սիրում իր ժողովրդին, չի ճանաչում նրան, չի հպարտանում նրանով և նրա պատմությամբ: Այս ամենը բնական և օրգանական զգացմունքներ են: Սակայն ամեն մի «օտար»-ից սահմանազատվելու միտումը անխուսափելիորեն կհանգեցնի հետադիմության, գուցե և ավելի վատթար՝ ազգային սնապարծության կամ էլ ազգամոլության: Նման միտումները Վարդգես Պետրոսյանի մոտ առաջացնում են որոշակի և ճիշտ պատճառաբանված դիմադրություն: Նա ցույց է տալիս, որ լիարժեք հայրենասեր կարող է համարվել միայն այն անձնավորությունը, ում ուղեղը և սիրտը եղբայրաբար բաց են այն ամեն լավի առջև, ինչ ստեղծել և ստեղծում է մարդկությունը: Եվ մի բան էլ, որը չի կարելի մոռացության մատնել. այն, թե ինչ տվեց ռուս մեծ ժողովրդի անշահախնդիր բարեկամությունը մեզ բոլորիս, բազմաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներիս, որոնց իմպերիալիզմը, լինի դա թուրքական, թե գերմանական, մատնում էր ֆիզիկական ոչնչացման կամ էլ բռնի ձուլման:

Վարդգես Պետրոսյանին հատուկ է փաստերի ըմբռնման խոր պատմականությունը ինչպես հեռավոր անցյալի, այնպես էլ դեպի իմացական ապագան ուղղված կենարար ներկայի նկատմամբ:

Մշակույթի թեման առաջատարներից մեկն է ինչպես «Հայկական էսքիզներ»-ի, այնպես էլ հեղինակի ողջ ստեղծագործության մեջ: Չի կարելի առանց հուզմունքի կարդալ պատմությունն այն մասին, թե ինչպես անգրագետ գյուղացիները դաժան նվաճողի՝ երկաթյա Լենկթեմուրի սարսափից իրենց ողջ ունեցվածքի գնով կրակից փրկեցին մոտակա վանքում պահվող հնադարյան ձեռագիր գրքերը: Իմանալով այս պատմությունը (իսկ այն վավերացված է փաստաթղթերով)՝ ես երկյուղածության մի ինչ-որ հատուկ զգացումով էի ուսումնասիրում Մատենադարանի՝ աներևակայելի հին ժամանակներից մնացած ձեռագրերը:

Ոչ, իզուր չեն հայերը հպարտանում իրենց այբուբենով: Դարերի ընթացքում նրանք մեկ անգամ չէ, որ ստիպված են եղել պաշտպանել իրենց ֆիզիկական գոյության բուն իրավունքը: Եվ ամեն անգամ, երբ հայ ժողովրդի գլխին կախվել է բնաջնջման սպառնալիքը, նա եկել է մարտի ոչ միայն իր գոյությունը պաշտպանելու, այլև փրկելու իր սեփական հնամենի, մեծ և իմաստուն մշակույթը: Այդ հանգամանքն էլ տալիս էր հայ ժողովրդին անհաղթահարելի կորով ու արիություն:

Առանց արցունքի չես կարողանում «Հայկական էսքիզներ»-ում կարդալ պատմությունն այն մասին, թե ինչպես հայկական դպրոցում հայերեն են սովորում հայրենիք ներգաղթած տարեց հայերը: Նրանք դեռևս դժվարությամբ են շաղկապում բառերն այն նույն լեզվի, որով խոսել են նրանց նախնիները, որով գրել են խանձված, թախծող, բայց և միաժամանակ հպարտ բանաստեղծությունները: Սաների պատասխանները ուսուցչուհու պարզ հարցերին զարմանալիորեն միամիտ են և նույն ձևով էլ ճշմարտացի.

-Կազմեցեք նախադասություններ «գեղեցիկ» բառով,- առաջարկում է սաներին ուսուցչուհին:

Նրանցից մեկը պատասխանում է.

-Հայաստանը իմ հոգու համար շատ գեղեցիկ է:

Մյուսը.

-Մեր ուսուցչուհին ամենից գեղեցիկն է:

Եվ երկուսն էլ իրավացի են:

Իրավացի է նաև Պետրոսյանը, երբ հուզված նկատում է. ՙԻսկ ինձ համար ամենից գեղեցիկը այս անսովոր, զարմանահրաշ դասարանն է՚:

Կրկնում եմ, ես մեկ անգամ չէ, որ եղել եմ Հայաստանում, այն կտրել-անցել եմ մի ծայրից մյուսը, շատ եմ կարդացել նրա մասին և խոստովանում եմ, որ մտածում էի, թե ինձ, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ և շատ բան հայտնի է այդ երկրի մասին: Բայց Կարդալով «Հայկական էսքիզներ»-ը՝ ես ինքս ինձ համար նորից հայտնագործեցի այս զարմանալի հողակտորը: Նույնիսկ հայկական ճարտարապետությունը (որի հետ յուրաքանչյուր եկվոր կարող է ծանոթանալ «տեսանելի կերպով, ուղղակիորեն՚) իմ առաջ հառնում է նոր ընկալմամբ: Ո՞վ կարող է ասել, թե հայն իր հոգու ո՛ր մասնիկն է ներդրել անշարժ, բայց և միաժամանակ շնչող, տաք, ինչպես արյունը, քարի մեջ, որը հետագայում տաճար է դարձել: Անվերջանալի աշխատանքի ինչպիսի՛ խառնուրդով և ներշնչանքով են կառուցվել ժայռոտ անապատում այդպիսի ահռելի քարե ծաղիկները: Եվ մի՞թե որևէ մեկը, բացի հայերից, կարող է նման սուր ցավ զգալ, երբ ճարտարապետության մասին արտահայտվում է ոչ թե որպես գեղեցիկի և համաչափի, այլ այսպես. ՙԵս երկու-երեք բառ եմ ասում հայերեն, հետո արտասանում մի քանի տող Նարեկացուց: Եկեղեցին չի պատասխանում, և ինձ թվում է, որ հայերեն խոսքին սպասող պատերը ակնթարթորեն կլանում են իմ բառերը՝ մի բաժակ ջուր անապատին»:

«Հայկական էսքիզներ»-ը Հայաստանի, հայոց պատմության, հայկական ազգային բնավորության ուղեցույց չէ (և մի՞թե հնարավոր է նման «ուղեցույցի» գոյությունը): Երկար, բազում տարիներ տևող որոնումն է ամենագլխավորի, այն է՝ թե ինչպես պետք է սիրել հայրենի ժողովրդին և հայրենի հողը: Այդ իսկ պատճառով անկեղծ հուզմունքով այս խոստովանանք դարձած, դժվարին, լրջախոհ և կրքոտ գիրքը պետք է կարդա ամեն ոք, ում թանկ է իր հարազատ ժողովուրդը, հայրենի հողը, ով չի ցանկանում այն սիրել կույր և վերամբարձ սիրով, այլ ցանկանում է սիրել իսկական, անվախ հայացքի վրա հիմնված զգացումով, սիրել այնպես, ինչպես կարդում են սիրված գիրքը, ինչպես նայում են հարազատ մոր աչքերին:

Այս գիրքը բոլորի համար է:

 

Լիտվերենից թարգմանեց

Ֆելիքս Բախչինյանը

Վիլնյուս, 1985 թ.

Անդին 9.2017

Կարծիքներ

կարծիք